Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ԳԵՈՐԳԻ ՕԿՈԵՎ։ Հայաստանում փոխնակ կամ սուրոգատ մոր հասկացության ձևավորման պատմությունից

ԳԵՈՐԳԻ ՕԿՈԵՎ։ Հայաստանում փոխնակ կամ սուրոգատ մոր հասկացության ձևավորման պատմությունից

1985 թ. հունվարի 4-ին, 28 տարի առաջ, Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից։ Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը ցանկացած ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին:

 

Սուրոգատ մոր մասին տեղեկություններ կան նույնիսկ Հին կտակարանում («Ծննդոց, 16»). Աբրամի կինը` Սառան, անպտուղ էր և վարձեց իր աղախնին՝ Հագարին, որպեսզի նա երեխա պարգևեր Աբրահամին: «Եվ Սառան ասաց Աբրահամին. ահա Աստված արգելեց ինձ ծնել, ուրեմն աղախնիս մոտ մտիր, գուցե նրանից որդի ստանամ: Եվ Աբրահամը Սառայի ձայնին լսեց»: Մ. թ. ա 1910 թ. Ագարը որդի ունեցավ, որի անունն Իսմաիլ դրեցին: Սառան ընդունեց նրան, ինչպես այն ժամանակ ընդունված էր` իր ծնկների վրա, ինչպես իր հարազատ որդուն: Սուրբ Գրքում խոսք է գնում այսպես կոչված ավանդական սուրոգատ մայրության մասին, երբ, վերարտադրողական տեխնոլոգիաների բացակայության պատճառով , ստիպված դիմում էին կին-դոնորի բնական սերմնավորմանը: Ընդ որում իրավական տեսանկյունից այդ որդիները համարվում էին աստվածաշնչյան մարգարեների և նրանց օրինական կանանց սեփական երեխաները:

 

Արտամարմնային բեղմնավորումը (կամ այսպես կոչված էքստակորպորալ բեղմնավորում- ԷԿՕ) հայտնվել է միայն XX դարում: ԷԿՕ մեթոդի էությունը հետևյալն է՝ ձվաբջիջը դուրս են հանում կնոջ օրգանիզմից և բեղմնավորում արհեստական պայմաններում, ստացված սաղմը պահում են հատուկ պայմաններում, որտեղ այն զարգանում է 2-5 օրերի ընթացքում, ապա սաղմը տեղափոխում են կնոջ արգանդի խոռոչ՝ հետագա զարգացման համար

 

1978 թ. հուլիսի 25-ին Անգլիայի Օուլդեմ ոչ մեծ քաղաքում (Լանկաշիր կոմսություն) ծնվել է Լուիզա Բրաունը՝ առաջին երեխան, որը սաղմնավորվել է փորձանոթում: Որպեսզի փոքրիկ Լուիզան լույս աշխարհ գար, պահանջվել է ԷԿՕ-ի ավելի քան 600 փորձ: Երեխային կրել է կենսաբանական մայրը:

 

Սուրոգատ մայրության ծրագրով առաջին երեխան, աղջիկ, երբ մայրը կրում էր կենսաբանական ծնողների սաղմը, ծնվել է 1985 թ. հունվարի 4-ին հյուսիսային Լոնդոնի կլինիկաներից մեկում: Սուրոգատ մայրը տիկին Կոտոնն է եղել:

 

Այդ ժամանակվանից ի վեր աշխարհում շատ զույգեր, ովքեր ունեն վերարտադրողական խնդիրներ, կարողացան ծնողներ դառնալու երջանկութունը զգալ սուրոգատ մայրության օգնությամբ:Սակայն, ամեն ինչ հեշտ չէ` թեմայի հետ կապված: Սուրոգատ մայրերը երբեմն չեն ցանկանում երեխաներին տալ պատվիրատուներին : Կան նաև սուրոգատ մայրերի երեխաներից հրաժարվելու դեպքեր:

 

Փոխնակ կամ սուրոգատ մայր հասկացությունն ունի արդեն տասնամյակների պատմություն: Սա առաջին հայացքից արտասովոր թվացող մի ճանապարհ է, որի օգնությամբ իրենց կենսաբանական երեխային ունենում են այն զույգերը, ովքեր ունեն վերարտադրողական ֆունկցիայի խախտում: Հայաստանում փոխնակ մայրությունն օրենքով թույլատրելի է դարձել 2002 թվականց, իսկ գործնական կիրառում է գտել 2006-ից : Թեմայի շուրջ զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ տնօրեն պրոֆ. Գեորգի Օկոևի հետ:

 

Պարո՛ն Օկոև, խնդրում եմ պարզաբանել, առաջին հերթին ո՞ր պարագայում են զույգերը դիմում փոխնակ մոր օգնությանը:


– Գոյություն ունեն զարգացման բնածին արատներ, երբ կնոջ մոտ ի ծնե բացակայում է արգանդը` նորմալ գործող ձվարանների պայմաններում : Արգանդի բացակայությունը կարող է պայմանավորված լինել նաև այլ պատճառներով: Այսպես, երբեմն, հղիության կամ ծննդաբերության , տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ տեղի ունեցած արյունահոսության դեպքում, բժիշկները` կանգնելով ծայրահեղ խնդրի առջև, հեռացնում են արգանդը, այդ ճանապարհով փրկելով կնոջ կյանքը։ Նման դեպքերում կինը չի կարող ինքը կրել իր երեխային` արգանդի բացակայության պատճառով: Երբեմն սուրագատ մայրության ծրագրին են դիմում առողջական այլ խնդիրներ ունեցող կանայք, ովքեր ունեն սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, տառապում են քրոնիկ երիկամային անբավարարությամբ, հիվանդ են ծանր շաքարային դիաբետով և այլն: Նման կանանց մոտ հղիությունը հավասար է մահվան:


Այսինքն` կարելի է ասել, որ կինը մի դեպքում չի կարող հղիություն ունենալ, մյուս դեպքում` այն հակացուցված է։ Նման դեպքերում կարող է «օգնության գալ» փոխնակ մայրը…


– Այո՛:


Կարո՞ղ եք հիշել առաջին փոխնակ մոր պատմությունը Հայաստանում:


– Հիշում եմ. երեխա երազող ընտանիքում կինն ուներ նորմալ ձվարաններ, բայց չուներ արգանդ։ Ամուսնու քույրը համաձայնվեց լինել այդ ընտանիքի համար փոխնակ մայր: Արտամարմնային պայմաններում իրականացվեց կնոջ ձվաբջիջների ու ամուսնու սերմնաբջիջների բեղմնավորում և ստացված սաղմերը տեղադրվեցին փոխնակ մոր արգանդի մեջ: Ինն ամիս անց ծնվեցին երկվորյակներ `աղջիկներ:

 

Գիտության ձեռքբերումներն այսօր թույլ չեն տալիս արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ստացված սաղմերը պահել հատուկ սարքավորումներում 3-7 օրից ավել: Ուստի և փորձանոթային պայմաններում ստացված սաղմերը անհրաժեշտ է այդ ժամանակահատվածում փոխադրել փոխնակ մոր արգանդ: Վստահ եմ` բժշկության մեջ կգա օր, երբ բարձրագույն տեխնոլոգիաների շնորհիվ փոխնակ մոր կարիք էլ չի լինի:


Ովքե՞ր կարող են դառնալ փոխնակ մայր:


– Սա շատ նուրբ գործընթաց է և ոչ մի դեպքում չպետք է հակասի տվյալ երկրի օրենքներին: Համաձայն այդ օրենքի առաջին հերթին փոխնակ մայրը պետք է լինի 18 մինչև 35 տարեկան, որպեսզի տեղադրված սաղմը կյանքի կոչվելու մեծ հավանականություն ունենա, երկրորդը` պետք է լինի ծննդաբերած կին, այսինքն` ունենա սեփական երեխաներ և ապրած լինի մայրության բերկրանքը, երրորդ` նախկին ծննդաբերություններն ավարտված լինեն բնական ճանապարհով, առանց վիրահատական միջամտությունների։ Այս ամենն արվում է` փոխնակ մայրության ժամանակահատվածում կնոջն առողջական խնդիրներից զերծ պահելու և կյանքի անվտանգության նկատառումներից ելնելով: Միաժամանակ փոխնակ մայրը պետք է լինի լիարժեք առողջ, որպեսզի նրա առողջական խնդրները չազդեն երեխայի առողջության և հղիության ընթացքի վրա:


Այսինքն` միայն փոխնակ մո՞ր առողջության խնդիրն է առաջադրվում…


– Փոխնակ մոր առողջ լինելը կարևորվում է այնքանով, որ նա …չի վարակի երեխային: Օրինակ՝ ամբողջ աշխարհում ՁԻԱՀ-ով հիվանդ կնոջը թույլատրվում է երեխա ունենալ, դա նրա իրավունքն է, իսկ փոխնակ մայրերին, ովքեր ունեն որևէ վարակ, արգելվում է:


Բացի վարակներից, էլ ի՞նչ կարող է փոխանցվել փոխնակ մորից երեխային, գուցե ինչ-որ գենետիկ հատկություննե՞ր:


– Բացարձակապես ոչ մի գենետիկ կապ չի կարող լինել. եթե փոխնակ մայրը երեխայի հետ ունենա գենետիկ կապ, ապա նա արդեն փոխնակ մայր չէ, այլ` կենսաբանական:


Քանի՞ փոխնակ մայր կա Հայաստանում:


– Դժվարանում եմ ասել. այդպիսի ստույգ տվյալներ չկան:


Հայաստանում հիմնականում ի՞նչ խնդիրների պատճառով է զույգը դիմում փոխնակ մոր օգնության:


– Հիմնական պատճառը կնոջ արգանդի բացակայությունն է, սովորույթային վիժումները, որոնց բուժումն անարդյունավետ է :


Օրենքը թույլ է տալիս, որ միայնակ տղամարդն էլ փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենա. նմանատիպ դեպքեր ունեցե՞լ եք Ձեր աշխատանքում:


– Այո՛, օրենքը թույլ է տալիս, սակայն դեռևս նման դեպք մեզ մոտ չի գրանցվել, բայց կարծում եմ` կլինեն:


Պարո՛ն Օկոև, փոխնակ մայրերի հոգեբանական վիճակը առաջացնու՞մ է խնդիրներ, նկատի ունեմ երեխայի ծնվելուց հետո կենսաբանական ծնողներին հանձնելու գործընթացը:


– Մենք դեռ չենք ունեցել դեպք, որ կինը` լինելով փոխնակ մայր, հրաժարվի երեխային հանձնել կենսաբանական ծնողներին:


Կարո՞ղ եք հիշել որևէ հետքրքիր դեպք Ձեր աշխատանքից:


– Ունեցել ենք դեպք, երբ փոխնակ մայրը ծննդաբերել է, իսկ կենսաբանական մոր մոտ սկսվել է կաթնարտադրություն, և նա ամիսներ շարունակ երեխային կերակրել է կրծքով: Նաև եղավ մի դեպք, երբ փոխնակ մոր օգնությամբ ծնվեց եռյակ` երկու աղջիկ, մեկ տղա:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ