Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Երակների վարիկոզ լայնացման անցավ, արագ, արդյունավետ բուժում այժմ արդեն լազերային վիրահատությամբ

Երակների վարիկոզ լայնացման անցավ, արագ, արդյունավետ բուժում այժմ արդեն լազերային վիրահատությամբ

Արդի ժամանակներում տարածում է գտնում երակների վարիկոզ լայնացման լազերային վիրահատմամբ արդյունավետ բուժման մեթոդը: Այդ առիթով զրուցեցինք Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի անոթային վիրաբույժ Ռաֆայել Մանվելյանի հետ:


–   Ի՞նչ է երակների վարիկոզ լայնացումը, ինչպե՞ս է այն զարգանում:


–   Տարբերում են երկու տիպի երակային համակարգ` խորանիստ և մակերեսային, որոնք ապահովում են արյան արտահոսքը: Մակերեսային երակային համակարգի ձևափոխումը, լայնացումը կոչվում է վարիկոզ լայնացում: Երակի պատերը կորցնում են իրենց  էլաստիկությունը և չեն կարողանում ապահովել արյան արտահոսքն անհրաժեշտ քանակով: Երակների լայնացման դեպքերը, որպես կանոն, ժառանգական բնույթ են կրում և 4 անգամ ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ:


–   Ի՞նչ խնդիրներ է առաջացնում, ի՞նչ հետևանքների կարող է բերել:


–   3 հիմնական բարդությունների պատճառ է դառնում` թրոմբոզ, խոց և արյունահոսություն: Պակաս կարևոր խնդիր չէ նաև անհարմարավետության զգացումը, քանի որ հիվանդը դժվարանում է ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, շուտ է հոգնում: Խնդիր է նաև  կոսմետիկ անհարմարավետությունը, չէ՞ որ հիվանդների մեծամասնությունը կանայք են: Ինչքան շուտ հիվանդները բժշկի հսկողության տակ անցնեն, այնքան մեծ կլինի նշված բարդությունների կանխարգելման արդյունավետությունը:


–   Ի՞նչ փուլերի կարող ենք բաժանել հիվանդության զարգացումը:


–   Սկսվում է նրանից, որ ստորին վերջույթներին առաջանում են աստղիկաձև մազանոթներ: Հետագայում ճյուղերն ավելի են զարգանում, ավելի տեսանելի են դառնում, հիվանդությունն անցնում է այտուցներով ուղեկցվող 2-րդ, 3-րդ փուլ: Վերջին փուլն արդեն խոցային է, երբ ստորին վերջույթներում առաջանում են վերքեր և խոցեր: Եթե բժշկին դիմեն հիվանդության նախնական շրջանում, ապա անհրաեշտություն չի լինի մեծ միջամտական կամ լազերային վիրահատության դիմել:


–   Որո՞նք են երակների վարիկոզ լայնացմանը նպաստող գործոնները:


–    Առաջին հերթին կին լինելը: Կանացի սեռական հորմոնները երակային պատերի վրա թուլացնող ազդեցություն ունեն: Հղիությունը ո՛չ միայն նպաստող, այլև ռիսկի գործոն է: Հիվանդության զարգացմանը նպաստում է նաև քաշը, երկար ժամանակ ոտքի վրա գտնվելը: Հիվանդության զարգացմանը նպաստող ամենաէական գործոնը  գենետիկան է: Գիտական տվյալների համաայն, եթե մեկ ծնողն ունի երակների վարիկոզ լայնացում, երեխաների մոտ հիվանդության կրկնվելու  հավանականությունը 60% է:


–   Տարիքային դրսևորում ունի՞ հիվանդությունը:


–   Ներկայումս հիվանդությանը կարելի է հանդիպել անգամ երիտասարդ աղջիկների մոտ: Ավելին` նկատել ենք, որ երակների վարիկոզ լայնացում ունեցող մեծահասակ կանանց մոտ նույնպես հիվանդության հիմքը դրվել է երիտասարդ տարիներին:


Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի անոթային վիրաբույժ Ռաֆայել Մանվելյանի–   Կա՞ն վիճակագրական տվյալներ ներկայումս երակների վարիկոզ լայնացում ունեցող հիվանդների մասին:


–   Մեր ժամանակներում, երբ նստակյաց կյանք վարողները մեծամասություն են, երբ շատերի աշխատանքը գրասենյակային է, ամեն ինչ մեքենայացված, բնականաբար, հիվանդության աճը զսպելը դառնում է անհնար: Նստած դիրքը ստորին վերջույթում առաջացնում է երեք անկյուն, որը դժվարացնում է արյան արտահոսքը: Ամենահարմար դիրքերը քայլելն ու պառկած լինելն է, իսկ ոչ բարենպաստ են նստած և կանգնած դիրքերը:


–   Ինչպիսի՞ բուժում պետք է անցնի հիվանդը:


–   Այս հիվանդության դեպքում նախընտրելի է արմատական բուժումը: Որպես կանոն, դեղորայքային և վիրաբուժական միջամտությունները զուգակցվում են, քանի որ նախքան մակերեսային փոփոխված երակների հեռացումը և հետո անց է կացվում համալիր դեղորայքային բուժում: 


–   Վիրաբուժական միջամտությունների մասին խոսենք…


–   Այժմ կան լազերային և դասական վիրաբուժական մոտեցումներ: Դասականի դեպքում շատ են կտրվածքները, հետևաբար` արդյունքը կոսմետիկ տեսանկյունից, ոչ բարենպաստ է, ինչը շատ կարևոր է կանանց համար: Վիրահատությունից հետո որոշ ժամանակ հիվանդը պետք է շարունակի հիվանդանոցում մնալ` բժշկի հսկողության տակ:  Նվազ տրավմատիկ մոտեցում է լազերային վիրահատությունը: Անմիջապես վիրահատությունից հետո հիվանդը կարող է տուն գնալ: Փոքրիկ զոնդի միջոցով երակի պատերը կպցնում են և լայնացած մասն անհետանում է: Ի դեպ, ցավազրկումն այս դեպքում միայն տեղային է: Գործընթացը լայնածավալ միջամտություն չի պահանջում, կտրվածքներ ընդհանրապես չեն կատարվում, ուստի, արդյունքում՝ ազատվելով  թրոմբոզների, արյունահոսության, խոցերի, ստորին վերջույթներում ծանրության զգացումի և դժվարաքայլության  պատճառներից, կոսմետիկ առումով՝ ո՛չ միայն պահպանվում, այլև վերականգնվում է ոտքերի նախկին գեղեցիկ տեսքը:


–   Կիրառելի՞ է լազերային միջամտության այս մեթոդը Հայաստանում:


–   Մեթոդը Հայաստանում կիրառվում է, սակայն շատ հաճախ ցուցաբերվում է համակցված մոտեցում` և՛ լազերային, և՛ դասական վիրահատություն: Այժմ մենք փորձում ենք աշխատել բոլորովին նոր մեթոդով` կիրառելով բացառապես լազերային միջամտություն:


–   Ո՞ր դեպքերում կիրառելի չէ վիրահատության այս մեթոդը:


–   Երբ երակի տրամաչափը չափազանց լայն է, կամ լայնացած երակների քանակը շատ է: Ելնելով սեփական դիտարկումներից՝ նման դեպքերն ընդհանուր պրակտիկայում կազմում են 10-15 տոկոս:


–   Ի՞նչ եք կարծում `մեթոդը հասանելի կլինի՞ լայն հասարակության համար:


–   Սովորաբար բոլոր ոլորտներում բարձր տեխնոլոգիաներով կատարվող գործընթացներն ունեն նաև բարձր արժեք: Սա, իհարկե՛, հարաբերական է: Քանի որ մենք ունենք կապեր արտասահմանյան կլինիկաների հետ, փորձել ենք գնացուցակը հնարավորինս մոտեցնել  դասական միջամտությունների գնացուցակին:


–   Ինչպե՞ս խուսափել երակների վարիկոզ լայնացումից: Մի քանի պրակտիկ խորհուրդ...


–   Խուսափե՛ք նստակյաց կյանքից, նախընտրելի է փոփոխական դիրքը: Բարձրակրունկներն ու ամբոջովին տափակ կոշիկները նպաստում են հիվանդության առաջացմանը: Կրե՛ք 3-5սմ կրունկով կոշիկներ: Քայլե՛ք ոտաբոբիկ, լողով զբաղվեք:

 

Ռաֆայել  Մանվելյան

Մասնագիտությունը: անոթային վիրաբույժ

Բջջ. հեռախոս: +374 95 58 89 19

Կենտրոնի հասցե: Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն

 

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ