Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Սպորտ՝ միջադիրների փոխարեն. անմիզապահությունը բուժելի է

Սպորտ՝ միջադիրների փոխարեն. անմիզապահությունը բուժելի է

Անմիզապահությունը հատկապես կանանց շրջանում ամենից շատ հանդիպող, բայց ոչ այնքան բարձրաձայնվող խնդիրներից է: Ամենաանհարմար պահին խուճապի մատնող այս խնդրի մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց ուրոլոգ, բ.գ.թ Ռաֆայել Բադալյանի հետ:

 

–   Ի՞նչ խնդիր է անմիզապահությունը, ինչպե՞ս է զարգանում:

 

–   Նախևառաջ՝ պետք է տարանջատել տղամարդկանց և կանանց մոտ առաջացող անմիզապահությունը: Այս խնդրից ավելի շատ կանայք են դժգոհում. նրանց շրջանում ավելի հաճախ է առաջանում, քան տղամարդկանց:

 

Անմիզապահությունը երկու հիմնական տիպի է լինում՝ սթրեսային և հարկադրող, կա նաև երրորդ՝ խառը տիպը: 

 

Երբ կնոջն ասում ես, որ իր մոտ սթրեսային անմիզապահություն է, անմիջապես արձագանքում է, թե ինքն առանձնապես սթրեսներ չունի: Իրականում խոսքը միզապարկի սթրեսի մասին է, օրինակ՝ հազը միզապարկի համար սթրես է. սթրես ասելով՝ այս դեպքում նկատի ունենք այն ամենը, ինչը բարձրացնում է որովայնային ճնշումը: Գործ ունենք երկու մկանների աշխատանքի հետ`մեզը դուրս բերող միզապարկի մկանների և պահող`սֆինկտերի մկանները:  Նրանք միշտ «խելոք»  իրար հետ աշխատել են, հիմա ինչ-ինչ պատճառներով այլևս չեն կարողանում ճիշտ աշխատել: Կամ մեկն է շատ թուլանում, կամ մյուսն է չափից ավել ձգվում:

 

Այս խնդրի մասին դեռևս լիարժեքորեն ազատ չի խոսվում, բայց վերջին շրջանում ավելի հաճախ է բարձրաձայնվում, քանի որ կանայք սկսել են իրենց ավելի շատ հետևել, մտածել թե՛ առողջության, թե՛ խնամքի մասին:

 

–   Հենվելով Ձեզ այս խնդրով դիմողների վիճակագրության վրա՝ ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ տարածվածություն ունի խնդիրը:

 

–   40-50 տարեկան կանանց շրջանում է բավական շատ հանդիպում և համեմատաբար հաճախ  բարձրաձայնվում: 50-60 տարեկանում մի քիչ ավելի շատ է հանդիպում, բայց դիմելիությունն է ավելի ցածր: Այդ տարիքում ավելի շատանում է հարկադրող անմիզապահությունը:

 

Սթրեսային անմիզապահություն ունեցող մարդիկ մշտական վախի մեջ են, որ անգամ թեթև հազից կարող է մեզի մի փոքր քանակ «փախչել»: Սովորաբար միջադիրներ են օգտագործում, բայց մտքով չեն անցկացնում զբաղվել սպորտով… 

 

–   Սպորտո՞վ:

 

–   Այո՛, այն սպորտը, որը նպաստում է համապատասխան մկանների ձգմանը: Կա հատուկ վարժությունների ցանկ, որը բավականին լավ օգնում է:

 

–   Վարժությունները կարո՞ղ են անել տանը՝ մեկ անգամ այցելելով բժշկին:

 

–   Իհարկե՛: Միայն վարժություններով հնարավոր է երեսուն-քառասուն տոկոսով լավացում, որը քիչ չէ:

 

–   Հե՞շտ է հետազոտությունը, շա՞տ ջանք է պահանջվում անմիզապահության խնդիրն ի հայտ բերելու համար:

 

–   Հեշտ է այն իմաստով, որ անգամ զրույցի ժամանակ արդեն պարզ է դառնում՝ անմիզապահության հիմքում ինչն է ընկած: Օրինակ՝ սթրեսային անմիզապահությունը լինում է մի քանի ծննդաբերություն ունեցած կանանց մոտ: Բուժման առաջին քայլը ֆիզիոթերապիան է, որն իրենից ներկայացնում է հատուկ ստիմուլյատորներով ներազդում կոնքի մկանների վրա:

 

Կա նաև վիրահատական միջամտության ճանապարհը, երբ ժապավեն է տեղադրվում միզուկի տակ, որը չի թողնում՝ վերջինս սխալ շարժվի:

 

–   Իսկ դեղորայքայի ՞ն:

 

–   Ընդամենը մեկ-երկու դեղամիջոց կա, որոնք նախատեսված են սթրեսային անմիզապահության համար, բայց դրանք պետք է խմել ողջ կյանքում…Պետք է հիմքից վերացնել խնդիրը. ո՞վ կցանկանա անվերջ դեղ խմել:

 

–   Որո ՞նք են անմիզապահության հանգեցնող գործոնները:

 

–   Հստակ ասել, թե ինչն է հանգեցնում անմիզապահության, դժվար է մինչ օրս: Իհարկե, պարզ է, որ դա լինում է մկանների թուլացման հետևանքով, բայց թե ինչու՞ են թուլանում մկանները, միանշանակ ասել չենք կարող: Ավելի հավանական է, որ մի քանի գործոններ են միաժամանակ պատճառ դառնում:

 

–   Ինչպե՞ս է արտահայտվում հարկադրող անմիզապահությունը:

 

–   Սա միզապարկի պատի խնդիր է, որն անընդհատ կծկվում է և հարկադրում շատ հաճախ միզել, այստեղից էլ «հարկադրող անմիզապահություն» անունը: Ինչպես նշեցի, լինում է մեծահասակ կանանց մոտ, բայց պատահում է, որ երիտասարդ աղջիկների շրջանում էլ է հանդիպում:

 

–   Անմիզապահությունն ու հաճախամիզությունը նո՞ւյն խնդիրն են:

 

–   Ոչ, բայց շատ հեշտությամբ կարելի է շփոթել: Հաճախամիզությունն այն խնդիրն է, երբ տվյալ անձը շատ հաճախ է գնում միզելու: Այն կարող է լինել հարկադրող անմիզապահության ախտանիշը: Բայց միայն հաճախամիզությունը դեռ չի նշանակում հարկադրող անմիզապահություն: Հարկադրող անմիզապահության դեպքում ստիպված ես հենց նույն պահին վազել միզելու, մինչդեռ հաճախամիզության ժամանակ պարզապես սովորականից հաճախ է առաջանում միզելու պահանջ: 

 

–   Աղջիկների մոտ ո՞ր խնդիրն է ավելի հաճախ հանդիպում:

 

–   Սովորաբար ինչ-որ բորբոքումների արտահայտում է: Ոչ ամբողջովին բուժված բորբոքումներն անգամ մի փոքր մրսելու դեպքում հաճախամիզության կարող են բերել: Անմիզապահությունը մրսել-տաքանալու հետ ոչ մի կապ չունի: 

 

Հարկադրող անմիզապահության համար արդյունավետ դեղորայք բավական շատ կա: Բացի դեղորայքից, կա նաև ֆիզիոթերապիան՝ էլեկտրոստիմուլյացիաների ձևով, իսկ վարժություններն այս դեպքում այնքան էլ արդյունավետ չեն:

 

–   Ինչպե՞ս կարելի է կանխարգելել անմիզապահությունը:

 

–   Հարկադրողը, ցավոք, չենք կարող: Նրա պատճառները ստույգ հայտնի չեն, բայց մեծ հավանականությամբ դեր են խաղում կենտրոնական նյարդային համակարգը, տարիքային փոփոխությունները: Սթրեսայինի դեպքում հնարավոր է կանխարգելել՝  սպորտով զբաղվելով, ինքդ քեզ հետևելով, ավելորդ քաշից խուսափելով:

 

Ռաֆայել  Բադալյան

Մասնագիտությունը: ուրոլոգ

Գիտական աստիճանը: բ.գ.թ.

Երկիր: Հայաստան

Քաղաք: Երևան

Հեռախոս: +374 10 58 98 10

Բջջ. հեռախոս: +374 98 58 98 10

Ֆաքս: +374 10 58 98 10

 

Կայքի հասցե: www.urology.am

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

12.03.2015

Հարգելի Աննա, եթե ցանկանում եք հարց ուղղել անմիջապես բժիշկ Բադալյանին, կարող եք նամակ գրել բժշկի անձնական էջին կամ զանգահարել: Ստորև անձնական էջի հղումն է.

 

https://www.med-practic.com/arm/1446/profile.html

Աննա

28.02.2015

Բարև Ձեզ: Իսկ կասեք այդ դեղերի անունները : Շատ շհնորհակալ կլինեմ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ