Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Վերապատրաստման ծրագիր Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում

Վերապատրաստման ծրագիր  Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում

Միջազգային համագործակցություն խորագիրը շարունակելով` այս անգամ մեր ընթերցողին ենք ներկայացնում Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայում տեղի ունեցած մեր բժիշկների վերապատրաստման մասին տեղեկատվությունը: 

 

2009 թվականից ի վեր Երևանի պետական բժշկական համալսարանը համագործակցում է Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Էռնստ վոն Բերգման» կլինիկայի հետ, որը փորձառու անձնակազմով համալրված և նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած կլինիկական բազմապրոֆիլ հիվանդանոց է: Սույն համագործակցության շրջանակներում համալսարանի բժիշկները և բուժանձնակազմը մասնակցում են տասներկու շաբաթ տևողությամբ վերապատրաստման համալիր դասընթացների վերոհիշյալ կլինիկայում:

 

Սրտաբանության, ռադիոլոգիայի և գաստրոէնտերոլոգիայի ոլորտներում որակավորման բարձրացման նշյալ դասընթացներից հետո ԵՊԲՀ մասնագետները և կլինիցիստները իրենց ձեռք բերած փորձը ներդնում են Հայաստանում:

 

Սեդա Շեկոյան (սրտաբան, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի դոցենտ) - Իմ տեսած նորությունները, որոնք հիմնականում կապված են պրակտիկ աշխատանքների հետ, չափազանց հետաքրքիր էին: Մասնակցությունս վերապատրաստմանը բավականին արդյունավետ էր:

 

2 ամսվա ընթացքում ես վերապատրաստվել եմ Գերմանիայի լավագույն կլինիկաներից մեկում` Պոտսդամում գտնվող Ernst von Bergmann հիվանդանոցի սրտաբանության և ֆունկցիոնալ դիագնոստիկայի բաժանմունքներում:

 

Այս վերապատրաստումից շատ տպավորված եմ: 

 

Հիվանդանոցը զինված էր ամենաժամանակակից տեխնիկայով: Օրվա ընթացքում հիվանդների հոսքը չափազանց շատ էր` շնորհիվ բժշկական պարտադիր ապահովագրության, ինչը հնարավորություն տվեց 2 ամսվա ընթացքում տեսնել այնքան անգիոգրաֆիաներ, 24-ժամյա ԷՍԳ հոլտեր հետազոտություններ, օրթոարտրիկ (Tilt test) հետազոտություններ, մարմնի պլետիզմոգրաֆիաներ, սպիրոմետրիաներ, վելոէրգոմետրիաներ և էխոսրտագրություններ:

 

Շաբաթվա 1 օրը պրոֆեսորը բաց դռների օր էր ունենում պոլիկլինիկայում, և դա ևս հնարավորություն էր տալիս առնչվել սրտային տարբեր պաթոլոգիաներով հիվանդների հետ: Մասնակցել եմ նաև սրտաբանական բաժնի համայցերին:

 

Հուսով եմ, որ մեզ մոտ` Հայաստանում ևս կգործի պարտադիր բժշկական ապահովագրությունը, ինչը հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանը ժամանակին ստանալ իրենց այդքան անհրաժեշտ բուժօգնությունը:

 

Իմ տեսած տեխնիկական նորությունները և բուժման նոր մեթոդներին ծանոթանալը ոչ միայն կարևոր էին իմ պրակտիկ աշխատանքի համար, այլ նաև հնարավորություն են տալիս իմ ուսանողներին ներկայացնել Եվրոպայում կիրառվող բուժման և ախտորոշման նորագույն մեթոդները:

 

Լիլիթ Անտոնյան (սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի բժիշկ-սրտաբան) - Պատմել իմ տպավորությունների մասին` նշանակում է ոչինչ չասել, որովհետև դա պետք է տեսնել: Տեսնել` սկսած հիվանդանոցի կատարյալ մաքրությունից և կարգ ու կանոնից, վերջացրած տեխնիկական հագեցածությամբ և բժիշկների կազմակերպված և թիմային աշխատանքով:

 

Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես հիվանդները հիվանդանոց էին բերվում ոչ միայն շտապօգնության մեքենայով, այլ նաև ուղղաթիռով: Ամեն ինչ կազմակերպված էր իդեալական: 

 

Տպավորիչ էր մասնագիտական բարձր մակարդակը: Կլինօրդինատորը հինգ տարիների ընթացքում հասցնում էր հստակ տիրապետել բոլոր գործնական հմտություններին, և յուրաքանչյուր սրտաբան կատարում էր կորոնարոգրաֆիա, ստենդտավորում կամ փեյսմեյկերների, ICD-ների իմպլանտացիա կամ էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն:

 

Առանձնահատուկ ուշադրության էր արժանի նաև բուժքույրերի աշխատանքը, ինչպիսի հոգատարությամբ և ինչպիսի ահռելի աշխատանք էին կատարում նրանք յուրաքանչյուր հիվանդի խնամքն ապահովելու համար: Վատ չէր լինի, եթե նմանատիպ փոխանակման ծրագրեր կազմակերպվեին նաև մեր բուժքույրերի համար, սովորելու շատ բան կունենային:

 

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այն մարդկանց, առանց ում այս ամենը անհնարին կլիներ և նրանց շնորհիվ էր, որ ես Գերմանիայում ինձ զգացի այնպես, ինչպես տանը: 

 

Եվ վերջում անպայման ուզում եմ ասել, որ ես հիացած եմ այդ երկրով, նրա ժողովրդով, նրանց հանգստությամբ և կազմակերպվածությամբ, ամենուրեք, ամեն ոլորտում տիրող կարգ ու կանոնով և ճշգրտությամբ: 

 

Հովհաննես Կժդրյան (անհետաձգելի սրտաբանության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., համալսարանական թիվ 1 կլինիկայի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկա)Հովհաննես Կժդրյան (անհետաձգելի սրտաբանության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., համալսարանական թիվ 1 կլինիկայի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկա) - Ես նույնպես մասնագիտական վերապատրաստում եմ անցել Պոտսդամի «Էրնստ Վոն Բերգման» կլինիկայում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

 

Ընդունելությունը ջերմ էր, ինչպես վայել է եվրոպական քաղաքակրթությանը: Ընձեռված էին բոլոր հնարավորությունները` մասնագիտական անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար: Անձնակազմը ջերմ էր, սիրալիր, պատրաստակամ`անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու, համագործակցության`տարբեր հարցերում: Ավելին, առ այսօր նամակագրական կապ եմ պահպանում անձնակազմի շատ անդամների հետ: Կցանկանայի կիսվել իմ որոշ տպավորություններով: 

 

Նախ կառանձնացնեի կազմակերպական որոշ հարցեր, որոնք, ըստ իս, արժե քննարկել և ներդնել նաև մեր համակարգում.

 

  • Կատարելության էր հասցված միջին բուժանձնակազմի աշխատանքը` մեկ հիվանդին`մեկ բուժքույր սկզբունքով: Ընդ որում, հիվանդի խնամքի հարցերով զբաղվում էր միայն բուժքույրը: Կրտսեր բուժանձնակազմի պարտականությունը միայն հիվանդասենյակի մաքրությունն էր:
  • Առկա էր տվյալների կենտրոնացված, կատարյալ համակարգչային բազա: Հիվանդության պատմագիր կոչվածը ընդամենը հիվանդների տվյալների մուտքագրումն էր համակարգիչ, որտեղ մուտք ուներ միայն բժշկական անձնակազմը: Նվազագույնի էր հասցված թղթաբանությունը: Ներբաժանմունքային կապը (հիվանդի լաբորատոր տվյալներ, հետազոտության արդյունքներ, խորհրդատվության հրավիրում) նույնպես ապահովվում էր համակարգչային բազայի միջոցով: 
  • Հիացնում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկների պրակտիկ հմտությունների մակարդակը: Բժիշկները տիրապետում էին տարբեր մանիպուլյացիաների և հետազոտության գործիքային մեթոդների` կենտրոնական երակային կաթետերիզացիա, պերիֆերիկ զարկերակային կաթետերիզացիա, վերին շնչուղիների ինտուբացիա, բրոնխոսկոպիկ, գաստրոսկոպիկ, էխոսրտագրություն, սոնոգրաֆիկ հետազոտություն և այլն: 
  • Բաժանմունքը ուներ սեփական աշխատանքի ուղեցույցներ, արձանագրեր: Բժշկի աշխատասեղանին առկա էր հստակ գործելակարգ` կոնկրետ կլինիկական իրավիճակի համար:
  • Բաժանմունքում բոլոր հիվանդներին ապահովվում էր պերիֆերիկ զարկերակային կաթետերիզացիա և ինվազիվ զարկերակային ճնշման մոնիթորինգ: Պետք է ասեմ, որ ինվազիվ Զ/Ճ շարունակական, անընդհատ այս մեթոդը արդեն ներդրվել և կիրառվում է թիվ 1 կլինիկայի անհետաձգելի սրտաբանության ինտենսիվ թերապիայի բլոկում:
  • Ինտրաաորտալ կոնտրպուլսատորի կիրառում կարդիոգեն շոկերի ժամանակ, ինչի ներդրումը մեծ հնարավորություններ կընձեռի կարդիոգեն շոկերից մահացության նվազման հարցերում` մեր կլինիկայի ինտենսիվ թերապիայի բլոկում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և ողջունել Պոտսդամի կլինիկայի իմ գործընկերներին` միջբուհական հարցերով համակարգող` Դանիելա Պոկորնի, ԻԹԾ ղեկավար բժ. Սաբինա Յանդեր, բժիշկներ Մարկո, Սվեն, Ուղտե, Անդրե, Կենո:

Արամ Միրիջանյան (վիրաբույժ)

 

Արամ Միրիջանյան (վիրաբույժ) - Իմ անցած վերապատրաստման կուրսը շատ արդյունավետ էր, քանի որ ես հնարավորություն ունեցա ծանոթանալ հիվանդների նախավիրահատական և հետվիրահատական վարման մոտեցումներին, ինչպես նաև տեսա բավականին շատ վիրահատություններ, որոնցից ինձ համար առավել հետաքրքիր և օգտակար էին լյարդի մասնահատումները, ենթաստամոքսային գեղձի վրա կատարվող վիրահատությունները և լապարասկոպիկ եղանակով կատարվող հաստ աղու մասնահատումները: Ուզում եմ նշել, որ պրոֆ. Վենիշի շնորհիվ ինձ հնարավորություն տրվեց մասնակցել Մյունխենում տեղի ունեցած գերմանացի վիրաբույժների ամենամյա կոնգրեսին, ընդ որում բոլոր ծախսերը հոգացել է գերմանական կողմը, ինչի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը, հատկապես պրոֆ.Վենիշին: Շնորհակալություն եմ հայտնում ամբողջ կոլեկտիվին` իրենց հյուրընկալության և ուշադրության համար:

 

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում պարոն Ուտցին և նրա տիկնոջը` այս ամենը կազմակերպելու, հովանավորելու, իրենց տանը հյուրընկալելու և Գերմանիայի նման առաջատար երկրում ինձ վերապատրաստման հնարավորություն տալու համար:

 

Սրբուհի Թարխանյան (գաստրոենտերոլոգ) - Ծանոթացել եմ բուժման ժամանակակից մեթոդներին: Հիվանդանոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած էնդոսկոպիկ բաժանմունք, որտեղ իրականացվում են ախտորոշիչ և բուժական բազմաթիվ միջամտություններ, որոնք մեր երկրում առայժմ չեն կատարվում: Եվ շատ կուզենայի, որպեսզի համապատասխան մասնագետների վերապատրաստվելուց հետո մենք ևս ունենայինք նման սարքավորումներով հագեցած բաժանմունքներ:

 

Վերապատրաստման ծրագիրը հիմք է դրվել BBD (Berliner Burger Danken) կազմակերպության և Բերգման կլինիկայի` մասնավորապես Ութս Ֆյերդերոյթերի և պրոֆեսոր Վեյնքեի ջանքերով:

 

Սրբուհի Թարխանյան (գաստրոենտերոլոգ)

Վերապատրաստման 3 ամիսների ընթացքում հնարավորություն է ընձեռվել բարելավել և կատարելագործել մասնագիտական գիտելիքներս: Գերմանացի կոլեգաները միշտ պատրաստակամ են եղել մանրամասնել բոլոր այն գործողությունները, որոնք կատարվում էին և ինձ համար նորություն էին, տրվել է համապատասխան գրականություն (իրենց անձնական գրադարանից), հնարավորություն է ստեղծվել մեկնելու իրենց հետ Լայպցիգ և մասնակցելու կայանալիք կոնֆերանսին: Այս ծրագրի շնորհիվ սովորել եմ կատարել լյարդի բիոփսիա, որն այսօր կատարվում է Հայաստանում:

 

Բացի մասնագիտական շփումից` որոշ բժիշկների հետ կապը շատ ավելի է մտերմացել, ստացել եմ հրավերներ`երեկոն գերմանական ընտանքի ջերմ միջվայրում անցկացնելու, մոտիկից շփվելու, ծանոթանալու իրենց մշակույթի և ազգային արժեքների հետ:

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գերմանացի գործընկերներին այս ամենի համար: Հուսով եմ և շատ ցանկանում եմ, որ ծրագիրը լինի շարունակական, քանի որ այն իսկապես ծառայում է ի նպաստ մեր երկրում բժշկության զարգացմանը:

 

Լիլիթ Սարգսյան («Մուրացան» համալսարանական համալիր, քիմիաթերապիայի կլինիկա, մանկական օնկոհեմատոլոգ) - Ես նույնպես վերապատրասվել եմ Գերմանիայում, իսկ ավելի կոնկրետ`Բեռլինի “Charite” համալսարանական հիվանդանոցի մանկական օնկոհեմատոլոգիայի բաժանմունքում: Պատիվ եմ ունեցել անձամբ շփվել համաշխարհային հեմատոլոգիայի կարկառուն դեմքերից մեկի` պրոֆեսոր Գյունտեր Հենցեյի հետ, որը ամբողջ աշխարհում հաջողությամբ կիրառվող լեյկեմիայի բուժման ծրագրերի հեղինակներից է:

Լիլիթ Սարգսյան («Մուրացան» համալսարանական համալիր, քիմիաթերապիայի կլինիկա, մանկական օնկոհեմատոլոգ)

 

Երկու ամիսների ընթացքում վայելել եմ նրա և բաժանմունքի մյուս բժիշկների բարեհաճ վերաբերմունքն ու փայլուն գիտելիքների  հրավառությունը: Մասնակցել եմ ամենօրյա բժշկական քննարկումներին, բարդ դեպքերի վերլուծություններին, ոսկրածուծի տրանսպլանտացիայի աշխատանքներին, ինչպես նաև հաճախակի կազմակերպվող դասախոսություններին ու գիտական կոնֆերանսներին, որոնք չափազանց բարձր արդյունավետություն ունեին:

 

2009-ին մեր կլինիկայի ջանքերով Երևանում կազմակերպվել է կոնֆերանս, որին հրավիրվել են պրոֆեսորներ Հենցեն, Շտակելբերգը, Բորկհարդը և այլ մեծանուն գիտնականներ: Կապը նրանց հետ անըդհատ է: Պարբերաբար կլինիկական բարդ իրավիճակներում «online» խորհրդակցում ենք, լսում նրանց կարծիքը:

 

Ուզում եմ հայտնել իմ երախտիքի խոսքերը այս մեծանուն մարդկանց և հուսով եմ, որ դեռ կլինեն բազմաթիվ հանդիպումներ նրանց հետ: 

 

Առանձին շնորհակալություն եմ հայտնում BBD հիմնադրամի նախագահ Ու.Ֆյերդերոյթերին և նրա տիկնոջը` Բ.Ռաֆֆին, որոնք հյուրընկալեցին ինձ այդ երկու ամիսների ընթացքում իրենց բնակարանում:

 

Վերապատրաստվածները իրենց խոսքն ավարտում էին երախտագիտական հղումներով առ այն մարդիկ ովքեր շատ ջերմ ընդունելության արժանացրին իրենց և ամեն կերպ աջակցեցին` օգնելով ցանկացած հարցում:  

 

Թվարկումների շարքն սկսվում էր ծրագրի հովանավորների` Ութս Ֆյերդերոյթերին նրա կնոջ` Բրիգիթ Ռաֆֆի անվամբ, շարունակվում սրտաբանության, անոթաբանության և կոնսերվատիվ ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Ֆրանց Խավեր Կլեբերով, դոկտոր Միշել Հոֆֆմանով,  Մարիուս Վիլմանով... 

Հեղինակ. Լիլիթ Վարդանյան, Անահիտ Դեմուրչյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ