Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վեներաբանություն

Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար տեղերից մեկը:

 

Համաշխարհային վիճակագրական տվյալների համաձայն, այն կազմում է վուլվայի և հեշտոցի վարակական հիվանդությունների 40-50%-ը [5]:

 

Վերջին տարիներին նշվում է սեռական օրգանների ստորին հատվածների ախտահարման դեպքերի, մասնավորապես` կանդիդոզի հաճախականության աճի միտում [2, 4, 5, 6]: Որպես կանոն, սնկային ծագման վուլվովագինիտը հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց, երբեմն` դեռահասների, ինչպես նաև դաշտանադադարի և հետդաշտանադադարի շրջաններում [5]:

 

Կանդիդոզին հիմնականում բնորոշ է ընթացքի երկարատև և կրկնվող բնույթը, ինչպես նաև դրա ընդհանուր ձևերի զարգացմանը զուգընթաց այլ օրգանների և համակարգերի աշխատանքի խանգարումը [1, 2, 3, 7]: Ըստ Վ.Ն. Պրիլեպսկայայի (2001) տվյալների, կանդիդոզի բոլոր ձևերի թվում սնկային վուլվովագինիտը կազմում է 75% [6]:

 

Կանդիդոզի հարուցիչ Candida խմբի խմորասունկն ունի 170 տեսակ, սակայն 85-90% դեպքում հիվանդության հարուցիչ է դառնում C. Albicans, մյուս դեպքերում` C. Glabrata, C. Tropicans, C. Guilliermondi, C. Parapsilosis, C. Krusei, C. Pseudotropicalis և Saccharomyces ceremisiae:

 

Candida խմբի սնկերը պատկանում են պայմանական ախտածին միկրոօրգանիզմների շարքին, սակայն ավելի քան 90% դեպքում դառնում են ախտանշային վագինիտի պատճառ:

 

Հետազոտության նպատակը


Տվյալ աշխատանքի նպատակն է ուրոգենիտալ կանդիդոզի բուժման համար ՙGM Pharmaceuticals՚ դեղագործական ընկերության կողմից առաջարկված հակասնկային միկոֆլու (150 մգ) դեղամիջոցի բուժական արդյունավետության և անվտանգության գնահատումը:

 

Հետազոտել ենք սնկային վուլվովագինիտի ակտիվ, չբարդացած ձևով տառապող կանանց, քանի որ նման դեպքում կարելի է ավելի ճիշտ որոշել դեղամիջոցի արդյունավետությունը` նվազագույնի հասցնելով մակրոօրգանիզմի իմունային հատկությունները և վարակունակությունը:

 

Հետազոտության նյութը և մեթոդները


Հետազոտական աշխատանքներին մասնակցել է 25 բժշկական հաստատության 85 բժիշկ: Սկզբնական փուլում հետազոտության մեջ ներառվել է սնկային վագինիտով կամ վուլվովագինիտով տառապող 18-38 տարեկան 700 կին, որոնք ապրում էին ակտիվ սեռական կյանքով:

 

Հետազոտության մեջ ներառվել են ակտիվ սնկային վուլվովագինիտի կամ վագինիտի հաստատված ախտորոշումով 18-ից բարձր տարիքի կանայք: Չեն ներառվել հղիության և կերակրման շրջանում գտնվող, ֆլուկոնազոլի նկատմամբ ալերգիա ունեցող, կրկնվող կանդիդային վուլվովագինիտով, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով (տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, գոնոռեա, հերպես), մանրէային վագինոզով, չվերահսկվող շաքարախտով, ՄԻԱՎ-ով, լյարդի անբավարարությամբ կանայք, ինչպես նաև նախկինում 4 շաբաթ հակասնկային բուժում ստացածները:

 

Հավաքվել են բոլոր հետազոտվողների անամնեզը և կատարվել օբյեկտիվ հետազոտություն (այդ թվում նաև գինեկոլոգիական):

 

«Սնկային վուլվովագինիտ» կամ «վագինիտ» ախտորոշումը դրվել է համապատասխան գանգատների առկայության, գինեկոլոգիական հետազոտության օբյեկտիվ և լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա: Գանգատները, կլինիկական ախտանիշների և մանրէաբանական հետազոտության արդյունքները գնահատվել են երեք բալանոց համակարգով, իսկ ախտանիշների բացակությունը` 0-ով: 

 

Մանրէաբանական հետազոտության նպատակով հեշտոցային արտադրության ներկումը կատարվել է ըստ Գիմզա-Ռոմանովսկու պրեպարատների:

 

Տարբերությունների հավաստիությունը (p) որոշելու համար օգտագործվել է Սթյուդենտի t չափանիշը: Կազմվել են վիճակագրական դիագրամներ և աղյուսակներ: Հաշվարկվել են դեպքերի քանակը և տոկոսը:

 

Հետազոտության սխեման 


Առաջին բուժայցի ժամանակ կատարվել է կանանց զննում և հետազոտվողների խմբի ձևավորում. ընտրվել է 700 կին, որոնց նշանակվել է միկոֆլու (150 մգ), եռակի` 1 դեղապատիճից 1 անգամ, բուժման I, IV և VII օրը (ներքին ընդունման համար), ինչպես նաև տեղային բուժման 10-օրյա կուրս (հեշտոցի մշակում բետադինով և կլոտրիմազոլի հեշտոցային մոմիկներ):

 

Երկրորդ այց. բուժման 10-րդ օրը գնահատվել են գանգատներն ու հիվանդի կլինիկական վիճակը: 87 կին չի ներառվել հետազոտության մեջ, քանի որ նրանցից 61-ն ընդունել էր բուժման ոչ լրիվ կուրսը, իսկ 26-ը` երկրորդ անգամ չէր ներկայացել: Այսպիսով, այս փուլում հետազոտվել է ընդամենը 613 կին:

 

Երրորդ այց. բուժման 30-րդ օրը ներկայացել է 613 հիվանդ: Գնահատվել են նրանց գանգատներն ու կլինիկական վիճակը, լաբորատոր հետազոտության արդյունքները: Այսպիսով, վերջնական արդյունքում հետազոտվել է ընդամենը 613 կին:

 

Հետազոտության արդյունքները


Ստացված տվյալների վերլուծության հիման վրա պարզվեց, որ հետազոտվողների հիմնական գանգատը (100%) տարբեր չափով արտահայտված քորն էր վուլվայի և/կամ հեշտոցի շրջանում, ինչպես նաև այրոցը և դիսպարեունիան (համապատասխանաբար 78% և 52%), դիզուրիան ավելի հազվադեպ էր հանդիպում (30%): Այդ ախտանիշների արտահայտվածության աստիճանը տարբեր էր, բայց գերակշռում էին միջին արտահայտվածության չբարդացած սնկային վուլվովագինիտին բնորոշ ախտանիշները: Առավել հաճախ հանդիպող ախտանիշը վուլվայի և հեշտոցի լորձաթաղանթի հիպերեմիան էր (78%), ապա հյուսվածքների այտուցը (17%) (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Աղյուսակ 2

 

Աղյուսակ 3

 

Մշտական ախտանիշը հեշտոցից թանձր, սպիտակավուն լոռանման արտադրությունն էր:

 

Մանրէադիտակային հետազոտության արդյունքում բոլոր հիվանդների մոտ բացահայտվել են բազմացող մանրէային բջիջներ և/կամ կանդիդաների կեղծ միցելաներ: Արձանագրվել է լեյկոցիտների ու մանրէների միջին քանակ:

 

Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների վերոնշյալ տվյալները ըստ իրենց հաճախականության և արտահայտվածության աստիճանի համարվում են վուլվովագինիտի ակտիվ ձևեր:

 

Երկրորդ բուժայցի ժամանակ` բուժման 10-րդ օրը, հիվանդները առանձնապես լուրջ գանգատներ չեն ներկայացրել: Միայն 8-ը (1,2%) բուժման սկզբում նշեցին թեթև և կարճատև գլխացավ, 9-ը (1,3%)` սրտախառնոց: 11 հիվանդի (1,6%) մոտ բուժման առաջին օրերին նշվում էր հեշտոցի շրջանում աննշան այրոց, որը հետո վերացավ:

 

Օբյեկտիվ հետազոտության ժամանակ չի բացահայտվել օրգանիզմի ոչ մի համակարգի ֆունկցիայի որևէ խախտում: Գինեկոլոգիական հետազոտության ժամանակ կանդիդային վուլվովագինիտին բնորոշ կլինիկական դրսևորումների մեծ մասը բացակայում էր: Միայն 74 հիվանդի մոտ էր նշվում թեթև աստիճանի հիպերեմիա, 13 հիվանդի մոտ` էքսկորիացիաների մնացորդային երևույթներ, 25 հիվանդի մոտ` աննշան լոռանման արտաթորություն: 

 

Վերջին բուժայցին (բուժման 30-րդ օրը) ներկայացել է 613 հիվանդ: Հիվանդները գանգատներ չեն ներկայացրել, օրգան-համակարգերում ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Գինեկոլոգիական զննման ժամանակ միայն 52 կնոջ մոտ եղել է լոռանման աննշան արտադրություն: Լաբորատոր հետազոտության արդյունքները համապատասխանում էին կլինիկական հետազոտության արդյունքներին: Մանրէադիտակային հետազոտության տվյալներով 554 հիվանդի մոտ արձանագրվել է սնկային վուլվովագինիտ` կանդիդա հարուցչի լրիվ էրադիկացիա: 59-ի մոտ մանրէադիտակային հետազոտության արդյունքում բացահայտվել են սակավաթիվ մանրէային բջիջներ և/կամ սնկերի կեղծ միցելաներ (աղյուսակ 2):

 

Եզրակացություններ

 

  1. Հակասնկային միկոֆլու դեղամիջոցը` զուգակցված տեղային բուժման հետ (հեշտոցի մշակում բետադինով և կլոտրիմազոլի սուպպոզիտորիաներ) հետ, համարվում է մեծահասակների սնկային վուլվովագինիտի բուժման ամենաարդյունավետ դեղամիջոցներից մեկը:

  2. Հիվանդների 91,5%-ի մոտ կլինիկորեն արձանագրվել է լրիվ առողջացում, 8,5% դեպքում` վիճակի բարելավում (աղյուսակ 3): 8,5% դեպքում հարուցչի ոչ լրիվ էրադիկացիան, հավանաբար, բացատրվում է կանանց լորձաթաղանթի իմունային յուրահատկություններով, ինչպես նաև հարուցչի ավելի բարձր վարակունակությամբ:

  3. Հակասնկային միկոֆլու դեղամիջոցը օրգանիզմի կողմից հեշտ է յուրացվում, դրան բնորոշ չեն կողմնակի լուրջ բարդությունները:

  4. Խորհուրդ է տրվում հարուցչի ոչ լրիվ էրադիկացիայի դեպքում հիվանդներին նշանակել միկոֆլու հակասնկային դեղամիջոցը` շաբաթը մեկ անգամ 150-ական մգ մեկ ամսվա ընթացքում խմելու համար: 

 

Գրականության ցանկ


  1. Barclay L., Lie D. Weekly Maintenance Fluconazole Reduces Rate of Recurrent Vulvovaginal Candidiasis.- Medscape Medical News, New England Journal of Medicine; 2004, p. 13-18.

  2. Eschenbach D. Maintenance Fluconazole Therapy for Recurrent Vulvovaginal Candidiasis. New England Journal of Medicine, 2004, p. 19-23.

  3. Ferris D., Nyirjesy P. Over -The-counter antifunginal drug misuse. Journal of the American Sexually Transmitted Disease Assotiation, 2006, p. 32-35.

  4. French L., Horton L., Matousek M. Abnormal vaginal discharge: what does and does not work in treating underlying causes. The Journal of family practice, 2004, p. 12-14. 

  5. Mushburn J. Etiology, Diagnosis and Management of Vaginitis - j. Midwibery Womens Health, 2006, v. 51 (6), p. 423-430.

  6. Прилепская В.Н. Клиника, диагностики и лечение вульвовагинального кандидоза.Гинекология, 2001, 600 с .

  7. Workowski K., Berman S. Sexually Transmitted Diseases Treatment Guidelines, 2006, MMWR, 55(30). p. 1-94.

Հեղինակ. Ջ.Ի.Կրիստեսաշվիլի1, Գ.Ս. Ավագյան2 1 Ի.Ժորդանիայի անվան մարդու ռեպրոդուկցիայի գիտահետազոտական ինստիտուտ,Թբիլիսիի Ջավախիշվիլու անվ.Պետ. համ-նի բժշկ-ն ֆակ-տի մանկաբարձ-ն,գին-յի և ռեպրոդուկտոլոգիայի բաժին 2 ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջ-ն պահպանման բաժին
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...

Վարակաբանություն Առողջապահություն 1.2009

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ