Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)

Հնագույն բժշկությունը Հայաստանում. Մ. Հերացի, Ա. Ամասիացի

Հնագույն բժշկությունը Հայաստանում. Մ. Հերացի, Ա. Ամասիացի

Հայաստանում գործող բժշկական հաստատությունների ու անվանի բժիշկների մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեռևս V դարի, ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում։

 

Մեր երկրում բժշկագիտությունը հատկապես մեծ ծաղկում է ապրել XII-XV դարերում, երբ ապրել ու ստեղծագործել են Մխիթար Հերացին (XII դար) ու Աբուսայիդը (XII դար), Գրիգորիսը (XII-XIII դարեր), Ֆարաջը (XIII դար), Ամիրդովլաթ Ամասիացին (XV դար)։ Այս բժիշկները, ընդհանրացնելով իրենց փորձը, ինչպես նաև օգտվելով հույն և արաբ բժշկապետերի աշխատություններից, ստեղծել են ինքնուրույն գործեր ու ձեռնարկներ, որոնք դարերի ընթացքում ընդօրինակվել և կիրառվել են գործնական բժշկության մեջ։

 

XII դարից սկսած՝ Հայաստանում թույլ է տրվել ուսուցողական նպատակներով կատարել դիահերձումներ, մի բան, որ Եվրոպայում իրականացվեց միայն XVI դարից սկսած։ Հայաստանի տարբեր վայրերում պահպանված և հայտնաբերված հնագույն բժշկական գործիքները վկայում են կատարված վիրահատությունների մասին։ XII-XIV դարերում Հայաստանում կատարվել են կեսարյան հատումներ, ներքին ուռուցքների հեռացումներ, կանացի զանազան հիվանդությունների վիրահատական բուժումներ և այլն։ Վիրահատության ժամանակ, որպես ընդհանուր և տեղային ցավազրկման միջոց, օգտագործվել է մանդրագորա - Mandragora officinalis, ծննդաբերությունը ցավազրկելու նպատակով կիրառվել է Zedoar, Melilotus officinalis, իսկ վերքերը կարելու համար` մետաքսե թել։ Միջնադարյան հայ բժշկությունը տեսական ու պրակտիկ հարցերում կանգնած է եղել ժամանակի առաջավոր բժշկագիտության դիրքերում։ Մխիթար Հերացին «Ջերմաց Մխիթարություն» երկում առաջադրել է ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների առաջացման գործում «բորբոսի գաղափարը»։ Նրա կարծիքով ջերմերն առաջանում են արյան, լորձի և օրգանիզմի այլ հեղուկների բորբոքումից։ Ըստ Հերացու` հիվանդությունների պատճառը միշտ չէ, որ պետք է որոնել հիվանդի օրգանիզմում. հարուցիչները կարող են օրգանիզմ մուտք գործել նաև արտաքին աշխարհից։ Հերացին ուսումնասիրություններ է գրել նաև մարդու կազմության ու կենսաբանության, ընդհանուր ախտաբանության, դեղերի պատրաստման ու գործածության, ակնաբուժության և բուժիչ քարերի մասին։ Հայ բժշկական մտքի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 1465-1473թ.թ. ընդօրինակված, Երևանի մատենադարանում պահվող թիվ 415 ձեռագիր բժշկարանը (վերագրվում է Գրիգորիսին)։ Աշխատությունը բաղկացած է երկու հիմնական մասից` դեղագիտական և բժշկական ընդհանուր ուսումնասիրության բաժիններից։ Գրիգորիսն ախտաբանության հետ զուգահեռ հետազոտել է նաև ախտաբանական ֆիզիոլոգիայի ու անատոմիայի հետ առնչվող բազմազան հարցեր։ Չափազանց արժեքավոր են հեղինակի դիտողությունները գլխուղեղի դերի մասին։ «Գլխուղեղը ամբողջ մարմնի թագավորն է», - գրում է նա։ Նյարդային համակարգն ու գլխուղեղը մարդու մարմնի գլխավոր օրգաններն են։ Գլխուղեղը «զգայարանների զգայարանն է»։ Մարդու վերին և ստորին վերջավորությունների անդամալուծություններն առաջանում են հիմնականում գլխուղեղի փորոքների մեջ և այլ տեղերում կուտակված հյութերից։

 

Ամիրդովլաթ Ամասիացին XV դարի հայ բժշկության պարծանքն է։ Տիրապետելով հունարեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, լատիներեն լեզուներին` ուսումնասիրել է հունա-հռոմեական, պարսկա-արաբական բժշկական աղբյուրները։ «Օգուտ բժշկության» աշխատության մեջ նկարագրել է մարդու կազմությունը, առանձնացրել է ավելի քան երկու հարյուր տարբեր հիվանդություններ և մատնանշել նրանց բուժման միջոցները (դեղերը)։ «Անգիտաց անպետում» ամփոփել է միջնադարյան հայ և օտար բժիշկների փորձը` դեղագիտության, հատկապես բուսաբուժության ասպարեզում։ Մատենադարանում պահվում է 1459 թ. հեղինակի ձեռքով գրված «Ախրապատին» երկը, որն ականավոր հրեա, փիլիսոփա, աստվածաբան և բժիշկ Մալմոնիդի (Մովսես Բեն Մայմոն 1135-1204թ.թ.)՝ մեզ չհասած  դեղագիտական աշխատության հիման վրա գրված ձեռնարկ է, ուր Մայմոնի կողմից նշված 2600 դեղերի քանակը Ամիրդովլաթը հասցրել է 3700։

 

Ամիրդովլաթի արժանավոր հաջորդներից է Ասար Սեբաստացին (XVII դար), որի «Բժշկական արվեստի մասին» ուսումնասիրությունը բաժանված է երկու մասի` ախտաբանության և դեղագործության։ Նույն դարում է ապրել նաև հեքիմ Պողոսը, որը զբաղվել է բժշկության տեսության, մարդակազմության, ախտաբանության, դեղագիտության հարցերով։

 

Մատենադարանում պահվում են նաև բազմաթիվ անանուն բժշկական աշխատություններ, բժշկական բառարաններ և այդ կարգի այլ աշխատություններ

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ