Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Մեր հյուրն է Կարինե Առուստամյանը՝ Հակաբեղմնավորիչների համաշխարհային օրվա առիթով

Մեր հյուրն է Կարինե Առուստամյանը՝ Հակաբեղմնավորիչների համաշխարհային օրվա առիթով

Աշխարհի բազմաթիվ երկրներ սեպտեմբերի 26-ին նշում են Հակաբեղմնավորիչների համաշխարհային օրը: Եվրոպան և Ամերիկան ներկայացնող 10 առողջապահական կազմակերպություններ# 2007 թվականին ձեռնամուխ եղան, որ հակաբեղմնավորիչների կիրառության և դրանով պայմանավորված առողջական խնդիրները տարվա ընթացքում գոնե մեկ օր` սեպտեմբերի 26-ին, արժանանան հատուկ ուշադրության:

 

Նպատակն անցանկալի հղիության կանխարգելումն է, հղիության արհեստական ընդհատումների թվի նվազեցումը, առողջ սեռական հարաբերությունների քարոզը…

 

Թեմային առնչվող մի շարք խնդիրների մասին զրուցեցինք Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ.,պրոֆեսոր Կարինե Առուստամյանի հետ:

–   Կա կարծիք, որ հակաբեղմնավորիչների տևական կիրառությունը կարող է հանգեցնել անպտղության:  Հիմնավո՞ր է այս կարծիքը. հակաբեղմնավորիչներն ու անպտղության խնդիրն առնչություններ ունե՞ն:


–   Կարծում եմ դա թյուր կարծիք է : Այսպես, հորմոնալ հակաբեղմնավորիչները չեն կարող անպտղության պատճառ լինել:Ավելին ՝ հորմոնալ հակաբեղմնավորիչները մենք օգտագործում ենք ապտղության բուժման գործընթացում: Նաև կարծում եմ` հարցը կարելի է մի փոքր ավելի ընդարձակ համատեքստում քննարկել: Ինչո՞ւ: Հակաբեղմնավորման տարբեր մեթոդներ կան, և  եթե խոսում ենք, օրինակ, այն մասին, որ կնոջ կամ տղամարդու մոտ կատարված է ամլացում, ապա պարզ է, որ բեղմնավորման մասին այլևս խոսք լինել չի կարող: Բոլորս էլ գիտենք, որ դա համարվում է բեղմնականխման անդարձելի մեթոդ:  Մյուս դեպքերում` սերմնասպան միջոցների, պահպանակների, ռիթմ/օրացույցային մեթոդի, ընդհատված սեռական հարաբերությունների կիրառումը  չի կարող ազդեցություն ունենալ  անպտղության խնդրի վրա:


Հակաբեղմնավորիչ հաբերն ազդեցություն ունեն օգտագործման ժամանակ միայն. երբ դադարեցվում է օգտագործումը, դրանք չեն կարող բերել անպտղության: 


–   Կանոնավոր սեռական հարաբերություններ ունեցող զույգն անցանկալի հղիությունից խուսափելու համար պաշտպանության ո՞ր միջոցին դիմի:

–   Ընդհանրապես, բեղմնականխման մեթոդի ընտրության համար զույգը պետք է առաջին հերթին դիմի բժշկի: Բժիշկը հաշվի է առնում բավական շատ հանգամանքներ՝ տարիքը, սեռական ակտիվությունը, սեռական օրգանների վիճակը, կրած հիվանդությունները, ապագա վերարտադրողական պլանները… Մի շարք այլ հանգամանքներ ևս հաշվի առնելով՝ զույգին առաջարկում է հենց նրանց հարմար հակաբեղմնավորիչ մեթոդը:

–   Առաջին տպավորությամբ` այսօր ամենակիրառվող հակաբեղմնավորիչները պահպանակներն են: Այդպե՞ս է:

–   2010 թվականին իրականցվել է Հայաստանում ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն, որի տվյալների համաձայն` առավել հաճախ օգտագործվում են  ընդհատված սեռական հարաբերությունները, հետո` պահպանակները, ապա` ներարգանդային պարույրները:

–   Փաստորեն, ամենից շատ օգտագործվում է «ամենաէժան» մեթոդը:

–   Ամենաէժան, բայց քիչ վստահելի մեթոդ՝ հակաբեղմնավորման առումով:

–   Պահպանակի օգտագործումը սեռական ակտի կեսից, ինչն անում են շատ զույգեր, պաշտպանո՞ւմ է անցանկալի հղիության վտանգից:

–   Եթե մինչ այդ սերմնաժայթքում չի եղել, ապա անցանկալի հղիությունից պաշտպանում է, բայց սեռավարակներից` ոչ: Շատ կարևոր հարց է` ինչպես է օգտագործվում պահպանակը. զույգը շատ հաճախ չգիտի օգտագործման ճիշտ ձևը, որի հետևանքով` պահպանակը սահում կամ պատռվում է հարաբերության ժամանակ, ինչն ավելի շատ խնդիրներ է առաջացնում:

–   Որպես բժիշկ, ի՞նչ կարծիք ունեք պահպանակների ազատ վաճառքի հարցի վերաբերյալ: Դրանք այսօր վաճառվում են ոչ միայն դեղատներում, այլև սուպերմարկետներում:

–   Սուպերմարկետներում, այո, այսօր վաճառվում են պահպանակներ: Նախ հասկանանք, թե ինչի համար է նման հարց առաջանում` խանութներո՞ւմ, թե՞ միայն դեղատներում: Պատճառը մտավախությունն է, որ եթե կա պահպանակների ազատ վաճառք, դրանով խրախուսվում է ազատ սեռական հարաբերությունը: Սակայն, իրականում անկախ նրանից` պահպանակը կվաճառվի դեղատանը, թե խանութում, եթե միտումը կա, դա արգելք չի հանդիսանա: Հակառակը, եթե մարդը կարող է ավելի հեշտությամբ ձեռք բերել պահպանակ, գոնե կպաշտպանվի սեռավարակներից և անցանկալի հղիությունից, աբորտից ու դրա հետևանքներից:

–   Արտասահմանում տարածված են հակաբեղմնավորիչների մասին սոցիալական գովազդները, անգամ կան միջազգային մրցանակների արժանացածներ: Ձեր կարծիքով, Հայաստանում չկա՞ խնդրին այս մասշտաբներով անդրադառնալու կարիք:

–   Կարծում եմ` արժի հարցում անել և իմանալ հասարակության կարծիքը:  Իմ կարծիքով` կարիք կա, բայց հարցն այն է` որքանով ճիշտ կարվի գովազդը, որպեսզի հակառակ ռեակցիան առաջ չբերի: Հակառակ էֆեկտը կարող է լինել այն, որ դա հասարակության մեջ դժգոհության, բարկության ալիք առաջացնի, թե ինչու են այդքան շատ խոսում սեռական հարաբերությունների մասին, և որ դա քարոզ է… Եթե ճիշտ ներկայացվի, իհարկե´, կա անհրաժեշտություն:

–   Հակաբեղմնավորիչների կիրառությունը, վերջին տարիների կտրվածքով, դրական ազդեցություն ունեցե՞լ է հղիության արհեստական ընդհատումների վիճակագրության վրա:

–   Այո´, վերջին տարիներին ունենք նման վիճակագրություն` հակաբեղմնավորիչների կիրառելիության տոկոսի բարձրացում և աբորտների թվի նվազում:

–   Միջոցներ կան նաև չպաշտպանված սեռական հարաբերություններից հետո բեղմնավորումը կանխելու համար… Դրանք որքանո՞վ են անվտանգ:

–   Խոսքը շտապ բեղմնականխման մասին է: Եթե կինն ունեցել է չպաշտպանված սեռական հարաբերություններ, գոյություն ունեն մեթոդներ, այդ թվում նաև հաբեր, որոնք կատարում են շտապ բեղմնականխման ֆունկցիա: Պետք է իմանալ, որ սրանց օգտագործումը չի կարելի չարաշահել. դա բերում է դաշտանային ցիկլի խանգարման և հետագա բարդությունների: Այս միջոցը խորհուրդ է տրվում օգտագործել այն կանանց, որոնք անկանոն սեռական կյանքով են ապրում: Նման դեղամիջոցները նման են շտապ օգնության, որին ամեն օր, ամեն ամիս չէ, որ դիմում են…

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ