Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին նախաբժշկական օգնություն

Շնչուղիների խցանում

Նորմալ շնչառության համար անհրաժեշտ է, որ շնչուղիները լինեն անցանելի: Եթե այս կամ այն պատճառով շնչուղիները խցանված են, ապա տուժածի շնչառությունը կարող է դժվարանալ կամ դադարել։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն։ Շնչուղիների խցանումն ավելի հաճախ հանդիպում է փոքր երեխաների մոտ։

Շնչուղիների խցանումը շնչառական ուղիների լրիվ կամ մասնակի փակումն է, որի հետևանքով խանգարվում է օդի անցումը թոքեր։ Շնչուղիների խցանումը շնչառության խանգարման հիմնական պատճառներից մեկն է։

Սննդի ընդունման ժամանակ մակկոկորդը փակում է շնչուղիների մուտքը և կանխում սննդի անցումը դեպի շնչուղիներ, իսկ շնչառության ժամանակ այն բարձրանում է, բացում շնչուղիները, և օդն անցնում է թոքեր։ Երբ այդ պաշտպանական մեխանիզմը խանգարվում է, օրինակ՝ երբ միաժամանակ տեղի է ունենում կլում և ներշնչում, շնչուղիները կարող են խցանվել օտար մարմիններով (սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն)։ Շնչուղիները կարող են խցանվել նաև ուտելիքի մեծ պատառ կուլ տալիս, երբ այն խցանում է կերակրափողը և ճնշելով փակում նաև շնչափողը (նկ.7.1)։

Շնչուղիների խցանումն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Երեխան հեշտությամբ կարող է կուլ տալ փոքր առարկաներ, օրինակ՝ կոճակներ, ուլունքներ, խաղալիքի մասեր և այլն։ Երեխաների մոտ խցանում կարող է առաջանալ նաև ուտելիս, քանի որ նրանց մոտ ծամելու, կուլ տալու ունակությունները դեռևս լրիվ ձևավորված չեն։ Օտար մարմիններով շնչուղիների խցանման հիմնական պատճառներն են՝

 

  • Ուտելիքի չծամված կամ մեծ պատառ կուլ տալը։
  • Ուտելիս կամ ուտելուց առաջ ալկոհոլի չարաշահումը, ինչը բթացնում է ուշադրությունը և հեշտությամբ կարող է խցանման պատճառ դառնալ։
  • Խոսելով, ծիծաղելով կամ շտապելով ուտելը։
  • Երեխաներին ստիպողաբար կամ լացի ժամանակ կերակրելը։
  • Քայլելով, վազելով կամ խաղալով ուտելը։

 

Շնչուղիները կարող են խցանվել նաև մարմնի հյուսվածքներով (լեզու, այտուցված հյուսվածքներ)։ Սեփական հյուսվածքներով խցանում կարող է առաջանալ պարանոցի, կոկորդի վնասվածքների կամ ալերգիկ ռեակցիաների ժամանակ առաջացող հյուսվածքների այտուցի պատճառով։ Անգիտակից վիճակում շնչուղիների խցանման ամենահաճախ հանդիպող պատճառը լեզուն է։ Շնչուղիների խցանումը կարող է լինել մասնակի կամ լրիվ։

 

ՄԱՍՆԱԿԻ ԽՑԱՆՈՒՄ


Մասնակի խցանման դեպքում որոշ քանակի օդ անցնում է թոքեր, ինչը հնարավորություն է տալիս մարդուն հազալով փորձել դուրս բերել խցանող առարկան։ Տուժածը նույնիսկ կարող է խոսել։ Նեղացած շնչուղիներով օդի անցման ժամանակ լսվում են խզզոցներ, խռխռոց, սուլոց։ Տուժածը սովորաբար ձեռքերով բռնում է կոկորդը։ Եթե տուժածը հազում է, մի՛ խանգարեք։ Հնարավոր է, որ հազալու միջոցով օտար մարմինը դուրս գա շնչուղիներից։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Մնացեք տուժածի հետ։
  • Քաջալերեք նրան, որ շարունակի հազալ։
  • Եթե տուժածի վիճակը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։

 

ԼՐԻՎ ԽՑԱՆՈՒՄ


Շնչուղիների լրիվ խցանման դեպքում տուժածը չի կարողանում խոսել, շնչել, հազալ։ Նա կարող է անբնական ձայներ հանել։ Այս նշանները ահազանգում են այն մասին, որ օդը չի անցնում տուժածի թոքեր։ Անհապաղ սկսեք ցուցաբերել առաջին օգնություն և որևէ մեկին ուղարկեք ահազանգելու շտապ օգնություն։

 

ՆՇԱՆՆԵՐԸ

  • խոսելու, հազալու անկարողություն,
  • կոկորդից բռնած դիրք,
  • կարմրած դեմք, փքված պարանոցային երակներ,
  • անհանգստություն, ոչ նպատակաուղղված շարժումներ,
  • մաշկի կապտություն,
  • գիտակցության կորուստ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺԱԾ ԵՎ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱ


Շնչուղիների լրիվ խցանումով չափահաս տուժածին կամ մեկ տարեկանից բարձր երեխային օգնություն ցուցաբերելիս, կախված տուժածի վիճակից, անհրաժեշտ է կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝

 

  • որովայնի հրումներ,       
  • կրծքավանդակի սեղմումներ,
  • մատներով մաքրում,                  
  • ներփչումներ։

 

Այս երկու տարիքային խմբերին ցուցաբերվող առաջին օգնության հիմնական քայլերը նույնն են, այն բացառությամբ, որ եթե տուժածը երեխա է, ապա և՛ որովայնի հրումները, և՛ կրծքավանդակի սեղմումները կատարվում են ավելի փոքր ուժով։ 

 

ՈՐՈՎԱՅՆԻ ՀՐՈՒՄՆԵՐ

Տուժածի շնչուղիների խցանման դեպքում պետք է հնարավորիս արագ վերականգնել շնչուղիների անցանելիությունը։ Շնչուղիների բացման ձևերից մեկը որովայնի հրումներն են (Հեմլիչի մեթոդ)։ Որովայնի վրա կտրուկ ճնշման գործադրումը բերում է թոքերում և շնչուղիներում ճնշման կտրուկ բարձրացման։ Որպես արդյունք, օդը ուժով դուրս է մղվում թոքերից՝ իր հետ դուրս մղելով օտար մարմինը։ Այս երևույթը նման է գազի ճնշման տակ շամպայնի շշից խցանի դուրս թռչելուն։

 

Որովայնի հրումներ գիտակից տուժածին: Ե՛վ մեծահասակներին, և՛ երեխաներին որովայնային հրումներ կատարելու համար կանգնեք տուժածի ետևում և ձեր ձեռքերով գրկեք նրա իրանը, ընդ որում տուժածը կարող է լինել նստած կամ կանգնած։ Մի ձեռքի բռունցքը բութ մատի կողմով դրեք տուժածի որովայնին, պորտի ու կրծոսկրի թրաձև ելունի միջև ընկած տարածության մեջտեղում (նկ. 7.2ա)։ Մյուս ձեռքով բռնեք այդ բռունցքը և մեծ ուժով կատարեք դեպի վեր և ներս ուղղված կտրուկ, արագ հրումներ (նկ. 7.2բ)։

Յուրաքանչյուր հրում նպաստում է խցանման պատճառ հանդիսացած օտար մարմնի դուրս մղմանը։ Հրումները շարունակեք այնքան, մինչև օտար մարմինը դուրս գա շնչուղիներից կամ տուժածը կորցնի գիտակցությունը։

 

Որովայնի հրումներ ինքնօգնության նպատակով: Եթե դուք մենակ եք և ձեր շնչուղիները խցանվել են, ապա ինքներդ ձեր վրա որովայնի հրումներ կատարեք։ Դա հնարավոր է երկու եղանակով`

 

  • Դրեք ձեր մի բռունցքը որովայնի վրա՝ վերը նշված տեղում, նկարագրված ձևով։ Մյուս ձեռքով դեպի վեր ու հետ ուղղված ուժեղ հարված կատարեք ձեր բռունցքին։
  • Դուք կարող եք ճնշում գործադրել ձեր որովայնի վրա՝ ամբողջ իրանով հենվելով տարբեր առարկաների վրա (աթոռի թիկնակին, ցանկապատին կամ լվացարանին)։ Օրինակ՝ ետևից մոտեցեք աթոռին և իրանով ընկեք աթոռի թիկնակին (նկ. 7.3)։ Մի՛ հենվեք սուր անկյուններ ու եզրեր ունեցող առարկաների վրա։

 

Որովայնի հրումներ անգիտակից տռւժածին: Պառկեցրեք տուժածին մեջքի վրա որևէ պինդ, հարթ մակերեսի վրա և կատարեք որովայնի հրումներ։ Դրա համար նստեք տուժածի ազդրերին՝ ծնկներով հենվելով գետնին այնպես, որ նրա ազդրերը լինեն ձեր ծնկների միջև։ Հարմար տեղավորվելով՝ մի ձեռքի ափի բլրակը դրեք տուժածի որովայնին՝ պորտի և կրծոսկրի թրաձև ելունի միջև ընկած տարածության մեջտեղում։ Մյուս ձեռքը դրեք առաջինի վրա։ Երկու ձեռքի մատներն էլ պետք է ուղղված լինեն տուժածի գլխի կողմը (նկ. 7.4)։ Կատարեք դեպիներքև և առաջ ուղղված 5 կտրուկ հրում։

 

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՍԵՂՄՈՒՄՆԵՐ


Կան հատուկ դեպքեր, երբ որովայնի հրումների փոխարեն կատարվում են կրծքավանդակի սեղմումներ։ Օրինակ՝ երբ տուժածը հղի կին է, կամ դուք չեք կարողանում ձեռքերով ընդգրկել տուժածի իրանը։

 

Կրծքավանդակի սեղմումներ գիտակից, չափահաս տուժածին: Կանգնեք տուժածի ետևում։ Տուժածի բազուկների տակից ձեռքերով օղակեք կրծքավանդակը։ Մի ձեռքի բռունցքը բութ մատի կողմով դրեք կրծոսկրի մեջտեղում։ Համոզվեք, որ ձերբռունցքը կրծքավանդակի կենտրոնում է, այլ ոչ թե կողերի կամ կրծոսկրի թրաձև ելունի վրա։ Մյուս ձեռքը դնելով աոաջինի վրա՝ կատարեք կտրուկ արագ սեղմումներ (նկ. 7.5) այնքան ժամանակ, մինչև օտար մարմինը դուրս գա շնչուղիներից կամ տուժածը կորցնի գիտակցությունը։

 

Կրծքավանդակի սեղմումներ անգիտակից, չափահաս տուժածին: Պառկեցրեք տուժածին մեջքի վրա որևէ պինդ, հարթ մակերեսի վրա։ Տեղավորվեք նրա կրծքավանդակի կողքին։ Ձեռքերը տեղադրեք կրծոսկրի մեջտեղում (ինչպես ՍԱՇՎ կատարելիս) և 5 անգամ կտրուկ սեղմում կատարեք։ Սեղմման խորությունր պետք է լինի 4-5 սմ։

 

ՄԱՏՆԵՐՈՎ ՄԱՔՐՈՒՄ


Մատներով մաքրում կատարվում է անգիտակից տուժածի բերանի խոռոչից օտար մարմինները հեռացնելու նպատակով։ Նախ և առաջ կատարեք շնչուղիների բացում։ Դրա համար բռնեք տուժածի ստորին ծնոտը լեզվի հետ միասին և բարձրացրեք վեր, մինչն որ կզակը լինի ավելի բարձր, քան քիթը։ Եթե տուժածը մեծահասակ է, ապա մյուս ձեռքի ցուցամատը սահեցրեք դեպի բերանի խոռոչի խորքը և փորձեք հեռացնել օտար մարմինը (նկ. 7.6)։ Եթե տուժածը փոքր երեխա է, ապա օտար մարմինը կարելի է հեռացնել, միայն եթե այն տեսանելի է։ Ե՛վ մեծահասակներին, և՛ փոքր երեխաներին օգնություն ցուցաբերելիս եղեք զգույշ, որ օտար մարմինը ավելի խորը չհրեք դեպի շնչուղիներ։ Մատներով մաքրում կատարելիս ցանկալի է օգտագործել ձեռնոցներ կամ մատին փաթաթել ստերիլ անձեռոցիկ:

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ԾԾԿԵՐ ԵՐԵԽԱ


Ծծկեր երեխայի մոտ պետք Է ենթադրել շնչուղիների խցանում, եթե նրա շնչառությունը հանկարծակի խանգարվում Է, նա սկսում Է հազալ կամ տարօրինակ ձայներ հանել։ Շնչուղիների խցանումով ծծկեր երեխային օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ կլինի կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝ կախված երեխայի վիճակից՝

  • հարվածներ թիկունքին,
  • կրծքավանդակի սեղմումներ,
  • մատներով մաքրում,
  • ներփչումներ։     

 

ՀԱՐՎԱԾՆԵՐ ԹԻԿՈՒՆՔԻՆ


Ծծկեր երեխային երեսնիվայր պառկեցրեք ձեր նախաբազկի վրա այնպես, որ նրա գլուխն ավելի ցածր լինի ոտքերից։ Գլխի ավելի ցածր դիրքը նպաստում Է շնչուղիներից օտար մարմնի դուրս գալուն։ Ձեռքի ցուցամատով և բութ մատով բռնեք նրա ծնոտը։ Ազատված ձեռքի ափով 5 անգամ հարվածեք երեխայի թիկունքին՝ թիակների միջև (նկ. 7.7)։

 

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ ՍԵՂՄՈՒՄՆԵՐ


Երեխային կրծքավանդակի սեղմումներ կատարելու համար պառկեցրեք մեջքով ձեր նախաբազկին, այնպես, որ նրա գլուխը հայտնվի ոտքերից ավելի ցածր։ Կրծքավանդակի սեղմումների ճիշտ տեղը որոշելու համար պատկերացրեք նրա պտուկները միացնող երևակայական գիծը։ Տեղադրեք ձեր ձեռքի մատնեմատը այդ գծին՝ կրծոսկրի վրա, իսկ միջնամատի և ցուցամատի բարձիկները՝ անմիջապես մատնեմատի կողքին։ Բարձրացրեք մատնեմատը (նկ. 7.8)։ Եթե շոշափում եք թրաձև ելունը, ապա մատների բարձիկները կրծոսկրով մի փոքր ետ սահեցրեք և սեղմումները կատարեք այդ տեղում։ Երկու մատների բարձիկներով կատարեք կրծքավանդակի սեղմում 1,5-2 սմ խորությամբ (ինչպես ՍԱՇՎ դեպքում)։ Այնուհետև թույլ տվեք, որ կրծոսկրը վերադառնա իր նորմալ դիրքին։Կրկնեք սեղմումները 5 անգամ։

 

ՄԱՏՆԵՐՈՎ ՄԱՔՐՈՒՄ


Եթե տուժածը ծծկեր երեխա Է՝ օտար մարմինը կարելի Է հեռացնել, միայն եթե այն տեսանելի Է։ Դրա համար ձեռքի ճկույթը սահեցրեք դեպի բերանի խոռոչի խորքը և փորձեք դուրս բերել օտար մարմինը (նկ. 7.9)։ Զգույշ եղեք, որ օտար մարմինր ավելի խորը չհրեք դեպի շնչուղիներ։

 

ԱՄՓՈՓՈՒՄ


Այս գլխում դուք սովորեցիք ճանաչել և օգնություն ցուցաբերել շնչուղիների մասնակի և լրիվ խցանումների դեպքում։ Շնչուղիների լրիվ խցանման դեպքում չափահաս տուժածին կամ մեկ տարեկանից մեծ երեխային օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ Է կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝ կախված տուժածի վիճակից՝

 

  • որովայնի հրումներ,
  • կրծքավանդակի սեղմումներ,
  • մատներով մաքրում,
  • ներփչումներ։

 

Շնչուղիների լրիվ խցանման դեպքում ծծկեր երեխային օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ Է կատարել ստորև բերված գործողություններից մեկը կամ մի քանիսը՝ կախված երեխայի վիճակից՝

 

  • հարվածներ թիկունքին,
  • կրծքավանդակի սեղմումներ,
  • մատներով մաքրում,
  • ներփչումներ։

 

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը արյունահոսությունների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Անոթային վնասվածքների պատճառները

Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...

Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը կոտրվածքների ժամանակ. Ալեքսանդր Արզումանյան. izmirlianmedicalcenter.com

Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Սնունդը և առողջությունը
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Առաջին բուժօգնությունը ծննդաբերության ժամանակ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Կանանց կոնսուլտացիայում բոլոր հղիներին հաշվառում են, հաշվարկվում է նրանց հղիության ժամկետը և զգուշացնում ծննդաբերության մոտավոր ժամկետի մասին: Հղիները տեղեկացվում են, թե ինչ կլինիկական վիճակի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել

Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...

Սրտանոթաբանություն
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Առաջին օգնությունը անոթային վնասվածքների ժամանակ. Վիրաբ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Արտաքին արյունահոսության ժամանակ առաջին օգնությունը պետք է լինի արյունահոսող վերքի շրջանում նախ` սեղմող վիրակապ  դնելը:

Մեծ անոթի դեպքում, եթե ձեռքի տակ կան ստերիլ վիրախծուծներ,  վերքի մեջ կարելի է տամպոնադա անել ու հենց...

Կարիճ. խայթոցի հետևանքները
Կարիճ. խայթոցի հետևանքները

Հին հունական լեգենդի համաձայն, Պոսեյդոնի որդին` որսորդ Օրիոնը գոռոզանալով հայտարարեց, որ այս աշխարհում իրեն հավասարը չկա ու, ինքը կսպանի իր ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի արարածի...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս խուսափել ցրտահարումից

Այս տարվա ձմեռը բավական ցրտաշունչ է: Տարբեր վերլուծությունների համաձայն՝ ձմռան սկզբից ի վեր եղան օրեր, երբ օդի սառնությունն առավելագույնն էր՝ վերջին մի քանի տասնամյակում: Եղանակային ցուրտ պայմաններն...

Թերապիա
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am
3 սխալ, որ թույլ են տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս. news.am

Շատերը պատկերացում չունեն, թե մինչեւ շտապ օգնության ժամանելը ինչպես պետք է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել: Հաճախ նախքան բժիշկների գալը տուժողների վիճակը վատանում է մարդկանց սխալ...

Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am

Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am
Ինչպե՞ս կանգնեցնել ուժեղ արյունահոսությունը. news.am

Ի՞նչ է պետք անել, եթե մարդու մոտ ուժեղ արյունահոսություն է: Ջոնս Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, վերարտադրողական բժշկության ոլորտի խոշորագույն մասնագետ, դոկտոր Մեթյու Լեւին մի քանի խորհուրդ է տվել...

Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am
Երկու խորհուրդ՝ ինչպես պաշտպանվել շների հարձակումների ժամանակ. news.am

Կատաղած շան հարձակումը դժվար թե լավ ավարտ ունենա՝ եթե ոչ մահը, ապա վնասվածքն ու վարակը ապահովված են: Ինչպես պաշտպանվել շներից: Այս մասին օգտակար խորհուրդներ է ներկայացրել անվտանգության ոլորտի...

Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Մանկական հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ