Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Արվեստագետ

«Ասում են՝ Աստծուն ու բժշկին հիշում են այն ժամանակ, երբ նեղության մեջ են». Անահիտ Չիբուխչյան

«Ասում են՝ Աստծուն ու բժշկին հիշում են այն ժամանակ, երբ նեղության մեջ են». Անահիտ Չիբուխչյան

«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է Արցախյան պատերազմին մասնակցած բժիշկների մասին մի շարք գրքերի հեղինակ Անահիտ Չիբուխչյանը:

Տիկին Անահիտ, ինչո՞ւ որոշեցիք գրել հենց բժիշկների մասին:


− Արցախյան պատերազմի տարիներին «Էրեբունի» օդանավակայանում էի աշխատում՝ որպես տարհանման կետի պետ, և ճանապարհում ու դիմավորում էի ռազմի դաշտ մեկնող բժիշկներին, հաճախ էլ նրանց հետ Արցախ հասնում: Բնականաբար, այդ ընթացքում ես տեսնում էի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի տարբեր շրջաններից ռազմի դաշտ մեկնած անձնազոհ բժիշկների աշխատանքը:

 

Այս գրքերը գրելու միտքը հղացավ պատերազմից տարիներ անց, երբ տեսա, թե ինչպես նրանց և այլ բնագավառի պատերազմի մասնակիցների անձնազոհությունը չարժանացավ համապատասխան գնահատանքի ու վերաբերմունքի և, առաջին հերթին, պետական մակարդակով:

 

Օդանավակայանից հետո աշխատանքի անցա ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում՝ որպես անձնակազմի գծով գլխավոր բժշկի տեղակալ, այնուհետև տեղափոխվեցի պաշտպանության նախարարություն՝ որպես արխիվային բաժնի գիտքարտուղար: Նախարարության սոցվարչությունում ստուգումներ անցկացնելու ժամանակ հայտնաբերեցի. նրանք, ովքեր, իրոք, արժանի էին գնահատանքի, անգամ հիշատակված չէին, իսկ շքանշաններ ստացել էին ռազմաճակատում գեթ մեկ անգամ չհայտնված մարդիկ: Ահա ինչն ինձ ստիպեց գրել բոլոր այն անձնազոհ բժիշկների մասին, որոնց անուններն ու արած գործը մոռացության էին մատնվում:

 

Այդ օրերին բժիշկների կատարած աշխատանքն անչափելի ու անգնահատելի էր: Ես ականատես եմ եղել, թե նրանք ինչպես էին պայթող ռումբերի ու արկերի տարափի տակ բուժօնություն ցույց տալիս վիրավորներին, և թե վիրաբույժն ինչպես է վիրահատում վիրավոր զինվորին ծառի տակ կամ՝ բաց դաշտում, ավտոմեքենայի լուսարձակների ներքո... Որովհետև այլընտրանք չուներ, որովհետև վիրավորի կյանքը րոպեներից էր կախված: Ռումբերի տակ, ամեն վայրկյան կյանքը կորցնելու վտանգն աչքի առջև՝ նրանք իրենց գործն էին անում: Ես չեմ ուզում անուններ տալ, որովհետև նման նվիրյալ ու անձնազոհ բժիշկները շատ էին:

 

Հիշում եմ, Ստեփանակերտի հոսպիտալում ձմռանը վիրահատարանում այնքան ցուրտ էր, որ վիրահատության ընթացքում վիրաբուժական գործիքները կպչում էին վիրաբույժի ձեռքերին... կարծես սոսնձած լինեին... Լույս ու ջուր չկար, դեղորայքը չէր բավականացնում, չկային միանվագ օգտագործման պարագաներ ու ներարկիչներ, իրենց ձեռքի տակ եղածը փորձում էին պիտանի դարձնել՝ եռացնելով փայտե վառարանների վրա... Նրանք անում էին հնարավոր ու անհնարին ամեն բան՝ մարդկանց կյանքերը փրկելու համար:

 

Բժիշկներն էլ մարտիկների հետ միասին անցան պատերազմի դժոխային ճանապարհով: Իմ գրքերով փորձել եմ հանրությանը հասցնել տեսածս ու զգացածս...


Անահիտ Չիբուխչյան. «Արարման վեցերորդ օրը»Անձամբ Ձեր կատարած աշխատանքն էլ նվիրյալ է՝ այդքան նյութ հավաքելը: Ինչպե՞ս եք արել:


− Ես անձամբ ճանաչել եմ բժիշկների մեծ մասին: Երբ որոշեցի գրել գիրքը, բոլորի հետ հանդիպել եմ, Արցախ եմ գնացել:


Մինչ այդ գրո՞ւմ էիք, ունեի՞ք փորձ:


− Մինչ բժիշկների մասին գրելը արդեն երեք գրքի հեղինակ էի, որոնք ևս նվիրված են արցախյան պատերազմի մասնակիցներին: Ես շատ էի ուզում կատարված անարդարությունը ինչ-որ կերպ, թեկուզ իմ ուժերի ներածին չափով շտկել, այսինքն, վերականգնել արդարությունը մոռացված արժանավորներին ներկայացնելով հանրությանը: Ու, փառք Աստծո, ստացվում է: Արդեն պատրաստ են հրատարակման բժիշկներին նվիրված «Արարման վեցերորդ օրը» գրքի երրորդ հատորը և Բժշկական համալսարանի պատերազմին մասնակցած ուսանողների մասին պատմող գրքերը: Բայց, դեռևս հովանավոր չեմ գտել՝ գրքերս հրատարակելու համար:

Այնքան լավ մարդիկ կան, այնքան լավ բժիշկներ, որոնց այսօր մի փոքրիկ սխալի համար կարող են հավասարեցնել գետնին, մոռանալ նրանց ողջ վաստակը: Ի՜նչ անվանի բժիշկներ թողեցին ու գնացին. նրանք իրենց ցանկությամբ ու ավելին վաստակելու ակնակալիքով չէ, որ գնացին, նրանք ստիպված էին լքել երկիրը՝ տիրող անարդարությունից: Իսկ անվանի ու վաստակաշատ, մեզ բոլորիս հայտնի մի շարք բժիշկների օտարված ու իրենց սեփական հողում անպաշտպան լինելը ստիպեց բռնելու արտագաղթի ճանապարհը:


Ինչպե՞ս եք կազմակերպում գրքերի տպագրությունը:


− Դա ամենադժվար հարցն է: Ամեն ինչ անում եմ իմ ողորմելի միջոցներով, ոչ մեկից օգնություն չեմ խնդրում: Ես կարող եմ ինձ զրկել բոլոր հաճույքներից, չհագնվել, չուտել, սակայն, մինևնույնն է, հրատարակելն իմ ուժերից վեր է... Միևնունն է, պետք է հրատարակել, որի համար հովանավորներ են պետք...


Պատերազմն առիթ դարձավ, որ մարդիկ բացահայտվեին իրենց տարբեր կողմերով: Եթե այսօր՝ խաղաղ պայմաններում, հայտնվեիք բժիշկների միջավայրում, դարձյա՞լ կգրեիք:


− Չեմ կարող ասել: Ինձ առաջ է մղել այն մեծ անարդարությունը, որին ականատես եղա: Այդ դեպքում գուցե ուրիշ բան գրեի, չեմ կարող ասել:


Իսկ այսօր շարունակո՞ւմ եք շփվել նրանց հետ:


− Իհարկե՛, ես սիրում եմ իմ բոլոր հերոսներին, հաճախ եմ շփվում նրանց հետ, ջերմ կապեր ունեմ նաև շատերի ընտանիքների հետ:


Ձեր գրքերից ամենահայտնիներց մեկը կոչվում է «Արարման վեցերորդ օրը», ի՞նչ նկատի ունեք:


− Չէ՞ որ Աստված աշխարհի արարման վեցերորդ օրը ստեղծեց մարդ արարածին ու շնորհներ տվեց… Շնորհներից մեկն էլ բժշկի մասնագիտությունն է, որը, հիրավի, աստվածային է, քանզի նա՝ բժիշկը, շատ հաճախ երկրորդ կյանք է պարգևում:


Երեքից հինգ մաղթանք բժիշկներին… Գրքից դուրս ի՞նչ կուզեիք ասել:


− Առաջին հերթին ուզում եմ, որ նրանք առողջ լինեն, զարգացնեն իրենց ձեռքի ու մտքի շնորհը, որովհետև մարդու կյանքի հետ գործ ունեն, ուզում եմ՝ միշտ հարգված, ըստ արժանվույն գնահատված լինեն: Ուզում եմ, որ չկանգնեն նրանց ճանապարհին ու արհեստական խոչընդոտներ ստեղծեն, չտրորեն նրանց արժանապատվությունը: Ասում են՝ Աստծուն ու բժշկին հիշում են այն ժամանակ, երբ նեղության մեջ են: Բժիշկը միշտ մեզ հետ է, մեր կողքին՝ պատրաստ օգնության հասնելու:

 

Եկեք, ուրեմն, մենք էլ ուշադիր ու հարգալից լինենք մեզ առողջություն ու երկրորդ կյանք պարգևող բժիշկների նկատմաբ և ասենք. Ատված օրհնի ձեր բոլորի ճանապարները....

 

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ղարիբ Եղիազարյան
Ղարիբ Եղիազարյան

Դեպի ստեղծագործական նոր հորիզոններ: Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործության մեջ արտացոլում է նրա ազգային մտածողությունը, ներաշխարհը, ճաշակը, բնությունից շնորհված գունազգացողությունը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ