Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Առողջապահությունն այն ոլորտներից է, որը ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ չքայքայվեց: Հարցազրույց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ փոխտնօրեն Արմեն Սողոյանի հետ

Առողջապահությունն այն ոլորտներից է, որը ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ չքայքայվեց: Հարցազրույց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ փոխտնօրեն Արմեն Սողոյանի հետ

–  Ասացեք, խնդրեմ, պարոն Սողոյան, ի՞նչ ձեռքբերումներ եղան անկախության տարիներին հոգեբուժության ոլորտում:

 

–  Նախ` անկախության մասին. սկզբնական շրջանում, պայմանավորված խորհրդային դաստիարակությամբ, այն մեզ համար շատ անորոշ և ինչ-որ տեղ նաև վտանգավոր հասկացություն էր, այնուհետև, կարճ ժամանակում անկախությունը դարձավ գերնպատակ, ապա սկսեց ծառայել և այժմ էլ ծառայում է որպես միջոց: Եվ որպես միջոց այն չի կարող «մեղավոր» լինել, թե´ նրանից «օգտվողը» կարողանու՞մ է այն ճիշտ օգտագործել, թե´ ոչ: 21-րդ դարում արդեն անկախության հիմնական իմաստն այն է, որ տվյալ պետությունը ոչ միայն կարողանա ինքնուրույն սահմանել իր նպատակները և ինքն էլ որոշի դրանց հասնելու ճանապարհները, այլև կարողանա առավելագույնս դրսևորվել համաշխարհային գործընթացներում և իր լուման ներդնի գլոբալ հիմնախնդիրների լուծման գործում: 

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիան խորհրդային տարիներին գործող նյարդաբանների և հոգեբույժների միության իրավահաջորդն է, որը 1994 թ. վերանվանվել է «Հոգեբույժների և թմրաբանների ասոցիացիա»,այնուհետև`«Հայկական հոգեբուժական ասոցիացիա»,որի նպատակներից են հոգեբուժական օգնությունն արդի բժշկության պահանջներին համապատասխանեցնելը, միջազգային համագործակցության ընդլայնումը, առողջապահության ոլորտում ձեռք բերված նորարարությունները, գիտության և տեխնիկայի նվաճումները, միջազգային փորձի ներդրումը Հայաստանում, մասնագետների և հիվանդների շահերի պաշտպանությունը և այլն: Այն արդեն երրորդ տարին է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակում է «Հոգեկան առողջության հայկական հանդես» պարբերականը: 

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիան 1999 թ. անդամագրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիային: Մենք շատ արագ ինտեգրվեցինք հոգեբուժության ոլորտում տեղի ունեցող միջազգային գործընթացներին և այժմ շատ ավելի լավ ենք ներկայացված այդ կառույցներում, քան նորանկախ պետություններից որևէ մեկը, այդ թվում նաև Ռուսաստանը: Օրինակ` 2008 թ. մենք նախաձեռնեցինք և ստեղծեցինք Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պաշտոնական` անգլալեզու «Համաշխարհային հոգեբուժություն» ամսագրի ռուսերեն էլեկտրոնային տարբերակը, որի գլխավոր խմբագիրն եմ, իսկ 2011 թ.-ից այն սկսեցինք հրատարակել և անվճար տարածել Արևելյան Եվրոպայի մեր գործընկերների շրջանում: 

 

2011 թ. ապրիլին Երևանում կազմակերպեցինք Համաշխարհային հոգեբուժական տարածաշրջանային գիտաժողով, որին մասնակցեցին համաշխարհային հոգեբուժության գրեթե ողջ վերնախավը և 400-ից ավելի ներկայացուցիչներ` աշխարհի 36 երկրից: Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահի կողմից այդ գիտաժողովը գնահատվեց որպես լավագույնը մինչ այդ կազմակերպված տարածաշրջանային գիտաժողովներից:

 

–  Առողջապահության զարգացման ընթացքը տարակարծություններ է առաջացնում մասնագետների և ոչ մասնագետների մոտ: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը ոլորտի զարգացման պատմական ընթացքի վերաբերյալ: 

 

–  Առողջապահությունը, ինչպես և բոլոր ոլորտները, ցնցումներ ապրեց ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ, սակայն, ի տարբերություն շատ այլ բնագավառների, կարողացավ դիմակայել ինչպես անցումային շրջանի բոլոր դժվարություններին, այնպես էլ երկրաշարժի և պատերազմի արհավիրքներին, լուծել իր առջև դրված խնդիրները, և այդ ամենը շնորհիվ բժիշկների ու բուժաշխատողների անձնական նվիրվածության, մարդկային և մասնագիտական բարձր որակների:

 

Իհարկե, բազմաթիվ են հիմնախնդիրներն առողջապահության ոլորտում, սակայն հետևողական աշխատանքի արդյունքում հնարարավոր է աստիճանաբար բոլորին լուծում տալ: Այսօր առողջապահության մի շարք ճյուղեր` հիմնականում վիրաբուժական ուղղվածության, ոչնչով չեն զիջում տարածաշրջանի երկրներին:

 

–  Ի՞նչ ձեռքբերումներ և խնդիրներ կան հոգեբուժության ոլորտում անցած 20 տարիներին:

 

–  Խորհրդային Միության համեմատ` մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Անկախության շրջանում հոգեբուժության ոլորտի բարեփոխումները միտված են զարգացնելու արտահիվանդանոցային ծառայությունները, նպաստելու բուժման նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրմանը, հիվանդների իրավունքների պաշտպանությանը և այլն: Շատ կարևոր է նաև հոգեկան խանգարումներ ունեցողների հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը և ստիգմայի նվազեցումը, որը, իհարկե, դեռ շատ հեռու է բավարար լինելուց, սակայն այն չէ, ինչ 20 տարի առաջ էր: 

 

Ինչ վերաբերում է հիվանդանոցային պայմաններին, ապա դրանք խորհրդային շրջանում ավելի բարեկեցիկ էին, քան այսօր, ավելի շատ էր ֆինանսավորումը` այսօր այն բավարար չէ: Ֆինանսական խնդիրների պատճառով հնարավորությունները քիչ են ավելի որակյալ բուժսպասարկում ապահովելու համար, որը խոչընդոտում է բարեփոխումների լիարժեք ընթացքին ու արդյունավետությանը: 

 

Այժմ մշակվել և նախարարություն է ներկայացվել հոգեբուժական ծառայության զարգացման ռազմավարական ծրագիր, որտեղ նախանշվում են հիմնական ուղղությունները, այդ թվում` Ֆինանսական միջոցների ավելացում արտահիվանդանոցային բուժման համար, ինչը կնվազեցնի հիվանդների հոսքը հիվանդանոց, կնպաստի հոգեկան խանգարումների վաղ հայտնաբերմանն ու ախտորոշմանը, ժամանակին ձեռնարկվող արդյունավետ բուժմանը, որի շնորհիվ կնվազի սրացումների և հաշմանդամության դեպքերի թիվը: 

 

–  «Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է, ինչպե՞ս եք գնահատում նրա երկարամյա գործունեությունը ոլորտի կայացման և զարգացման գործում, ի՞նչ կմաղթեիք հանդեսին:

 

–  «Առողջապահությունը» այն սակավաթիվ հանդեսներից է, որը հաղթահարելով ժամանակի փորձությունը, կարողացավ պահպանել իր գոյությունը ցայսօր, իսկ վերջին տարիներին նաև զարգացում է ապրում: Այն կարողացել է համադրել տեսական, գիտական, մեթոդական, գործնական և հանրամատչելի հոդվածների տպագրությունը, բավարարելով թե´ տարբեր մասնագիտական խմբերի, և թե´ բնակչության լայն զանգվածների հետաքրքրությունները: 

 

Մաղթում եմ, որ հանդեսը լինի սպասված, հետաքրքիր և շարունակի իր ընթացքը` դեպի կատարելություն տանող անվերջանալի ճանապարհով:

 

 Հարցազրույցից հետո Ա. Սողոյանը նշանակվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ