Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հարցազրույց ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գրիգորյանի հետ

Հարցազրույց ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գրիգորյանի հետ

— Ինչպիսի՞ն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում, համաճարակի զարգացման ի՞նչ միտում է նկատվում այսօր:

 

— 2009 թ. վերջին տվյալներով աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 33,3 մլն է: Ընդհանուր առմամբ, աշխարհում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվը նվազում է: 2009 թ. ընթացքում մոտ 2,6 մլն մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով, ինչը 20%-ով պակաս է 1999 թ. համեմատ, երբ արձանագրվեցին վարակման առավելագույն թվով դեպքերը և ՁԻԱՀ-ը վերածվեց գլոբալ համաճարակի: Նվազել է նաև ՁԻԱՀ-ից մահվան դեպքերի թիվը: Եթե 2004 թ. այն կազմում էր 2,1 մլն, ապա 2009 թ. արձանագրվել է մահվան 1,8 մլն դեպք:


Առնվազն 56 երկրների հաջողվել է կայունացնել իրավիճակը և անգամ զգալիորեն նվազեցնել վարակման նոր դեպքերի թիվը: Հատկապես ակնառու է դա ՁԻԱՀ-ի համաճարակից առավել տուժած տարածաշրջանում` Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն, Զամբիա, Զիմբաբվե, Եթովպիա):


Աֆրիկան շարունակում է մնալ աշխարհում առաջատարը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությամբ: Վարակման նոր դեպքերի մոտ 70%-ը բաժին է ընկնում աֆրիկյան մայրցամաքին:


ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնԱրևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արձանագրվել է հիվանդացության և մահացության կտրուկ աճ: 2000-2009 թթ. ընկած ժամանակահատվածում այս տարածաշրջանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվն աճել է մոտ 3 անգամ, իսկ մահվան դեպքերի թիվը 2001-2009թթ. ընկած ժամանակահատվածում աճել է 4 անգամ: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արձանագրված վարակման նոր դեպքերի 90%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանն ու Ուկրաինային: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում մեծահասակների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունն ամենաբարձրն է Ուկրաինայում, և կազմում է 1,1%:


Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մի շարք երկր-ներում, այդ թվում Հայաստանում, ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել է ավելի քան 25%-ով:


Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ.:


1988թ. մինչև 2011թ. մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1012 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում:


ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 727 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 285 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 21 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ:


ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,9%-ը 25-39 տարիքային խմբում է:


Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (51,8%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (39,3%): Սրանցից բացի« արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:


ՄԻԱՎ վարակով հիվանդներից 491-ի մոտ (կին` 112, երեխա` 10) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 241 դեպք: Մահացածների թվում կան 40 կին և 5 երեխա:


ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնԹմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (55,4%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,5%):


ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 424 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 41,9%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3%:


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 1900:

Որո՞նք են ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները և դրանցից ո՞րն է այսօր գերակշռողը Հայաստանում:


— ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Դրանք են` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերոնշյալ հեղուկները ներթափանցում են առողջ մարդու oրգանիզմ՝ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով վարակվում են առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման ժամանակ, չախտազերծված ներարկիչներ, ասեղներ, բժշկական պարագաներ օգտագործելիս: Երեխաները կարող են վարակվել իրենց ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս:


2000-2010 թթ. գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի վերլուծությունն ըստ փոխանցման ուղիների ցույց է տալիս, որ արձանագրված դեպքերի կազմում փոխանցման ուղիների համամասնությունը փոխվել է: Այսպես, եթե մինչև 2005 թ. արձանագրված դեպքերի կեսից ավելին կազմում էին թմրամիջոցների ներարկային օգտագործմամբ պայմանավորված վարակման դեպքերը, ապա 2006 թ. նկատելիորեն աճել են հետերոսեքսուալ հարաբերությունների միջոցով վարակման դեպքերը և որ ներկայումս ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման գերակշռող ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է:


Հայաստանում ՄԻԱՎ վարակի դեպքերի արձանագրման հարցում այսօր ի՞նչ միտում է նկատվում` դրանք աճու՞մ են, թե՞ նվազում:


ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գրիգորյան— Ընդհանուր առմամբ վերջին տարիներին նկատվում է արձանագրվող դեպքերի թվի աճ: Այսպես, ՄԻԱՎ վարակի գրանցված բոլոր դեպքերի կեսից ավելին արձանագվել է վերջին 4, իսկ ՁԻԱՀ-ի դեպքերի կեսից ավելին` վերջին 3 տարիների ընթացքում:


ՄԻԱՎ վարակի դեպքերի թվի աճը պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվության և հետազոտության համակարգի ստեղծմամբ: Արդյունքում աճել է հետազոտությունների թիվը և բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը:


Արձանագրված ՁԻԱՀ-ի դեպքերի թվի աճը պայմանավորված է ՁԻԱՀ-ի և ՁԻԱՀ-ինդիկատորային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ: ՁԻԱՀ-ի ախտորոշման բարելավումը պայմանավորված է նաև բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով՝ շնորհիվ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից անցկացված սեմինար-վարժանքների:


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանիշներով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից (հիմնականում ՌԴ-ից) դեպի Հայաստան:

ՄԻԱՎ վարակի ախտորոշումից հետո ի՞նչ օգնություն և աջակցություն է ցուցաբերվում հիվանդներին:


— Հարկ է նշել, որ ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշումը կատարվում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում: Ախտորոշում ստացած հիվանդների վարումը նրանց կարիքներից բխող բարդ և երկարատև գործընթաց է, որը ներառում է հիվանդի կլինիկական վիճակի գնահատումը, դիսպանսերային հսկողությունը, հակառետրովիրուսային բուժումն ու դրա ընթացիկ հսկողությունը, բուժման ռեժիմի պահպանման հարցում աջակցությունը, օպորտունիստական և այլ ուղեկցող վարակների ու հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների նեղ մասնագիտական բժշկական օգնությունը, ըստ անհրաժեշտության համապատասխան ծառայություններ հիվանդների ուղեգրումը: ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն իրականացնում է ՁԻԱՀ-ի կլինիկական և լաբորատոր ախտորոշում, հիվանդներին և նրանց հարազատներին տրամադրում է սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն:

Ի՞նչ բուժում է տրամադրվում այսօր հիվանդներին և որքանո՞վ է այն արդյունավետ:

ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն— Ցավոք, առ այսօր ՄԻԱՎ վարակի արմատական բուժում գոյություն չունի: Դեռևս չի ստեղծվել այնպիսի դեղամիջոց, որը կարողանար օրգանիզմից լիովին վտարել ՄԻԱՎ-ը: Վիրուսը մարդու օրգանիզմում պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: ՄԻԱՎ վարակի բուժման համար այսօր կիրառվում են հակառետրովիրուսային դեղամիջոցներ: Դրանք արդյունավետ են թե° կանանց, թե° տղամարդկանց, թե° երեխաների համար և արդյունավետորեն ազդում են անկախ ՄԻԱՎ-ով հիվանդի վարակման ուղուց: Հակառետրովիրուսային դեղամիջոցների կիրառումը զգալիորեն նվազեցնում է ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը՝ ՄԻԱՎ վարակով հիվանդ կնոջն առողջ երեխա ունենալու հնարավորություն տալով:


Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը: Այն երկրներում, որտեղ հակառետրովիրուսային բուժում է անցկացվում, ՁԻԱՀ-ից մահացության կտրուկ նվազում է արձանագրվել: Ընդ որում բուժման արդյունավետությունը հասել է այնպիսի մակարդակի, որ ՄԻԱՎ վարակն այսօր դիտարկվում է որպես երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն: Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ էապես նվազում է նաև ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը: Այս տեսանկյունից հակառետրովիրուսային բուժումն ունի նաև կանխարգելիչ նշանակություն: Հակառետրովիրուսային բուժումն այլ կերպ կոչվում է նաև համակցված բուժում: Համակցված բուժման նպատակով միաժամանակ նշանակվում է ազդեցության տարբեր մեխանիզմներ ունեցող առնվազն 3 դեղամիջոց: Մի քանի դեղամիջոցների համակցումն օգնում է խուսափել դեղամիջոցների նկատմամբ կայունության զարգացումից և մեծացնել բուժման արդյունավետությունը:


Միևնույն ժամանակ պետք է իմանալ, որ ներկայումս կիրառվող բուժումը ցմահ գործընթաց է. սկսելով բուժումը ՄԻԱՎ վարակով հիվանդը պետք է այն շարունակի ամբողջ կյանքի ընթացքում: Ընդ որում բուժման արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից՝ հիվանդության վաղ ախտորոշումից, բուժումը ժամանակին սկսելուց և դեղամիջոցների ճիշտ ընտրությունից, հիվանդի կողմից դեղամիջոցների ընդունման կարգի հետևողական պահպանումից: Դեղամիջոցների ընդունման կարգը չպահպանելու դեպքում կարող է զարգանալ դեղորայքակայունություն, ինչի արդյունքում դեղամիջոցները կկորցնեն իրենց արդյունավետությունը:


ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնԱրդյո՞ք հակառետրովիրուսային բուժումն այսօր հասանելի է բոլոր հիվանդներին և ինչպիսի՞ն են ՄԻԱՎ վարակի բուժման ու կանխարգելման հեռանկարները

— Հակառետրովիրուսային բուժում նշանակվում է հիվանդության որոշակի փուլերում: Այդ բուժման անհրաժեշտությունն առաջանում է վարակումից որոշ ժամանակ անց: Վերջինիս տևողությունը խիստ անհատական է: ՄԻԱՎ-ով վարակվածների մեծամասնության մոտ հակառետրովիրուսային բուժման անհրաժեշտությունն առաջանում է ՄԻԱՎ-ով վարակվելուց գրեթե հինգ տարի անց:


Սկսած 2005 թ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին տրամադրվում է անվճար հակառետրովիրուսային բուժում: Ներկայումս այդպիսի բուժում ստանում են բոլոր դրա կարիքն ունեցողները, որոնք տվել են իրենց տեղեկացված համաձայնությունը:


Ողջ աշխարհում այսօր շարունակվում են աշխատանքները ՄԻԱՎ վարակի արմատական բուժման հայտնաբերման և հիվանդության դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Իսկ մինչ գիտնականներն աշխատում են այդ ուղղությամբ, պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ այդ պայքարում՝ հարստացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իր գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը, դրսևորելով պատասխանատու վարքագիծ, դիմակայելով խարանին և խտրականությանը:
 
ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են այսօր իրականացվում ՀՀ-ում:

ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն— ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքի արձանագրումից հետո անցած ավելի քան քսան տարիների ընթացքում հանրապետությունում հսկայական փորձ է կուտակվել ՄԻԱՎ վարակի կանխարգելման բնագավառում: Ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են համաձայն 2007-2011 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի: Ծրագրի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ բնակչության առավել խոցելի խմբերի և երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում են բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ և այլն: Իրականացվող միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից, որին անդամակցում են պետական հաստատությունների, միջազգային և տեղական ՀԿ-ների, ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ, նաև՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ:


ՄԻԱՎ վարակի կանխարգելումը պետք է լինի տևական, անընդհատ գործընթաց. այն չի կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, մարմնավաճառության, թմրամոլության առկայության, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Մինչ օրս իրականացված նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել մեր երկրում կասեցնել համաճարակի հետագա զարգացումը, հասնել հիմնական խոցելի խմբերում ՄԻԱՎ-ի տարածման տեմպերի կայունացման, սակայն ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է, անհրաժեշտ միջոցների առկայությունը և պետական աջակցության ընդլայնումը:

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի այցելուներ, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

Հերիքնազ

01.04.2014

Խնդրում եմ տեցեկացրեք ինձ, ինչ կապ կա թոքախտի և ՄԻԱՎ-ի միջև

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ