Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Վաստակաշատ գիտնականն ու կրթության հմուտ կազմակերպիչը (ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի ծննդյան 70-ամյակի առթիվ)

Վաստակաշատ գիտնականն ու կրթության հմուտ կազմակերպիչը (ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի  ծննդյան 70-ամյակի առթիվ)

Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի հոբելյանը լավագույն պատեհությունն է` գնահատելու արժանավոր գիտնականի, բժշկական ծառայության գնդապետի,  Հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր Բարձրագույն խորհրդի անդամի, Հայաստանի գիտական ու կրթական բնագավառների երախտավորի բազմամյա արգասավոր գործունեությունը: 

 

Վ.Պ.Հակոբյանը ծնվել է 1938թ. մայիսի 1-ին, Հայկական ԽՍՀ Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում: 1960թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, աշխատել է Արթիկի շրջանում` որպես գյուղական բժշկական տեղամասի վարիչ: 1962թ. տեղափոխվել է մայր բուհի` գիտամանկավարժական հարուստ ավանդույթներ ունեցող ֆարմակոլոգիայի ամբիոն, որի աշխատանքներն ավելի քան կես դար գլխավորել է հանրապետության դեղաբանության դպրոցի հիմնադիր, ՀՀ ԳԱԱ անդամ, պրոֆեսոր Ս.Հ.Միրզոյանը: 

 

1967թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1977թ.` դոկտորական թեզերը:

 

Բեղուն է Վ.Պ.Հակոբյանի  հասարակական գործունեության ուղին. 1971թ. մինչև 1987թ. ակտիվորեն մասնակցել և արդյունավետ գործունեություն է դրսևորել բուհի աշխատանքների տարբեր օղակներում` արտասահմանցի  ուսանողների, ապա` բուժական ֆակուլտետի դեկան, կուսկոմիտեի առաջին քարտուղար, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1987-2006թթ. բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր, 1994-2006թթ. ԵՊԲՀ ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, 2006թ.-ից առ այսօր` ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար և նախագահության անդամ: 

 

1987 թվականին ընտրվելով Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պատասխանատու և պատվավոր պաշտոնում` Վ.Պ.Հակոբյանը 19 տարի շարունակ ցուցաբերել է իրեն բնորոշ կազմակերպչի և նորարարի մեծ հմտություն: Հիշենք թեկուզ անցումային շրջանի 1991-94 թվականները. տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը. սակայն այդ պայմաններում անգամ Երևանի պետական բժշկականը հանրապետության այն միակ ԲՈՒՀ-ն էր, որ կարողացավ ունենալ անխափան էլեկտրաէներգիա և ջեռուցում, և ոչ միայն ապահովեց իր աշխատանքի բնականոն գործընթացը, այլև` նկատելիորեն վերընթաց ապրեց:  

 

Հետևողական աշխատանքների շնորհիվ մեծացավ համալսարանի միջազգային ճանաչումը: Անուրանալի են նրա ծառայությունները արտասահմանյան ուսանողների ներգրավման, անգլալեզու ուսուցման համակարգը ստեղծելու, համալսարանական կլինիկական հիվանդանոցներ և հանրակացարաններ ձեռք բերելու գործում:  Վստահորեն կարելի է ասել, որ նաև Վ.Պ.Հակոբյանի ջանքերի շնորհիվ է, որ բժշկական համալսարանը դարձել է աշխարհի բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը, որի դիպլոմը ճանաչվում է Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի բազմաթիվ երկրներում: 

 

Ուսումնական գործընթացում ուսուցման նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման համար ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանն արժանացել է դեռևս նախկին ԽՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեի դիպլոմին: 

 

Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի հետևողական գործունեության շնորհիվ 1991թ. Երևանի պետական բժշկական ինստիտուտը անվանվեց մեծն բժշկապետ Մխիթար Հերացու անվամբ, իսկ 1995թ. ինստիտուտը վերակազմավորվեց համալսարանի: 

 

Վաստակաշատ բժիշկ-գիտնականի անունը վաղուց է դուրս եկել հանրապետության սահմաններից և ձեռք բերել միջազգային ճանաչում: Նա ընտրվել է  անոթաբանների միջազգային քոլեջի գիտական խորհրդի պատվավոր անդամ (Նյու-Յորք, 1994): Դեղագետների միջազգային ֆեդերացիայի անդամ   (FIP) (Հագյու, Նիդերլանդներ, 1996թ.): Ֆարմակոլոգիայի միջազգային գիտական ընկերության անդամ (IUPH`R) (Բրյուսել, 1998թ.): Ուղեղային արյունահոսքի և նյութափոխանակության միջազգային ընկերության անդամ (ISCBFM) (Բեռլին, 2003թ.): Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության - Բժշկական կրթության փորձագիտական խմբի անկախ փորձագետ  (Բրյուսել, 2001), Լեհաստանի բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի (Վարշավա, 1997) և շուրջ 7 միջազգային այլ ակադեմիաների անդամ: 

 

Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանն անդամակցել է նաև մի շարք հանդեսների խմբագրակազմերին: Հանդիսացել է  ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր (1989-2008), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի «Փորձարարական և կլինիկական ֆարմակոլոգիա» հանդեսի,  Իրանի Իսլամական Հանրապետության «Բժշկական միջազգային ամսագրի» և մի շարք այլ հանդեսների խմբագրությունների խորհրդի անդամ, Բժշկական խմբագրությունների միջազգային ընկերության «Հույս» նախագծի մասնակից (W`ME) (Վիրջինիա. ԱՄՆ, 1996): 

 

Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունն արտացոլված է նրա ավելի քան 270 աշխատություններում (որոնց մեծ մասը` միջազգային գիտական հանդեսներում), այդ թվում` 6 մենագրության (որից 2-ը հրատարակվել է Մոսկվայում, 1-ը` Աթենքում), ուսումնամեթոդական 11 ձեռնարկի, ֆարմակոլոգիայի 3 դասագրքի`  բժշկական բուհերի ուսանողների համար: Իր գործընկերների հետ համատեղ գրած այդ դասագրքերը ֆարմակոլոգիայի հայերեն առաջին դասագրքերն են Հայաստանում: Ստացել է 14 հեղինակային արտոնագիր:

 

Բավական է նշել, որ  նրա աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել և բազմիցս մեջբերվել համաշխարհային բժշկագիտական գրականության մեջ: Նա բազմիցս հրավիրվել է աշխարհի տարբեր երկրներ և սկսած 1967թ. զեկուցումներով հանդես եկել միջազգային բազմաթիվ գիտաժողովներում (ԱՊՀ երկրներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Կանադա, Գերմանիա, Իսրայել, Իրան, Չինաստան, Սինգապուր, Հնդկաստան և այլն): 

 

Վ.Պ.Հակոբյանը, ով պրոֆ. Ս.Հ.Միրզոյանի ղեկավարությամբ ֆարմակոլոգիայի ամբիոնում իր գիտական աշխատանքները սկսել է դեռևս ուսանողական տարիներին` 3-րդ կուրսից, տասնամյակներ շարունակ զբաղվել է կենտրոնական նյարդային համակարգի արյան շրջանառության ուսումնասիրության հարցերով, մասնավորապես  կենտրոնական նյարդային համակարգի արյան շրջանառության վրա ընդերածին կենսաակտիվ նյութերի ազդեցության և ինքնակարգավորման մեխանիզմների, ինչպես նաև, բնականոն պայմաններում և ախտաբանական վիճակներում ուղեղի արյան հեմոդինամիկայի կարգավորման գործում գամմա-ամինոկարագաթթվի (ԳԱԿԹ) և նրա ընկալիչների դերի բացահայտմամբ: Նա հաջողությամբ զարգացրել է ուղեղային արյան շրջանառության ինքնակարգավորման նյարդաքիմիական տեսությունը:

 

Կենտրոնական նյարդային համակարգի ինտեգրատիվ գործունեության մեջ զանազան նյարդաակտիվ գործոնների դերի նպատակաուղղված հետազոտությունների շնորհիվ Վ.Պ.Հակոբյանը աշխարհում առաջին անգամ բացահայտեց նյարդաակտիվ ամինաթթուների կարգավորիչ դերը ուղեղային արյան շրջանառության գործում: Մասնավորապես, ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի կողմից բացահայտված է, որ կենդանիների ուղեղային արյունահոսքի ընկճման պայմաններում, շարժողական ակտիվության բարձրացումը նպաստում է ուղեղային արյունահոսքի բարելավմանը, որն ունի գործնական մեծ նշանակություն սակավաշարժ կենսաձևի պայմաններում ուղեղային արյունահոսքի խանգարման կանխարգելման համար: 

 

Ակադեմիկոս Վ.Պ.Հակոբյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 6 դոկտորական և 17 թեկնածուական թեզեր:

 

Վ.Պ.Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում իրեն դրսևորել է որպես բարեխիղճ, բանիմաց, նախաձեռնող, ունակ գիտնական, որի էության մեջ լիովին ներդաշնակում են նվիրյալ քաղաքացին, զգայուն ու հայրենասեր մարդը: 

 

Պատշաճ ձևով գնահատելով մեր անկախ պետականության համար ֆիզիկապես ամուր, առողջ և մարտունակ բանակ ունենալու և բանակը բարձրորակ զինվորական բժիշկներով ապահովելու կարևորությունը` Վ.Պ.Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ և ղեկավարությամբ 1994թ. համալսարանում հիմնադրվեց և մինչև օրս հաջողությամբ գործում է ռազմաբժշկական ֆակուլտետը: Տարիներ շարունակ Վ.Պ.Հակոբյանի անձնական նախաձեռնությամբ համալսարանը ստանձնել էր հայկական բանակի զորամասերից մեկի շեֆությունը: Հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործընթացում ներդրած ուրույն ավանդի համար նրան շնորհվեց բժշկական ծառայության գնդապետի կոչում և նա պարգևատրվեց «Դրաստամատ Կանայանի», ինչպես նաև ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերի պատվոգրերով, անհատական զենքով: 

 

Վ.Պ.Հակոբյանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի բժշկական համալսարանի ուսանողները ստանան մասնագիտական խոր գիտելիքներ, դառնան որակյալ մասնագետներ: Մեծ է Վ.Պ.Հակոբյանի վաստակը` որպես հմուտ ու ինտելեկտուալ մանկավարժի, որպես մեծ հոգեբանի, որն օժտված է դասախոսական մեծ արվեստով: 

 

Որպես բժշկական բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ ու անվանի գիտնական, ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին`  Հունաստանում անգլերեն լեզվով հրատարակված «Հիպոկինեզիա և ուղեղային արյան շրջանառություն» մենագրության համար: 

 

Իր բազմաբնույթ գործունեության մեջ Վ.Պ.Հակոբյանը միաժամանակ ծավալում է հասարակական գործունեություն, որի շնորհիվ արժանացել է    «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը, ինչպես նաև` ՀՀ ոստիկանության պետի «Համագործակցության ամրապնդման համար» հուշամեդալին: Առողջապահության ու գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալով, ինչպես նաև` ՀՀ Ազգային Ժողովի շնորհակալագրով: 

 

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը բարձր գնահատելով Վ.Պ.Հակոբյանի ազգանվեր աշխատանքը, նրան պարգևատրեց հոգևոր բարձրագույն պարգևով`«Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ»շքանշանով: Նա արժանացել է  նաև«Ամենափրկիչ Քրիստոսի տաճարի» Մոսկվայի կաթողիկոսության երախտավորագրին: 

 

Բժշկագիտության և մարդասիրության բնագավառում, ինչպես նաև`   հասարակական գործունեության մեջ, Վ.Պ.Հակոբյանը իր արժանի ծառայությունների արդյունքում պարգևատրվել է Ալբերտ Շվեյցերի ոսկե մեդալով,  Վերնադսկու անվան þþՈսկե Աստղþþ բարձրագույն պարգևով,  Ֆ.Նանսենի անվան ոսկե հուշամեդալով, Ռուսաստանի Ֆեդերացիայի Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի 10-ամյակի ոսկե մեդալով և այլն: 

 

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ Առողջապահության նախարարությունը և  ՀՀ ԳԱԱ «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի խմբագրության աշխատակազմը շնորհավորում են սիրելի Վիլեն Պարույրի Հակոբյանին, մաղթելով նրան  քաջառողջություն, երջանկություն և հետագա աշխատանքային հաջողություններ` ի բարօրություն մեր հայրենիքի: 

Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 2.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ