Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պլաստիկ վիրաբուժություն

Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, և՛ գործառույթային լուրջ ասպարեզներ:


Ի՞նչ է ռինոպլաստկան:


«Ռինոս» հունարեն նշանակում է քիթ, պլաստիկա՝ շտկում, գեղեցկացում, վերականգնում: Ռինոպլաստիկան համարվում է բավականին բարդ վիրահատություն, ուստի վերջնական որոշում կայացնելուց առաջ պետք է լավ մտածել:


22 տարուց ավելի է, ինչ կատարում եմ ռինոպլաստիկա, և այդ ամբողջ ընթացքում ականատես եմ և՛ հայրենական, և՛ համաշխարհային տարեցտարի աճող զարգացումներին, նորանոր նվաճումներին, մասնագիտական փորձի լուրջ ձեռքբերումներին:
Ի՞նչ մեթոդներ են կիրառվում, և ի՞նչ սկզբունքով է ընտրվում վիրահատական տեխնիկան:


Բացի վիրահատական ավանդական մեթոդներից, ներկայում ռինոպլաստիկայում կիրառվում են լազերային սարքեր, էլեկտրադանակներ, կոագուլյատորներ, ուլտրաձայնային և այլ սարքեր, որոնք ապահովում են որակապես նոր մակարդակ: Դրանք կիրառվում են ըստ ցուցումների։ Ոչ թե բուժառուին պետք է հարմարեցնել մեթոդին, այլ ըստ ցուցումի` կիրառել այն մեթոդը, որը տվյալ դեպքի համար է անհրաժեշտ: Երբեմն մեթոդները կիրառվում են համակցված, նույն բուժառուի մոտ կարող է միաժամանակ մի քանի մեթոդ օգտագործվել՝ ըստ ցուցումների:


Խոսենք լազերային ռինոպլաստիկայի մասին:


Լազերային ռինոպլաստիկա, որպես այդպիսին, առանձին գոյություն չունի: Լազերը հիմնականում օգտագործվում է խեցիների վրա միջամտություն կատարելիս (դրանք փոքրացնելու նպատակով): Լազերը նվազ տրավմատիկ և արդյունավետ միջոց է, սակայն առավել լայնորեն են կիրառվում էնդոսկոպերը: Արդի հիմնարար մեթոդ է պիեզո վիրաբուժությունը, որի ժամանակ ոսկրահատման համար օգտագործվում է ուլտրաձայն:  Ընդ որում, նույն բուժառուի մոտ կարող են օգտագործվել և՛ լազեր, և՛ ուլտրաձայն, և՛ ֆիզիոդիսպենսոր, և՛ էնդոսկոպ:


Ի՞նչ է սեպտոպլաստիկան:


«Սեպտոս» հունարեն բառ է և թարգմանվում է միջնապատ, պլաստիկան՝ շտկում: Եթե միջանապատի թեքությունն առաջացնում է շնչառական խնդիրներ, կատարվում է միջնապատի շտկման վիրահատություն` սեպտոպլաստիկա:


Հնարավո՞ր է միաժամանակյա ռինո- և սեպտոպլաստիկա:


Այո, շատ հաճախ կատարվում է միաժամանակ, որը կոչվում է ռինոսեպտոպլաստիկա:


Հայկ ԵնոքյանԿա՞ն տարիքային սահմանափակումներ:


Ռինոպլաստիկայի ստորին շեմը աղջիկների համար 16 տարեկանն է, տղաների համար՝ 18-ը: Ավելի վաղ ցանկալի չէ, քանի որ աճման գործընթացները դեռևս ավարտված չեն, և արդյունքը վերջնական չի կարող լինել: Միայն խիստ արտահայտված ձևախախտումների կամ վնասվածքների ժամանակ տարիքն հաշվի չի առնվում:


Տարվա ո՞ր եղանակն է հատկապես նախընտրելի:


Վիրահատությունը կատարվում է ցանկացած եղանակի՝ ամբողջ տարվա ընթացքում:


Ի՞նչ չի կարելի անել նախքան վիրահատությունը և ինչպե՞ս նախապատրաստվել:


Ամենակարևոր նախապատրաստումը հոգեբանականն է. պետք է այդ որոշումը հասունանա, որպեսզի մարդը պատրաստ լինի վիրահատության: Նախքան վիրահատությունն անհրաժեշտ է անցնել հետազոտություններ, զննում` անեսթեզիոլոգի կողմից:


Ի՞նչ հակացուցումներ կան:


Հակացուցումներից առաջնային են հոգեկան հիվանդությունները, ֆիզիկական, օրգանական լուրջ խնդիրները՝ սրտամկանի կաթված, սրտի արատներ, ուռուցքներ և այլն:


Հակացուցում են արյան մակարդելիության խնդիրները, վարակիչ հիվանդությունները: Կան վիճակներ, որոնք հարաբերական հակացուցումներ են, և միայն դրանք շտկելուց, բուժելուց հետո կարելի է վիրահատել:


Հարաբերական հակացուցումներն են՝ դիաբետը, սուր շնչառական վարակները, մաշկային խնդիրները, ալերգիկ ռինիտները, որոնք բուժելուց հետո կարելի է վիրահատել:


Կան նաև հետաձգելի իրավիճակներ: Օրինակ, հղիության ժամանակ ռինոպլաստիկա չի կատարվում, իսկ հետծննդաբերական շրջանում պետք է սպասել մի քանի ամիս:


Մինչև վիրահատությունը չի կարելի օգտագործել մի շարք դեղեր, օրինակ` ասպիրին: Խորհուրդ է տրվում նաև չչարաշահել ալկոհոլը, չծխել կամ գոնե պակասեցնել, որպեսզի և՛ վիրահատությունը, և՛ հետվիրահատական շրջանն առավել բարեհաջող ընթանան:


Ատամների իմպլանտների տեղադրման ընթացքում կարելի՞ է դիմել ռինոպլաստիկայի:


Բավականին հաճախ, եթե ցուցում կա ատամների իմպլանտացիայի, նույն վիրահատության ընթացքում, որպես դիմածնոտային վիրաբույժ, կատարում ենք նաև իմպլանտի տեղադրում:


Հայկ ԵնոքյանԻ՞նչ է ռևիզիոն ռինոպլաստիկան և ե՞րբ է անհրաժեշտ:


Վերջին տարիներին շատ հաճախ են դիմում բուժառուներ, որոնք նախկինում տարել են ռինոպլաստիկայի վիրահատություն և ունեն մնացորդային կամ նոր ի հայտ եկած խնդիրներ: Երբեմն դիմում են անգամ երրորդ, չորրորդ վիրահատության համար, ինչը պատասխանատու և բարդ գործընթաց է: Երբեմն բժիշկները հրաժարվում են նման վիրահատություններից:  Այս առումով ուզում եմ ասել, որ դա իմ դոկտորական դիսերտացիայի թեման է, և ես սիրով օգնում եմ նման մարդկանց: Որպես կանոն, կարողանում ենք այդ խնդիրները լուծել:


Նման վիրահատությունների առանձնահատկությունն այն է, որ նախորդ վիրահատություների արդյունքում բնական անատոմիան արդեն ձևախախտված է, ու շատ դեպքերում ստիպված ենք լինում կիրառել այլ տեղից վերցրած աճառ, փափուկ հյուսվածք` կատարելու վերականգնողական շտկող վիրահատություն:


Այս վիրահատությունները տեխնիկապես ավելի դժվար են, սակայն ճիշտ, գրագետ մոտեցումների դեպքում ամեն բան հարթ է ընթանում:


Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում նախքան վիրահատությունը:


Առկա է հետազոտությունների հաստատված ցանկ, որը տարիների փորձով է ձևավորվել և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ընդունելի չէ այդ ցանկը կրճատել ֆինանսական տնտեսման նպատակով, որովհետև ռինոպլաստիկան լուրջ վիրահատություն է և բավականին ռիսկեր ունի: Հետազոտությունների արդյունքում բուժառուն իր առողջական վիճակի մասին ստանում է լիարժեք պատկերացում:


Կատարվում են էխոկարդիոսրտագրություն, արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն, թոքերի ռենտգեն քննություն, քթի հարակից ծոցերի համակարգչային տոմոգրաֆիա: Չի բացառվում, որ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են խնդիրներ, որոնք վիրահատության ժամանակ շտկվում են:


Ինչպիսի՞ անզգայացում է իրականացվում:


Իրականացվում է ընդհանուր անզգայացում: Նախկինում այն իրականացվում էր տեղային անզգայացմամբ:


Որքա՞ն է տևում վիրահատությունը:


Առավել հաճախ վիրահատությունը տևում է միջինը 1 ժամ 20 րոպե, որոշ դեպքերում (ռեկոնստրուկցիաների ժամանակ) կարող է տևել մինչև 3 ժամ:


Ռինոպլաստիկան ազդո՞ւմ է հոտառության վրա:


Գրագետ կատարված ռինոպլաստիկայի դեպքում հոտառությունը միայն բարելավվում է:


Ի՞նչ ռիսկեր և բարդություններ կարող են լինել:


Առաջին վտանգն այն է, որ քթի ձևը բուժառուին կարող է դուր չգալ: Այդ պատճառով մինչև վիրահատությունը բուժառուի հետ մանրամասն քննարկվում են անգամ մանրուքները: Չկա հստակ ձև, ցանկացած բուժառուի քթի ձևն անկրկնելի է, սակայն հնարավոր է ստանալ այն, ինչ բուժառուն ցանկանում է: Այլ հարց է՝ դա կսազի՞ նրա դեմքին, թե` ոչ: Մենք փորձում ենք հուշել և օգնել ձևի ընտրության հարցում, որովհետև քիթը նաև պետք է դիմագծերի և այլ չափանիշների հետ համահունչ լինի:


Բարդություններից է նաև վիրահատության արդյունքում` թեք քիթը: Բուժառուների մոտ, սովորաբար, պատկերացում կա, որ վիրահատությունից հետո քիթն իդեալական ուղիղ կլինի, բայց, իրականում, այն քանոնով չի գծվում, ունի իր բնական կորությունները, որոնք կարող են աչքի զարնել լուսավորության տարբեր անկյուններից: Այդ պատճառով, շատ կարևոր է, որ բուժառուն նախապես գիտակցի դա:


Ի՞նչ դիրքով պետք է քնել վիրահատությունից հետո և որքա՞ն ժամանակ:


Չի կարելի քնել դեմքով դեպի բարձը, այլ թեքվել աջ կամ ձախ: Խորհուրդ է տրվում գլխին մի փոքր ավելի բարձր դիրք ապահովել, որպեսզի այտուցները շուտ անցնեն: Առաջին շաբաթը պետք է քնելիս զգույշ լինել, դրանից հետո կարելի է քնել` առանց որևէ լարվածության:


Ցավո՞տ է հետվիրահատական շրջանը:


Հետվիրահատական շրջանում ցավ չկա, առկա միայն այտուց և կապտուկ:


Հնարավո՞ր է տուժի քթային շնչառությունը վիրահատությունից հետո:


Հնարավոր է, եթե ինչ-որ բան թերի է կատարվել:


Սպիներ մնո՞ւմ են:


Բաց ռինոպլաստիկայի ժամանակ սպի առաջանում է քթի ստորին հատվածում, որը մի քանի ամիս անց ընդհանրապես տեսանելի չէ: Մնացած դեպքերում սպի չի առաջանում:


Ե՞րբ է հեռացվում գիպսը:


Գիպսը հեռացվում է 7 օր անց:


Հայկ ԵնոքյանՎիրահատությունից հետո ե՞րբ կարելի է տեսնել վերջնական արդյունքը:


Վերջնական արդյունքը կարելի է տեսնել մեկ տարի անց:


Ինչո՞վ են վտանգավոր ծխելը և խմելը:


Ամեն բան պետք է չափավոր լինի:


Ինչպե՞ս է անցնում վերականգնման շրջանը:


Բուժառուն մեկ օր անց է կացնում հիվանդանոցում, որից հետո դուրս է գրվում: Առաջին մեկ շաբաթվա ընթացքում ցանկալի է հաճախ դուրս չգալ տնից:


Ե՞րբ է պետք այցելել բժշկին:


Բժշկին պետք է այցելել 2 օր անց, իսկ 7-րդ օրը հանվում է գիպսը, որից հետո կարելի է շրջագայության մեկնել անգամ ինքնաթիռով:
Ե՞րբ անցնել նորմալ աշխատանքային գործընթացի` վիրահատությունից հետո:


Դա կախված է աշխատանքի բնույթից: Եթե գրասենյակային աշխատանք է, կարելի է գնալ հենց հաջորդ օրվանից, իսկ եթե դա կապված է դրսում շինարարության հետ, ցանկալի է 20 օրից ոչ շուտ անցնել աշխատանքի:


Ե՞րբ կարելի է արևայրուք ընդունել:


Արևայրուք կարելի է ընդունել երկու ամիս անց: Այդ ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել նաև ջերմային ազդեցությունից:


Ե՞րբ կարելի է անցնել առօրյա մարզումներին կամ սպորտային պարապմունքների:


Առաջին ամիսներին անհրաժեշտ է զգուշանալ ֆիզիկական վնասվածքներից: Մարզումների հարցում պետք է խորհրդակցել բժշկի հետ:


Որքա՞ն ժամանակ անց կարելի է ակնոց կրել:


Երկու ամիս անց:


Հնարավո՞ր են անձնագրային խնդիրներ:


Ցանկության դեպքում տալիս ենք փաստաթուղթ, որի հիման վրա փոխում են անձնագրի նկարը: Սակայն դա պարտադիր պայման չէ:


Ի՞նչ պետք է բուժառուն պարզի` բժշկի հետ որոշում կայացնելուց առաջ:


Պետք է պարզել, թե քանի՞ տարվա փորձ ունի բժիշկը և կկարողանա՞ տվյալ դեպքում լավ քիթ ստանալ: Մենք բուժառուներին տալիս ենք մի քանի կետից բաղկացած հրահանգներ` երեք լեզվով, որոնցով նրանք կարող են առաջնորդվել:

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ