Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ:

 

–  1918-1920 թթ. ստեղծվեց խնամատարության, խորհրդային տարիներին` առողջապահության նախարարությունը, որը զարգացման երկար և բեղմնավոր ուղի է անցել: Ի՞նչ կասեիք այժմ արդեն 20-ամյա ուղի անցած առողջապահության ոլորտի ձեռքբերումների մասին և ի՞նչ խնդիրներ կան, որոնք հիմնարար լուծման կարիք ունեն: 

 

–  Առաջին հանրապետության առողջապահության ոլորտի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև այդ տվյալները չափազանց սուղ են և, բացի այդ, առաջին հանրապետությունը կարճատև կյանք է ունեցել: Հայտնի է միայն, որ վխտում էին վարակական հիվանդությունները, իսկ ժողովրդի վիճակը շատ ծանր էր: Երկրորդ հանրապետությունը երկրի զարգացման առումով ոսկե դար էր: Այդ ժամանակաշրջանին բնորոշ է արդյունաբերության, գիտության, տեխնիկայի բուռն զարգացումը: Բժշկությունը, ուսուցումն ամբողջությամբ անվճար էին: 

 

Մարդու առողջության պահպանման ԽՍՀՄ օրինակելի փորձն այսօր ներդրվել է Կանադայում, Անգլիայում և այլ երկրներում: Հարմարավետ կլինիկաները, պոլիկլինիկաները երկրորդ հանրապետության ժամանակ են ստեղծվել: Ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը զուգահեռ մեծացավ նաև բնակչության կյանքի միջին տևողությունը: 

 

Ինչ վերաբերում է երրորդ հանրապետությանը, ապա պետք է նշել, որ անկախությունն ու արդարությունը ամենավեր արժեքներն են, բայց, ցավոք սրտի, երևի նաև Ֆինանսների սղության պատճառով առողջապահության համակարգը դեռևս անհրաժեշտ մակարդակի վրա չէ: Ճիշտ է, ունենք որակյալ մասնագետներ, նորագույն սարքավորումներով հագեցած բուժհիմնարկներ, որոնք, սակայն, ոչ միշտ են մատչելի ժողովրդական լայն զանգվածներին: Հազարավոր մարդիկ բարձր գների պատճառով չեն դիմում բժշկի կամ դիմում են, երբ դանակը ոսկորին է հասնում: Դեղերի այնպիսի թանկություն, ինչպես Հայաստանում է, շատ քիչ երկրներում կհանդիպեք: Դիսպանսեր ծառայությունը համարյա թե վերացել է, գոյություն չունի: Նշեմ, որ այս տարիների ընթացքում մեծ առաջընթաց պետք է համարել ընտանեկան բժշկության ծառայության ներդրումը:

 

Այս տարիների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ որոշ կլինիկաներ հագեցվել են ժամանակակից սարքավորումներով, համալրվել աշխարհի տարբեր երկրներում իրենց մասնագիտական գիտելիքները հարստացրած, որակյալ և մեծ փորձ ձեռք բերած մասնագետներով: Ես կասեի, որ առողջապահության ոլորտում ամենամեծ կորուստն այն էր, որ մասսայաբար սեփականաշնորհվեցին և շարունակում են սեփականաշնորհվել հիվանդանոցները, կլինիկաները, դեղատները: Այդ մենաշնորհը մեր հանրապետության համար ողբերգական փաստ է: Փաստորեն, առողջապահության բնագավառի հիմնարկների (հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, դեղատներ) սեփականաշնորհումը կենտրոնանում է 3-4 անձանց ձեռքերում: Հավանաբար, դրա պատճառով է նաև, որ ՀՀ-ում չեն ձևավորվում առանձին մասնագիտությունների գծով բարձր որակավորում ունեցող կլինիկաներ: Յուրաքանչյուր հիվանդանոց (կլինիկա) բազմապրոֆիլ է, չկան այն նեղ մասնագիտական կենտրոնները, որտեղ երիտասարդ բժիշկները մասնագիտանան: Երկրորդ խնդիրը բարձր գներն են, երրորդը` շարունակական հսկողության գործընթացի վերացումը: Հավանաբար պետք է լինի ապահովագրական բժշկություն, սակայն դա հարուստ երկրների մենաշնորհն է, որը մեր երկրում դժվար է կիրառել:

 

–  Քանի որ դուք կրթական հարցերով եք զբաղվել, երկար տարիներ եղել եք Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորը, կցանկանայի անդրադառնայիք կրթական խնդիրներին: Կարծիք կա, որ խորհրդային տարիներին մենք ավելի որակյալ կադրեր ունեինք, քան հիմա:

 

–  Ես մասամբ եմ համամիտ դրա հետ: Բժշկական համալսարանը 4-5 տարի առաջ աշխարհի լավագույն բժշկական համալսարանների ցանկում զբաղեցնում էր 87-րդ տեղը: Ցավոք սրտի, մեր լավագույն ուսանողների թիվը տարեցտարի պակասեց, ինչպես նաև բժշկական ինստիտուտում ստացած դիպլոմն իր ուժը կորցրեց: Կրթական մակարդակի վրա բացասական ազդեցություն ունեցան մասնավոր բուհերը և դրանց դիպլոմի ճանաչումը: Պետք է շեշտել, որ բժշկական համալսարանը որակյալ մասնագետներ է տվել և շարունակում է տալ: Իհարկե, բուհերին մեծ վնաս հասցրեց նաև վճարովի ուսուցումը: 

 

–  Անդրադառնանք «Առողջապահություն» հանդեսին, որը 55 տարեկան է, ի՞նչ կմաղթեիք նրան:

 

–  Նախ, այդ առթիվ շնորհավորում եմ հանդեսի ողջ կոլեկտիվին` ցանկանալով հետագա հաջողություններ: Հիշում եմ` երբ ուսանող էի,«Առողջապահությունը» կար, և´բուժաշխատողները, և´ մեր ժողովուրդը մեծ հետաքրքրություն էր դրսևորում դրա նկատմամբ: Իմ բազմաթիվ հոդվածները ևս տպագրվել են այնտեղ: Հանդեսը հնարավորություն է տալիս, անկախ մարդու զարգացման աստիճանից, ծանոթանալ բժշկագիտության այնպիսի հարցերին, որոնք անհրաժեշտ են առօրյա կյանքում, օրինակ` անձնական հիգիենա, բազմաթիվ հիվանդությունների կանխարգելում, սպասվելիք վարակներ: Հանդեսում տպագրված հոդվածները մեծապես օգնել են մեր ժողովրդի բժշկական մակարդակի բարձրացմանը: Դժվար տարիներին, երբ շատ թերթեր փակվեցին, հանդեսը կարողացավ գոյատևել: Լավ կլիներ, որ ավելի հաճախ տպագրվեին ընտանեկան բժշկությանը, առողջ ապրելակերպին, ֆիզիկական ակտիվությանը, վատ սովորություններից (ծխելը, խմելը) հրաժարվելուն, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանման հարցերին նվիրված հոդվածներ: Կարևոր է, որ որոշակի ուշադրություն դարձվի նաև սեռական դաստիարակության հարցերին, հանրապետությունում հայտնի, բարձր որակավորում ունեցող բժիշկները տեղեկացնեին իրենց բնագավառում ձեռք բերված նվաճումների, առաջընթացի և անելիքների մասին:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ