Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Դուք ազատ երկրի ազատ քաղաքացիներ եք. «Բժիշկներ առանց սահմանի» բարեգործական կազմակերպության տարածքային տնտեսական համակարգող Ջուզեպպե Մուֆֆոլետտո

Դուք ազատ երկրի ազատ քաղաքացիներ եք. «Բժիշկներ առանց սահմանի» բարեգործական կազմակերպության տարածքային տնտեսական համակարգող Ջուզեպպե Մուֆֆոլետտո

Պարոն Մուֆֆոլետտո, վաղու՞ց եք Հայաստանում:

 

– Երկու ամիս է, բայց մինչև այդ, տասը տարի առաջ, մասնակցել եմ Ստեփանակերտի տուբդիսպանսերի մուլտիռեզիստենտ բաժնի կառուցման աշխատանքներին: Դրանից հետո Երևանում աշխատել եմ երեխաների հետ: Մեքենայով շրջում էինք քաղաքում, գտնում անապահով ընտանիքների երեխաներին, մուրացիկների, նրանց հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերում: Աշխատել եմ Վարդաշենի մանկատան հոգեբանական խնդիր ունեցող երեխաների հետ: Օգնել ենք նրանց ոչ միայն հաղթահարելու առողջական խնդիրները, այլև մասնագիտություն ձեռք բերելուն, նույնիսկ բնակարան ստանալուց հետո էլ նրանց կողքին ենք եղել:

 

Ձեր փայլուն հայերենը որտեղի՞ց է գալիս:


– Կինս հայ է. մի քանի տարի ապրեցինք նրա հետ Եվրոպայում, հետո որոշեցինք վերադառնալ Հայաստան, որովհետև այստեղ և´ջերմություն կա, և´ լավ ընկերներ, ինքը` երկիրն էլ է ջերմ: Եվրոպան մի քանի հիմնական բաներ կորցրել է` ընկերություն չկա, հարազատություն չկա: Վերջին տասը տարիներին Ֆրանսիայում էի, ու այնպես էի ինձ զգում, ասես բանտում լինեի: Նույնիսկ վարսավիրանոցում, սուպերմարկետում շփման եզր չկար: Ես Սիցիլիայից եմ, այնտեղ դեռ ջերմ հարաբերությունները պահպանվում են, իսկ Եվրոպայում առաջին քայլը` եթե դու ինքդ չանես, ոչ ոք այն չի անի: Հիմա, երբ եկել եմ Երևան, նոր են զանգում, հարցնում` «Ու՞ր ես»:

 

***

– Տասը տարի առաջ ես այստեղ էի եկել տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ` բրազիլացիներ, ավստրիացիներ, հնդիկներ: Ուս-ուսի էինք աշխատում, բայց ոչ մեկի մոտ ձեր ջերմությունը չեմ զգացել: Դրա համար էլ ամուսնացել եմ Նառայի հետ: Այստեղ մարդիկ ճիշտ բնազդներով են ապրում: Սիցիլիայի իմ հարազատները ևս բաց սիրտ են, բայց այստեղի մարդիկ ավելի հարազատ են: Դուք չեք գնահատում մարդկային հարաբերությունների ձեր ազատությունը: Ես գնացել էի Ֆրանսիա, որ մասնակցեմ թարգմանչիս, որը հայ է, հարսանիքին: Նկատեցի, որ հյուրերը միայն ուտել-խմելով են զբաղված: Հյուրերի 90%-ը ֆրանսիացիներ էին: Ոչ մեկը, բացի ինձանից, ոչ մի կենաց, ոչ մի մաղթանք չհղեց նորապսակներին: Փեսացուն շատ տխուր էր: Նման դեպքերի շատ եմ հանդիպել:

 

Սակայն վերադառնանք Ձեր գործունեությանը Հայաստանում:


– Այս անգամ եկել եմ 2011 թ.-ին, և պետք է ասեմ, որ սկիզբը շատ դժվար էր, որովհետև նոր կյանք եմ սկսել, արդեն որերորդ անգամ:

 

Երևի թե նկատած կլինեք, որ բժշկական ասպարեզում, նույնիսկ Ձեր «պաշտելի» Հայաստանում խնդիրներ կան:

 

– Կան-կան, շատ կան, բայց եթե ժողովուրդը լավն է, ամեն բան հաղթահարելի է: Ոչ ոք ինչքան էլ վատ ապրի այստեղ, սովից չի մեռնի, որովհետև, եթե պետությունը չի օգնում, մերձավորները գոնե օգնում են: Նման բան ոչ մի տեղ չես տեսնի: Ես շատ եմ սիրում հայրենիքս, բայց այնտեղի ժողովուրդն ավելի նյութապաշտ է, ավելի ագրեսիվ: Առհասարակ, արտասահմանում վախենում ես երեկոյան փողոց դուրս գալ, իսկ այստեղ գիշերվա 2-ին, 3-ին հանգիստ կարող ես փողոցով քայլել: Արտասահմանում ծնողիդ դեմ ոստիկանատուն մատնագիր ուղարկելը նորմալ է համարվում, կամ դատական գործ հարուցելը: Դա ինձ համար չէ: Կարող է սխալվում եմ, ո՞վ գիտե:

 

Այնուամենայնիվ, խոսենք առողջապահության մասին: Փոփոխություններ կա՞ն:

 

– Շատ բան է փոխվել, բայց դժվարանում եմ հիմնովին պատասխանել, որովհետև դեռ նոր եմ վերադարձել:

 

«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունն այժմ, երբ Հայաստանում, փառք Աստծո, ոչ աղետներ են տեղի ունենում, ոչ արտակարգ իրավիճակ է, ի՞նչ առաքելություն ունի մեր երկրում:

 

– Զբաղվում ենք բոլոր մարզերի տուբդիսպանսերներով:

 

Ի՞նչ է, տուբերկուլոզը նորի՞ց է գլուխ բարձրացրել, հիվանդները շա՞տ են:

 

– Գրեթե 300 մարդ կա, բայց վարակի տեսակետից վտանգավոր չեն: Հայաստանում այդ կարգի հիվանդների համար դեղամիջոցներ չկան, պատվիրում ենք Ֆրանսիայում: Մեր կազմակերպությունը սոցիալական աշխատողներ ունի, որոնք զբաղվում են այդ հարցով, իհարկե, ձեր պետությունը ևս մեծ գործ է անում: Մենք ընդամենը համաձայնեցնում ենք մեր աշխատանքը: Բայց վերջին խոսքը պետությանն է: Բոլոր դեպքերում այստեղ իրավիճակն ավելի բարվոք է: Միայն մեկ կազմակերպություն չէ, որ օգնում է Հայաստանին հակատուբերկուլոզային պայքարում, միջազգային այլ կազմակերպություններ ևս աջակցում են այդ հարցում, ինչպես, օրինակ, Global Fund-ը, որը աշխարհի բոլոր երկրներում պայքար է մղում ոչ միայն տուբերկուլոզի, այլև մալարիայի, ՁԻԱՀ-ի դեմ:

 

Եթե մեր երկրի անկախությունը չլիներ, համոզված եմ, որ դժվար թե ոչ միայն ապրեիք Հայաստանում, այլև այցելեիք: Ի՞նչ կասեք երկրի մասին, առավել ևս, որ համեմատելու հնարավորություն ունեք:

 

– Երկիրը` դա մարդիկ են: Դուք ազատ երկրի ազատ քաղաքացիներ եք, և երևի թե ըստ արժանվույն չեք գնահատում ձեր ունեցածը, համարում եք, որ այդպես էլ պետք է լինի: Ես, օրինակ, եթե արտասահմանում կիթառ էի նվագում իմ տանը, հարևանները բողոքում էին, գալիս, ինձ տուգանում էին: Այստեղ հարևաններին հարցնում եմ. «Չ՞եմ խանգարում», ուրախ ժպտում են և ասում. «Չէ, նվագիր ինչքան ուզում ես, շատ հաճելի է»: Արտասահմանյան շատ երկրներում մարդիկ հեռանում են իրարից, ոչ ոք չի ուզում պատասխանատվություն կրել ուրիշի համար: Մարդն ընկնում է փողոցում, ոչ ոք չի մոտենում, վախենում են, զանգում են ոստիկանություն, հրշեջ ծառայություն, բայց իրենք երբեք օգնություն չեն ցուցաբերի: Հայաստանն ուրիշ է:

 

«Առողջապահություն» հանդեսին ծանո՞թ եք: Հոբելյանն է նշում` 55-ամյակը:

 

– Ես, ցավոք, հայերեն միայն մեծ տառերով գրված գովազդը կարող եմ կարդալ, մեկ էլ տաքսիների վրա գրվածը: Բայց անծանոթ լինելով` «Առողջապահությանը» ցանկանում եմ, որ իր երկրի, Հայաստանի հետ ընթանա առաջ առանց խնդիրների, մնա ժողովրդի պես անաղարտ:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ