Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանի հետ:

 

–  Ի՞նչ հաջողություններ ձեռք բերվեցին մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում ՀՀ անկախությունից հետո:

 

–  ՀՀ անկախությունից հետո ամենամեծ ձեռքբերումը մեր անկախ Հայաստանն է, երբ մեր գործունեությունը, մեր ճակատագիրը որոշում ենք ինքներս, այդպես է նաև առողջապահության ոլորտում: Ակնհայտ է, որ մենք, որպես անկախ հանրապետություն, հասել ենք որոշ հաջողությունների առողջապահության, մասնավորապես մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում: Բավական է նշել, որ եթե Խորհրդային տարիներին կային շրջանային և քաղաքային հիվանդանոցներ, անկախության տարիներին ձևավորվեցին մարզային, հանրապետական և նեղ մասնագիտական բուժկենտրոններ, ծննդօգնության հիմնարկներ` ըստ մակարդակների: Միայն 2010 թ. մի շարք հիվանդանոցներ, մասնավորապես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ (Արմավիրի, Հրազդանի, Իջևանի, Գորիսի, Արարատի) արդիականացվեցին, վերանորոգվեցին և ապահովվեցին անհրաժեշտ տեխնիկայով: Դրանց այսօրվա մակարդակը և հագեցվածությունը ոչ մի բանով չի տարբերվում եվրոպական ժամանակակից հիվանդանոցներից: Անկախությունից հետո մեծ հաջողություն էր, երբ միջազգային բոլոր ծրագրերում, ֆորումներում հանդես ենք գալիս որպես անկախ պետություն: Շատ կարևոր է համագործակցությունը միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: 

 

Անկախությունից հետո ծննդօգնության ոլորտում տեղի ունեցան մի շարք բարեփոխումներ. բուժհիմնարկների պայմանների բարելավում` նյութատեխնիկական բազայի, նոր սարքավորումների ձեռք բերում, ժամանակակից մեթոդների ներդրում և ախտորոշում` լապարոսկոպիա, դոպլերոֆլուսոմետրիա, պտղի զարգացման արատների վաղ ախտորոշում և այլն: 

 

Մշակվել են բազմաթիվ` վերարտադրողական առողջության բարելավման ազգային, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման և բուժման, դեռահասների առողջության բարելավման և այլ ծրագրեր: Առաջին անգամ հայերեն լեզվով լույս են տեսել «Մանկաբարձություն»,«Գինեկոլոգիա»,«երարտադրողական առողջություն»,«Ապացուցողական բժշկությունը պերինատոլոգիայում» դասագրքերը, մի շարք մենագրություններ, ուղեցույցներ և այլն:

 

Շատ կարևոր էր ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի ներդրումը, որով կատարվեցին բազմաթիվ բարեփոխումներ: Մենք հարուստ պետություն չենք, սակայն նույնիսկ այս պայմաններում պետությունը ծննդօգնության ֆինանսավորումը, անհետաձգելի գինեկոլոգիական օգնությունը, հղիության ախտաբանությունը, պոլիկլինիկական ծառայությունները, 0-7 տարեկան երեխաների սպասարկման ծառայությունները վերցրեց իր վրա` որպես պետական մենաշնորհ: 

 

Այսօր հանրապետությունում ծնվում է տարեկան 42-45 հազար երեխա: Զգալիորեն նվազել է մայրական մահացությունը: Եթե տարիներ առաջ մահանում էր 30-40 կին, ապա այժմ դրանց թիվը 3-4-ից չի անցնում, որոնք էպիզոդիկ դեպքեր են` պայմանավորված որևէ այլ հիվանդությամբ: 

 

Մեծ նվաճում էր հղիության ընդհատումների նվազեցումը: Եթե նախկինում մեկ ծննդաբերությանը բաժին էր ընկնում հղիության 4 ընդհատում, այժմ հակառակն է` 4 ծննդաբերությանը` հղիության մեկ ընդհատում: Շատ մեծ ձեռքբերում էր նորածնային մահացության նվազեցումը` շնորհիվ ժամանակին կատարված կեսարյան հատումների և նորածինների վերակենդանացման ու ինտենսիվ բուժման նոր տեխնոլոգիաների կիրառման:

 

–  Այս բոլորը ձեռքբերումների մասին, այժմ անդրադառնանք թերություններին և բացթողումներին:

 

–  Իհարկե, եթե անկախ ենք, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ գտնվում է կատարյալ վիճակում: Թերի կողմերից մեկն այն է, որ կապված ծննդօգնության հիմնարկների հնարավորությունների հետ, առկա են որոշ խնդիրներ: Մեր ցանկությունն է, որ բոլոր մասնագետներն անցնեն վերապատրաստում զարգացած երկրներում, որ ներդրվեն ամենաարդիական տեխնոլոգիաներ, իսկ դրա համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Իհարկե, արվում է առավելագույնը, որպեսզի կապեր ստեղծվեն արտերկրների հետ, ուստի համագործակցման ուղիներ ենք փնտրում: 

 

–  Ի՞նչն է խոչընդոտում ոլորտի զարգացմանը, ի՞նչը կցանկանայիք փոխված տեսնել:

 

–  Ես կցանկանայի, որ համալիր ուշադրություն դարձվեր ծննդօգնությանը: Մեր նպատակը պետք է լինի ծնելիության աճը, առողջ ծնվող երեխաների թվի ավելացումը, ինչը մեր երկրի անվտանգության հիմնաքարերից մեկն է, ազգի ապագան: Շատ կարևոր են լիարժեք ֆինանսավորումը, կադրերի պատրաստումը, նյութատեխնիկական բազայի հարստացումը: Կենտրոնացված միջոցներով պետք է ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ և տրամադրել ծննդօգնության ոչ միայն պետական, այլև մասնավոր հիմնարկներին: Պետք է նաև բազմազավակությունը խրախուսելուն, արտագաղթը կանխելուն (արտագաղթում են հիմնականում վերարտադրողական տարիքի անձինք), երեխաների կրթությունը և սոցիալ-տնտեսական պայմանները ապահովելուն ուղղված համալիր ծրագրեր մշակել: Հատուկ ուշադրություն պետք է դարձնենք հղիության ախտաբանություններին և նորածինների հսկողությանը, հատկապես ցածր քաշով և անհաս նորածինների խնամքին, դրանց ֆինանսավորմանը, ինչը համարվում է մեր հանրապետությունում երեխաների քանակի ավելացման ռեզերվներից մեկը:

 

–  Այժմ անդրադառնանք «Առողջապահություն» հանդեսին, որը 55 տարեկան է: Ի՞նչ կմաղթեիք հանդեսին, ինչպիսի՞ն կցանկանայիք այն տեսնել:

 

–  «Առողջապահություն» հանդեսը մեր ամենահարգված, բնակչության լայն զանգվածների կողմից ընդունված բժշկական ավանդական հանդեսն է, որի հետ մենք բոլորս անմիջականորեն կապված ենք: Տարեցտարի նկատվում է հանդեսի բովանդակության, որակի և ձևավորման փոփոխություն: Շնորհիվ խմբագրական կոլեկտիվի` մենք ընթերցում ենք հետաքրքիր և արդիական գիտագործնական հոդվածներ: Մենք շարունակելու ենք համագործակցել և ակնկալում ենք, որ մեր ծառայության ձեռքբերումները և թերացումները կլուսաբանվեն հանդեսում:

 

–  Ի՞նչ եք կարծում` հանդեսը կարողացա՞վ լուծել իր առջև դրված խնդիրները: Որքանո՞վ այն նպաստեց առողջապահության ոլորտի զարգացմանը:

 

–  Հանդեսն, իհարկե, կարողացավ լուծել իր առջև դրված խնդիրները: Եթե Խորհրդային Միությունում օգտվում էինք բազմաթիվ ամսագրերից և ձեռքի տակ ունենում ուսումնական մասնագիտական մամուլ, անկախությունից հետո մեր հիմնական բժշկագիտական լրատվամիջոցը դարձավ «Առողջապահությունը», քանզի միայն այստեղ էին մասնագիտական նյութեր տպագրվում: Այն դարձավ առողջապահության ավանդական հայալեզու ամսագրերից մեկը: Այսօր մենք ևս պետք է սատար կանգնենք, որ հանդեսը լինի ավելի որակյալ և մեծ ժողովրդականություն վայելի: 

 

Օգտվելով հաճելի առիթից,«Առողջապահության» խմբագրակազմին շնորհավորում եմ հանդեսի 55-ամյակի առթիվ, ցանկանում քաջառողջություն, երկար տարիների եռանդուն գործունեություն:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ