Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեքսոլոգիա

Սեռական խանգարումներ

Սեռական խանգարումներ

Սեռական խանգարումների դասակարգումը: Սեռական խանգարումներ ասելով հասկանում են սեքսուալ ցիկլի, սեռական նույնացման, սեռական նախընտրության և կողմնորոշման խանգարումները։

 

Սեռական խանգարումների դասակարգման ամենահիմնավոր աղբյուրը Ամերիկյան հոգեբույժների ասոցիացիայի կողմից մշակված Ախտորոշիչ ձեռնարկներն են։ Ամերիկացի հոգեբույժները 1987-1994 թթ. Սեռական խանգարումների ախտորոշիչ չափանիշների հստակեցման լայնածավալ աշխատանքներ են կատարել և թարմացրել հին պատկերացումների հիման վրա հրատարակված նախորդ ձեռնարկը։ Սեռական առողջության նոր գիտական պատկերացումներին համապատասխան` 1994-ին լույս տեսավ Ախտորոշիչ ձեռնարկի վերջին տարբերակը՝ Diagnostic and Statistical Manual of Mental Disorders-IV, որտեղ ներկայացված սեռական խանգարումների դասակարգումը մինչ օրս համարվում է աշխարհում ամենատարածված և ամենաստույգ ախտորոշիչ սկզբնակետը։

 

Սեռական խանգարումների մյուս հեղինակավոր դասակարգումը տեղ է գտել Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից մշակված և 1992-ին լույս տեսած Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման մեջ (ICD-10; World Health Organization)։ Այստեղ ներկայացված սեռական խանգարումների դասակարգումը համարյա ամբողջությամբ համապատասխանում է DSM-IV-ում ներկայացված դասակարգմանը։

 

Սեռական առողջությունը դիտելով որպես սոցիալական, սոցիալ հոգեբանական, հոգեբանական և անատոմոֆիզիոլոգիական բաղադրիչներ ներառող համակարգ, Վ.Վ. Կրիշտալը 1999-ին մշակել և ներկայացրել է սեռական խանգարումների դասակարգման սեփական տարբերակը։ Այս դասակարգումը ներկայացնում է ոչ միայն սեռական խանգարումները և աններդաշնակությունները, այլ նաև տալիս է դրանց նախատրամադրող, նպաստող և խորացնող հանգամանքները, որոնց հիմքի վրա կարելի է ստեղծել համապատասխան էթիոպաթոգենետիկ կարգավորում և կանխարգելում։

 

Հետաքրքրական է Վասիլչենկոյի մոտեցումը սեռական խանգարումներին և նրա կողմից մշակված դասակարգումը։ Սեքսուալ ցիկլը տրոհելով մի քանի բաղադրիչների, որոնց անխափան գործունեությունը և փոխադարձ ազդեցությունը ապահովում են սեռական հարաբերության նորմալ ընթացքը, նա տալիս է սեռական խանգարումների համախտանիշային դասակարգում։
Տղամարդու սեքսուալ ցիկլը բաղկացած է նյարդահումորալ, հոգեկան, էրեկցիոն և էյակուլյացիոն բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրի խանգարումները Վասիլչենկոն ներկայացնում է մի քանի համախտանիշներով։

 

Կանանց սեքսուալությունը գնահատելով իբրև մեծ մասամբ տղամարդու սեքսուալությունից ածանցված երևույթ, Վասիլչենկոն չի առանձնացնում կանանց սեռական խանգարումների նմանատիպ դասակարգում։ Նա գտնում է, որ կանանց սեռական ցիկլը ծառայում է վերջին հաշվով հեշտանքի ձեռքբերմանը և հետևաբար կանանց սեռական խանգարումները սահմանափակվում են միայն հեշտանքի խանգարումներով։ Գ. Ս. Վասիլչենկոն նշում է նաև, որ սեռական հարաբերության ժամանակ կինը կարող է զգալ քորի, մրմուռի, ցավի զգացողություններ, որոնց մի անունով նա կոչում է գենիտալգիաներ և համարում է, որ դրան շատ մոտ է կանգնած վագինիզմը։

 

Կլինիկական և ուսուցողական տեսանկյունից ամենակիրառականը DSMIV- ում ներկայացված դասակարգումն է։ Այն, բացի այդ, ներկայացնում է սեքսուալ ցիկլի ժամանակակից եռափուլ պատկերացումները և չի առանձնացնում կանանց և տղամարդկանց սեռականության ընդհանուր հոգեֆիզիոլոգիական մեխանիզմները, միաժամանակ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատկությունները։ Ըստ DSM-IV-ի` սեռական խանգարումները բաժանվում են մի քանի խմբի՝

 

1. Հոգեսեռական դիսֆունկցիաներ
2. Պարաֆիլիաներ
3. Սեռական նույնացման խանգարումներ
4. Այլ սեռական խանգարումներ

 

Հոգեսեռական դիսֆունկցիաներն են՝

 

1. Սեռական ցանկության խանգարումներ
2. Սեռական գրգռման խանգարումներ
3. Հեշտանքի խանգարումներ
4. Սեռական ցավային խանգարումներ
5. Սեռական դիսֆունկցիաներ` կապված ընդհանուր առողջական վիճակի հետ
6. Սեռական դիսֆունկցիաներ՝ պայմանավորված որևէ նյութի չարաշահմամբ

 

Պարաֆիլիաներն են՝


1. Էքսհիբիցիոնիզմ
2. Ֆետիշիզմ
3. Ֆրոտերիզմ
4. Պեդոֆիլիա
5. Սեքսուալ մազոխիզմ
6. Սեքսուալ սադիզմ
7. Ֆետիշային տրանսվեստիզմ
8. Վուայերիզմ

 

Սեռական նույնացման խանգարումներն են՝


1. Տրանսսեքսուալիզմ
2. Սեռական նույնացման խանգարումներ մանկության ժամանակ
3. Սեռական նույնացման խանգարումներ պատանեկության կամ հասուն տարիքում

 

Այլ սեռական խանգարումներին են պատկանում՝

 

1. Էգոդիստոնիկ հոմոսեքսուալիզմը
2. Սեռական խանգարումները, որոնք ընդգրկված չեն այլ խմբերում։

 

Սեռական ցանկության խանգարումները բնութագրվում են սեռական հետաքրքրության իջեցմամբ։ Ցածր սեռական ցանկությունն (302.71) արտահայտվում է սեռական ակտիվության նկատմամբ մշտական և կայուն անտարբերությամբ, սեքսուալ երևակայությունների և սեռական ցանկության սակավությամբ կամ լրիվ բացակայությամբ։ Սեռական ավերսիան (302.79) այս խանգարման ծայրահեղ արտահայտությունն է, որի դեպքում անձը խորշում և խուսափում է սեռական բոլոր հնարավոր փոխազդեցություններից և շփումներից։

 

Սեռական գրգռման խանգարումները ներառում են սեքսուալ ցիկլի գրգռման փուլի խանգարումները։ Կանանց սեռական գրգռման խանգարում (302.72) ախտորոշվում է, երբ կնոջ մոտ ադեկվատ սեռական գրգիռների պայմաններում բացակայում է հեշտոցի բավարար խոնավացումը։ Տղամարդու էրեկտիլ խանգարումը (302.72), որը սովորաբար կոչվում է իմպոտենցիա, սեռական անդամի բավարար էրեկցիա ձեռք բերելու և այն մինչև սեռական հարաբերության ավարտը պահպանելու անկարողությունն է։ Այս երկու խանգարումներն էլ պայմանավորված են միևնույն նյարդանոթային պարասիմպաթիկ ռեֆլեքսի ախտահարմամբ, որի արդյունքում սեռական գրգռման ժամանակ չի ապահովվում արյան ներհոսի ուժեղացում դեպի սեռական օրգաններ։

 

Հեշտանքի խանգարումներից է կանանց հեշտանքի խանգարումը (302.73), որը նախկինում կոչվում էր անօրգազմիա կամ արգելակված հեշտանք։ Բնութագրվում է ադեկվատ գրգռման դեպքում հեշտանքի մշտական ուշացումով կամ բացակայությամբ։ Այս խանգարման դեպքում կինը ի վիճակի է գրգռվելու, ունենալու լյուբրիկացիա և գրգռման սուբյեկտիվ զգացողություն, բայց անկարող է հասնելու հեշտանքի՝ չնայած ադեկվատ գրգիռների առկայությանը։ Տղամարդկանց հեշտանքի խանգարումը (302.74), որ հայտնի է ուշացած սերմնաժայթքում (ejaculatio tarda) անվանմամբ, արտահայտվում է ադեկվատ գրգռման փուլից հետո տղամարդու հեշտանքի մշտական ուշացումով կամ բացակայությամբ։ Վաղաժամ սերմնաժայթքումը (302.75) էյակուլյացիայի ռեֆլեքսի կառավարման անկարողությունն է, որի ժամանակ տղամարդը սովորաբար սերմնաժայթքում է գրգռման շատ կարճ ընթացքից հետո` շատ ավելի վաղ, քան ինքը կկամենար։ Վաղաժամ սերմնաժայթքումը երբեմն ախտորոշվում է` հաշվի առնելով իմիսիայի և հեշտանքի միջև ընկած ժամանակահատվածը կամ ճշտելով, թե հասցնու՞մ է արդյոք զուգընկերուհին բավարարվել սեռական հարաբերությունից։ Պետք է նշել, որ վերջին երկու մոտեցումներն էլ լիարժեք չեն, քանի որ չեն ելնում այս խանգարման հիմնական մեխանիզմից՝ սերմնաժայթքման կառավարումից։ Շատ տղամարդիկ գիտեն երկարաձգել հեշտանքը՝ նվազեցնելով գրգիռների աճման արագությունը։ Այս կերպ նրանց հաջողվում է կարգավորել իրենց գրգռման մակարդակը՝ ցածր պահելով այն սերմնաժայթքման անխուսափելության մակարդակից (այն պահը, երբ սկսվում է հեշտանքի ռեեֆլեքսը)։

 

Սեռական ցավային խանգարումներից է դիսպարեունիան (302.76), որի դեպքում սեռական հարաբերությունը պարբերաբար ուղեկցվում է ցավային զգացողությամբ գենիտալիաներում, դիտվում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ։ Սա այն սեռական խանգարումն է, որի դեպքում պարտադիր է բժշկական քննությունը։ Վագինիզմը (306.51) ներթափանցման փորձ կատարելիս հեշտոցամուտքի մկանների մշտական ոչ կամային սպազմատիկ կծկումն է։ Երբեմն այն կարող է ի հայտ գալ ոչ միայն սեռական փորձ կատարելիս, այլ անգամ գինեկոլոգիական հետազոտության ժամանակ։

 

Երբեմն սեռական գրգռման խանգարման ժամանակ կինը սեռական հարաբերության ընթացքում լյուբրիկացիայի սակավության պատճառով ունենում է ցավային զգացողություններ։ Այս դեպքերում հարկավոր է ուշադիր և մանրակրկիտ քննություն՝ տարբերակելու կնոջ գրգռման խանգարումը դիսպարեունիայից և վագինիզմից։

 

Այլ ընդհանուր բժշկական վիճակի հետ կապված սեռական դիսֆունկցիաները սեռական խանգարումների կարևոր մասն են կազմում։
Ինչպես ցույց է տալիս անվանումը, այս ախտորոշումը դրվում է, երբ հիվանդության պատմությունը, արտաքին քննությունը և լաբորատոր տվյալները ցույց են տալիս, որ սեռական դիսֆունկցիայի առաջացման անմիջական պատճառը հիմնական հիվանդության առկայության փաստն է։ Սեռական խանգարման բոլոր ախտանիշները կարելի է վերագրել հիմնական հիվանդության հետևանքով տեղ գտած ֆիզիոլոգիական փոփոխություններին և հնարավոր չէ բացառել սեռական դիսֆունկցիայի առաջացման գործում օրգանական գործոնի դերը։ Սեռական դիսֆունկցիայի ախտանիշները դրսևորվում են հիմնական հիվանդության առաջացման կամ սրացումների ժամանակ։

 

Որևէ նյութի կիրառման չարաշահմամբ պայմանավորված սեռական դիսֆունկցիան ախտորոշելու համար պետք է սեռական խանգարման պատմությունը, արտաքին քննության և լաբորատոր տվյալները ամբողջովին բխեն օգտագործվող նյութի ազդեցությունից։ Ախտանիշը դրսևորվում է ինտոքսիկացիայի մեկ ամսվա ընթացքում։ Սեռական խանգարումը պատճառաբանորեն կապված է նյութի ընդունման հետ։

 

Պարաֆիլիաները վերաբերում են սեռական այլասերումներին։ Այս խմբում ընդգրկված են 8 ձևեր, որոնց ժամանակ պարբերաբար դիտվում են ուժգին սեռական գրգռում առաջացնող երևակայություններ, հակումներ կամ գործողություններ, ընդ որում՝


1. սեռական ակտիվությունը ներառում է անշունչ առարկա
2. դիտվում է ինքնախարազանում կամ ուրիշի անձի նվաստացում
3. ընդգրկված է երեխա կամ համաձայնություն չտված այլ անձ։

 

Պարաֆիլիա ախտորոշվում է այն դեպքում, երբ սեռական գրգռում առաջացնող երևակայությունները կամ գործողությունները առկա են անձի մոտ առնվազն 6 ամիս և, ինչպես բոլոր սեռական խանգարումների դեպքում, հարուցում են լուրջ անձնային կամ միջանձնային խնդիրներ։ Շատ պարաֆիլիաներ ընդգրկում են անթույլատրելի վարքաձևեր, որոնք ենթակա են օրինապահ մարմինների կողմից վերահսկողության։

 

Ստորև բերվում է պարաֆիլիաների համառոտ նկարագրությունը՝

 

  1. Էքսհիբիցիոնիզմ (302.4)-անծանոթ մարդկանց սեփական սեռական օրգանների ցուցադրումը

  2. Ֆետիշիզմ (302.81)-սեռական բավարարման նպատակով անշունչ առարկայի օգտագործումը

  3. Ֆրոտերիզմ (302.89)-անծանոթ մարդուն շոշափելը կամ քսվելը

  4. Պեդոֆիլիա (302.2)-սեռական հարաբերություն երեխայի կամ անչափահասի հետ

  5. Սեքսուալ մազոխիզմ (302.83)-սեռական գրգռման հասնելը նվաստանալու, կապկպված, ծեծված լինելու կամ այլևայլ տանջանքների և տառապանքների ենթարկվելու միջոցով

  6. Սեքսուալ սադիզմ (302.84)-սեռական գրգռվածություն ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելիս

  7. Ֆետիշային տրանսվեստիզմ (302.3)-հետերոսեքսուալ տղամարդու սեռական գրգռում հակառակ սեռի հագուստ կրելիս

  8. Վուայերիզմ (302.5)-սեռական գրգռման առաջացում սեռական հարաբերությամբ զբաղվող, մերկացող կամ մերկ մարդկանց դիտելիս։

 

Սեռական նույնացման խանգարումները բնութագրվում են վերագրված հոգեսոցիալ սեռից դժգոհության և մյուս սեռի հոգեսոցիալ կարգավիճակ ստանձնելու ցանկությամբ։ Սեռական նույնացումը կին կամ տղամարդ լինելու գիտակցումն է, կանացիության կամ առնականության ներքին զգացողությունը։ Իգական կամ արական սեռին պատկանելու գիտակցությունից է կախված սեռային դերի ընտրությունը և վարքի դրսևորումը։ Սեռական նույնացման խանգարումները, որոնք առկա են մանկության և պատանեկության տարիներին, որոշ մնացորդային երևույթներով կարող են պահպանվել հասուն տարիքում։

 

Տրանսսեքսուալիզմը հակառակ սեռի կերպարով ապրելու և շրջապատի կողմից ընդունվելու ցանկությունն է, որն ուղեկցվում է սեփական անատոմիական կառուցվածքի անհարմարավետության և անհամապատասխանության զգացումով։ Այսպիսի անձանց մոտ առկա է մշտական և կայուն ցանկություն վիրաբուժական միջամտությամբ փոխելու սեփական մարմինը՝ նախընտրած սեռի ձևն ու որակը տալու համար։ Ախտորոշումը հաստատվում է, եթե խանգարումը առկա է ոչ պակաս, քան երկու տարի և չի հանդիսանում այլ հոգեկան խանգարման ախտանիշ, ինչպիսին է շիզոֆրենիան, չի հանդիսանում միջսեռային, ժառանգական կամ քրոմոսոմային արատների նշան։ Տարբերակիչ ախտորոշումը անց է կացվում տրանսսեքսուալիզմի, տրանսվեստիզմի, ֆետիշային տրանսվեստիզմի, հոմոսեքսուալիզմի միջև։

 

Համամեմատության համար ներկայացնում ենք ICD-10-ում բերված սեռական խանգարումների դասակարգումը, որը շատ քիչ է տարբերվում DSMIV-ում ներկայացված դասակարգումից։ Սկզբունքորեն այլ կառուցվածք ունի Վ.Վ.Կրիշտալի դասակարգումը, որը օգտակար է սեռական խանգարումների վերաբերյալ բազմակողմանի մոտեցումները յուրացնելու առումով։

 

Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման համաձայն, սեռական խանգարումները՝ որպես ինքնուրույն նոզոլոգիական միավորներ, նկարագրվում են`

 

  • F5-Վարքային համախտանիշներ` պայմանավորված ֆիզիոլոգիական խանգարումներով և ֆիզիկական գործոններով,

  • F6-Հասուն անձի և մեծահասակի վարքի խանգարումներ բաժիններում։

 

Որպես սիմպտոմատիկ խանգարումներ, որնք զարգանում են այս կամ այն հիմնական հիվանդության (սոմատիկ կամ հոգեկան) ազդեցությամբ, ներկայացված են համապատասխան հիվանդության համարի տակ։

 

F52 Սեռական դիսֆունկցիա, որ պայմանավորված չէ օրգանական խանգարումներով կամ հիվանդություններով
F52.0 Սեռական հակման կորուստ կամ բացակայություն
F52.1 Զզվանք սեռական հարաբերությունից և սեքսուալ բավարարվածության բացակայություն
F52.2 Գենիտալ ռեակցիայի բացակայություն (լյուբրիկացիայի խանգարում` կանանց, էրեկցիայի խանգարում` տղամարդկանց մոտ)
F52.3 Հեշտանքի դիսֆունկցիա
F52.4 Վաղաժամ սերմնաժայթքում
F52.5 Վագինիզմ ոչ օրգանական բնույթի
F52.6 Դիսպարեունիա ոչ օրգանական բնույթի
F52.7 Սեռական հակման ուժեղացում
F52.8 Այլ սեռական դիսֆունկցիա` օրգանական խանգարմամբ կամ հիվանդությամբ չպայմանավորված


F64 Սեռական նույնացման խանգարումներ
F64.0 Տրանսսեքսուալիզմ
F64.1 Երկդեր տրանսվեստիզմ
F64.2 Երեխաների սեռական նույնացման խանգարում
F64.3 Սեռական նույնացման այլ խանգարումներ


F65 Սեռական նախընտրության խանգարումներ
F65.0 Ֆետիշիզմ
F65.1 Ֆետիշային տրանսվեստիզմ
F65.2 էքսհիբիցիոնիզմ
F65.3 Վուայերիզմ
F65.4 Պեդոֆիլիա
F65.5 Սադոմազոխիզմ
F65.6 Սեռական նախընտրության բազմակի խանգարումներ
F65.8 Սեռական նախընտրության այլ խանգարումներ

 

F66 Սեռական զարգացման և կողմնորոշման հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումներ
F66.0 Սեռական հասունության խանգարում
F66.1 Էգո-դիստոնիկ սեռական կողմնորոշում
Վ.Վ.Կրիշտալը (1999թ.) տալիս է սեռական խանգարումների հետևյալ դասակարգումը.

 

1. Սեռական խանգարումների առաջնային ձևեր


Անհարմարողական ձևեր


1. Սոցիոկուլտուրալ (ընդհանուր և սեռական կուլտուրաների անհամապատասխանություն)
2. Կոմունիկատիվ (հակառակ սեռի ներկայացուցչի հետ դժվար շփումը)
3. Սեռավարքային (սեռադերային վերափոխում, դերի վարքի ուռճացում, հոգեսեռական օրիենտացիայի շեղումներ)
4. Սեքսուալ-էրոտիկ (ամուսինների սեռական մոտիվացիաների անհամապատասխանություն)
5. Ավերսիոն (զուգընկերոջ կամ ընդհանրապես սեքսի նկատմամբ ծայրահեղ նեգատիվ վերաբերմունք)
6. Կոնստրուկցիոն անհարմարողականություն (սեռական կոնստիտուցի այի անհամապատասխան տիպեր)
7. Բիոռիթմիկ ձև (ամուսինների սեռական բիոռիթմերի անհամապատասխանություն)
8. Վիրգոգամիա (կուսական ամուսնություն)

 

Սեռական գործունեության խանգարման ձևեր


9. Պաթոռեֆլեկտոր ձև (պաթոլոգիական պայմանական ռեֆլեքսի առաջացում)
10. Դիսռեգուլյատոր ձև (սեռական ակտի սիստեմատիկ ընդհատման արդյունք)
11. Աբստինենտ ձև (երկարատև կամ կարճատև, բայց հաճախ կրկնվող սեռական ձեռնպահություն)
12. Կոնստիտուցիոնալ-գենետիկ ձև (սեռական բնազդն իրականացնող ապարատի թույլ կառուցվածք)
13. Ռետարդացիոն ձև (սեռական զարգացման ուշացում` սեռականության վրա նեգատիվ ազդեցությամբ)
14. Դեզինտեգրացիոն (առաջնային պաթոգենետիկ անհարմարող ականություն, հարկենտրոնական բլթերի անլիարժեքություն)
15. Անոթային ձև (առնանդամի զարկերակային կամ երակային անբավարարություն)
16. Սպինալ ձև (էրեկցիայի կամ էյակուլյացիայի սպինալ կենտրոնի ախտահարում)
17. Ռեցեպտոր ձև (սեռական օրգանների զգացողության հիպո- կամ հիպերեսթեզիա)
18. Ինվոլյուցիոն ձև (օրգանիզմի ծերացման հետևանքով առաջացած սեռականության թուլացում)
19. Դեզինֆորմացիոն-գնահատողական ձև (սեռական կյանքի փսիխոհի գիենայի մասին սխալ կամ անլիարժեք իմացություն, զուգընկերոջ սեռականության ոչ ճիշտ գնահատում)
20. Սեռական ավտոմատիզմ (սերմնաժայթքումը կարգավորել չկարողանալը)
21. Ալեքսիթիմիկ ձև (այսպես կոչված` «տնօրենի հիվանդություն», որը պայմանավորված է աշխատանքի ու հանգստի ներդաշնակ համատեղում կազմակերպելու անկարողության հետ, ինչը բերում է սեռական գործունեության իջեցման)
22. Կոիտոֆոբիա
23. Օնանոֆոբիա
24. Անհաջողության սպասման նևրոզ (անվստահություն, անհաջողության սպասում` սեռական ակտից առաջ կամ դրա ընթացքում)
25. Պենիսիզմ (առնանդամի չափերի փոքրացումը սեռական ակտի փորձի ժամանակ, հաճախ ուղեկցվում է կոիտոֆոբիայով)
26. Վագինիզմ
27. Փսիխոգեն գենիտալգիաներ (ցավ սեռական ակտի ժամանակ )
28. Համր պրոստատովեզիկուլիզմ (Молчаливый простато-везикулизм) (պետտինգի, ֆրուստրացիայի արդյունք)
29. Պաթոլոգիական ձեռնաշարժություն


2. Սեռական խանգարումների երկրորդային ձևեր

 

  1. Սոմատիկ հիվանդությունների ժամանակ (այդ թվում` նևրոլոգիական, էնդոկրին, ուռոլոգիական և այլն)
  2. Հոգեկան հիվանդությունների ժամանակ

 

Սեռական դիսֆունկցիաները կարող են լինել՝

  • բացահայտ և թաքնված,

  • առաջնային՝ ի սկզբանե գոյություն ունեցող և նոր առաջացած

  • բացարձակ և իրավիճակային,

  • ներհոգեբանական և միջանձնային,

  • սոմատիկ կամ հոգեկան հիվանդության հետևանք։


Բացահայտ սեռական խանգարումների դեպքում այցելուն գիտակցում է իր սեռական խանգարումը և ներկայացնում է այն իբրև հիմնական գանգատ։ Պատահում է, որ այցելուն, թեև գիտակցում է իր սեռական խանգարումը, սակայն գանգատ է ներկայացնում այլ իրական կամ երևակայական վիճակից։ Օրինակ, նա առաջնային գանգատվում է դեպրեսիայից, բայց հարցազրույցի ընթացքում աստիճանաբար բացահայտում է, որ ունի նաև էրեկցիայի հետ կապված դժվարություններ։ Երբեմն, սեռական խանգարումը ամբողջովին հայտնի է այցելուին, բայց նա ակտիվորեն հերքում է դրա առկայությունը։ Այս պարագայում հերքումը հանդես է գալիս իբրև պաշտպանական մեխանիզմ, որի միջոցով այցելուն հեռացնում է իրենից անցանկալի ինֆորմացիան կամ թուլացնում է նրա ազդեցությունը։

 

Երբ ախտանիշը կամ համախտանիշը լրիվ բացահայտ է, բժշկի գործը ինչոր չափով հեշտանում է, քանի որ նա ստիպված չի լինում հաղթահարել այցելուի դիմադրությունը՝ բացահայտելու համար ներկայացվող գանգատի կապը դրա հիմքում ընկած իսկական պատճառի՝ սեռական խանգարման հետ, և այցելուի ուշադրությունը հրավիրելու այդ փաստի վրա։

 

Թաքնված սեռական խանգարումների դեպքում ներկայացվող գանգատների և ախտանիշների անմիջական կապը սեռական խանգարման հետ ակնհայտորեն չի գիտակցվում այցելուի կողմից։ Ներկայացվող ախտանիշներն են՝ հոգնածությունը, մեջքի ցավերը, աղեստամոքսային խանգարումները, դաշտանային անկանոնությունները և այլն։ Այս դեպքերում բժշկի խնդիրն է բացահայտել և երևան հանել ներկայացվող գանգատի և սեռական ֆրուստրացիայի միջև անգիտակից կապը։

 

Առաջնային կամ ի սկզբանե գոյություն ունեցող և ձեռքբերովի սեռական խանգարումներ։ Եթե սեռական խանգարումն ի հայտ է եկել նորմալ սեռական գործունեությունից հետո, ապա այն ընդունված է համարել ձեռքբերովի։ Եթե սեռական խանգարումը դրսևորվում է սեռական կյանքի հենց սկզբից, նշանակում է, որ այն առաջնային է կամ ի սկզբանե գոյություն է ունեցել։

 

Բացարձակ և իրավիճակային սեռական խանգարումներ։ Եթե սեռական խանգարումը իրավիճակային է, այսինքն դրսևորվում է միայն որոշակի իրավիճակներում կամ որոշակի զուգընկերոջ/զուգընկերուհու հետ, կարելի է ենթադրել, որ խնդիրը հոգեբանական է, եթե իրավիճակը կապված չէ ալկոհոլի կամ դեղերի ընդունման հետ։ Եթե խանգարումը դրսևորվում է ցանկացած պարագայում, այսինքն համընդհանուր է, այն կարող է լինել թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, թե՛ այս երկուսով միասին պայմանավորված։ Ամենատիպիկ իրավիճակը այն է, երբ սեռական խանգարումը դրսևորվում է ամուսնության շրջանակներում։ Այսպիսի դեպքերում բժշկի խնդիրն է ուսումնասիրել ամուսնական հարաբերությունները։

 

Ներհոգեբանական և միջանձնային գործոններ։ Քանի որ սեռական խանգարման համար պատասխանատու բացասական հույզերը և տագնապը ներհոգեկան են, կարելի է ասել, որ բոլոր սեռական խանգարումների հիմքում կա ներհոգեկան բաղադրիչ։ Խնդիրը այն է, թե որ գործոններն են գերակշռում սեռական խանգարման պատճառածագման մեջ՝ ներհոգեկա՞ն թե՞ միջանձնային։ Եթե սեռական կյանքի հետ կապված բացասական ասոցիացիաները առաջացնում են ուշացած սերմնաժայթքում նախքան ամուսնական հարաբերությունների մեջ մտնելը, ապա կարելի է ենթադրել, որ գերիշխող պատճառը ներհոգեբանական է։ Ընդհակառակը, եթե ի սկզբանե նորմալ սեռական հարաբերությունները խանգարվում են ամուսնական կոնֆլիկտների պատճառով, ապա պատճառը միջանձնային հարաբերությունների մեջ է, թեև, ինչպես նշվեց քիչ առաջ, այստեղ ևս առկա է ներհոգեբանական գործոնը։


Սոմատիկ կամ հոգեկան հիվանդության հետևանք։ Որոշ սեռական դիսֆունկցիաներ, օրինակ` շաքարային դիաբետի ժամանակ առաջացող էրեկտիլ դիսֆունկցիան, սոմատիկ հիվանդության հետևանք են։ Իսկ որոշ սեռական դիսֆունկցիաներ բխում են հոգեկան հիվանդությունից, օրինակ` սեռական ցանկության արգելակումը դեպրեսիաների ժամանակ։

 

Սեռական խանգարումների էթիոպաթոգենեզը

 

Սեռական դիսֆունկցիաների մեծ մասը ունի փսիխոգեն ծագում։ Որոշ սեռական դիսֆունկցիաներ (օրինակ` շաքարային դիաբետի ժամանակ հանդիպող) իրենց առաջացման հիմքում ունեն օրգանական պատճառներ։
Այնուհանդերձ, մաքուր օրգանական հիմքով սեռական դիսֆունկցիաներ հազվադեպ են հանդիպում. սովորաբար օրգանական և հոգեբանական գործոնները միահյուսվում են և համատեղ մասնակցում հիվանդության ախտածագմանը։

 

Կան բազում գործոններ, որոնք կարող են խանգարել սեռական ֆունկցիան՝ սկսած ամենահասարակ անտեղյակությունից, մինչև խորը ներհոգեբանական կոնֆլիկտները։ Ելնելով սեռական առողջության ապահովման քառաբաղադրիչ մոտեցումից, գործոնները, որոնք կարող են վնասել սեռական ֆունկցիան, կարելի է բաժանել 4 խմբի՝

 

  1. սոցիալ և սոցիալ-մշակութային,

  2. հոգեբանական,

  3. սոցիալ-հոգեբանական,

  4. կենսաբանական։


Սոցիալ գործոնները հսկայական, նույնիսկ կանխորոշիչ նշանակություն ունեն անհատի սեքսուալ կուլտուրայի և սեռական վարքի ձևավորման գործում։ Այս գործոններն են՝ հասարակության վերաբերմունքը սեռականությանը, սեռական ավանդույթները, սովորույթները, առասպելները, էթնիկ առանձնահատկությունները, ընտանեկան դաստիարակությունը, սեռակրթությունը և այլն։ Նշված գործոնները ազդում են սեքսուալ և էրոտիկ դիրքորոշումների, սեքսուալ հուզական ապրումների, սեռական զույգի նախընտրության չափանիշների, սեռական ակտիվության մակարդակի ձևավորման վրա։

 

Սոցիալ գործոնները կարող են սեռական կյանքի շուրջ նևրոտիկ կոնֆլիկտի առաջացման պատճառ դառնալ, օրինակ` առաջացնել վախ հակառակ սեռի ներկայացուցչից, վախ` սեռական հաճույքից, կամ երկակի ստանդարտի ձևավորման հիմք դառնալ։

 

Հոգեբանական գործոններից առաջին հերթին պետք է նշել բնավորության շեշտվածությունները և փսիխոպաթիաները։ Բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են ամաչկոտությունը, նեղացկոտությունը, հեշտությամբ տպավորվելը խոչընդոտում են լիբիդոյի ձևավորման պլատոնիկ, էրոտիկ և սեքսուալ փուլերի նորմալ ընթացքը, վատ են անդրադառնում միջանձնային հաղորդակցման, շփումների ունակության վրա, առանց որոնց դժվար է անձի և նրա հոգեսեռական զարգացումը։

 

Սեռական աններդաշնակությամբ զույգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բնավորության կասկածամիտ, տագնապային և աֆեկտիվ գծերը, ինչպես նաև ինֆանտիլ տարրերը նախատրամադրող են սեռական խանգարումների առաջացման համար, քանի որ դրանք նպաստում են հիպոխոնդրիկ սևեռումների, առողջական վիճակի վատատեսական գնահատականի, ամաչկոտության, ինքնամեկուսացման, հիվանդագին ինքնավերլուծությունների, սեռական անլիարժեքության համոզմունքի զարգացմանը։

 

Բացի բնավորությունից և խառնվածքից, մեծ նշանակություն ունեն ինտելեկտի մակարդակը, բարձրագույն նյարդային համակարգի տիպը, անձի ուղղվածությունը, նրա արժեքային համակարգը, ինքնագնահատականը, տեղեկացվածության մակարդակը։ Հոգեկան լարումներ պահանջող իրավիճակներում հիշյալ անձնային բնութագրիչները, փոխազդելով անձի հոգեբանական պաշտպանական մեխանիզմների հետ, նպաստում են սթրեսի հաղթահարմանը։ Հակառակ դեպքում զարգանում է ներանձնային կոնֆլիկտ, որը բերում է սեռական խանգարման առաջացման։

 

Սոցիալ հոգեբանական գործոնների շարքին են դասվում միջանձնային փոխհարաբերությունների ներդաշնակությունը, զույգի սեքսուալ մոտիվացիաների, գերիշխող մոտիվացիայի, արժեքային կողմնորոշումների համապատասխանությունը։

 

Կենսաբանական գործոններն են ընդհանուր հիվանդությունները, որոնք կարող են բերել ֆիզիկական և հոգեկան ասթենիայի, խախտել սեռական ֆունկցիայի կարգավորման նյարդահումորալ, հոգեկան և նյարդային մեխանիզմները։ Շաքարային դիաբետը, անոթային հիվանդությունները, փսիխոզները այն հաճախ հանդիպող հիվանդություններն են, որոնք բերում են սեռական այս կամ այն խանգարման։ Որոշ դեղամիջոցներ, որոնք երկարատև ընդունվում են խրոնիկական հիվանդության առկայության դեպքում, նույնպես կարող են խանգարել սեռական ֆունկցիան։

 

Վերոնշյալ բոլոր գործոնները սեռական խանգարում առաջացնում են մեկ ընդհանուր մեխանիզմով՝ տագնապի հարուցմամբ։ Ընդ որում, էական չէ, թե ինչն է տագնապի աղբյուրը, դրա խորությունը կամ ուժգնությունը, գիտակցված կամ անգիտակից լինելը, առաջացման պատճառների իմացությունը։ Ամեն անգամ, երբ սեռական փորձից առաջ հայտնվում է տագնապի զգացումը, փսիխոսոմատիկ մեխանիզմներով խանգարվում է սեռական ֆունկցիայի նորմալ ընթացքը։ Միևնույն սեռական դիսֆունկցիան կարող է առաջանալ անկախ տագնապի սկզբնապատճառների. ահա թե ինչու սեռական պաթոլոգիան բնորոշվում է ոչ սպեցիֆիկությամբ։ Օրինակ, էրեկտիլ դիսֆունկցիան կարող է պայմանավորված լինել անհաջողության սպասումով, մոտեցող ոտնաձայների աղմուկով կամ էդիպյան բարդույթից բխող ինցեստային տաբուի անգիտակից արգելակումով։ Բոլոր այս դեպքերում ուղեղը «որոշում է», որ իրավիճակը վտանգավոր է սեռական կապի համար։ Բացասական հուզական վիճակը, որ ստեղծվում է սեռական փորձ կատարելիս, արգելակում է ողնուղեղային կենտրոնները, որոնք կառավարում են արյան ներհոսի և արտահոսի գործընթացները։ Արդյունքում, արյունն ակնթարթորեն դատարկվում է կավերնոզ մարմիններից, և էրեկցիան անհետանում է։

 

Այսպիսով, կան բազմաթիվ պատճառներ, որոնք հարուցելով տագնապի զգացում՝ բերում են սեռական այս կամ այն ախտանիշի «ընտրությանը», ձևավորելով սեռական խանգարում։ Թե ինչպիսի խանգարում կզարգանա՝ սեռական ցանկության իջեցում, գրգռման խանգարում կամ հեշտանքի արգելակում, կախված է մի քանի գործոնից։ Նախևառաջ դա անձի հոգեֆիզիոլոգիան է, որը պայմանավորում է միևնույն հույզին տարբեր մարդկանց կողմից տարբեր ֆիզիոլոգիական պատասխան տալու, յուրահատուկ ձևով հակազդելու հնարավորությունը։ Դրա մասին է խոսում այն փաստը, որ միևնույն սթրեսը մեկի մոտ բերում է ստամոքսահյութի թթվայնության բարձրացման, մյուսի մոտ՝ արտերիոլների տոնուսի բարձրացման, իսկ երրորդի մոտ պատասխան հակազդմանն են մասնակցում սեռական օրգանների նյարդանոթային կառույցները։ Այդ պատճառով զարգանում են փսիխոսոմատիկ տարբեր հիվանդություններ, սեռական ֆունկցիայի տարբեր խանգարումներ։

 

Բացի «հակազդման պատասխանի անհատական յուրատիպությունից», սեռական ախտանիշի «ընտրությունը» կախված է նաև նրանից, թե`

 

  1. սեռական հարաբերության ո՞ր պահին է ի հայտ գալիս տագնապը և այդ տագնապի դեմ պաշտպանական հակազդումը,

  2. ի՞նչ ուժգնություն ունի տագնապը` անկախ նրա խորությունից կամ բովանդակությունից,

  3. ի՞նչ պաշտպանական մեխանիզմ է գործի դրվում տագնապի հաղթահարման համար։

 

1. Սեռական ախտանիշը առաջանում է, երբ փոխազդեցության մեջ են մտնում տագնապը և սեռական ցիկլի ֆիզիոլոգիական մեխանիզմները։ Այդ պատճառով սեռական ախտանիշը կախված է նրանից, թե սեռական ցիկլի որ փուլում է հայտնվում տագնապի զգացողությունը։ Եթե այն հայտնվում է ամենասկզբում, նախքան սեռական հարաբերություն սկսելը, ապա խանգարվում է սեռական ցանկության փուլը։ Այս դեպքերում հաճույքի ամենաառաջին ապրումները փեխարինվում են տագնապի զգացողությամբ, ինչը հանգեցնում է սեռական արգելակման։

 

Գրգռման փուլի խանգարումները պայմանավորված են ավելի ուշ ի հայտ եկող տագնապով, տարբեր աստիճանի գրգռման պահերին։ Օրինակ, որոշ տղամարդիկ տագնապ են ապրում էրեկցիայի առաջացումից անմիջապես հետո և անմիջապես էլ կորցնում են այն, մյուսները հանգիստ են նախքան ներհրման պահը և կորցնում են էրեկցիան այն ժամանակ, երբ փորձում են ներհրել առնանդամը դեպի հեշտոց, երրորդներին տագնապի զգացումը պաշարում է առնանդամը հեշտոցում գտնվելու ժամանակ, և նրանք կորցնում են էրեկցիան նախքան սերմնաժայթքումը։

 

Հեշտանքի փուլի խանգարումները առաջանում են, երբ տագնապը և նրա հետ կապված պաշտպանական ռեակցիան հայտնվում են գրգռման բարձրագույն պահին։ Մինչ այդ սեռական ցիկլի ընթացքը գնում է իր սովորական հունով և միայն հեշտանքից անմիջապես առաջ է արգելակվում։

 

2. Կլինիկական դիտարկումները ցույց են տալիս, որ ինչքան ուժեղ է տագնապը, այնքան վաղ է այն հայտնվում սեռական հարաբերության ժամանակ։ Այսպիսով, ամենաուժեղ տագնապը առաջացնում է սեռական ցանկության խանգարումներ, մինչդեռ ավելի թույլ տագնապի դեպքում սեռական հաճույքը միառժամանակ «հանդուրժվում է» մինչև հեշտանքին մոտենալու պահը, և ապա ի հայտ գալով` բերում վերջինիս խանգարման։

 

Սակայն պետք է նշել, որ այս կոռելյացիան բացարձակ չէ, և կլինիկայում հանդիպում են բացառություններ։

 

Տագնապի ուժգնության որոշման չափանիշները սեռագիտության այսօրվա պատկերացումներով սահմանված չեն։ Այնուհանդերձ, թույլ ուժգնության են համարվում ՝


1. չբարդացած կատարման տագնապները (performance anxiety),
2. զուգընկերոջ հանդեպ ցուցաբերվող գերմտահոգվածությունը,
3. իրեն կամ զուգընկերոջը անիրական սեռական պահանջների ներկայացման հետևանքով առաջացած տագնապը,
4. մերժվելու անցողիկ վախը,
5. մանկությունից եկող մեղքի և ամոթի մնացորդային հետքերը՝ կապված ձեռնաշարժության կամ սեռական հաճույքի հետ։

 

Տագնապի նշված տեսակները կարող են հանդիպել ինչպես «մաքուր», այսինքն ինքնուրույն տեսքով, այնպես էլ` որպես հետևանք՝

 

1. զույգի մեջ իշխանության համար մղվող պայքարի,
2. ինքնադրսևորման անկարողության,
3. էդիպյան և սիբլինգային մրցակցության մնացորդային հետքերի։

 

Միջին ուժգնության տագնապի աղբյուրներ են հանդիսանում՝


1. վախը հաջողությունից,
2. վախը հաճույքից,
3. վախը ինտիմությունից,
4. վախը մերժվելուց։

 

Ի տարբերություն կատարման տագնապի և սեռական ձախողման վախի, վերոնշյալ միջին ուժգնության տագնապի աղբյուրները շատ հաճախ այցելուի գիտակցականից դուրս են։ Սակայն դրանք հակված չեն գիտակցմանը դիմադրելու և հաճախ հեշտությամբ լուծվում են։ Երբեմն, սակայն, դրանց հիմքում ընկած են խորը կոնֆլիկտներ, որոնք ցույց են տալիս մեծ դիմադրություն բուժման նկատմամբ։

 

Խորը տագնապների աղբյուր են հանդիսանում՝

 

1. միջանձնային լուրջ խնդիրները՝ կապված հակառակ սեռի հանդեպ թշնամանքի և նևրոտիկ ասոցիացիաների հետ
2. Մանկության շրջանում տարած սեռական տրավմաները և այդ տրավմաներին դեստրուկտիվ հարմարողական մեխանիզմները
3. էդիպյան և նախաէդիպյան բարդույթները
4. սիբլինգային չլուծված մրցակցությունը
5. կատարման ուժգին տագնապները
6. մանկական հուշերը, որոնք կապում են սեռական կյանքը, սերը և հաճույքը մեղքի զգացողության և վտանգավորության հետ։

 

Այս պատճառները միշտ անգիտակցական են և խոր սպառնալիք են ներկայացնում այցելուի գիտակցականին։ Այդ պատճառով բուժման ընթացքում դրանց հետ բախումը այցելուի մոտ ուժեղ դիմադրություն է առաջացնում։ Այսպիսի դեպքերում բուժումը երկարատև է և բժշկից համառ ջանքեր է պահանջում։

 

Առաջացած տագնապի դեմ մշակվում է պաշտպանական ուրույն մեխանիզմ` պայմանավորված տվյալ անհատի, տվյալ իրավիճակի, տագնապի ուժգնության առանձնահատկություններով։ Այսպես, էրոտիկ զգացողությունները, որոնք տագնապ են հարուցում, մի անձի մոտ հաղթահարվում են ճնշման միջոցով, իսկ մյուսի մոտ դիտվում է դրանց հետևելու կպչուն միտում։ Այս անհատները կունենան տարբեր սեռական ախտանիշներ. էրոտիկ զգացողությունները ճնշողը չի կարողանա կառավարել սերմնաժայթքումը և կունենա վաղաժամ սերմնաժայթքում, մինչդեռ այդ զգացողություններին սևեռվածը անընդունակ կլինի հասնելու հեշտանքի և կունենա հեշտանքի խանգարում։ Այսպիսով, սեքսուալ տագնապի դեմ պաշտպանողական մեխանիզմի և սեքսուալ դրսևորման փոխազդեցությունից առաջանում է որոշակի սեռական համախտանիշ։

Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
Աղբյուր. sexology.am
Լուսանկարը. polar-med.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Սեռական կյանք Ուռուցքաբանություն
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Սեքսուալություն հասկացությունը. urolog.am
Սեքսուալություն հասկացությունը. urolog.am

Այսպիսով, ի՞նչ է սեքսուալությունը: Իրականում սեքսուալությունը պարզապես մարդու բնավորության գիծ չէ, որը նրան տրված է ծնված օրվանից, այլ նրա որակների հավաքածու է, որի շնորհիվ նա գրավում է շրջապատի մարդկանց: Սեփական սեքսուալության...

Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am

Սեռական բժշկությունը հատուկ ուղղություն չէ, հոգեբանության մաս է կազմում, սակայն կարևոր է թե՛ մարմնական և թե՛ հոգեբանական բժշկության ցանկացած ոլորտում բուժական և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ժամանակ...

Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Ուրո-անդրոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am

Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...

Սեռական կյանք
ԱՄՆ-ում հավանություն են տվել «կանացի վիագրայի» արտադրությանը. 1in.am
ԱՄՆ-ում հավանություն են տվել «կանացի վիագրայի» արտադրությանը. 1in.am

ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ Լրահոս կանանց համար
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

ԿԻՆ: Ինտիմ
Ամենատարօրինակ սեռական շեղումներ. 1in.am
Ամենատարօրինակ սեռական շեղումներ. 1in.am

Սեռական նախասիրությունների և սեռական կյանքի այլ ինտիմ մանրամասների մասին ընդունված չէ խոսել պարկեշտ հասարակությունում, սակայն արգելված պտուղը քաղցր է, և մարդիկ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)

Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն...

Սեռական կյանք Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Արական եւ իգական բջիջները մշտական պաշտպանության կարիք ունեն. med.news.am
Արական եւ իգական բջիջները մշտական պաշտպանության կարիք ունեն. med.news.am

Ինչու՞ եմ ես աղջիկ, իսկ ինչու՞ ես դու՝ տղա։ Որն է մեր գենդերային դերի կենսաբանական խթանը, եւ ինչպես է այն ազդում մեր կյանքի վրա։ Մինեսոթայի համալսարանի աշխատակիցները փորձել են հասկանալ կենդանիների...

Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com

Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ