Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին

ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին

Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում:  Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն:


«Ցանկացած բան, որն իր մեջ կեղծիք է պարունակում, մերժելի է: Իրականում վախենում ենք նույնիսկ անկեղծ էմոցիաներից, Հայաստանում դա բավական լուրջ խնդիր է: Մարդկանց հետ աշխատելով` հասկացել ենք. նրանք վախենում են լուրջ էմոցիաներ արտահայտելուց, խուսափում են անկեղծ զգացմունքներից:  Գրկախառնության տոնի հեղինակը ` ստեղծելով այն, գուցե  նպատակ է ունեցել այնպես անել, որ մարդիկ այդ օրը կարողանան ինչ-որ էմոցիաներ արտահայտել, սակայն, ըստ իս, դա էլ իր կեղծիքն ունի. արհեստական ցանկացած բան որեւէ կերպ խնդիր չի լուծում»,- խոսելով տոնի էության մասին` մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր Հայաստան» ՀԿ, «Տիբեթ» մտավոր, հոգեւոր եւ հոգեբանական կենտրոնի հիմնադիր Էլեոնորա Մանանդյանը:


–   Տիկի՛ն Մանանդյան, ամեն դեպքում, ի՞նչ լիցքեր կստանա մարդը` այդ օրն ուղղակի անծանոթի գրկելով: Չէ՞ որ գրկախառնության համար պետք է դիմացինը հարազատ լինի, որ հաճելի, դրական էներգիա փոխանցի:


–   Իհարկե: Պետք է նշեմ, որ հոգեբաններն էլ միշտ խոսում են, այսպես կոչված, մեկ մետր պաշտոնական գոտու մասին, ու երբ մտերմության այդ սահմանները որոշակի ձեւով խախտվում են, շատ մարդկանց կարող է տհաճ լինել: Նախ. ոչ մտերիմ մեկի շատ մոտ կանգնելն էներգետիկ առումով խախտում է դաշտը, եւ դա կարող է բացասական անդրադառնալ։ Երկրորդ. երբ ուզում ենք մարդուն դրական էներգիա փոխանցել, պարտադիր չէ նրան գրկել։ Դրական էներգիա փոխանցելը սկսվում է ամենապարզից` ժպիտից: Խոսքը ոչ եվրոպական կամ ամերիկյան մոդելային ժպիտի մասին չէ։ Իսկապես անկեղծ ժպիտը շատ ավելի մեծ լիցք է տալիս:


–   Նշեցիք, որ գրկախառնությունը կարող է առաջացնել նաեւ բացասական էներգիա, կպարզաբանե՞ք:


–   Ընդհանրապես էներգիաների հանպատրաստի շփումը կարող է բացասական ազդեցություն ունենալ, ընդ որում՝  երկուսի համար էլ:


–   Իսկ էներգետիկ ինչպիսի՞ լիցքեր կարող է մարդուն հաղորդել սովորական ընկերական գրկախառնությունը:


–   Շատ մեծ, օրինակ, երբ խոսքը վերաբերում է փոքր տարիքում երեխային գրկելու մասին, դա կարեւոր է այնքանով, որքանով այդ ժամանակ, թեկուզ մարմնական մակարդակում, երեխայի մեջ որոշակի ջերմություն է առաջանում, նա սկսում է զգալ… Փոքր տարիքից մինչեւ խորը ծերություն մենք նույն բանի կարիքն ունենք` հենարանի, շփման, սփոփանք ենք զգում, երբ հարազատ մարդիկ գրկում են մեզ ու ջերմություն փոխանցում: Կրկին կարեւորում եմ գիտակցվածության ու անկեղծության գործոնը, իսկ ձեւական ու չգիտակցված գրկախառնությունը ոչ մի դրական էներգիա չի կարող փոխանցել:


–   Մարդիկ գրկախառնվում են շատ տարբեր առիթներով ու պատճառներով, իսկ կապ ունի՞` տվյալ պահին դիմացի մարդու էներգետիկ դաշտն ինչպիսին է:


–   Ճիշտ հարց եք տալիս, փաստեմ, որ դրական էներգիան միշտ շատ ավելի հզոր է… Շատ հաճախ մարդիկ վախենում են բացասական էներգիայից, բայց դրականը, միանշանակ, ավելի շատ է: Երբ մենք զգում ենք, որ մարդը դեպրեսիվ վիճակում է, աջակցության կարիք ունի, օգնում ենք, նորից եմ նշում` առանց ձեւականության հիմքի. այդ դեպքում հնարավոր է` ստանանք բացասական էներգիա:


Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ ԵՊԲՀ սեսքոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի հետ: «Ընկերական գրկախառնումների ժամանակ մարդիկ դրական լիցքեր են փոխանցում միմյանց,։ Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր ոք օրական 8 անգամ պետք է գրկախառնվի: Հենց այդ ընկերական հույզերն են երկարացնում մարդկանց կյանքը: Վստահության դրսեւորում է դիմացինին գրկել կարողանալը, իսկ եթե վստահություն չկա, գրկախառնվելու ժամանակ արագ հետ քաշվելու զգացողություն կառաջանա»,- պարզաբանեց սեքսոպաթոլոգը` հավելելով, որ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաեւ նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, հանել սթրեսը, կանխել դեպրեսիան, բացի այդ, այս նույն  «դեղը» կօգնի դիմակայել վարակներին: «Դրական հույզերը, որոնք առաջանում են գրկախառնության ժամանակ, հանգեցնում են ֆիզիոլոգիական եւ կենսաքիմիական ռեակցիաների, մասնավորապես` բարձրացնում են օքսիտոցինի մակարդակը (կապվածության եւ վստահության հորմոն) ու նվազեցնում կորտիզոլի մակարդակը (սթրեսի հորմոն): Հետեւաբար սթրեսից, դեպրեսիայից, քրոնիկ ցավերից ազատվելու համար պետք է հաճախ գրկախառնվել»,- ասաց Վրեժ Շահրամանյանը:


Ամփոփելով թեման` սեքսոպաթոլոգն ավելացրեց, որ գրկախառնության ժամանակ ուղեղի մեջ ակտիվանում է հաճույքի կենտրոնը, իսկ ցավ եւ սթրես փոխանցելու համար պատասխանատու համակարգի աշխատանքը դադարում է: Դրա շնորհիվ մարդը հանգստանում է, եւ ցավերը դադարում են: Ահա թե ինչու մարդիկ, ցանկանալով հանգստացնել նեղված ու հիասթափված մեկին, գրկում են նրան:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ