Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ԳԱԳԻԿ ԲԱԶԻԿՅԱՆ. Քաղցկեղը հիվանդություն է, այլ ո´չ` մահապատիժ

ԳԱԳԻԿ ԲԱԶԻԿՅԱՆ. Քաղցկեղը հիվանդություն է, այլ ո´չ` մահապատիժ

Փետրվարի 4-ին ՄԱԿ-ի տոնացույցով նշվում է «Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը»: Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հիվանդության ու դրա դեմ պայքարի խնդիրներին:


Հայաստանում քաղցկեղի տարածվածության, խնդիրների, հիվանդության դեմ պայքարի գործում վերջին ձեռքբերումների մասին զրուցեցինք Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, գինեկոլոգիայի և լապարոսկոպիայի բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր, բ.գ.դ. Գագիկ Բազիկյանի հետ:


–   2013 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շեշտադրումը հիվանդության մասին միֆերի և մոլորությունների պատճառած վնասների փարատումն է։ Ակնկալում ենք Ձեր մեկնաբանությունը…


–   Այդ օրվա հիմնական նպատակն է իրազեկ պահել բնակչությանը. ինչ բան է քաղցկեղը, որ այն ընդամենը ախտորոշում է, այլ ո´չ` մահապատիժ: Մենք դիտում ենք քաղցկեղը որպես հիվանդություն. այն տվյալները, որին այսօր տիրապետում ենք, խոսում են ոչ միայն մեր, այլև համաշխարհային մակարդակով գրանցված հաջողությունների մասին:


–   Խոսքը ո՞ր տվյալներին է վերաբերում:


–   Մինչև նախորդ տարվա` 2012 թվականի վերջը, մեր հսկողության տակ եղել է քաղցկեղով 32.500 հիվանդ։ Եթե հաշվի առնենք, որ այդ թվում 17.000-ից ավելի հիվանդները բուժումից հետո ապրել են 5 և ավելի տարիներ, ապա դա լուրջ թիվ է մեր փոքրիկ հանրապետության համար:


–   Բժշկագիտական լրատվական յուրաքանչյուր 2-րդ նյութը քաղցկեղի մասին է, իրականում ի՞նչ դիրքերում են ուռուցքաբանության ասպարեզում հետազոտությունները` այլ ոլորտների համեմատ:


–   Պատկերացրեք մի բուրգ, որի գագաթը քաղցկեղն է։ Իրավամբ` ամենադժվար, ամենածանր, ամենածախսատար հիվանդություններից մեկը, այո´, հենց քաղցկեղն է: Լինելով նենգ հիվանդություն` այն չունի իրեն բնորոշ ախտանիշներ. կարող է քողարկվել, օրինակ, թոքաբորբի, աղիքայինի բորբոքման, դաշտանադադարի ախտանիշների տակ:


–   Քաղցկեղի զարգացումն ինչպե՞ս է ընթանում:


–   Քաղցկեղն ունի զարգացման չորս փուլ, և գրեթե 50% դեպքերում դիմում են ուռուցքաբանին հիվանդության զարգացման վերջին երկու փուլերում, երբ այլևս լիարժեք բուժման մասին խոսելն անիմաստ է. մնում է աշխատել հիվանդի կյանքի որակը  բարձրացնելու և երկարացնելու ուղղությամբ: Երբ քաղցկեղը հայտնաբերվում է հիվանդության առաջին փուլում, 95% դեպքերում գործնականում հնարավոր է բուժումը, երկրորդ փուլում ցուցանիշն իջնում է 50-55 %-ի, երրորդ և չորրորդ փուլերում, ցավոք, 5 տարի ապրում են միայն 10-11%-ը:


–   Ի՞նչ պետք է անել հիվանդության վաղ հայտնաբերման համար:


–   Եթե բժիշկը թոքաբորբ է բուժում կամ մեկ այլ հիվանդություն, դա արվում է առանց համապատասխան ու լուրջ հետազոտությունների: Մենք անտարբեր ենք մեր առողջության նկատմամբ: Պետք է լուրջ ու հետևողական աշխատեն բժշկության առաջնային օղակները: Մենք կազմել ենք հետազոտությունների ալգորիթմ` հաշվի առնելով այն, որ մասնագիտական բարձրագույն կրթօջախներում բժիշկներն ուռուցքաբանություն անցնում են ընդամենը  2-3 շաբաթ, որից հետո` գործնականում չկիրառելով, մոռանում են, ուստի քաղցկեղի նկատմամբ զգոնությունը թուլանում է, և առաջնային  օղակի բժիշկները կարող են բաց թողնել այս կամ այն հետազոտությունը: Մեր կազմած ձեռնարկը կնպաստի նախաուռուցքային և ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշմանը:


–   Շատ է խոսվում պատվաստումների մասին։ Այսօր կա՞ն իրականում գործող վակցինաներ, և համընդհանու՞ր են արդյոք։


–   Պատվաստումերի մասին իրոք շատ է խոսվում, բայց այսօր մենք չունենք համընդհանուր պատվաստանյութ, կա միայն արգանդի վզիկի քաղցկեղի դեմ: Վերջինիս դեպքում հարուցիչը պապիլոմա վիրուսն է։ Վիրուսակիրները հիմնականում տղամարդիկ են, սակայն նրանց օրգանիզմի վրա այն որևէ ազդեցություն չի թողնում, բայց, հենց սեռական ճանապարհով անցնում է կանանց, վերջիններիս կարող է մինչև քաղցկեղի հասցնել: Իհարկե, ոչ բոլորն են հիվանդանում քաղցկեղով, ամեն դեպքում վիրուսակիրներին մենք ավելի զգոն ենք վերաբերվում:


Ստեղծվել է երկու տեսակ պատվաստանյութ, և շուրջ ութ տարի է, ինչ կիրառվում է տարբեր երկրներում: Կարևոր է, որ սեռական կյանքով չապրող աղջիկը ստանա այդ պատվաստանյութը, որպեսզի սեռական կյանքը սկսելիս վիրուսով չվարակվի: Մնացած բոլոր պատվաստանյութերը, որոնց մասին խոսվում է, չեն գործում:


–   Կա՞ն հիվանդության նոր՝ արմատական բուժման մեթոդներ: Եվ արդյո՞ք հասանելի են նորագույն մեթոդները Հայաստանում:

–   Քաղցկեղն  օրգանի հիվանդություն չէ, այլ` օրգանիզմի. միայն վիրահատվելը, կտրել ուռուցքն ու դեն նետելը բուժում չէ, այդ պատճառով մենք կիրառում ենք համալիր բուժում: Ուռուցքաբանության մեջ բուժման հիմնական մեթոդներն են` վիրահատություն, դեղորայքային (քիմիոթերապիա) բուժում, նաև` ճառագայթային, հորմոնալ և իմունաբանական. մեր կենտրոնում հինգ մեթոդներն էլ կիրառվում են և զուգակցվում բուժման ընթացքում: Դա այն համալիր բուժումն է, որը բարձրացնում է արդյունավետությունը:

–   Ինչպիսի՞ն է աշխարհում և Հայաստանում հիվանդության տարածվածության համեմատական պատկերը։

–   Համեմատականություն անցկացնելու համար մենք ունենք ինտենսիվ կոչվող ցուցանիշ, օրինակ` 100.000 բնակչության մեջ քանի՞ մարդ է հիվանդ: Մեզ մոտ 2011թ. բնակչության յուրաքանչյուր 100.000 մարդուց 240-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Հայաստանը գտնվում է միջին հորիզոնականում:

–   Առաջին հերթին ի՞նչ պատճառներով է կանանց մոտ առաջանում կրծքագեղձի քաղցկեղ:


–   Հիվանդության առաջացմանը կարող են նպաստել ոչ միայն սխալ սննդակարգը, աբորտների թիվը, այլև` հարվածը, նեղ կրծկալները, հորմոնալ փոփոխությունները, այսինքն` այն ամենը, ինչ դուրս է առողջ ապրելակերպից:

–   Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, ովքեր առանձնահատուկ ֆոբիա ունեն այդ հիվանդության հանդեպ։ Ի՞նչ մեթոդներով համոզվել հակառակում կամ` ազատվել ֆոբիայից։

–   Կանայք անպայման պետք է հետազոտվեն, հատկապես 35 տարեկանից հետո հարկավոր է տարին մեկ անգամ անցնել պարտադիր հետազոտություն: Եթե կա ինչ-որ խնդիր, ուրեմն օրգանիզմը ահազանգ է տալիս ու չպետք է անտեսել:

–   Իսկ քաղցկեղի ժառանգականորեն փոխանցվելու հավանականությունն ինչպիսի՞ն է:

–   Ըստ մեր տվյալների` ժառանգաբար փոխանցվելու ցուցանիշը ցածր է. կազմում է մինչև 15%, բայց այն առողջ մարդիկ, ովքեր ունեցել են քաղցկեղով հիվանդ բարեկամներ, պետք է զգոն լինեն:

–   Ի՞նչ ծրագրեր կան Հայաստանում` հիվանդության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ:

–   Ծրագրերից մեկն այն է, որ փետրվարի 4-ից մեզ մոտ հայտարարվելու է անվճար հետազոտությունների տասնօրյակ: Մենք ամեն տարի գնում ենք շրջաններ, կատարում ստուգումներ` տարածաշրջանային մեր գործընկերների օգնությամբ։ Ակտիվ մասնակցություն կունենանք արդեն ծրագրված գիտաժողովներին` արտասահմանում: Ունենք գիտաժողով` Ֆրանսիայի խոշորագույն ուռուցքաբանական ինստիտուտի հետ համատեղ: Նրանք մեկ ամսից կլինեն Հայաստանում:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ