Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը

ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը

Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ:  Ողջ աշխարհում, այդ թվում՝  Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական ասպեկտի մասին զրուցեցինք Երեւանի թիվ  2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:

–   Պարո՛ն Մադաթյան, հատկապես վերջին տարիներին շատացել են հումանիզմ քարոզող տոները, որոնք նշվում են մասսայաբար, օրինակ` աղքատության, երախտագիտության, գրկախառնության, սմայլիկի միջազգային օրեր եւ այլն…. Որպես հոգեբան` ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ միտումներ եք նկատում:

–   Ամեն ինչի միջազգային օր էլ կարելի է նշել. այստեղ ուղղակիորեն օգտավետության խնդիր կա… Եթե տոնը պոզիտիվ տրամադրվածություն է ստեղծում, մարդկանց կյանքում դրական, ուրախ պահեր  ավելացնում, ուրեմն` թող լինի: Եթե նույնիսկ ամբողջ կյանքը տոն լինի, մեկ է՝ մարդիկ դրանից չեն տուժի: Անգամ, կարելի է ասել, նրանք պետք է այդպես ապրեն` կյանքը տոնի վերածելով:

–   Նմանատիպ տոների մեծ մասը ծնունդ է առնում ԱՄՆ-ում, ապա տարածում գտնում ամբողջ աշխարհում: Ըստ Ձեզ` դա ինչ-որ կապ ունի՞ գլոբալացման հետ: Հնարավո՞ր է, որ ենթատեքստում լինի հատուկ մշակված քաղաքականություն:

–   Երեւի թե կապ ունի. գուցե դա ինչ-որ ձեւ է մարդկանց շեղելու իրենց սոցիալական խնդիրներից… Չեմ կարող հստակ ասել, բայց մեկ է՝ դա իր մեջ բացասական ոչինչ չի պարունակում, հնարավոր է` արեւմտյան թելադրանք է, գլոբալացման գործընթաց, բայց կոնկրետ այս հարցում տեսնել միայն բացասականը ճիշտ չէ: Ի վերջո, խորհրդային տարիներին էլ կային նման տոներ, այսինքն` այդ քաղաքականությունը միշտ էլ եղել է, պարզապես այն տարիներին սոցիալական խավն էր ուրիշ, ուրիշ էին արժեքները, եւ, ըստ այդմ, տոները մի փոքր այլ բնույթի էին, իսկ այսօր` այլ: Ինքս ուրախանում եմ, երբ նմանատիպ օրերին երիտասարդները դուրս են գալիս փողոց` ժպտերես, «սմայլիկներով»:

–   Ձեր գնահատմամբ՝ նմանատիպ տոները հոգեբանական ինչ փոփոխությունների կարող են հանգեցնել:

–   Լավատեսական հոգեբանություն կարող են ձևավորել, որը խիստ պակասում է Հայաստանում: Հայերի համար այդ տեսակ տոները իմաստային առումով կարեւոր կարող են լինել թեկուզ այնքանով, որ կստիպեն հոգսաշատ ու խոժոռ դեմքերին ժպտալ, մարդիկ կսովորեն միմյանց ավելի հաճախ շնորհակալություն հայտնել: «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը շատ գեղեցիկ բառեր են եւ մեր բառապաշարում պետք է յուրաքանչյուր երկրորդ բառը դրանք լինեն:

–   Օրինակ՝ ի՞նչ է նշանակում  երախտագիտության միջազգային օր. գուցե առաջին հայացքից շատ ջերմ է թվում, բայց իր մեջ ինչ-որ պարտավորեցնող, ձեւական էլեմենտներ ունի, ի՞նչ կասեք:

–   Կան բաներ, որոնք մարդուն պետք է ստիպել` հաճախ անելու, որպեսզի հետագայում դա դառնա սովորություն, օրինակ, կան մարդիկ, որ սովոր չեն շնորհակալություն հայտնել…

–   Այսինքն` Դուք, որպես հոգեբան, կողմ  եք, որ նմանատիպ տոները մեզ մոտ էլ տարածում գտնեն:

–   Եթե տոնն իր մեջ իմաստ է կրում ու դեմ չէ մեր եկեղեցուն, մեր նիստուկացին, ինչո՞ւ չտոնենք, այո՛, պետք է գրկախառնվել, շնորհակալություն ասել, ժպտալ, սիրել, ու այդ ամենն անել երեւույթի հանդեպ անկեղծ վերաբեմունքով, առանց բացասական տրամադրվածության: Ընդհանրապես, դեմ են լինում այն մարդիկ, ովքեր դիմակներով են, և իրենց անձնական տիրույթը ոչ մեկին չեն թողնում:

–   Հավատո՞ւմ եք, որ նմանատիպ օրերի նշումն ու մասսայականացումն ինչ-որ բաներ կփոխեն մարդկանց մեջ դեպի դրականը:

–   Դրական եմ վերաբերում ցանկացած պոզիտիվ բանի, ինչը բերում է մարդու՝ սահմանափակումներից ձերբազատմանը: Ինքս այդ տոների մեջ չեմ տեսնում զգուշանալու առիթ, այլ միայն դրական տրամադրվածություն ու պոզիտիվ մտածելակերպի ձեւավորում մարդկանց մեջ: Նմանատիպ տոները, կարծում եմ, միայն կգեղեցկացնեն մեր կյանքը:

–   Պարո՛ն Մադաթյան, իսկ մարդու վերափոխման, քաղաքակրթման գործընթացը` հոգեբանական տեսանկյունից, բա՞րդ է, հնարավո՞ր է մարդուն մեծ տարիքում «դաստիարակել»:

–   Ես կասեի` տեւական գործընթաց է, կապված է աշխարհայացքի փոփոխման եւ արժեհամակարգի վերակազմավորման հետ: Մարդը պետք է ուզենա փոխվել. մարդուն ոչ մի տարիքում հնարավոր չէ դաստիարակել, նույնիսկ մեր երեխաներին: Դաստիարակելու ամենալավ միջոցը մարդու մեջ ցանկություն առաջացնելն է, որ նա փոխվի:

Հեղինակ. Շողիկ Գալստյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ