Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Փափուկ հյուսվածքների վնասվածքներ

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են պատահում փափուկ հյուսվածքների տարբեր տեսակի վնասվածքներ։ Փափուկ հյուսվածքների վնասվածքներ առավել հաճախ ստանում են փոքր տարիքի երեխաները։ Չափահասները նույնպես կարող են ստանալ փափուկ հյուսվածքների վնասվածքներ աշխատանքի ժամանակ, սպորտով զբաղվելիս և այլն։ Բարեբախտաբար, այս վնասվածքները մեծամասամբ փոքր են լինում և առանձնահատուկ վտանգ չեն ներկայացնում։ Սակայն հնարավոր են նաև լուրջ վնասվածքներ, որոնք պահանջում են շտապ բժշկական միջամտություն։

Փափուկ հյուսվածքները կազմված են մաշկից, ենթամաշկային բջջանքից, մկաններից ու ջլերից։ Դրանք բոլորը պաշտպանում են խորանիստ հյուսվածքները։

Փափուկ հյուսվածքների վնասվածքները լինում են փակ և բաց։ Վերջիններս սովորաբար անվանվում են վերքեր։

 

ՓԱՓՈՒԿ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՓԱԿ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ


Փակ վնասվածքը փափուկ հյուսվածքների վնասումն է՝ առանց մաշկի ամբողջականության խախտման; Ամենահասարակ փակ վնասվածքը արյունազեղումն է, որի ժամանակ ոչ ուժեղ հարվածի հետևանքով մաշկի տակ վնասվում են մազանոթները։ Կուտակված արյան պատճառով հարվածի տեղում փոխվում է մաշկի գույնը, առաջանում է այտուց և կապտուկ։ Անմիջապես հարվածից հետո վնասվածքի տեղը կարմրում և այտուցվում է։ Որոշ ժամանակ անց մաշկն այդ տեղում դառնում է մուգ կարմիր կամ մանուշակագույն, այտուցը մեծանում է։ Մի քանի օր անց մաշկի գույնը դառնում է կապտականաչավուն, ապա՝ դեղին։ Այտուցը գնալով նվազում է։ Շատ ուժեղ հարվածի դեպքում կարող են վնասվել ավելի խորանիստ հյուսվածքները, խոշոր անոթները՝ հյուսվածքների միջև առաջացնելով արյան կուտակում՝ հեմատոմա։ Դա ներքին արյունահոսության ձևերից մեկն է (տե'ս "ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ")։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


  • Դադարեցրեք արյունահոսությունը և նվազեցրեք այտուցն ու ցավը։ Դրա համար՝
  • Բարձրացրեք վնասված մասը։
  • Սահմանափակեք վնասված մասի շարժումները։
  • Սառեցրեք վնասված մասը։ Վնասվածքը ստանալու պահից սկսած 24-48 ժամվա ընթացքում սառեցրեք վնասված մասը՝ դնելով սառը թրջոցներ կամ սառցապարկեր։ Մաշկի և սառցապարկի միջև միշտ դրեք որևէ սրբիչ կամ գործվածքի կտոր;
  • Ահազանգեք շտապ օգնություն կամ անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե տուժածն ուժեղ ցավ է զգում, չի կարողանում շարժել վնասված մասը կամ երբ ենթադրում եք, որ վնասվածք առաջացնող պատճառը բավական լուրջ է։

 

Մի խաբվեք փակ վնասվածքների արտաքին տեսքով՝ դրանք որպես հասարակ կապտուկ ընդունելով, քանի որ հնարավոր է ներքին օրգանների կամ խորանիստ խոշոր արյունատար անոթների վնասում։

 

ՎԵՐՔԵՐ


Վերքը փափուկ հյուսվածքների վնասվածք է, որն ուղեկցվում է մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով։ Վերքերը վտանգավոր են վարակի ներթափանցման, արյունահոսության և ցավի պատճառով։ Անկախ վնասվածքի ծանրությունից, մաշկի ցանկացած բաց վնասվածք մուտքի դուռ է հանդիսանում ախտածին մանրէների ներթափանցման համար, քանի որ թե՛ մաշկի, թե՛ շրջակա բոլոր առարկաների վրա և օդում միշտ առկա են բազմաթիվ մանրէներ։ Այս ճանապարհով ներթափանցող վարակների ծանր ձևերից են փայտացումը և կատաղությունը (տե'ս "ՓԱՅՏԱՑՈՒՄ", "ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ")։ Փայտացման հարուցչի ներթափանցման վտանգը հատկապես մեծ է հողով աղտոտված, խորը և ջնջխված վերքերի դեպքում, իսկ կատաղությունը փոխանցվում է հիվանդ կենդանու կծելուց։ Նման վնասվածքներ ստանալուց անմիջապես հետո անհրաժեշտ է այդ հիվանդությունների դեմ պատվաստում ստանալ։

Արյունատար անոթների և նյարդերի վնասման հետևանքով վերքերն արյունահոսում են և ցավոտ են։ Արյունահոսության ուժգնությունը կախված է վնասված անոթների տեսակից ու չափերից։ Վերքից դուրս հոսող արյունը որոշ չափով օգնում է հեռացնել ախտածին մանրէները։ Երբեմն արտաքին արյունահոսությունը կարող է լինել աննշան, սակայն դա չի բացառում ուժեղ ներքին արյունահոսության հնարավորությունը։ Ցավի ուժգնությունը ևս միշտ չի արտացոլում վնասվածքի ծանրությունը։ Վերքերն ավելի ցավոտ են, եթե տեղակայված են հարուստ նյարդավորում ունեցող շրջաններում, օրինակ՝ դեմքի և պարանոցի, ձեռքի ափի կամ սեռական օրգանների շրջանում։

Ըստ վնասվածքի բնույթի, տարբերում են հետևյալ վերքերը՝ քերծվածք, ծակած, կտրած, պատռած, պոկած և ջնջխված վերքեր։

 

Քերծվածքը մաշկի և լորձաթաղանթների մակերեսային վնասվածքն է։ Մաշկի նյարդային վերջավորությունների վնասման և գրգռման պատճառով քերծվածքները հիմնականում ցավոտ են լինում։ Քերծվածքի դեպքում արյունահոսությունը հեշտությամբ դադարում է, քանի որ վնասվում են միայն մազանոթները։ Քերծվածք առաջացնող պայմաններն այնպիսին են, որ սովորաբար վնասված մաշկի մակերեսը մեծ է, և կեղտն ու մանրէները հեշտությամբ թափանցում են վերքի մեջ։ Լայնատարած քերծվածքների դեպքում կարող է պահանջվել բժշկական միջամտություն։

 

Ծակած վերքերը կետային, խորը, փոքր մակերես ունեցող վերքերն են։ Դրանք սովորաբար առաջանում են այնպիսի իրերից, ինչպիսիք են դանակը, սանդը, ապակու կտորները կամ կենդանու ճանկերը։ Մաշկի առաձգականության շնորհիվ արտաքինից վերքի բացվածքը հիմնականում շատ փոքր է և կարող է համարյա անտեսանելի լինել։ Արտաքին արյունահոսությունը հաճախ աննշան է, ոչ ուժեղ։ Ծակած վերքերի դեպքում մեծ է վարակման վտանգը։ Ծակած վերքերը հաճախ թափանցում են մարմնի այս կամ այն խոռոչը։ Այս առումով մեծ է ներքին արյունահոսության, ներքին օրգանների վնասման վտանգը։

 

Կտրած վերքերը հարթ եզրերով վերքերն են։ Դրանք սովորաբար առաջանում են այնպիսի իրերից, ինչպիսիք են դանակը, մկրատը, կոտրված ապակու կտորը և այլն։ Կտրած վերքի դեպքում շրջակա հյուսվածքները վնասված չեն։ Կտրած վերքերը սովորաբար առատ արյունահոսում են և ցավոտ են։

 

Պատռած վերքերը անհարթ եզրերով վերքերն են։ Կարող են առաջանալ ինչպես սուր, այնպես էլ բութ առարկաների հարվածից։ Պատռվածքը սովորաբար առաջանում է մարմնի այն մասերում, որտեղ ոսկրերը մաշկին մոտ են գտնվում, օրինակ՝ ճակատին, կզակի շրջանում, սրունքի առաջային մակերեսին և այլն։ Սրանք ևս հաճախ ուժեղ արյունահոսում են և ցավոտ են։ Սակայն, ի տարբերություն կտրած վերքի, պատռած վերքն ավելի դժվար է լավանում, և հետո կարող է կոպիտ սպի մնալ։

 

Պոկած վերքերը փափուկ հյուսվածքների հատվածի մասամբ կամ ամբողջովին պոկումով ուղեկցվող վերքերն են։ Կարող են առաջանալ ինչպես սուր, այնպես էլ բութ առարկաների հարվածից; Մասամբ պոկված հյուսվածքի կտորը լինում է մի մասով մարմնին կպած։ Այն կարող է անբնականորեն շրջված լինել։ Վերքից կախված հյուսվածքները մի՛ պոկեք։ Փորձեք դնել պոկված հյուսվածքի կտորները նախկին բնական դիրքով և, սեղմելով, վիրակապեք վերքը։ Պոկած վերքերը սովորաբար խորն են լինում և ուժեղ արյունահոսում են։

Ջնջխված վերքերը փափուկ հյուսվածքների տարածուն ճզմումով և վնասումով ուղեկցվող վերքերն են։ Ջնջխված վերքերն առաջանում են, երբ տուժածի վրա որևէ ծանր առարկա է ընկնում, օրինակ՝ շինության փլուզման կամ մեքենայի շրջվելու դեպքում։ Ջնջխված վերքերը հաճախ շատ ծանր են լինում, քանի որ փափուկ հյուսվածքների տարածուն վնասվածքները սովորաբար ուղեկցվում են ոսկրերի կոտրվածքներով կամ ներքին օրգանների վնասումով։ Հնարավորության դեպքում, պատահարից անմիջապես հետո, հեռացրեք ճնշող առարկան, սակայն արեք դա զգուշորեն, որպեսզի առարկան կրկին չընկնի տուժածի վրա։


Ըստ վերքի առաջացման պատճառների, տարբերում են նաև կծած և հրազենային վերքեր։

 

Կծած վերքերն առաջանում են կենդանիների և մարդու կծելուց։ Այս վերքերն աղտոտված են թքով և շատ վտանգավոր են վարակման տեսակետից:

 

Հրազենային վերքերը հրազենային գնդակից և բեկորներից առաջացած վերքերն են։ Դրանք կարող են լինել միջանցիկ (ունեն մուտքի և ելքի անցքեր) կամ կույր (ունեն միայն մուտքի անցք)։ Այս վնասվածքները հաճախ ուղեկցվում են ոսկրերի կոտրվածքներով և ներքին օրգանների տարածուն վնասմամբ։ Հատուկ ուշադրություն դարձրեք հրազենային վերքի ելքի անցքին, քանի որ այն շատ ավելի մեծ և վտանգավոր է լինում, քան մուտքինը։ Ականի պայթյունից առաջացած բեկորային վերքերը լինում են բազմաթիվ, արտաքին տեսքն անկանոն է։ Հրազենային վերքերի դեպքում մեծ է ուժեղ արտաքին և ներքին արյունահոսության վտանգը։

 

ՎԱՐԱԿԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ


Նույնիսկ փոքր վերքերի մշակման ժամանակ միշտ անհրաժեշտ է կատարել քայլեր՝ վարակի ներթափանցումը նվազեցնելու ուղղությամբ, որովհետև մանրէները կարող են մարդու մարմին ներթափանցել նույնիսկ ամենափոքր վերքով։ Առաջին օգնություն ցուցաբերելիս դուք պետք է պաշտպանեք վարակումից թե՛ տուժածին, թե՛ ձեզ։ Վերքը մշակելիս կատարեք հետևյալ գործողությունները,

 

  • Լվացեք ձեռքերն օճառով և ջրով` վերքը մշակելուց առաջ և հետո։
  • Խուսափեք վերքին անմիջական դիպչելուց։
  • Աշխատեք օգտվել ստերիլ ձեռնոցներից։ Ձեռնոցները հագնելուց հետո հետևեք, որ դրանք չկեղտոտվեն, ձեռք մի՛ տվեք այլ առարկաների։ Օգտագործված ձեռնոցները մի՛ փորձեք մաքրել կամ երկրորդ անգամ օգտագործել: Օգտագործած ձեռնոցները հանեք ներսի մակերեսից բռնած և շրջեք հակառակ երեսով, գցեք հատուկ առանձնացված աղբատուփի մեջ։
  • Աշխատեք օգտագործել միայն ստերիլ վիրակապական միջոցներ։

 

ՎԵՐՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ


Վերքերի մշակման ժամանակ հիմնական նպատակն արյունահոսության դադարեցումն ու վարակի ներթափանցման նվազեցումն է:

Տուժածին օգնություն ցուցաբերելիս նախ պարզեք վերքի վտանգավորության աստիճանը։ Քիչ վտանգավոր են համարվում մակերեսային, 2,5 սմ-ից ոչ մեծ չափեր ունեցող և հեշտ դադարեցվող կամ աննշան արյունահոսությամբ ուղեկցվող վերքերը։ Մնացած բոլոր վերքերը համարվում են վտանգավոր և պահանջում են բժշկական միջամտություն։


  • ՔԻՉ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԵՐՔԵՐ


Քիչ վտանգավոր վերքերի մշակման ժամանակ առաջնորդվեք հետևյալ սկզբունքներով.


  • Լվացեք վերքն օճառով և մաքուր ջրով, քանի որ օճառը, հատկապես նրա որոշ տեսակները, ախտածին մանրէների վերացման բավական արդյունավետ միջոց է։
  • Կիրառեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ նյութեր և քսուքներ։ Խուսափեք սպիրտային հիմքով նյութերը (յոդ, օղի, օծանելիք և այլն) անմիջապես վերքի վրա քսելուց, այլ մշակեք դրանցով միայն վերքի շրջակա մաշկը։
  • Ծածկեք վերքը կպչուն սպեղանիով կամ ստերիլ վիրակապով։


  • ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԵՐՔԵՐ


Վտանգավոր վերքերի մշակման ժամանակ առաջնորդվեք ստորև թվարկվող ընդհանուր սկզբունքներով.


  • Վերքի վրա տեղադրեք ստերիլ անձեռոցիկ։
  • Վիրակապեք և դադարեցրեք արյունահոսությունը (տե'ս "ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ", "ՎԻՐԱԿԱՊԵՐ, ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ")։
  • Ահազանգեք շտապ օգնություն կամ տուժածին տեղափոխեք բուժհիմնարկ։
  • Ձեռք մի՛ տվեք արդեն տեղադրված վիրակապին, քանի որ վիրակապի տեղաշարժումից արյունահոսությունը կարող է վերսկսվել կամ ուժեղանալ:
  • Մի՛ փորձեք ինքնուրույն մաքրել վերքը։
  • Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։
  • Յուրաքանչյուր դեպքում, կախված վերքի տեսակից ու տեղակայումից, թվարկված ընդհանուր սկզբունքներից բացիկարող է պահանջվել յուրահատուկ մոտեցում:


  • ՕՏԱՐ ՄԱՐՄԻՆ ՎԵՐՔԻ ՄԵՋ


Լինում են դեպքեր, երբ վերքն առաջացնող առարկան, թափանցելով հյուսվածքներ, մնում է վերքի մեջ։ Վերքի մեջ գտնվող առարկան անվանում են օտար մարմին (նկ. 11.1)։ Այս վնասվածքի դեպքում արտաքին արյունահոսությունը կարող է լինել աննշան, սակայն, ինչպես ցանկացած այլ ծակած վերքի դեպքում, մեծ է ներքին արյունահոսության և վարակման վտանգը։ Օտար մարմինը չի կարելի հանել վերքից կամ տեղաշարժել, բանի որ այն որոշ չափով խոչընդոտում է վնասված անոթներից արյան արտահոսքը։ Բացի դրանից, այն վնասում է հյուսվածքները ինչպես մտնելիս, այնպես էլ դուրս գալիս։ Այս դրույթին չեն ենթարկվում այն դեպքերը, երբ վերքի մեջ ներթափանցում են մանր ավազահատիկներ, ապակու փոքր կտորներ կամ այլ մանր օտար մարմիններ։ Այս դեպքերում հեռացրեք օտար մարմինները վերքի միջից, ապա նոր՝ վիրակապեք։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Դադարեցրեք արտաքին արյունահոսությունը։
  • Վերքի եզրերը չորս կողմից սեղմեք օտար մարմնին՝ նրա վրա անմիջական ճնշում չգործադրելով։
  • Վերքի մեջ անշարժացրեք օտար մարմինը, որպեսզի կանխեք փափուկ հյուսվածքների հետագա վնասումը։ Եթե օտար մարմնի ծայրը բարձր չի, զգուշորեն ծածկեք այն ստերիլ անձեռոցիկով և շուրջը դրեք օղակաձև վիրակապ։ Եթե օտար մարմնի ծայրը բարձր է, վիրակապելիս նրա ծայրը չպետք է ծածկվի։ Տեղադրեք վերքի շուրջը ստերիլ անձեռոցիկներ, նրանց վրայից՝ օղակաձև վիրակապ կամ փաթույթային վիրակապի գլանակներ (նկ. 11.2ա)։
  • Վիրակապեք փաթույթային վիրակապով այնպես, որ տեղում ամրացնեք անշարժացնող օղակաձև կամ փաթույթային վիրակապերը՝ չշարժելով օտար մարմինը (նկ. 11.2բ)։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

  • ԱՆԴԱՄԱՀԱՏՎԱԾ ՎԵՐՔԵՐ


Վնասվածք առաջացնող գործոնը, օրինակ՝ հարվածը, կարող է բավականին ուժեղ լինել և պոկել մարմնի որևէ մասը, օրինակ՝ մատը։ Նման վերքերն անվանվում են անդամահատված վերքեր։ Անդամահատումը մարմնի որևէ մասի (մատ, ձեռք, ոտք) անջատումն է։ Թվում է, թե այս վերքերի դեպքում արյունահոսությունը պետք է շատ ուժեղ լինի։ Սակայն հաճախ վնասված հատվածում արյունատար անոթներն արագ կծկվում են՝ նվազեցնելով արյան արտահոսքը:

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Օգնություն ցուցաբերելիս, առաջին հերթին հոգացեք տուժածի մասին։

 

  • Վիրակապեք և դադարեցրեք արյունահոսությունը (տե'ս "ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ", "ՎԻՐԱԿԱՊԵՐ, ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ")։
  • Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր։ Արյունահոսության դադարեցումից հետո, անմիջապես անդրադարձեք անդամահատված մասին, քանի որ, ճիշտ խնամքի դեպքում, հնարավոր է, որ հիվանդանոցում վերականգնեն վնասված մասի ամբողջականությունը։
  • Գտեք անդամահատված մասը, փաթաթեք ստերիլ անձեռոցիկով և դրեք պլաստիկ տոպրակի մեջ։ Տոպրակի մեջ օդ ներփչեք և փակեք այն։ Տեղադրեք այդ տոպրակը սառույցի կտորներով ու ջրով լցված մեկ այլ պարկի կամ որևէ ամանի մեջ (նկ. 11.3), քանի որ ցածր ջերմաստիճանում դանդաղում է հյուսվածքների մահացումը։ Բացառեք անդամահատված մասի շփումը սառույցի և ջրի հետ։ Թղթի վրա նշեք տուժածի անունը, դեպքը կատարվելու ժամը և ամրացրեք այն տոպրակին։
  • Ահազանգեք շտապ օգնություն և հավաստիացեք, որ մարմնի անդամահատված մասը տուժածի հետ տարվում է հիվանդանոց։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՃԶՄՄԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ


Փափուկ հյուսվածքների վնասվածքների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում հյուսվածքների երկարատև ճզմումը։ Նման դեպքերում տուժածի մոտ զարգանում է երկարատև ճզմման համախտանիշ (վնասվածքային տոքսիկոզ, կրաշ սինդրոմ)։ Այսպիսի վնասվածքներ սովորաբար հանդիպում են երկրաշարժերի, փլուզումների ժամանակ, երբ տուժածի մարմնի որևէ մասը (սովորաբար վերջույթը) մեկ ժամից ավել մնում է ծանր առարկայի տակ։ Երկարատև ճզմման և տվյալ հատվածի արյունամատակարարման դադարեցման պատճառով վնասվում են մկանների բջիջները և նրանցից արտազատվում են քայքայման արգասիքներ (բջիջներում պարունակվող միոգլոբին սպիտակուցը)։ Վնասված մասի վրայից առարկան հեռացնելուց հետո քայքայման արգասիքները անցնում են արյան մեջ և տարածվում մարմնով մեկ՝ առաջացնելով երիկամների գործունեության լուրջ խանգարում, որը բերում է մարմնի ընդհանուր թունավորման։ Բացի այդ, վնասված հատվածի տարածուն այտուցի և մարմնում հեղուկների վերաբաշխման հետևանքով նվազում է շրջանառող արյան ծավալը, զարգանում է շոկ։ Երկարատև ճզմման համախտանիշի ակնհայտ նշանները ի հայտ են գալիս ճնշող առարկան հանելուց 30-40 րոպե հետո։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • մաշկի գունատություն, կապտուկներ և ճզմման հետքեր,
  • վերջույթի այտուց,
  • մաշկի վրա հեղուկով լցված բշտեր,
  • փափուկ հյուսվածքների փայտանման պնդացում,
  • վնասվածքից ցած ընկած հատվածի հյուսվածքների զգայունության կորուստ,
  • վնասված վերջույթի հոդերի շարժունակության սահմանափակում,
  • վնասված վերջույթի վրա անոթազարկի բացակայություն,
  • մեզի գույնի մգացում և քանակի զգալի նվազեցում։

 

ՎԱՐԱԿՎԱԾ ՎԵՐՔԵՐ


Յուրաքանչյուր վերք, բացի վիրահատական վերքերից, վարակված է, քանի որ ինչպես օդում, այնպես էլ մաշկի և շրջապատի բոլոր առարկաների վրա, կան ախտածին մանրէներ։ Վնասված մաշկը վարակի ներթափանցման համար մուտքի դուռ է հանդիսանում։ Եթե վնասվածք ստանալուց հետո մարմնի պաշտպանական ուժերը չեն կարողանում վնասազերծել մանրէները, ապա վերքը բորբոքվում է, և ի հայտ են գալիս հետևյալ նշանները։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

  • բաբախող ցավ վերքի շրջանում,
  • վերքի շուրջը մաշկի կարմրություն, տաքացում,
  • այտուց վերքի շրջանում,
  • վերքից թարախային արտադրություն։

 

Որոշ դեպքերում վարակը վերքից արյան միջոցով կարող է տարածվել մարմնով մեկ և դառնալ կյանքի համար վտանգավոր։ Այդ դեպքում ի հայտ կգան հետևյալ նշանները՝

  • տենդ,
  • մոտակա ավշային հանգույցների մեծացում և շոշափելիս` ցավոտություն,
  • ընդհանուր հիվանդագին վիճակ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հետևեք, որ վերքի շրջանը լինի մաքուր։

  • Վերքի վրա տեղադրեք աղային տաք թրջոցներ։ Դրա համար որևէ գործվածքի կտոր թրջեք տաք աղաջրով (մեկ թեյի գդալ աղ՝ կես բաժակ ջրին) և դրեք վերքի վրա։ Ժամանակ առ ժամանակ փոխեք թրջոցները։
  • Կիրառեք որևէ անտիբիոտիկ քսուք։
  • Տուժածի մոտ վարակի տարածման նշաններ ի հայտ գալուն պես անհապաղ դիմեք բժշկական օգնության։

 

ԱՄՓՈՓՈՒՄ


Վնասվածքները լինում են փակ և բաց։ Վերջիններս սովորաբար անվանվում են վերքեր:

Փոքր վերքերի դեպքում մաքրեք վնասվածքի շրջանը, կիրառեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ քսուքներ և ծածկեք ստերիլ վիրակապական միջոցներով։

Վերքը վտանգավոր է, երբ այն խորն է, 2,5 սմ-ից մեծ է կամ ուժեղ արյունահոսում է։ Այդ դեպքում անհրաժեշտ Է դիմել բժշկական օգնության։ Վտանգավոր վերքերի դեպքում ցուցաբերվող օգնությունը հիմնականում ներառում Է արյունահոսության դադարեցումը, վարակի ներթափանցման նվազեցումը, վերքի վիրակապումը և, բժշկական օգնության դիմելը։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ