Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Հոգեսեռական զարգացում

Հոգեսեռական զարգացում

Հոգեսեռական (փսիխոսեքսուալ) զարգացումը անձի սեքսուալության ձևավորումն է։ Այն զուգահեռ է ընթանում և միահյուսվում մարմնասեռական (սոմատոսեքսուալ) զարգացմանը, որի ընթացքում ձևավորվում է սեքսուալության մարմնական հիմքը։


Հոգեսեռական զարգացման ավարտին ձևավորվում են հասուն սեքսուալությամբ կին կամ տղամարդ, որը նշանակում է, որ անձը ունի կայուն սեռային ինքնագիտակցություն, կրում է սեռադերային վարքի որոշակի ստերեոտիպեր, ունի կայուն, անփոփոխ հոգեսեռական կողմնորոշում և որոշակի սեքսուալ նախընտրություններ։


Վասիլչենկոն սեքսուալության ձևավորման ընդհանուր դինամիկան նկարագրում է հետևյալ կերպ.


1. Պարապուբերտատ շրջան. 1-7 տարեկան հասակն է։ Այս ընթացքում երեխայի մոտ ձևավորվում է սեռային ինքնագիտակցությունը, երեխան գիտակցում է իր սեռային պատկանելությունը։ Դրսևորվում է հետաքրքրասիրություն սեռային հատկանիշների վերաբերյալ` սեռական օրգանների դիտման և ուսումնասիրման փորձերով։


2. Պրեպուբերտատ շրջան.
7-13 տ. հասակն է, երբ տեղի է ունենում անձի սեռային ինքնագիտակցությանը համապատասխանող դերային վարքի ընտրություն` տղամարդու կամ կնոջ տիպի։ Ձևավորվում են առնականության և կանացիության կատարելատիպերը, փորձեր են կատարվում խաղերի միջոցով իրականացնելու ընտրված սեռադերային վարքի դրսևորումները։


3. Պուբերտատ շրջան. 13-16 տ. հասակն է, որի ժամանակ սկսվում են ձևավորվել հոգեսեռական կողմնորոշումը, ինչպես նաև պլատոնիկ, էրոտիկ և սեքսուալ լիբիդոյի նախնական փուլերը։ Եթե նախորդ երկու տարիքային շրջանները ընթանում են հորմոնալ համեմատաբար հանդարտ ֆոնի վրա, ապա այժմ ներզատիչ, այդ թվում` սեռական գեղձերի բուռն գործունեության հետևանքով առաջ են գալիս մարմնական արմատական փոփոխություններ` երկրորդային սեռային հատկանիշների ձևավորմամբ։


4. Անցումային շրջան. 16-25 տ. հասակն է, երբ վերջնականապես հաստատվում են հոգեսեռական կողմնորոշումը, սեռական նախընտրությունները, իսկ լիբիդոյի զարգացումը անցնում է իր երրորդ՝ սեքսուալ լիբիդոյի առաջացման և ռեալիզացիայի փուլը։ Իրականացվում է առաջին սեռական հարաբերությունը, դրվում է սեռական կյանքի սկիզբը, որը բնորոշվում է անկանոնությամբ` սեռական ձեռնպահություններ, էքսցեսներ, մեծ տեղ է զբաղեցնում ձեռնաշարժությունը։


5. Հասուն սեքսուալության շրջան.
25-55 տ. հասակն է, որը բնորոշվում է հասուն սեքսուալության կայացմամբ, երբ վերջնականապես ձևավորվել են սեռային ինքնագիտակցությունը, սեռադերային վարքը և այս երկուսի հիման վրա` կայուն հոգեսեռական կողմնորոշումը։ Այս տարիքում կանոնավոր սեռական կյանքը բերում է պայմանական ֆիզիոլոգիական ռիթմի (ՊՖՌ) հաստատմանը տղամարդկանց մոտ։


6. Ինվոլյուցիոն շրջան.
55-70 տ. հասակն է, երբ իջնում է սեռական ակտիվությունը, նվազում է հետաքրքրությունը սեռական ոլորտի նկատմամբ, դիտվում է լիբիդոյի հետադարձ դինամիկա` ընդհուպ մինչև պլատոնիկ երևակայությունների շրջանը։


Հոգեսեռական զարգացումը անհատի հոգեկան զարգացման կողմերից մեկն է։ Այն ընդգրկում է սեքսուալության ձևավորման վերոնշյալ փուլերից առաջին չորս տարիքային խմբերը, որի ավարտին ձևավորվում է հասուն սեքսուալությունը։ Վերջինս բնորոշվում է երեք առանցքային հատկանիշներով՝ կայուն սեռային ինքնագիտակցություն, սեռադերային վարք, հոգեսեռական կողմնորոշում։ Ըստ այդմ էլ Վասիլչենկոն տարբերում է հոգեսեռական զարգացման երեք փուլ՝ վերը նշված անվանումներով։


Հոգեսեռական զարգացման մյուս հիմնարար տեսություններից մեկը Ֆրոյդի հոգեվերլուծական տեսությունն է (1905)։ Ի տարբերություն այլ հետազոտողների՝ Ֆրոյդը սեքսուալությունը դիտարկում է ոչ թե որպես մարդու կյանքի առանձին ասպեկտ՝ կապված գենիտալիաների գործունեության հետ, այլ որպես անհատի գոյության հիմք, նրա հոգեկանի էներգետիկ աղբյուր, շարժիչ ուժ։ Ֆրոյդը գտնում է, որ մարդն ի սկզբանե ծնվում է սեռական հակումներով (լիբիդոյով) և մի քանի էրոգեն գոտիներով, իսկ հոգեսեռական զարգացումը գործընթաց է, որն ուղղված է այդ բնածին հակումների հերթափոխ բավարարմանը։ Անհատական զարգացման ընթացքում տեղի է ունենում լիբիդոյի բազմակի փոխակերպում և տեղաշարժ մարմնի տարբեր էրոգեն գոտիներով։


Փսիխոսեքսուալ զարգացումը ընթանում է փուլերի որոշակի հերթափոխությամբ։ Յուրաքանչյուր փուլում որևէ սեռական հակման բավարարման խանգարումը (դրական կամ բացասական սևեռումը) կարող է հետագայում այդ հակմանը վերադառնալու մշտական պահանջմունք առաջացնել` հանդես գալով որպես սեռական խանգարման առաջացման աղբյուր։


Ֆրոյդը տարբերում է հոգեսեռական զարգացման 5 փուլ`


1. Օրալ փուլ – մինչև 1 տարեկան հասակն է։ Առաջատար էրոգեն գոտի համարվում է երեխայի բերանը (շրթունքները և լեզուն)։ Մոր կաթով սնվելը ծառայում է ոչ միայն քաղցի հագեցմանը, այլ նաև ինքնին հաճույքի աղբյուր է` մանկական սեքսուալության դրսևորման մի տարատեսակ։ Այս փուլում երեխան հաճույք է ստանում նաև մարմնական շփումներից, իսկ ավելի ուշ, երբ դուրս են գալիս երեխայի ատամները, մոր կուրծքը ծծելուն միանում է նաև կծելու պահանջմունքը, որով երեխան բավարարում է իր ագրեսիվ հակումները՝ իր երևակայության մեջ «ուտելով» մորը։


Եթե երեխան այս շրջանում կաթով սնման հետ կապված ունեցել է սահմանափակումներ կամ ընդհակառակը՝ գերհագեցել է, ապա տեղի է ունենում սեքսուալ էներգիայի ֆիքսում, որն արգելակում է հետագա զարգացումը։ Մարդու մոտ ձևավորվում է բնավորության օրալ տիպ` ագահություն, պահանջկոտություն, անբավարարվածություն, հոռետեսություն, իրենց նկատմամբ համակրանք առաջացնելու համառ ձգտում, գրգռվածություն։


Նման տիպի բնավորության մարդիկ ունենում են մի շարք սովորույթներ` որկրամոլություն, կծելու, ծծելու հակվածություն, ծխախոտամոլություն, ալկոհոլային խմիչքների չարաշահում, շատախոսություն, երգելու պահանջ։ Ագրեսիվ հակումների հետ կապված են հեգնանքի, բամբասանքի դրսևորումները, սննդի նկատմամբ անզսպվածությունը։


Օրալ հաճույքների նկատմամբ հետաքրքրությունների դրսևորումը նորմալ է, երբ այն չի դառնում գերիշխող։


2. Անալ փուլ – 1-ից մինչև 3 տարեկան։ Էրոգեն գոտիներ են համարվում հետանցքի և միզուկի շրջանները։ Երեխան հաճույք է ստանում միզելիս կամ աղիները դատարկելիս։ Շատ շուտով նա սովորում է պահել իր արտաթորանքները, որպեսզի դրանց մեծ քանակության դուրս բերումից լորձաթաղանթի գրգռման շնորհիվ հնարավորին չափով ավելի մեծ հաճույք ստանա։ Այս փուլում առաջին անգամ երեխան զգում է արտաքին աշխարհի խանգարող, իր հաճույքին թշնամի լինելու ուժը։ Նա իր մեզից ու կղկղանքից ստիպված է ազատվել ոչ թե ցանկացած պահի, երբ ինքը կուզեր, այլ այն պահերին, որոնք այլ անձանց կողմից են որոշվում։ Հիշյալ ֆունկցիաների հետ կապված ամեն ինչ ծնողների կողմից ներկայացվում է որպես անվայելուչ ու ամոթալի բան, որը պետք է գաղտնի պահվի։ Մինչդեռ էքսկրեմենտների նկատմամբ մանկիկի վերաբերմունքը բոլորովին այլ է։ Իր մեզի և կղկղանքի նկատմամբ նա զզվանք չի զգում, քանի որ այն իր մարմնի մի մասն է համարում։ Միայն դաստիարակության շնորհիվ է հաջողվում այդ հակումները նրա համար օտար դարձնել։ Սեռական զգացողությունների սերտ հարևանությունը արտաթորական ֆունկցիաների հետ, հատկապես աղջիկների մոտ, սեռական արգելակումների առաջացման վտանգ է կրում, քանի որ արտաթորանքներն իր ուզած պահին դուրս բերելու անհնարինությունը կարող է ընդհանրացվել և տարածվել սեռական հաճույքի իրավունքի վրա։


Եթե այս փուլում տեղի է ունենում հակումների բավարարման ֆիքսում, ապա հետագայում ի հայտ են գալիս բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են չափից ավելի ճշտապահությունը, ժլատության աստիճանի խնայողությունը, կամակորությունը։ Նրանք մաքրասեր են, բարեխիղճ, համառ, երբեմն հակված են ցասումի։ Եթե ֆիքսումը տեղի է ունենում միզուկի շրջանում, ապա առաջանում են պատվասիրություն և մրցակցության հակվածություն։


3. Ֆալիկ փուլ – 3-ից մինչև 6 տարեկան։ Էրոգեն գոտին սեռական օրգաններն են՝ գենիտալիաները։ Տղաները տեսնում են, որ առնանդամ ունեն, իսկ աղջիկները նկատում են, որ չունեն։ Գենիտալիաների այս տարբերության հայտնաբերումը սկիզբ է դնում ամորձատման բարդույթին երկու սեռերի մոտ էլ։


Փոքրիկ տղան մինչ այդ համոզված է, որ երկու սեռն էլ ունեն նույնանման սեռական օրգաններ և հանկարծ իր փոքրիկ քույրիկի կամ խաղընկերուհու մոտ չի հայտնաբերում իր սեռական անդամը։ Սկզբում նա փորձում է ժխտել իր զգայարանների տված այդ վկայությունը, որովհետև չի կարողանում պատկերացնել իրեն նման մարդկային էակ` առանց իր համար այդքան նշանակալից օրգանի։ Հետո նա վերհիշում է նախկին սպառնալիքներն այն մասին, որ ինքը շատ է խաղում իր փոքրիկ անդամի հետ, սկսում է հավատալ դրանց և սկսած այդ ժամանակից՝ ընկնում է ամորձատման բարդույթի իշխանության տակ։ Սա դառնում է նրա հետագա զարգացման հզոր շարժիչ ուժը` մեծ դեր ունենալով նրա բնավորության զարգացման գործում։


Աղջնակի ամորձատման բարդույթը նույնպես առաջանում է տղայի սեռական օրգանները տեսնելու հետևանքով։ Նա անմիջապես նկատում է տարբերությունը և իրեն մեծ չափով զրկված է զգում։ Հաճախակի ցանկություն է հայտնում «նույնպես այդպիսի բան ունենալ», նրա մեջ առաջանում է նախանձ, որն անջնջելի հետք է թողնում նրա զարգացման ու բնավորության ձևավորման մեջ։ Դեռ երկար ժամանակ նա պահպանում է նմանատիպ ինչ-որ բան ստանալու ցանկությունը և հավատում դրա հնարավորությանը։ Աղջնակը տղա լինելու անիրականալի ցանկություն է ունենում։ Վերոնշյալ ապրումները, որ անվանում են ամորձատման բարդույթ, աղջնակի զարգացման գործում շրջադարձային են։ Դրանից բխում են զարգացման երեք ուղղություններ.


ա) նևրոզի ձևավորում՝ սեքսուալության արմատական ճնշման և սեռական կյանքի նկատմամբ բացասական վերաբերմունքի հետևանքով,
բ) բնավորության փոփոխություն՝ նրանում տղամարդկային բարդույթի առաջացմամբ, այսպես կոչված տղամարդ-կնոջ ձևավորում,
գ) կանացի սեքսուալության ձևավորում։

 

Աղջիկների ծլիկը մանկության տարիներին լիովին պենիսի դեր է կատարում. այն առանձնահատուկ գրգռման կենտրոն է, այն տեղը, որտեղ ձեռք է բերվում աուտոէրոտիկ բավարարման նպատակը։ Փոքրիկ աղջկա կին դառնալը կամ կանացի սեքսուալության ձևավորումը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է այդ առանձնահատուկ գրգռականությունը ծլիկից անցնում հեշտոցի մուտքին։ Կանանց սեքսուալ անզգայության դեպքերում ծլիկը համառորեն պահպանում է իր զգայունակությունը։ Սրանով է պայմանավորված այն տեսակետը, որ ծլիկային հեշտանքը, ի տարբերություն հեշտոցայինի, Ֆրոյդը համարում է ոչ հասուն սեքսուալության նշան։

 

Եթե նախորդ շրջաններում սեքսուալությունը կրում էր աուտոէրոտիկ բնույթ, այսինքն հակումների բավարարման համար ծառայում էին սեփական մարմնի մասերը և դրանց պատճառած զգացողությունները, ապա այժմ այն ուղղորդվում է դեպի մեծահասակները, առաջին հերթին` ծնողները։ Ընդ որում, որպես սիրո առաջին օբյեկտ երկու սեռի դեպքում էլ հանդես է գալիս մայրը։ Այս շրջանում փոքրիկ տղան ցանկություն է հայտնում պառկել ծնողների անկողնում, խանդում է նրանց՝ իրար նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։ Այս շրջանում երեխայի ապրումները ձևավորում են էդիպյան բարդույթը, որն իր մեջ ներառում է տղա երեխայի սեռական հակումը մոր նկատմամբ և խանդի ու մրցակցության զգացումը` հոր նկատմամբ։ Փոքրիկ տղամարդը ցանկանում է, որ մայրը միայն իրեն պատկանի, հոր ներկայությունը ընկալում է որպես խանգարող հանգամանք և զայրանում է, երբ նա իր մոր նկատմամբ քնքշանք է դրսևորում, չի թաքցնում իր խանդավառությունը, երբ հայրը մեկնում կամ բացակայում է։ Հաճախ նա իր զգացմունքները ուղղակիորեն արտահայտում է խոսքով` մորը խոստովանելով, որ կամուսնանա նրա հետ։ Տղա երեխայի մոտ առաջանում է հոր կողմից ամորձատվելու վախ, որով հայրը իրեն կզրկի մրցունակությունից։ Երեխան սկսում է հոր մեջ տեսնել իրեն սպառնացող մրցակցին և ավելի ուշ ընկնում է ամորձատման բարդույթի մեջ։

 

Փոքրիկ աղջկա համար նույն կերպ ձևավորվում է Էլեկտրայի բարդույթը (հաճախ աղջիկների մոտ այն նույնպես անվանվում է էդիպյան բարդույթ), որն իր մեջ ներառում է քնքուշ կապվածություն հոր հետ և մորը որպես ավելորդություն հեռացնելու ու նրա տեղը գրավելու պահանջմունք։ Սակայն, ինչպես նշվեց վերևում, աղջիկների հոգեսեռական զարգացումը ընթանում է մոր հետ կապվածության նախաէդիպյան փուլով։

 

Նախաէդիպյան փուլը որոշ դեպքերում կարող է շարունակվել մինչև 4 տարեկան հասակը և բազմաթիվ առիթներ տալ սևեռումների ու հակվածությունների ստեղծման համար։ Մոր հետ քնքուշ կապվածությունը անցնում է մանկական սեքսուալության բոլոր երեք փուլերով՝ դրսևորվելով օրալային, սադիստական, սադիստական-անալային և ֆալոսյան ցանկությունների միջոցով։ Մոր հետ կապվածությունը հետագայում փոխարինվում է հոր հետ կապվածությամբ, որով սկիզբ է դրվում էդիպյան բարդույթին։ Մոր հետ ունեցած մտերիմ կապը ձևափոխվում է ատելության ու թշնամանքի։ Այսպիսի շրջադարձին մեծապես նպաստում է ամորձատման բարդույթը, քանի որ պենիս չունենալու համար աղջնակն իր մորն է մեղավոր համարում և իր այդ զրկվածության համար նրան ներել չի կարողանում։

 

Դեպի հորը կատարվող շրջադարձը պայմանավորված է պենիս ունենալու ցանկությամբ. աղջնակը կարծես դիմում է հորը, քանի որ մայրը մերժել է իրեն։ Կանացիության զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պենիս ունենալու ցանկությունը փոխարինվում է երեխա ունենալու ցանկությամբ, և այսպիսով երեխան, ըստ հին սիմվոլային համարժեքի, հանդես է գալիս պենիսի փոխարեն։ Հոր հետ կապվածության ձևավորմամբ աղջնակը հայտնվում է էդիպյան բարդույթի մեջ։ Մոր նկատմամբ թշնամությունը ուժգնանում է, քանի որ նա ընկալվում է որպես մրցակցուհի, որը հորից ստանում է այն ամենը, ինչ աղջիկն ինքն է ցանկանում ունենալ։

 

Այսպիսով, էդիպյան և ամորձատման բարդույթների փոխադարձ կապի միջև ակնհայտ է միջսեռային տարբերություն, որը հղի է որոշ հետևանքներով։ Փոքրիկ տղայի մոտ էդիպյան բարդույթը, որի դեպքում նա ցանկանում է մորը և ուզում է հեռացնել մրցակից համարվող հորը, զարգանում է նրա սեքսուալության ֆալոսյան փուլից։ Սակայն ամորձատման սպառնալիքը ստիպում է նրան հրաժարվել այդ դիրքորոշումից։ Պենիսը կորցնելու սպառնալիքի տպավորության տակ նա հրաժարվում է էդիպյան բարդույթից, արտամղում, նորմալ դեպքերում` հիմնավորապես տրոհում այն, իսկ որպես դրա ժառանգորդ՝ ի հայտ է գալիս գեր-Եսը։

 

Աղջիկների մոտ դիտվում է գրեթե հակառակ երևույթը։ Այստեղ ամորձատման բարդույթը նախապատրաստում է էդիպյան բարդույթի ձևավորմանը, այլ ոչ թե քայքայում այն։ Պենիսի նկատմամբ նախանձի ազդեցության տակ խախտվում է աղջնակի և մոր կապը, և փոքրիկը հայտնվում է էդիպյան բարդույթի մեջ, որը նրա համար կարծես հանգրվան է, հանգստի մի վիճակ, որից նա երկար ժամանակ չի հրաժարվում։ Ամորձատման սարսափի վերացման հետ միասին վերանում է այն գլխավոր դրդապատճառը, որը տղային ստիպում էր մնալ էդիպյան բարդույթի մեջ։ Աղջիկը էդիպյան իրադրության մեջ բավականին երկար է մնում և շատ ուշ է այն տրոհում, այն էլ` ոչ լրիվ։ Այսպիսի պայմաններում գեր-Եսի ձևավորումը կարող է չհասնել այն ուժին ու անկախությանը, որոնք նրան մշակութային նշանակություն են հաղորդում։

 

Հաճախ ծնողներն իրենք են վճռական ազդեցություն ունենում իրենց երեխաների մեջ էդիպյան դիրքորոշման արթնացման վրա, երբ ընտանիքում առկա մի քանի երեխաներից հայրն ավելի ուշադիր ու հոգատար է դստեր նկատմամբ, իսկ մայրը` որդու։ Երբ նոր երեխաներ են ծնվում` էդիպյան բարդույթը ընդլայնվում և դառնում է ընտանեկան բարդույթ։ Երեխայի մոտ առաջանում է եղբոր կամ քրոջ նկատմամբ բացասական վերաբերմունք և նրանց վերացնելու ցանկություն։ Նոր երեխայի ծնվելու հետևանքով ուշադրությունից դուրս մղված, մորից գրեթե մեկուսացված երեխան դժվարությամբ է ներում մորը իր այդ նոր վիճակի համար։ Տղան կարող է իր քրոջը սիրո օբեկտ դարձնել` իր «անհավատարիմ» մորը փոխարինելով նրանով։ Իրենց փոքրիկ քրոջը խնամող մի քանի եղբայրների միջև մանկական սենյակում առաջ են գալիս թշնամական մրցակցության փոխհարաբերություններ և իրադրություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ հետագա կյանքի համար։ Փոքրիկ աղջնակը հանձին ավագ եղբոր տեսնում է հորը փոխարինողին, որը միշտ չէ, որ բավարար քնքշանք է տածում իր նկատմամբ։

 

Հոգեսեռական զարգացումը հոգեվերլուծական տեսանկյունից դիտարկելով` մենք կփորձենք զուգահեռներ անցկացնել դրա և Վասիլչենկոյի կողմից առաջարկված հոգեսեռական զարգացման եռափուլ մոդելի միջև, քանի որ համարում ենք, որ այս երկու տեսությունները ոչ թե հակասում, այլ փոխլրացնում են իրար։ 1-7 տարեկան հասակը Վասիլչենկոն համարում է սեքսուալության ձևավորման պարապուբերտատ շրջան, որին համապատասխանում է փսիխոսեքսուալ զարգացման առաջին` սեռային ինքնագիտակցության ձևավորման շրջանը։ Արդեն 2 տարեկանում սկսում է կազմավորվել երեխայի ինքնագիտակցությունը, և նա առանձնացնում է իր եսը արտաքին աշխարհից։ Աստիճանաբար ձևավորվում է խոսքը, որի միջոցով երեխան սկսում է իր համար հետաքրքիր բացահայտումներ անել։ Սկզբում սեփական սեռային պատկանելիության գիտակցումը հիմնվում է ներքին ոչ պայմանական դիրքորոշման վրա, ինչը հաստատում է ուղեղային կառույցների գոյության և սեռային  ինքնագիտակցության ձևավորման գործում վերջիններիս պատասխանատվության փաստը։ Ավելի ուշ` 3-4 տարեկանում, սեռային պատկանելիության համոզվածությունը ամրապնդվում է լրացուցիչ արտաքին նշաններով, ինչպիսիք են հագուստը, մազերի երկարությունը, ձայնի տեմբրը և այլն։ Երեխաներին սկսում է հուզել այն հարցը, թե ինչպե՞ս են իրենք լույս աշխարհ եկել։ Առաջանում է բուռն հետաքրքրություն արտաքին աշխարհի առարկաների և երևույթների նկատմամբ։ Անհագ հետաքրքրասիրությունը ուղղված է աշխարհի և իրենց եսի բացահայտմանը։ Սեփական և հակառակ սեռի մարմնի ուսումնասիրումը` այն ճանաչելու և հասկանալու մղումով, երեխաներին դրդում է այնպիսի խաղեր խաղալ, որի ընթացքում կարելի է մերկացնել սեռական օրգանները։ Դրանք այսպես կոչված սոցիոսեքսուալ խաղեր են` բժիշկ-բժիշկ, մամա-պապա և այլն։ Երեխաներին խորապես հետաքրքրում է նաև մեծերի մերկ մարմինը և նրանք մեծ ցանկություն են դրսևորում հետևելու, թե ինչպես են մեծերը մերկանում։

 

Երեխայի միկրոսոցիալ շրջապատը այս շրջանում սահմանափակվում է հարազատներով, որոնց մեջ մեծ տեղ է զբաղեցնում մայրը (մոր դերը ստանձնող անձնավորությունը)։ Մոր հետ շփումը, որ ուժեղ կապվածության է հասնում հատկապես 6-7 ամսեկանից մինչև 3 տարեկան հասակը, խիստ անհրաժեշտ է միջանձնային հարաբերությունների սկզբնավորման համար։ Այս տարիքում մորից զրկվելու հանգամանքը կյանքի հետագա ընթացքում դրսևորվում է օտար մարդկանց նկատմամբ ագրեսիայի և վախի հակազդումով։ Մայրը ժամանակի մեծ մասը անց է կացնում երեխայի հետ և հանդիսանում սենսոր զգայությունների աղբյուր` էապես նպաստելով երեխայի ուղեղի կառուցվածքային ֆունկցիոնալ համակարգերի հասունացմանը։


Կյանքի առաջին ամիսներին մայրական քնքշանքից զրկված երեխաների հոգեկան զարգացման մեջ արձանագրվում են բնորոշ խանգարումներ՝ շփման դժվարություններ, ագրեսիվություն, դաժանություն, դյուրագրգիռություն, իմպուլսիվ վարք։ Հետագայում ի հայտ են գալիս երևակայելու, աբստրակտ մտքեր արտահայտելու դժվարություններ, ընկերներ ընտրելու և ընկերություն անելու անկարողություն։

 

Այս տարիքում դիտվող մանկական ձեռնաշարժությունը, որը ըստ Ֆրոյդի հանդիսանում է սեռական հաճույքի ստացման աղբյուր, իսկ Վասիլչենկոն դիտարկում է իբրև հուզական մեկուսացման արդյունք, ծնողների կողմից անուշադրության մատնվելու կամ չափից դուրս դեսպոտային վերաբերմունքի հետևանք, ամենևին կասկածի չենթարկելով դրանց սեքսուալ բավանդակությունը։

 

Մանկության տարիների չամրապնդված սեքսուալությունը, առճակատվելով արգելակող իրավիճակների հետ (պատիժը սեքսուալ խաղերի համար, ծնողների սեռական մերձեցմանը պատահական ականատես լինելը և այն որպես բռնության դրսևորում մեկնաբանելը, երեխաների լույս աշխարհ գալու վերաբերյալ զանազան հեքիաթների մոգոնումը, մեծերի կողմից մանուկների սեքսուալ պղծումը)` կարող է հանգեցնել հոգեսեռական զարգացման մասնակի հապաղումների։ Նման իրավիճակների բուն բովանդակությունը թեև մոռացվում է, սակայն աֆեկտիվ հագեցվածությունը շարունակվում է պահպանվել ենթագիտակցության մեջ և խանգարել ամուսնական ներդաշնակության հաստատմանը։

 

4. Թաքուն շրջան – 7-ից մինչև 11 տարեկան հատվածն է, երբ դիտվում է սեռական զարգացման հանդարտություն և նահանջ։ Այս շրջանին հասնելուն պես ապրումների և հոգեկան շարժերի մեծ մասը ենթարկվում են մանկական ամնեզիայի` մոռացման մեխանիզմով։ Սեքսուալ էներգիան տեղափոխվում է դեպի ուսումը, հասակակիցների հետ շփումը, ընտանեկան շրջանակներից դուրս շփումները։

 

Ըստ Վասիլչենկոյի, սա պրեպուբերտատ շրջանն է, որը համապատասխանում է հոգեսեռական զարգացման սեռադերային վարքի ձևավորման շրջանին։ Սա մի գործընթաց է, որի ընթացքում շրջապատի արժեքային դիրքորոշումների անմիջական ազդեցության ներքո երեխայի մոտ ձևավորվում են կանացիության և առնականության կատարելատիպեր և վարքային ստերեոտիպեր։ Սա տեղի է ունենում երկու մեխանիզմով`

 

ա. մեծերի կողմից երեխայի վարքի նպատակաուղղված ձևավորում` խրախուսման և պատժի միջոցներով,

բ. երեխաների կողմից մեծերի վարքի ընդօրինակում` խաղերի տեսքով։

 

Այս տարիքում երեխաների մինչ այդ համերաշխ համասեռ խմբերը բաժանվում են իրար «թշնամակցող» երկսեռ խմբավորումների` աղջիկների և տղաների միջխմբային ագրեսիայի բազմապիսի դրսևորումներով։ Տղաները մեղադրվում են կռվարարության, աղջիկները` լալկանության մեջ։ Սա սեռադերային վարքի դրսևորման դասական օրինակ է` մի սեռի կողմից մյուսին բնորոշ և հետևաբար իրեն անհարիր վարքի խմբային մերժման ռեակցիայի տեսքով։

 

Պրեպուբերտատ շրջանի ավելի ուշ փուլերում նկատվում է այսպես կոչված սեռային հոմոգենիզացիա` իր սեռի ներկայացուցիչների հետ նույնացման միջոցով։ Ըստ Դ.Ն. Իսաևի և Վ.Ե. Կագանի (1979), հատկապես այս տարիքում է, որ երեխան առավելագույնս կապվում է իր սեռի ծնողի հետ և խիստ կերպով ունի նրա կարիքը։

 

Հետաքրքրական է, որ միջսեռային հարաբերություններում դիտվում է սեռադերային վարքի մեխանիկական ընդօրինակում հասակակիցների ներկայության դեպքում և ոչ երբեք այն ժամանակ, երբ աղջիկն ու տղան առանձին են։ Դա վկայում է այն մասին, որ հասակակիցների կարծիքին այս տարիքում մեծ նշանակություն է տրվում, և այդ կարծիքն ունի վարքաձևավորող ազդեցություն։

 

Այս տարիքում երեխաների գրեթե կեսը իմանում է սեռական ակտի մասին, քառորդը նրանցից մասնակցում են սեքսուալ խաղերի` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Սակայն, ի տարբերություն պուբերտատ շրջանի նմանատիպ խաղերի, որոնց հիմնական դրդապատճառը սեռական հակումն է, այստեղ այդ խաղերին մղում է զուտ հետաքրքրասիրությունը։
Տղաների մոտ այս տարիքում դիտվում է իրենցից տարիքով մեծ և արդեն սեռահասուն տղաներին ընդօրինակման մեխանիզմով փորձարկվող ձեռնաշարժությունը։

 

Պրեպուբերտատ շրջանի սեքսոլոգիական նշանակությունը միջսեռային շփումների հմտություններին տիրապետումն է, ինչը կարևոր է հետագայում ամուսնական զույգի միջանձնային հարաբերությունների կառուցման տեսանկյունից։

 

Այս շրջանի խանգարումները արտահայտվում են սեռադերային վարքի տրանսֆորմացիայով, որն արտահայտվում է հակառակ սեռին բնորոշ վարքային ստերեոտիպերի ընտրությամբ։
Խանգարումների պատճառը ընդունված է համարել ներարգանդային զարգացման ընթացքում սեռական վարքի համար պատասխանատու կենտրոնների ախտահարումը։ Սակայն, ի տարբերություն սեռային ինքնագիտակցության խանգարման, սեռադերային խանգարումների դեպքում առավել մեծ դեր է տրվում դաստիարակությանը և միջավայրի ազդեցությանը։
Այս շրջանի խանգարումներից է նաև գերդերային վարքերի ձևավորումը, որը բնորոշվում է տվյալ սեռին հատուկ որոշ առանձնահատկությունների շեշտվածությամբ։ Տղամարդկանց սադիզմը և կանանց մազոխիզմը, եթե իհարկե դրանք դուրս չեն գալիս որոշակի թույլատրելի շրջանակներից, համարվում են տղամարդկանց հիպերմասկուլին և կանանց հիպերֆեմինին վարքերին բնորոշ դրսևորումներ։ Հիպերմասկուլին վարքի բնորոշ կողմերից մեկը սեքսուալ սադիզմն է, որը համարվում է սեռական այլասերում։ Իսկ ինտիմ հարաբերություններում առկա մազոխիստական տենդենցները համարվում են հիպերֆեմինինային վարքի դրսևորումներ։

 

Փսիխոսեքսուալ զարգացման հաջորդ փուլը ընթանում է պատանեկության շրջանում, երբ օրգանիզմում սկսվում են սեռական հասունացմանը բնորոշ փոփոխություններ` սեռական հորմոնների բուռն արտադրության ֆոնի ներքո։

 

5. Գենիտալ փուլ – 12-18 տարեկան հասակն է։
Էրոգեն գոտին նույնպես, ինչպես ֆալիկ փուլի համար, սեռական օրգաններն են։

 

Սեռական հասունացման այս շրջանում գործի են դրվում շատ ուժգին հուզական գործընթացներ, որոնք ուղղված են էդիպյան բարդույթի դեմ։

 

Սկսած այս փուլից` անհատը պետք է լուծի իր առջև դրված մի մեծ խնդիր` հեռանալ ծնողներից, և միայն այդ խնդիրը լուծելով` նա կդադարի երեխա լինելուց և կդառնա հասարակության ինքնուրույն անդամ։ Որդու խնդիրն է իր սեքսուալ ցանկությունները անջատել մորից և ուղղել դեպի սիրո իրական ու օտար օբյեկտի ընտրություն, որպեսզի կարողանա հաշտվել հոր հետ, եթե նրա հետ թշնամական հարաբերությունների մեջ է կամ ազատվել նրա ճնշումից, եթե ինքը` որպես մանկական կախվածությանը տրվող պատասխան, ընկել է հոր իշխանության տակ։

 

Ծնողներից հեռացման խնդրի առաջին դրսևորումը հաճախ կոպիտ արհամարհանքի և ծնողներին անտեսման տեսքով է ի հայտ գալիս, ինչը առավել ուժգին է արտահայտվում հատկապես հակառակ սեռին պատկանող ծնողի նկատմամբ։ Սա հրապուրանքի մերժման և դրա հետ կապված կոնֆլիկտի լուծման ուղի է։

 

Հետաքրքիր է, որ հազվադեպ է հաջողվում այս խնդիրները լիարժեք, այսինքն` հոգեբանական ու սոցիալական տեսակետից ճիշտ լուծելը։
Նևրոտիկների համար նման լուծումն ընդհանրապես հասանելի չէ. Որդին իր ողջ կյանքում ենթակա է մնում հոր իշխանությանը և չի կարողանում իր լիբիդոն տեղափոխել դեպի որևէ օտար օբյեկտ։ Նույնը վերաբերում է նաև դստեր ճակատագրին։ Այս իմաստով էդիպյան բարդույթը Ֆրոյդը համարում է նևրոզների առանցքը։

 

Պատանեկության ավարտին անձը պետք է լուծած լինի էդիպյան վերածնված բարդույթի խնդիրը և անկախանա ծնողներից այնպես, որ հնարավոր լինի հասուն սոցիալիզացումը և հետերոսեքսուալ զույգի ընտրությունը։ Նա պետք է ձեռք բերած լինի բավարար ինքնաճանաչում և ապահովվածության զգացում սեփական և ուրիշների մարմնի նկատմամբ, սկսի ներգրավվել միջանձնային հարաբերություններում։

 

Սեռական հակման իրականացման դժվարությունները զարգացման նախորդ փուլերին վերադառնալու միտման պատճառ են հանդիսանում։

 

Ըստ Ֆրոյդի, գենիտալ փուլում հնարավոր է երկու տիպի սեքսուալության ձևավորում` հոգեկան հոմոսեքսուալիզմ և նարցիսիզմ։ Հոգեկան հոմոսեքսուալիզմը օրիենտացիայի խանգարում չէ, այլ այնպիսի վարքի ձևավորում, որի դեպքում հակառակ սեռի հանդեպ լիբիդոն փոխարինվում է հոգեկան մտերիմ կապվածության իր սեռի ներկայացուցչի հետ։ Այսպիսի մարդիկ գերադասում են շփումներ ունենալ իրենց սեռի ներկայացուցիչների միջավայրում։ Նարցիսիզմը արտահայտվում է նրանով, որ սեքսուալ էներգիան ուղղված է սեփական անձին։ Այսպիսի մարդիկ ինքնահավան են և ողջ ուշադրությունը կենտրոնացնում են իրենց հոգեկան ապրումների վրա։

 

Ըստ Վասիլչենկոյի, 12-18 տարեկանը պուբերտատի շրջանն է, որը համապատասխանում է հոգեսեռական զարգացման 3-րդ` հոգեսեռական կողմնորոշման ձևավորման շրջանին։

 

Ինչպես հայտնի է, այս շրջանին բնորոշ են հոգեկան և վարքային կտրուկ փոփոխությունները (պուբերտատային կրիզ), որոնք հետևանք են սեռական հորմոնների աճող քանակության։ Ընդ որում, միանգամայն անսպասելի ի հայտ եկած անհասկանալի ապրումները ժամանակային առումով առաջ են ընկնում մարմնական փոփոխություններից, և դրա հետևանքով առաջանում է շփոթմունքի և մոլորության զգացում, ինչով և բացատրվում է անձի տարօրինակ վարքը։ Նույնիսկ, երբ մարմնական արտաքին փոփոխությունները սկսում են ի հայտ գալ, դեռահասն իրեն շարունակում է զգալ երեխա և ոչ չափահաս։ Նա դեռ պատրաստ չէ տեղափոխվելու հասուն մարդկանց հասարակական միջավայր և իրեն օտար է զգում աշխարհում։

 

Այս տարիքում, հատկապես տղաների մոտ նկատվում է ձեռնաշարժության հաճախացում, հոմոէրոտիկ խաղերը դառնում են սեքսուալության բացահայտման ամենահաճախ հանդիպող ձևը։ Ի դեպ, այս տարիքում հոմոէրոտիզմը զարգացման նորմալ ընթացքի դրսևորում է։ Սեռական հորմոնների բարձրացող ալիքը պահանջում է բավարարում, սակայն այս տարիքում տղայի հոգեկանը դեռ պատրաստ չէ դիմակայելու հետերոսեքսուալ շփման հուզական վտանգներին։ Մարմնական փոփոխությունների և աճող սեռական հակման հետ կապված ապրումները ավելի հեշտ է կիսել իր սեռին պատկանող մտերիմ ընկերոջ հետ։

 

Պուբերտատի տարիքը կարող է տատանվել միջինից մեկ-երկու տարի այս կամ այն կողմ՝ ավելի վաղ կամ ավելի ուշ հասակ։ Ակնհայտ վաղ կամ նշանակալիորեն ուշ սեռական հասունացումը հղի է սուր հուզական խանգարման առաջացման վտանգով և կարող է բացասաբար անդրադառնալ սեռական ինքնագնահատականի և ինքնավստահության վրա։

 

sexology.am

 

Ձեռնաշարժությունը մնում է սեռական ակտիվության հիմնական ձևը, հատկապես տղաների մոտ, չնայած նրանցից շատերը կարող են արդեն ունենալ սեռական հարաբերության փորձ։

 

Շատ քչերն առաջին սեռական հարաբերությունն ունենում են 12-13 տարեկանում։ Քանի որ մեր հասարակությունը ավելի հանդուրժող է տղամարդկանց սեքսուալության դրսևորման նկատմամբ, այդ պատճառով տղաների տարիքը, որում նրանք սկսում են սեռական ակտիվություն ցուցաբերել, ավելի ցածր է աղջիկների այդ տարիքից։

 

Պետք է նշել, որ դեռահասի սեռական ակտիվությունը բնական է և հակառակ գրականության տվյալների և հասարակական մտքի մեջ իշխող տեսակետների, այդ տարիքում սեռական կյանքի վտանգավորության վերաբերյալ ակնհայտ ապացույցներ չկան։ Խնդրի ամբողջ էությունը այն է, որ դեռահասը պարզապես քիչ է մտածում սեռական կյանքի հնարավոր անցանկալի հետևանքների մասին, ինչպիսիք են սեռավարակները և անցանկալի հղիությունը։ Եթե դրանք ավելի լուրջ դիտարկվեն և հաշվի առնվեն դեռահասի կողմից, ապա սեռական կյանքը ինքնին ոչ մի վտանգ չի պարունակի դեռահասի անձի զարգացման և կայացման գործընթացում։

 

Ընդհանուր առմամբ վերացական մտածողությունը նորմայում ամբողջապես դրսևորվում է մոտավորապես 14 տարեկանում։ Մինչև ուղեղի այս ֆունկցիայի հասունացումը անձը ի վիճակի չէ ինտիմ հարաբերության և նվիրումի, հնարավոր հետևանքների կանխատեսման, ապագայի պլանավորման։ Ինչևիցե, այս տարիքում ճանաչողական հասունությանը հասնելու հնարավորությունը դեռևս չի նշանակում, որ բոլոր դեռահասները հասնում են դրան։ Ավելին, շատերը նույնիսկ ընդհանրապես չեն անցնում առարկայական մտածողության սահմանը։ Ճանաչողական և հուզական հասունության ուշացումը բերում է սեռական փոխազդեցություններում ինքնակենտրոնացման պահպանմանը և սեռական հակումը ծնողներից դեպի օտար սեքսուալ օբյեկտ ուղղելու անհնարինությանը։ Այսպիսի դեպքերում սեռական ակտիվությունը կենտրոնացած է սեփական անձի շուրջը, ընդ որում` ամենից շատ կարևորվում է անմիջական զգացողությունը։

 

Վասիլչենկոյի առաջարկած հաջորդ երկու շրջանները Ֆրոյդի կողմից դիտարկվում են որպես գենիտալ փուլի ուշ դրսևորումներ, որոնք կներկայացնենք համատեղ կոնտեքստով։

 

6. Սեքսուալության անցումային շրջան (16-25 տարեկան)
Եթե պատանեկությունը համարվում է բացահայտումների շրջան, ապա երիտասարդության տարիները ավելի մեծ հնարավորություններ են տալիս սեքսուալ փորձարկումների համար։ Սակայն, մյուս կողմից, հոգեկան զարգացումը դեպի հասունություն, բերում է ես-ի արժեքային համակարգի, հետաքրքրությունների բյուրեղացման, և պատանեկության ընթացքում ձեռք բերված սեքսուալ փորձը կարող է համարվել բավարար։ ՈՒստի երիտասարդության տարիներին անձի սեքսուալ փորձարկումների քանակը կարող է նվազել։

 

Այս տարիքային ժամանակահատվածում աճում է կանանց սեռական ակտիվությունը, և մինչամուսնական սեռական կապերի թվի տարբերությունը այժմ տղամարդկանց և կանանց մոտ այնքան էլ մեծ չէ։

 

Հասուն անձի սեքսուալությանը բնորոշ է քնքշանքի և սեռական սիրո համատեղումն ու կենտրոնացումը միևնույն անձի շուրջ (պարտադիր չէ միայն մեկ անձի` ամբողջ կյանքի ընթացքում)։ Այսպիսի միաձուլումը, որը ապահովում է երկարատև և կայուն միջանձնային հարաբերություններ, հնարավոր է դեռահասի սեռական զարգացման բարեհաջող ընթացքի և վաղ սեռական փորձի հաջողության պարագայում։

 

7. Հասուն սեքսուալություն (25-45 տարեկան)
Հասուն սեքսուալությունը ներդաշնակորեն պետք է լրացվի սիրո վեհ գաղափարներով։ Ամուսնությունը և ծնողական դերի ստանձնումը միայն երկու տարբեր ուղիներ են, որոնց միջոցով կարող է շարունակվել 25-45 տարեկան անձի սեքսուալության դրսևորումը։ Չկա ենթադրություն, որ ամուսնությունը սեքսուալության արտահայտման միակ բարերար կամ ամենաառողջ տարբերակն է։ Չկա փաստարկ, որ ամուսնացած և ծնող դարձած մարդիկ ավելի առողջ են, քան չամուսնացածները կամ երեխա չունեցողները։ Սեքսուալության զարգացումը հնարավոր է ինչպես ամուսնության շրջանակներում, այնպես էլ ամուսնությունից դուրս։ Այս երկուսի միջև տարբերությունը միայն որակական է։

 

Ամուսնությունը զույգի օրինական կապն է, որը հնարավորություն է ստեղծում զարգացնելու սեքսուալությունը զույգի համագործակցության միջոցով, այնինչ, երբ անձը մենակ է, գործի են դրվում միայն նրա անհատական ջանքերը։ Ամուսնությունը նաև հնարավորություն է ստեղծում լուծելու չգիտակցված սեռական մեղքի մնացորդային հետքերը՝ կապված սեքսուալության դրսևորման պատճառով ծնողներից ստացած նախատինքի, կշտամբանքի հետ։ Ամուսինը կամ կինը զբաղեցնում են հակառակ սեռի ծնողի դերը։ Ամուսիններից մեկի հաճույքը սիրախաղի, սեռական հարաբերության, սեքսուալության տարբեր դրսևորումների ժամանակ կարող է խթանել մեղքի զգացումից զերծ սեռական հաճույքի զգացողություն մյուսի մոտ։ Ամուսնական ինտիմ մթնոլորտը, տրամադրության պարբերական տատանումները և ֆիզիոլոգիական փոփոխությունները, որին ականատես են լինում ամուսինները, կարող են փարատել տագնապահարույց առեղծվածը, որ հյուսված է հակառակ սեռի շուրջ։

 

Ծնողական դերի ստանձնումը նույնպես ունի այն հզոր ուժը, որ կարող է լուծել մնացորդային չգիտակցված սեռական կոնֆլիկտները և նպաստել սեքսուալության հետագա զարգացմանը։ Հղիությունը կնոջ մոտ բացում է սեփական մոր հետ նույնացման նոր հորիզոն։ Ամուսնու համար այդ հղիությունը նպաստում է ինչպես մոր, այնպես էլ հոր հետ նույնացմանը նոր մակարդակում, քանի որ զարգացման վաղ փուլերում մոր հետ նույնացումը ներառում է վերջինիս կերակրող դերը։ Հղիությունը խթանում է կնոջ մայրության զգացումը և զգալիորեն լայնացնում նրա` նախկինում աղոտ ներքին սեքսուալության գիտակցությունը, որոնք հնարավորություն են տալիս այն նորովի գնահատելու։

 

Երեխայի ծնունդը ամուսիններին դարձնում է հայր և մայր, ինչը էլ ավելի ամրապնդում է սեփական ծնողների հետ նույնացումը։ Կինը ձեռք է բերում ֆունկցիոնալ նույնություն մոր հետ, տղամարդը` սեքսուալ հավասարություն հոր հետ։ Այս նույնացումները կրում են երկակի իմաստ. այն կարող է նպաստել ինչպես սեռական խանգարման առաջացմանը, այնպես էլ դրա հետ զարգացմանը։ Ամուսինը, որ արդեն ծնող է, կարող է հուզապես նպաստել մեղքի նվազմանը և խթանել սեռական հաճույքի առաջացումը։ Մյուս կողմից, ծնող դառնալը կարող է վերստին արթնացնել չլուծված էդիպյան բարդույթը և պատճառ հանդիսանալ սեռական ֆունկցիայի արգելակման, եթե ամուսինը անգիտակից կերպով նույնացվում է սեռական տաբու հանդիսացող ծնողի հետ։

 

Ծնողներն իրենց նույնացնում են նաև իրենց երեխաների հետ և շարունակում այդ նույնացումը երեխայի աճին զուգընթաց։ Զարգացման յուրաքանչյուր փուլում երեխան ծնողի մոտ արթնացնում է հույզեր, զարգացմանը առնչվող խնդիրներ և այլևայլ մնացորդային կոնֆլիկտներ, որոնք այդ տարիքում տեղ են գտել ծնողի կյանքում։ Իհարկե, այդ արթնացումներին ծնողը պատասխանում է ոչ այնպես, ինչպես առաջին անգամ, երբ երեխա էր, այլ արդեն իբրև հասուն անձ, որի եսը ընդունակ է հարմարման և առավել ճկուն վերաբերմունքի։

 

Երեխայի աճող սեռական ակտիվությունը էդիպյան բարդույթի փուլում հարկադրում է շատ ծնողների վերանայել իրենց վերաբերմունքը երեխաների և իրենց սեփական սեքսուալ դրսևորումների նկատմամբ, օրինակ` ինչպիսին է ձեռնաշարժության իրավունքը։

 

Այն տղամարդը, ում հայրը ֆիզիկապես խուսափել է իրենից, թերևս զգուշանալով, որ նմանատիպ վարքը իր մեջ պարունակում է հոմոսեքսուալիզմի երանգներ, կարող է հայտնաբերել, թե որքան բնական է հայր-որդի կապվածությունը, և որքան անհիմն` այդ կապվածության վերաբերյալ տագնապի զգացումը։

 

Ծնողների համար փորձություններով հատկապես լեցուն է իրենց զավակների պատանեկության շրջանը։ Այն ծնողները, ովքեր ունեն բավարար ճկունություն լսելու իրենց դեռահաս զավակների հարցերը, ընդունելու առաջադրվող մարտահրավերները և քննարկելու դրանք
անկեղծորեն և հարգանքով, կարող են նույնքան օգուտ քաղել դրանից, որքան և իրենց զավակները։ Նրանք կարող են բացահայտել, որ նախկինում հարցեր չառաջացնող իրենց արժեքները բաց են այլընտրանքային հնարավորությունների առաջ, և իրենց սեքսուալ ինքնությունը կարող է շատ ավելի հարուստ լինել։

 

Սերնդափոխությունը անխուսափելի է յուրաքանչյուր ընտանիքում, բայց շատերը դա ցավագին են ընդունում։ Ոչ բոլոր ծնողներն են կորցրած լինում իրենց սեռական գրավչությունը և էներգիան, երբ իրենց զավակները դառնում են սեռահասուն երիտասարդներ։ Սակայն անհերքելի է, որ ծնողների սեքսուալ այդ գրավչությունը դատապարտված է հետզհետե խամրելու, իսկ վերարտադրողական ներուժն էլ անհամեմատ ցածր է, քան երիտասարդ զավակներինը։ Սերնդափոխության անխուսափելիությունը այս տարիքից սկսած գիտակցվում և դառնում է հուզող խնդիր։ Հոգեսեռապես ոչ հասուն անձանց մոտ և սեռական կյանքի ոչ լրիվ ու անլիարժեք դրսևորման դեպքում այս խնդիրը կարող է մեծ անհանգստություն պատճառել։ Ինչևիցե, զավակի աճող սեքսուալ անկախությունը ենթադրում է ավելի մեծ սեռական ազատություն և սեռական հաճույքի զգացողություն։ Այդ պարագայում շատ ծնողներ շահում են ավելի ազատ ժամանակ և մենակ մնալու հնարավորություն, քան ի վիճակի էին նախկինում, երբ երեխան փոքր էր։ Եթե նրանք ժամանակին կառուցել են առողջ միջանձնային հարաբերություններ և հնարավորություն ունեցել կուտակելու հարուստ սեքսուալ փորձառություն, ապա նրանք լայն հնարավորություն ունեն իրենց փորձը գործնականումկիրառելու, մինչդեռ դեռահասները, չնայած իրենց համառ փորձերին` սեքսուալ մեծ ձեռքբերումների հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։

 

8. Սեքսուալության շրջան
Այս շրջանում կենսաբանական փոփոխությունները բերում են սեռական ֆունկցիայի նվազման և հուզական պատասխանների փոխակերպման։

 

Մեր հասարակությունը եղել և մինչ օրս էլ շարունակում է անհանդուրժող մնալ ծերունական տարիքի մարդկանց սեքսուալ դրսևորումների նկատմամբ։ Ավանդաբար համարվում է, որ սեքսուալ ակտիվությունը ընդունելի է միայն վերարտադրողական տարիքում գտնվող ամուսնական զույգերի համար։ Այս մտայնության հետևանքով ծերունական տարիքի անձանց հոգեսեռական զարգացմանը գիտական ճանաչողության տեսակետից բավարար ուշադրություն չի դարձվել։

 

Ֆերտիլության նվազումը և դաշտանադադարը տարբեր կերպ են մեկնաբանվում կանանց կողմից։ Սա կնոջ կյանքում կարող է լինել բավական ծանր ժամանակաշրջան` հաճախ ուղեկցվելով ծանր դեպրեսիաների և նույնիսկ փսիխոտիկ խանգարումների առաջացմամբ։
Այս առումով առավել խոցելի են հատկապես այն կանայք, ովքերհուզական կոնֆլիկտներ ունեն հղիության կամ երեխայի խնամքի հետկապված կամ ցանկացել, բայց չեն կարողացել մայրանալ։ Այդպիսի կանանց ինքնագնահատականը սերտորեն կապված է մանկածնման կարողության հետ։ Հորմոնալ փոփոխությունները կարող են բերել ոչ հաճելի ֆիզիկական զգացողությունների, հեշտոցային փոփոխությունների, որոնք հանգեցնում են սեքսուալ զգայունակության իջեցման։

 

Տղամարդու օրգանիզմում տեղի չեն ունենում դաշտանադադարին համեմատելի ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Ֆերտիլության և սեքսուալ ֆունկցիայի նվազումը տղամարդու մոտ միայն տարիքային գործոնով չեն պայմանավորված։ Հայրության դեպքեր գրանցվել են նույնիսկ 80-90 տարեկան հասակում։ Թեև համարյա բոլոր հեղինակավոր հետազոտողները վկայում են այս տարիքում տեստոստերոնի մակարդակի նվազման մասին, այնուամենայնիվ այդ նվազման և հայրության ֆունկցիայի միջև ուղղակի կապ չի արձանագրվել։ Չնայած այս փաստարկներին, շատ տղամարդիկ իրենց միջին տարիքում ընկնում են դեպրեսիայի մեջ կամ խուճապի են մատնվում երևակայական սեռական անկարողության կապակցությամբ և նետվում են սեռական արկածների մեջ` վերաինքնահաստատման նպատակով փնտրելով նոր ամուսնություններ։

 

Կնոջ միջին տարիների կենսաբանական փոփոխությունները հզոր խթան են հետագա հոգեսեռական զարգացման համար։ Այն կանայք, ովքեր դեմ են հակաբեղմնավորիչների կիրառմանը, դաշտանադադարը կարող են ընկալել որպես գերազանց հնարավորություն` առանց հղիանալու վախի սեռական հարաբերությունների համար, ինչը կարող է մեծապես նպաստել լիարժեք սեքսուալ հաճույք ստանալուն։ Քանի որ այս տարիքը համընկնում է ակտիվ ծնողական դերի ավարտի հետ, այն մեծահասակներին նոր հնարավորություն է ընձեռում հաճույքի փոխանակման, իսկ կնոջը` աշխատանքային կարիերայի կառուցման համար։ Հարստացած ինքնահարգանքը, որ հետևանք է անձնական և սոցիալական ներդրման, լավագույն հակակշիռն են դեպրեսիայի առաջացման և, հետևաբար` սեքսուալ ակտիվության նվազման։

 

Ինչպես արդեն ասվեց, եթե որևէ սպեցիֆիկ հիվանդություն չի գրանցվել, ապա միայն տարիքը բավարար գործոն չէ տղամարդու մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման համար։ Ինչևիցե, այս տարիքում սեռական գրգռումը և հեշտանքը ձգձգվում են, ռեֆրակտեր շրջանի տևողությունը երկարում է, էյակուլյացիայի ուժգնությունը նվազում և անգամ կարող է որոշակի սեռական ցիկլերի ընթացքում ընդհանրապես բացակայել։ Վերոնշյալ փոփոխությունները տղամարդու կողմից կարող են սխալ մեկնաբանվել՝ իբրև նվազող վիրիլության նշաններ, թեև այլ տեսանկյունից նայելով` տղամարդը կարող է մեծ օգուտ քաղել դրանից։

 

Հոգեսեռական զարգացման ամենադրամատիկ օրինակներից մեկը, որկարող է տեղ գտնել միջին տարիքում` սեռապես անհամապատասխան զույգի լուծարումն է։ Շատ զույգեր՝ համարելով, որ ընտանիքի ամբողջականությունը անհրաժեշտ է երեխաների առողջ մանկության համար, հանուն դրա չեն բաժանվում և վարում են անձնական երջանկությունից զուրկ ամուսնական կյանք։ Սրանք այն
անհամապատասխան ամուսիններն են, որոնք ապարդյուն փորձեր են կատարել միջանձնային հարաբերությունները շտկելու։ Նրանցից յուրաքանչյուրը ունակ է սեռական բավարարման այլ զուգընկերոջ հետ, և երբ նրանց զավակները հասնում են ինքնուրույնության, նրանք բաժանվում են իրարից և կյանքի մնացած տարիները նվիրում նոր զուգընկերոջ հետ միասին երջանկություն կառուցելուն։

 

Հոգեսեռական զարգացման տեմպի խանգարումներ

 

Հոգեսեռական զարգացման տեմպի խանգարումները ընդգրկում են հոգեսեռական զարգացման արագացումները և հապաղումները։ Արդյունքում, մարմնասեռական զարգացման փուլի համեմատ հոգեսեռական զարգացումըլինում է վաղաժամ կամ ուշացած։ Հնարավոր են նաև մարմնասեռական զարգացման տեմպային խանգարումներ և դրանց զուգակցում հոգեսեռական զարգացման տեմպային խանգարումների հետ։ Այս դեպքում խոսքը բարդ խանգարումների մասին է։ Բարդ խանգարման օրինակ կարող է ծառայել վաղ սոմատոսեքսուալ և ուշացած փսիխոսեքսուալ զարգացման համակցությունը։ Հոգեսեռական զարգացման խանգարումները պայմանավորված են սոմատոգեն, փսիխոգեն և սոցիոգեն գործոններով։ Դրանք լինում են պարզ և համակցված։ Պարզ են համարվում այնպիսի խանգարումները, որոնք պայմանավորված են մեկ գործոնով , համակցված` 2-3 գործոնով։ Օրինակ` շիզոիդ անձ, որը ստացել է գերդաստիարակություն։ Այստեղ համակցված են սոցիոգեն և փսիխոգեն գործոնները։

 

Վաղաժամ հոգեսեռական զարգացում

 

Վաղաժամ հոգեսեռական զարգացումը (ՎՀԶ) կարող է պայմանավորված լինել սոմատոգեն, փսիխոգեն և սոցիոգեն գործոններով։

 

Սոմատոգեն գործոններից է բնածին կամ վաղ մանկական հասակում ուղեղի համապատասխան կառույցների ախտահարումը, որը բերում է գենիտալ ռեակցիաների համար պատասխանատու նյարդային վերջույթների գրգռականության շեմի իջեցմանը։ Վերջինս նպաստում է հոգեկան և սոցիալ գործոնների նկատմամբ զգայունության բարձրացմանը։

 

Փսիխոգեն գործոններից առավել մեծ նշանակություն ունեն կորիզային փսիխոպաթիաները (էպիլեպտոիդ) և էնդոգեն հոգեկան խանգարումները (շիզոֆրենիա, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ), որոնց ժամանակ հոգեկան զարգացման առանձնահատկությունները բերում են վաղ տարիքում սեռական ոլորտի հանդեպ հետաքրքրվածության։

 

Սոցիոգեն ՎՀԶ-ի կարող են հանգեցնել դեռահասների և մեծահասակների կողմից երեխաների սեռական պղծումը և այլասերումը։ Դեռահասները սեռական ոտնձգության նպատակին հասնում են դիմելով սպառնալիքի, ահաբեկման, անգամ` բռնության։ Հասուն տարիքի սեռական բռնարարները, որոնք որպես կանոն ունեն սեռական այս կամ այն այլասերումը, շահադիտորեն օգտագործում են մանկական հետաքրքրասիրությունը։

 

Վաղաժամ հոգեսեռական զարգացմանը բնորոշ է սեքսուալության վաղ ձևավորումը, ընդ որում` առաջին հերթին դրսևորվում է սեռական հակումը։

 

Սոցիոգեն ՎՀԶ-ների ժամանակ սեռական բռնարարի կողմից կիրառվող էրոգեն գրգիռը զոհի համար իսկապես կարող է դառնալ հաճույքի աղբյուր, որը նպաստում է սեռական ցանկության վաղաժամ արթնացմանը։ Արդեն 5-10 տարեկանում ի հայտ են գալիս սեքսուալ երևակայություններ, որոնց բովանդակությունը կրում է այս տարիքի հոգեկան և հոգեսեռական զարգացմանը համապատասխան տարրեր։ Չունենալով սոմատիկ հենք (փսիխոսեքսուալ զարգացումը առաջ է ընկնում սոմատոսեքսուալ զարգացումից), երեխաները դիմում են սեքսուալ ակտիվության այլընտրանքային ձևերին՝ օգտագործելով իրենց սեռական երևակայությունները։ Քանի որ այս տարիքում ձևավորվում է սեռադերային վարքը, սեռական հակման ռեալիզացիայի այլընտրանքային ձևերը միահյուսվում են սեռային դերի հետ։ Ի վերջո ձևավորվում է ձևախեղված սեռականություն՝ սեռական նախընտրության և/կամ կողմնորոշման խանգարումներով։


Հոգեսեռական զարգացման հապաղումներ և ուշացումներ

 

Հոգեսեռական զարգացման (ՀԶ) հապաղումը, որը բերում է ՀԶ ուշացման, ինչպես և ՀԶ արագացումը կարող է պայմանավորված լինել սոմատոգեն, փսիխոգեն և սոցիոգեն գործոններով։


ՀԶ սոմատոգեն հապաղման գործոններից առավել հաճախ հանդիպում են էնդոկրին համակարգի խանգարումները, որոնցով պայմանավորված հոգեսեռական զարգացման հապաղումները ավելի ծանր ընթացք ունեն և դժվարությամբ են բուժվում։ Ծանր էնդոկրին խանգարումները կարող են հանգեցնել անձի հոգեկան զարգացման ընթացքում սեքսուալությանը վերաբերող բոլոր բաղադրիչների բացակայության, ընդհուպ մինչև` ասեքսուալության։


ՀԶ փսիխոգեն հապաղումները կարող են կապված լինել հոգեկան զարգացման ընդհանուր խանգարման հետ կամ էլ հանդես գալ ինքնուրույն` հոգեկան մյուս բաղադրիչների լիարժեք զարգացման ֆոնի վրա։ Այս դեպքում ընդհանուր ֆիզիկական և մարմնասեռական զարգացումը համապատասխանում է տարիքային նորմերին։ ՀԶ փսիխոգեն հապաղումները հաճախ պայմանավորված են փսիխոպաթիաներով և անձի ախտաբանական զարգացմամբ` հիմնականում ասթենիկ, փսիխասթենիկ, հիստերոիդ, շիզոիդ տիպերով։ Փսիխոպաթիան արգելակող ազդեցություն է ունենում սեքսուալության զարգացման ամբողջ ընթացքի վրա` սկսած սեռադերային վարքի ձևավորումից, մինչև սեքսուալ կողմնորոշման և նախընտրությունների կայացումը։


Վերը նշված փսիխոպաթիաների տիպերին, բացի հիստերոիդ տիպից, բնորոշ են բնավորության հետևյալ գծերը` ամաչկոտություն, ամոթխածություն, նեղացկոտություն, ինքնամփոփություն, որոնք նպաստում են հաղորդակցման (շփվողականության) խանգարմանը, իսկ էմոցիոնալ  յուրազգացությունը, վառ երևակայության հակվածությունը և թուլակամությունը դրան ավելացնում են նաև սեռական ակտիվության այլընտրանքային ձևերին դիմելու մղումը։

 

Հիստերոիդ փսիխոպաթիայի ժամանակ արտահայտված էմոցիոնալ դյուրազգացությունը, վառ արտահայտված երևակայությունը և հավակնությունների բարձր մակարդակը սովորաբար անձի մոտ հանգեցնում են սեքսուալության զարգացման բոլոր փուլերում իրականությունից կտրված դիրքորոշումների ձևավորման։ Նմանատիպ ոչ ռեալ դիրքորոշումների իրականացումը ռեալ կյանքում բերում է ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների։ Դրսևորվում է սեքսուալ զուգընկերոջը մշտապես փոխելու ցանկություն։ Սոցիալական խմբում «ավելորդության» զգացողությունը խանգարում է նրա միջանձնային հարաբերություններին, որն էլ բերում է նրա սոցիալական մեկուսացմանը, նոր ընկերական խմբերում ճանաչում գտնելու անդադար ձգտմանը։

 

Հաղորդակցության խանգարումները առավել արտահայտված են էնդոգեն հոգեկան խանգարումների ժամանակ և կարող են անգամ բերել լրիվ մեկուսացման։ Նման դեպքերում սեքսուալության ձևավորման ժամանակ կարող են դուրս մնալ ոչ միայն ենթափուլեր, այլև ամբողջական փուլեր։

 

ՀԶ սոցիոգեն հապաղումները հիմնականում սխալ սեռական դաստիարակության հետևանք են` ուղղված սեքսուալության արժեզրկմանը։
Ծնողների կողմից մշտական հսկողությունը երեխաների հանդեպ՝ միջամտությունը ընկերների ընտրության հարցում, երբեմն նույնիսկ մեկուսացումը հասակակիցներից, բացասական վերաբերմունքը դեպի սեռական դրսևորումները և այլն, առաջացնում է փսիխոսեքսուալ զարգացման փուլային անցումների խանգարումներ։

 

Սեռային ինքնագիտակցության և սեռադերային վարքի ձևավորման շրջաններում ՀԶ ուշացումը հիմնականում աննկատ է մնում։ Երեխաների մոտ սեռի հետ կապված հետաքրքրության և սեռադերային խաղերի բացակայությունը ծնողների և մանկավարժների կողմից գնահատվում են որպես «ճիշտ» դաստիարակության ցուցանիշ։

 

ՈՒշացած ՀԶ-ները ավելի նկատելի են դառնում պուբերտատ շրջանում։ Սեռադերային խաղերը, որոնք յուրահատուկ են 5-7 տարեկան երեխաներին, տեղափոխվում են դպրոցական տարիք։ Ժամանակին չխաղացված խաղերը այժմ զբաղեցնում են դպրոցականի ողջ ազատ ժամանակը։ Մի կողմից դա ունի դրական նշանակություն, քանի որ լրացնում է սեռադերային վարքի ձևավորման բացը, մյուս կողմից, սակայն, պարունակում է որոշակի վտանգ։ Այդ խաղերը այժմ խաղացվում են իմացական ավելի բարձր մակարդակի վրա, և եթե դրան միանում է հորմոնալ ֆոնի պուբերտատային գրոհը, ապա կարող են դիտվել սեռական հակման բավարարման ձևի խեղաթյուրումներ։

 

ՀԶ հապաղումը լիբիդոյի ձևավորման շրջանում դրսևորվում է պլատոնիկ կամ էրոտիկ փուլում լիբիդոյի սևեռման ձևով։ Ընդ որում, լիբիդոն ռեալիզացվում է մի փուլում, մինչդեռ սեքսուալ երևակայությունները ընդգրկում են հաջորդ փուլի տարրերը։ Լիբիդոյի սևեռումները հատկապես էրոտիկ փուլում լի են սեռական նախընտրությունների և կողմնորոշման խանգարման վտանգով։

 

ՀԶ ուշացումները սեռադերային վարքի ձևավորման շրջանում բերում են հակառակ սեռի հետ շփման խնդիրների։ Շփման և հաղորդակցման հմտությունների բացակայությունը, որոնք հոգեսեռական զարգացման վաղ փուլերի արդյունք են, իրենց ազդեցությունն են թողնում պլատոնիկ շրջանի դրսևորման վրա, ինչպես նաև բացասաբար անդրադառնում վերջինիս ներդաշնակ անցմանը էրոտիկ փուլին, իսկ հետագայում` սեքսուալ մերձեցմանը։ Հակառակ սեռի հետ շփման կարողությունների բացակայության հետևանքով սեռական ակտը, որպես կանոն, ավարտվում է անհաջողությամբ, ավելի խորացնելով սեռական թերարժեքության զգացումը։

 

Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Աղբյուր. sexology.am
Լուսանկարը. medvestnik.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
9 հետաքրքիր փաստ՝ սպերմատոզոիդների մասին. news.am
9 հետաքրքիր փաստ՝ սպերմատոզոիդների մասին. news.am

Սպերմատոզոիդները սովորաբար մինչեւ 40 տարեկան տղամարդկանց մոտ են առողջությամբ փայլում: Այն էլ՝ երբ տղամարդը զերծ է նիկոտինի, ճարպերով հարուստ սննդակարգի եւ աղտոտված միջավայրի...

5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...

Սեռական կյանք ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ԿԻՆ: Ինտիմ
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com

Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ