Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Մահերի 50%-ից ավելին` սրտանոթային բարդությունների պատճառով. Պարունակ Զելվեյան

Մահերի 50%-ից ավելին` սրտանոթային բարդությունների պատճառով. Պարունակ Զելվեյան

«Երբեմն մարդիկ ինքնագոհ ասում են, որ այ էստեղս ցավում է, բայց ես դիմանում եմ: Մի դիմացեք, ցավն ի՞նչ է, դա օրգանիզմի ահազանգն է, նա մեզ զգուշացնում է, որ խնդիր ունի»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը: Նա պնդեց, որ ցավին դիմանալ պետք չէ, մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ ամեն օր դեղ խմելու շնորհիվ մարդիկ հաճախ արդյունավետ կերպով բուժվում են. «Ամբողջ կյանքում դեղեր խմելը հոգեբանական խնդիր է, որն, ի ուրախություն մեզ, վերջին տարիներին լուծվում է: Հիմա մեր պացիենտների մեծ տոկոսն ամեն օր հետեւողական ընդունում է իր դեղամիջոցները»:

Սրտաբանն ասաց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մահացությունների 50%-ից ավելին սրտանոթային բարդություններին է բաժին ընկնում: Նրա խոսքերով, մեր երկրում վերջին տարիներին նկատվում է սրտանոթային հիվանդությունների հայտնաբերելիության երիտասարդացում, այսինքն` երիտասարդներն արդեն սկսել են գիտակցել իրենց առողջության կարեւորությունը եւ դիմել բժիշկների: Պ. Զելվեյանի տվյալներով, միայն Երեւանի չափահաս բնակչության յուրաքանչյուր 3-րդ անդամ զարկերակային գերճնշման խնդիր ունի, ինչը ժամանակին չհայտնաբերելու եւ գրագետ բուժում չիրականացնելու արդյունքում կվերածվի լուրջ բարդությունների:

Սրտաբանը ռիսկի գործոններից նշեց ավելցուկային քաշը, օրինակ` դպրոցահասակ երեխաների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը մոտ 40 տոկոս է: Ինչ վերաբերվում է եղանակային փոփոխություններով պայմանավորված խնդիրներին, Պ. Զելվեյանը նշեց, որ եթե օրգանիզմն ունի ինչ-որ խնդիր, ապա դժվարությամբ է հարմարվում ինչպես եղանակային, այնպես էլ ժամային եւ այլ փոփոխությունների: Միաժամանակ բժիշկը վստահեցնում է, որ եթե սրտանոթային հիվանդությամբ տառապող անձը ներգրավված է իր բուժմանը, խորհրդակցում է բժշկի հետ, ապա գիտի, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարող է ունենալ ճնշման տատանումներ, բժշկի հետ կքննարկի ամեն ինչ, որպեսզի այդ փոփոխությունները լուրջ սրացումների չհանգեցնեն:

Սրտաբանը նաեւ հիշեցրեց, որ ինչպես սրտանոթային հիվանդությունները, այնպես էլ առողջական այլ խնդիրներ, շատ ավելի հեշտ ու էժան է կանխարգելելը, քան հետագա բարդություններից ու սրացումներից հետո բուժումը:

Պ. Զելվելյանը տեղեկացրեց, որ պետական ծրագրերի առկայության դեպքում, ինչպիսին էր, օրինակ վերջերս իրականացած սոցիալական փաթեթով առողջապահական ապահովագրության տրամադրումը, բժշկի դիմելիությունը կտրուկ ավելանում է. «Եթե առաջ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չէին դիմում, ապա այժմ կտրուկ բարձրացավ դիմելիությունը, հատկապես ուսուցիչների շրջանում»,-եզրափակեց նա:

Հեղինակ. Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. .aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ