Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ամենադժվարին պայմաններում անգամ բժիշկները կատարում էին իրենց սուրբ պարտքը. ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.թ., դոցենտ Արտավազդ Սահակյան

Ամենադժվարին պայմաններում անգամ բժիշկները կատարում էին իրենց սուրբ պարտքը. ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.թ., դոցենտ Արտավազդ Սահակյան

Պարոն Սահակյան, 1995-1999 թթ. եղել եք Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ, Ազգային Ժողովի պատգամավոր: Ինչպ՞ես կբնութագրեք այդ տարիներն իբրև պաշտոնյա:

 

– Դրանք տարիներ էին, երբ Հայաստանն ուներ քայքայված տնտեսություն, շատ ձեռնարկություններ դադարել էին աշխատել, մեծ դժվարություններ կային առողջապահական համակարգի, հատկապես մայրաքաղաքի հիվանդանոցների և պոլիկլինիկաների ֆինանսավորման գործում: Անհրաժեշտ էին համակարգային մեծ ներդրումներ: Աշխատավարձի ֆոնդը 6-7 ամիս ուշացումով էր հնարավոր հայթայթել:

 

Կարծեմ բժիշկների աշխատավարձը հինգ-տասը հազար էր կազմում:


– Այո, գրեթե անելանելի վիճակ էր: Ի պատիվ բժիշկների, պետք է ասեմ, որ ամենադժվարին պայմաններում անգամ նրանք կատարում էին իրենց պարտքը: Մեծ դժվարություններ ունեինք «Շտապ օգնության» համակարգում` վառելիքի պակաս կար, բայց ապահովում էինք կանչերը: Այսօր այդ ամենը կարծես մոռացվել է, սակայն այդպես էր:

 

1998 թ. ես վերադարձա իմ հիմնական զբաղմունքին, նշանակվեցի թիվ 1 հիվանդանոցի տնօրեն, պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար և ամբիոնի վարիչ, ինչով զբաղված եմ մինչև այսօր:

 

Այն տարիներին վիրահատու՞մ էիք:

 

– Իհարկե, ավելի քիչ` ժամանակի սղության պատճառով, վիրահատում էի շաբաթ և կիրակի օրերին, իմ ազատ ժամանակի հաշվին:


Ե՞րբ զգացվեց շոշափելի առաջընթաց առողջապահության ոլորտում:


– Սկսած 2000 թ.-ից, թե' տնտեսական առաջընթացը, թե' վճարովի ծառայությունը և թե' պետպատվերը նպաստեցին առողջապահության ոլորտի աշխատողների կենսամակարդակի որոշակի բարելավմանը: Ցավոք, այն շարունակում է ցածր մնալ եվրոպական երկրների համեմատությամբ:

 

Այժմ բժշկության բոլոր ճյուղերում ներդրվել է նորագույն տեխնիկա, արդյո՞ք չի խանգարում, որ բժիշկն առավելագույնս վստահի տեխնիկային, քան սեփական գիտելիքներին:

 

– Եթե հմուտ և փորձառու բժիշկ է, պետք է լինի և´ լավ կլինիցիստ, և´ գործիքային, և´ տեխնիկական մեթոդներին տեղեկացված: Բժշկական համալսարանի ախտորոշիչ կենտրոնն այդ առումով ունի բոլոր հնարավորությունները:

 

Որո՞նք են, ըստ Ձեզ, առողջապահության զարգացման հետագա փուլերը:

 

– Եթե խոսքը վերաբերում է կազմակերպչական հարցերին, ապա անցնելու ենք ապահովագրական բժշկության, այդ թվում` ոչ միայն քաղաքացիների, այլև բժիշկների մասնագիտական ապահովագրության: Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ապա անցած տասնամյակների ամենախոշոր առաջընթաց են ապրել սրտային վիրաբուժությունը, նեյրովիրաբուժությունը, ինչպես նաև լապարոսկոպիկ և ներանոթային վիրաբուժությունը: Մեծ վերելք է ապրում արթրոսկոպիկ վիրաբուժությունը, ինչպես նաև արհեստական իմպլանտների կիրառումը: Այս ամենն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսության զարգացման մակարդակի հետ:

 

Պարոն Սահակյան, խորհրդային առողջապահական համակարգը շատ մեծ առավելություններ ուներ, ինչն անհնար է անտեսել: Այսօր այդ առավելություններից ո՞րն է հատկապես պակասում մեր առողջապահական համակարգում:

 

– Դժվարություններ առկա են ֆթիզիատրիայի, ինչպես նաև նեֆրոլոգիայի ոլորտում: Մարդիկ չեն ցանկանում ցածր աշխատավարձով զբաղվել նման գործունեությամբ: Կարծում եմ` այս ուղղությամբ անելիքներ կան:

 

Ինչ վերաբերում է իմ մասնագիտությանը, ապա այն կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի` պլաստիկ վերականգնողական և գեղագիտական (էսթետիկական) վիրաբուժության: Առաջին դեպքում գործ ունենք հիվանդի կորցրած օրգանը պատվաստելու հետ:

 

Ձեզ համար ի՞նչ է անկախությունը:


– Առողջապահության ոլորտի աշխատողներն անկախության կայացման տարիներին կրեցին այն բոլոր զրկանքները, ինչը` հայ զինվորը և սահմանամերձ շրջանների բնակչությունը:

 

Ես ազատագրական պայքարի մասնակից եմ, ինչի մասին վկայում են իմ պարգևները: Բայց ազատ ապրելու իրավունքն ամենամեծ պարգևն է, որ տվել է մեզ անկախությունը: Լավ է, որ նախորդ տարիների հետ համեմատած որոշ ոլորտներում վերադառնում ենք նախկին պաշտպանվածությանը, որն է անվճար ծննդօգնությունը, մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժսպասարկումը, նույն անվճար բուժման իրավունքը սոցիալապես անապահով խավերի համար:

 

Մեր հոբելյարին` «Առողջապահություն» հանդեսին ի՞նչ կմաղթեիք:

 

– Որքան հնարավոր է լավ լուրեր տպագրել առողջապահության ոլորտի վերաբերյալ:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ