Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Նյարդավիրաբուժության մեջ կաթվածի արդի խնդիրները. հանդիպում Ռուբեն Ֆանարջյանի հետ

Նյարդավիրաբուժության մեջ կաթվածի արդի խնդիրները. հանդիպում Ռուբեն Ֆանարջյանի հետ

Ինսուլտի (կաթված) դեմ պայքարի համաշխարհային օրը` Հոկտեմբերի 29-ը, նշվում է 2004 թվականից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կաթվածը ճանաչեց  «աշխարհին սպառնացող համաճարակ» ՝ որպես ամենից շատ մահ և հաշմանդամություն հարուցող հիվանդություններից մեկը: 

 

Աշխարհի բազմաթիվ երկրներում բժշկական կենտրոններն օրվան անդրադառնում են տարբեր միջոցառումներով՝ կոչ անելով կաթվածի կանխարգելմամբ զբաղվել ողջ տարվա ընթացքում:


Կաթվածի, նյարդավիրաբուժության արդի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի հետ:


–   Կաթվածի տարածվածության պատկերն ինչպիսի՞ն է այսօր: Այն իսկապե՞ս մեծ վտանգ է ներկայացնում, ինչպես հաճախ բարձրաձայնվում է հատկապես միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից:


Համալսարական թիմ 1 կլինիկական հիվանդանոցի Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության բաժանմունք   Հենց այն հանգամանքը, որ կա ինսուլտին նվիրված առանձին համաշխարհային օր, խոսում է խնդրի արդիականության, հրատապության մասին: Շատ լուրջ խնդիր է և՛ բժշկական, և՛ սոցիալական, և՛ անգամ՝ ռազմավարական պետության համար: Առողջապահության նախարարության 2012թ. վիճակագրությամբ՝ հիվանդանոցներում կաթվածների խնդրով գրանցված մարդկանց թիվը կազմել է մոտ 6000: Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ նման վիճակագրություն կազմելիս սովորաբար հիմքում միայն Երևան քաղաքի և կից շրջանների տվյալներն են: Նույն վիճակագրության համաձայն՝ այդ հիվանդների մոտ հիսուն տոկոսը մահանում է: Ես նաև համոզված եմ, որ կան մեծ թվով հիվանդներ, որոնց դեպքում ախտորոշում  և գրանցում չի եղել:


–   Ի՞նչ միտումներ, զարգացումներ եք նկատում վերջին տարիներին. Հայաստանում պատկերը մեղմելուն ուղղված ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:


–   Երկար ժամանակ Հայաստանում կաթվածների բուժման հարցը, մեղմ ասած, կաղում էր: Նյարդավիրաբուժական բազմաթիվ հարցեր՝ կապված այդ հիվանդությունների հետ, առկախ վիճակում էին: Հենց  դա խթան դարձավ, որ 2010թ. հանգամանալից նախապատրաստական աշխատանքից հետո բացվեր Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկան, որի հիմնական ուղղվածությունը, իհարկե, ընդհանուր նյարդավիրաբուժական հիվանդություններն են, սակայն նաև փորձեցինք բավական լուրջ ուշադրություն դարձնել գլխուղեղի անոթային հիվանդություններին: Ժամանակակից բուժման մեթոդները տարբեր են՝ դեղորայքային, բաց վիրահատություններ, շատ արագ զարգանում է նաև ներանոթային նյարդավիրաբուժությունը, երբ գործողությունները կատարվում են առանց կտրվածքի, անոթի ներսից: Երեքուկես տարվա ընթացքում մեզ գործնականում հաջողվեց լուծել արյունազեղումներով պայմանավորված կաթվածների հարցը. կիրառում ենք բոլոր՝ ինչպես բաց, այնպես էլ փակ եղանակները: Կարող եմ պարծանքով ասել, որ ընդհանուր հետվիրահատական մահացությունը իջել է 12 տոկոսի: Իհարկե, ցուցանիշներն ավելի ցածր են, քան զարգացած երկրներում: Ներանոթային վիրահատությունները բավական թանկ արժեն, պետության աջակցությունը չկա, և շատերը խուսափում են այդ վիրահատությունից՝ պայմանավորված զուտ ֆինանսական խնդիրներով:


Համալսարական թիմ 1 կլինիկական հիվանդանոցի Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության բաժանմունքԻնչ վերաբերում է իշեմիկ կաթվածներին, արդեն Հայաստանում գրանցված հատուկ դեղամիջոցներ ունենք, որոնք օգնում են թրոմբի ներծծմանը, իսկ, ինչպես գիտենք, իշեմիկ կաթվածն առաջանում է, երբ խցանվում է անոթը: Սակայն խնդիրն այն է, որ դեղամիջոցը պետք է կիրառել հիվանդության առաջին երեք-չորս ժամվա ընթացքում: Մենք արդեն ունենք մեր սեփական փորձը, երբ հիվանդները, տեղեկացված լինելով այդ եղանակի մասին, դիմում են մեզ, և հաջողվում է, կիրառելով այդ դեղամիջոցը, ոչ միայն փրկել կյանքը, այլև ազատել հաշմանդամությունից:


–   Կաթվածի ո՞ր տեսակն է առավել վտանգավոր:


–   Կոպիտ բաժանմամբ՝ կաթվածը լինում է երկու տեսակ՝ սպիտակ և կարմիր: Վերջինի դեպքում առաջանում է արյունազեղում, իսկ սպիտակն արտահայտվում է անոթի խցանմամբ: Մահացությունը, նաև՝ հաշմանդամությունը, բավականին բարձր է երկուսի դեպքում էլ:
Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի վերջին, մենք որոշեցինք անցկացնել կոնֆերանս՝ նվիրված կաթվածների բուժմանը: Մասնակցում էին նաև Միացյալ Նահանգները և Կանադան ներկայացնող մեր հայրենակիցները: Կոնֆերանսի նպատակներից էր խնդիրը ներկայացնել ո՛չ միայն նյարդավիրաբույժներին, այլև առաջնային օղակի բժիշկներին: Ինչո՞ւ. որովհետև վերջին տասնհինգ-քսան տարիների ընթացքում  փոխվել են բազմաթիվ մոտեցումներ: «Ուղեղը ժամանակ է». սա է այն մոտեցումը, որով առաջնորդվում է այսօր աշխարհը: Երբ կան կաթվածի նախանշաններ, չպետք է հապաղել, ժամանակ կորցնել: Ինչքան քիչ ժամանակի կորուստ, այնքան բարձր տոկոս և հավանականություն՝ դրական արդյունքի: Խնդիր է նաև բնակչության տեղեկացվածությունը:


–   Երբեմն թերապիայից ավելի նշանակություն է ունենում պարզ կանխարգելումը: Ինչպե՞ս կանխարգելել կաթվածը:


–   Կանխարգելումը, այո, շատ մեծ տեղ ունի: Դարձյալ սեպտեմբերի վերջին նոր ծրագիր է հաստատվել, համաձայն որի՝ ավստրիական մի կազմակերպություն կզբաղվի Հայաստանում կաթվածների կանխարգելմամբ: Այս հարցում հիմնականում խոսքն առողջ ապրելակերպի մասին է: Յուրաքանչյուրը շատ ուշադիր պետք է լինի իր իսկ առողջության նկատմամբ: Չծխել, չափավոր ալկոհոլ, ուտելու ճիշտ մշակույթ, ֆիզիկական ակտիվություն…


Համալսարական թիմ 1 կլինիկական հիվանդանոցի Ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության բաժանմունք–   Օրինակ՝ ի՞նչ ուտել՝ առողջությունը կաթվածի ռիսկի չենթարկելու համար:


–   Այնքան կարևոր չէ ինչ ուտելը, որքան՝ ինչպես ուտելը: Շատ կարևոր է առավոտյան նախաճաշելը, ժամանակին ճաշելը և թեթև ընթրելը… Մեր սննդային ռեժիմը հիմնականում խախտված է, և դա ռիսկեր է պարունակում: Շատերիս նախաճաշը սկսվում է երեկոյան յոթին-ութին… Չափավորել ճարպոտ ուտելիքը՝ խոլեսթերին չկուտակելու համար: Մենք նախատեսել ենք տարբեր ուղղություններով տեղեկատվական միջոցառումներ, որ մարդիկ իրազեկ լինեն՝ ինչքան կարևոր են թե՛ կանխարգելիչ միջոցները, թե՛ ժամանակին բժշկի դիմելը:


–   Որո՞նք են հիվանդության ակնհայտ նախանշանները, և ինչպիսի՞ն է առաջին բուժօգնությունը:


–   Հիմնական նախանշանները երկու խմբի են բաժանվում՝ ընդհանուր ուղեղային երևույթներ և օջախային: Առաջին խմբի մեջ են մտնում գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, ընդհանուր թուլությունը, իսկ արդեն բարդ դեպքերում՝ գիտակցության խանգարումները:  Օջախային նախանշաններն են՝ վերջույթների թուլությունը, դեմքի ծռվածությունը, երբեմն՝ խոսակցական, ակնաշարժիչ խանգարումներ: Այս նախանշանների առկայության դեպքում հարկավոր է տուժածին պառկեցնել հանգիստ, հորիզոնական դիրքում և զանգահարել 1-03` շտապ օգնություն: Ամենակարևորը՝ պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ