Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Թանթրվենի սև - Бузина черная - Sambucus nigra L.

Թանթրվենի սև - Бузина черная - Sambucus nigra L.

Հայկական տարանունները - բոռքիչ, թանթրավենի, կտտկենի, շամբուկ, փորքիչ

Դեղաբույսի նկարագրությունը: Այծատերևազգիների ընտանիքին պատկանող թուփ կամ մինչև 2-6 մետրի հասնող լայնասաղարթ ծառ է: Տերևները բարդ են, բնորոշ տհաճ հոտով: Ծաղիկները սպիտակ են, հոտավետ: Պտուղները սև են (այստեղից էլ ծագել է անունը), կլորավուն, հյութալի, պարունակում են 3-4 սերմ: Ծաղկում է հունիսին, երբ ծառն արդեն լրիվ տերևակալված է լինում, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին: Բույսի արմատը հողի մեջ խոր չի թափանցում: Նախընտրում է բերրի և բերովի հողերը: Բավականաչափ ջրասեր է, լավ դիմանում երաշտին, սակայն ցրտի նկատմամբ զգայուն է: Բնորոշ է ստվերադիմացկունությամբ և արագ աճով: Պտղակալում է ոչ կանոնավոր:

 

Բազմանում է սերմերով և կտրոններով, հեշտությամբ վերաճում է նաև կոճղերից դուրս եկած շիվերով: Հանդիպում է անտառների «պատուհաններում», հին հատատեղերում, ճամփեզրերին, ձորեզրերին և այլուր: Առավելապես տարածված է հաճարենու անտառներում, հատկապես խոնավ հաճարկուտներում` արևելյան ու վրացական կաղնու և բոխու հետ մեկտեղ: Գտնում են, որ անունը ծագել է Իրանում տարածված եռալար երաժշտական գործիք սամբուկից, որը պատրաստում են թանթրվենու փայտից: Սակայն` համաձայն հունական աղբյուրների, «սամբիքս» կամ «սանդիքս» նշանակում է կարմիր ներկ. խոսքն այն ներկի մասին է, որը ստանում են բույսի պտուղներից և որով ներկում են գործվածքները:

 

Քիմիական բաղադրությունը: Ծաղիկները պարունակում են գլիկոզիդ սամբունիգրին, որը ճեղքվելով տալիս է կապտածնաթթու, բենզալդեհիդ և գլյուկոզա, այնուհետև C վիտամին, ռուտին, խեժ, եթերայուղ (մինչև 32%), խոլին, կալցիումական աղեր, քլորածնային, կոֆեինային, վալերիանային թթուներ, խնձորաթթու և քացախաթթու: Պտուղներում հայտնաբերված են վիտամիններ՝ C (մինչև 50 մգ%), E, կարոտին, քրիզանթեմին, թիրոզին, դաբաղանյութեր, գինեթթու, խնձորաթթու, կարբոնաթթու, գլյուկոզա, ֆրուկտոզա: Տերևներից անջատվել է սամբունիգրին, եթերայուղ, ալդեհիդներ, C վիտամին (մինչև 280 մգ%), կարոտին, ճյուղերի կեղևից` եթերայուղ, խոլին, ֆիտոստերին, իսկ սերմերից` ճարպայուղ:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործվում է ամբողջ բույսը, անգամ կեղևը և արմատները, սակայն հիմնականում` ծաղիկները և պտուղները: Ծաղիկները հավաքում են չոր եղանակին` լրիվ բացվելուց հետո: Դանակով կամ մկրատով կտրում են ամբողջ ծաղկաբույլը. քանի որ վերջինս շուտ փչանում է, արագ չորացնում են ստվերում, լավ քամհարվող տեղում , թղթի վրա, միաշերտ փռված վիճակում: Պատրաստի հումքը պահում են չոր, քամհարվող տեղում` մառլյայից պարկիկների մեջ: Ծաղկաբույլերը հավաքելիս երբեք չպետք է կտրել ճյուղերը, որ չպակասի բույսի հաջորդ տարվա բերքատվությունը: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո (օգոստոս- սեպտեմբեր ամիսներին), չորացնում են 30-35° պայմաններում: Չոր հումքը պահում են տուփերի մեջ` 6 ամիս ժամկետով: Դալար տերևները հավաքում են գարնանը, կեղևը` ամռանը:

 

 

Որպես դեղաբույս թանթրվենու մասին տվյալներ կան Պլինիոսի գործերում: Մարդկությանը վաղուց են հայտնի ծաղիկների, պտուղների, տերևների և կեղևի միզամուղ, քրտնամուղ և լուծող հատկությունները. դրանք թուրմի և եփուկի ձևով կիրառվել են բրոնխիտների, տարբեր տեսակի ջերմերի, ռևմատիզմի, պոդագրայի, երիկամային քարային դիաթեզի (ավազի), փորկապության և փորի շրջանի ցավերի ժամանակ, իսկ արտաքին` ողողումների կամ թրջոցների ձևով, անգինայի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, աչքերի և ականջների մի շարք հիվանդությունների դեպքում: Թութքի բուժման նպատակով թարմ տերևը դրվել է ախտահարված տեղին` կոմպրեսի ձևով: Պտուղները և արմատները, որպես միզամուղ և ընդհանուր կազդուրիչ, օգտագործվում են ջրգողության, շաքարախտի, դիզենտերիայի և այլ հիվանդությունների ժամանակ:

 

Ամիրդովլաթը «խաման», «մեծ խաման», «շապուղա» անունների տակ դեղաբույսի տարբեր մասերն օգտագործել է զանազան նպատակներով: Այսպես, նա նշում է, որ արմատը գինով եփած` ներքին ընդունման ձևով, օգտակար է ջրգողությանը և գազանահարին, կանանց մոտ կբացի արգանդը, եթե լոգանք ընդունեն, մազերը սև կներկվեն, եթե օծեն մազերը: Թարմ տերևը` գարու ալյուրով, եթե սպեղան դրվի բորբոքական ուռուցքի, շան կծածի, այրվածքի և խուղակի վրա, տալիս է դրական արդյունք: Տերևահյութը, ներքին ընդունման ձևով, օգնում է կոտրվածքին և սալջարդին:

 

Հայկական ժողովրդական բժշկարանների տվյալներով` թանթրվենու ծաղիկները, որպես քրտնամուղ և միզամուղ միջոց, օգտակար են ուրեմիայի ժամանակ, բարորակ են ներգործում ձայնի խզման և խռպոտման դեպքում: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներին վերագրում են «արյունը մաքրող» հատկություն, իսկ մատղաշ տերևները` մեղրի մեջ եփված վիճակում, ներքին ընդունման ձևով, համարվում են նուրբ լուծողական: Ծաղիկների եփուկը թրջոցալաթի ձևով դնում են ցավող ականջին, ռևմատիկ և պոդագրիկ բնույթի ախտահարված հոդերի վրա: Կարմիր քամով ախտահարված մաշկին դնում են քերված կեղևի ջրաթուրմը, որը պատրաստում են կանեփի սերմերի կաթնահյութով: Մատղաշ տերևները կաթի մեջ թեթևակի խաշելուց հետո, դնում են պառկելախոցի, բորբոքական օջախների, հատկապես թութքահանգույցների վրա: Ծաղիկներից` կապույտ տերեփուկի, ակնախոտի և արջընկույզի սերմերի հետ, պատրաստում են ջրաթուրմ և օգտագործում աչքի հիվանդությունների ժամանակ: Չեխական ժողովրդական բժշկության մեջ պտուղների հյութն օգտագործում են եռորյակ գոտկասրբանային նյարդերի բորբոքուների ժամանակ: Թանթրվենու դեղամիջոցները հնդկական բժշկության մեջ և հոմեոպաթիայում հայտնի են որպես միզամուղ, քրտնամուղ և փսխեցնող միջոց: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկներից պատրաստված թեյը լայն կիրառում ունի մի շարք ցրտառական հիվանդությունների, ջրգողության և ճարպակալման ժամանակ, իսկ պտուղներց պատրաստված մարմելադը հայտնի է որպես միզամուղ և լուծողական միջոց: Տերևներից պատրաստված եփուկը` լոգանքի ձևով, օգտագործվում է ռևմատիզմի, պոդագրայի, թութքի և մաշկային ցանավորումների ժամանակ: Բացի քրտնամուղ և միզամուղ լինելուց, ծաղիկներն ունեն նաև պատող, թեթևակի ախտահանող, ջերմ իջեցնող և հակաբորբոքիչ հատկություն:

 

 

Բացի ցրտառական հիվանդություններից, դրանք օգտագործվում են նաև լյարդի ախտահարումների դեպքում` որպես լեղամուղ: Ծաղիկները մտնում են քրտնամուղ, լուծողական և կոկորդային հավաքածուների մեջ: Քրտնամուղ № 5 թեյի մեջ թանթրվենու ծաղիկներն անանուխի տերևների և լորենու ծաղիկների հետ խառնված են հավասար քանակությամբ. այն օգտագործվում է եփուկի ձևով` 1 ճաշի գդալ հումքը 2 բաժակ եռման ջրում եռացնելով 10 րոպե, ըմպում են միանվագ որպես թեյ: № 6 քրտնամուղ թեյի մեջ, որն օգտագործվում է նույն ձևով, թանթրվենու ծաղիկները խառնված են լորենու ծաղիկների հետ 1:1 հարաբերությամբ: Փափկացնող № 2 հավաքածուի մեջ թանթրվենու ծաղիկները հավասար չափով խառնված են եղեսպակի և մոլոշի ծաղիկների հետ, որից մեկ պտղունց եփացնում են մեկ բաժակ ջրում և օգտագործում կոկորդի ու բերանի ողողումների համար: Նույն նպատակի համար օգտագործում են № 5 կոկորդային հավաքածուն, այդ խառնուրդին հավասար չափով ավելացնում են նաև կաղնու կեղև: Հիմնավորված է, որ ծաղիկների պատրաստուկները նպաստում են բրոնխներում կուտակված թանձր խուխի ջրիկացմանը և նրա արտազատմանը: Ծաղիկները մտնում են նաև սենժերմենյան լուծողական հավաքածուի մեջ` անիսոնի և սամիթի սերմերի, ալեքսանդրյան տերևի և գինեքարային աղի հետ: Դեղաբույսի պատրաստուկները ինհալացիայի ձևով օգտագործվում են շնչական օրգանների հիվանդությունների, հատկապես բրոնխէկտազիաների ժամանակ:

 

Թբիլիսիի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում ծաղիկների մզվածքը` 10-15-ական մլ, օրական 3 անգամ տրվել է սրտային և երիկամային ծագում ունեցող այտուցներով 30 հիվանդի: Արդյունքը եղել է այն, որ ավելացել է հիվանդների միզարձակումը, նվազել մեզի տեսակարար կշիռը, պակասել կամ լրիվ վերացել են այտուցները: Դեղաբույսի կիրառումից ոչ ցանկալի, կողմնակի երևույթներ չեն նկատվել: Դեղաբույսի ծաղկաբույլերը օֆիցինալ են աշխարհի 22 երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ (1961 թվականից): Ծաղիկների թուրմն օգտագործելով մեղրի հետ` ավելի է բարձրացնում թուրմի քրտնամուղ, ջերմ իջեցնող, հակառևմատիկ և այլ օգտակար հատկությունները: Ըստ որում` արմատն իր միզամուղ և քրտնամուղ արդյունքով զգալի չափով զիջում է ծաղիկներին և տերևներին:

 

Մեր բազմամյա կլինիկական հետազոտությունները պարզել են, որ բույսի ծաղիկներն ու պտուղներն օժտված են որոշակի բուժական ազդեցությամբ` սուր տրախեաբրոնխիտների, գրիպային վիճակի, սուր և քրոնիկական պիելոցիստիտների, հատկապես գաստրիտների և համառ փորկապությունների ժամանակ: Վերջինիս դեպքում դեղաբույսի պատրաստուկները ոչ թե առաջ են բերում լուծ, որը հաճախ վատ է անդրադառնում քրոնիկական փորկապությամբ տառապող հիվանդների վրա, այլ կանոնավորում են աղիների գործունեությունը: Ռենտգեն հետազոտությոմբ պարզվել է, որ թանթրվենու պատրաստուկների ազդեցության տակ աշխուժանում է մինչև այդ ատոնիկ վիճակում գտնվող աղիների շարժունակությունը, վերանում սպաստիկ կոլիտի պատկերը, իսկ կլինիկորեն` դադարում են ցավերն աղիների հատվածում:

 

Հիվանդների մեծ մասի մոտ ստացված արդյունքը եղել է տևական:

 

 

Կիրառման եղանակները: Ծաղիկներից թուրմ պատրաստելու համար 20 գ հումքը թրմում են 20 րոպե 1 լ եռման ջրում, հովանալուց հետո ըմպում 1-ական բաժակ` օրը 3 անգամ, կամ` 2 թեյի գդալ ծաղկահումքը փոշի վիճակում 1 բաժակ եռման ջրում 10 րոպե թրմելուց հետո քամում են և ըմպում օրվա մեջ 3 անգամ: Պտուղներից ու տերևներից սառը ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են կեսական թեյի գդալ, լցնում 1 բաժակ սառը ջրի մեջ, թողնում ամբողջ գիշերը և առավոտյան` քիչ տաքացնելուց հետո, ըմպում միանվագ: Թարմ ծաղիկներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ճաշի գդալ կտրատված հումք, 20 րոպե թրմում 1 բաժակ եռման ջրում, քամում և ապա ըմպում 1/4 բաժակ, օրը 3-4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ, կամ` 5-15 գ մանր կտրատված ծաղկահումքին ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում 20 րոպե, քամում, պահում սառը տեղում և ըմպում 1/4 բաժակ, օրը 3 - 4 անգամ` ուտելուց առաջ, կամ` 20 գ չոր հումքը 200 մլ եռման ջրում թրմում են կես ժամ, ապա ըմպում 2-ական ճաշի գդալ` 3 ժամը 1 անգամ:

 

Կեղևից ջրիկ մզվածք պատրաստելու համար մանր կտրատված հումքը հավասար քանակով ջրի մեջ եռացնում են մինչև ծավալով կիսվելը, ապա ըմպում 1- ական ճաշի գդալ, օրը 2-3 անգամ` ուտելուց հետո: Արմատից և կեղևից եփուկ պատրաստելու համար ամեն մի հումքից վերցնում են 15- ական գրամ և 20 րոպե եռացնում 1 լ ջրի մեջ, ապա ընդունում 1- ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` երիկամային հիվանդությունների , ջրգողության և շաքարախտի ժամանակ, կամ` կեղևից եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 30 րոպե եռացնում են 200 մլ ջրում, հովացնում ու ըմպում 1- ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, մեղրի հետ, կամ` վերցնում են մատղաշ ճյուղերի կեղև` 9-12 գ, իսկ եթե կեղևափոշի` 6-7 գ, լցնում 3 բաժակ եռման ջրի մեջ, շոգեխաշում ջեռոցում 5-6 ժամ, իսկ փոշու դեպքում` 2-3 ժամ, ապա ըմպում կեսական բաժակ, օրական 5-6 անգամ ` սկսվող ջրգողության ժամանակ:

 

Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար 20 գ չոր հումքը 1 բաժակ եռման ջրում եռացնում են 10 րոպե, ավելացնում մեղր ու ըմպում 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ` ուտելուց 15 րոպե առաջ: Տերևներից և արմատից եփուկ պատրաստելու համար հավասար չափով իրար խառնված հումքերից վերցնում են 20 գ, 1 բաժակ ջրի մեջ եռացնում 20 րոպե, ապա ըմպում 1- ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, մեղրով: Որովայնի տարբեր բնութի ցավերի ժամանակ պատրաստում են մեղրով թեյ` 1,5 լ ջրին ավելացնելով 15- ական գրամ թանթրվենու ծաղիկ, անանուխ, հազարատերևուկ և քիչ քանակությամբ մանրացրած կոճապղպեղ (իմբիր) : Խառնուրդը եռացնում են 10 րոպե, ապա ըմպում կեսական բաժակ` օրական 6 անգամ: Պտուղներն օգտագործում են նաև թեյի, կիսելի, պովիդլոյի, մուրաբայի կամ օշարակի ձևով: Պտուղներից օշարակ պատրաստելու համար շոգեխաշած հումքից հանում են հյութը, ավելացնում շաքարի օշարակ և եփում մինչև թանձրանալը:

 

 

Այլ օգտակար հատկանիշները: Հասուն պտուղները համեղ են և պիտանի ուտելու համար: Դրանցից կարելի է պատրաստել մարմելադ, ժելե, մուրաբա, օշարակ, ջեմ, քացախ. դրանք կարող են նաև փոխարինել թեյին և սուրճին: Ծաղիկներն ու պտուղներն օգտագործում են լիկյորի և կոնյակի արտադրության մեջ, պարֆյումերիայում, դրանցով գինուն տալիս են մշկընկույզի համ ու հոտ, իսկ խմորին` նշի հոտ: Պտուղները սուպի մեջ օգտագործում են որպես համեմունք. դրանցից պատրաստում են թանաք, հատուկ ներկ, որով գույն են տալիս սննդամթերքին: Եվրոպայում թանթրվենին դեկորատիվ նպատակով աճեցվում է պուրակներում, զբոսայգիներում և այլուր: Բնափայտը շատ թեթև է ու ամուր, օգտագործվում է մանր իրեր ու գործիքներ պատրաստելու համար, միջուկն օգտագործվում է մանրադիտակային քննության տեխնիկայում: Փայտը լավ դիմանում է խոնավությանը, օգտագործվում է խաղողի այգիներում` հենարանի նպատակով, իսկ լավ հղկված փայտը` ժամացույցների փայտյա մասերի արտադրության մեջ: Թանթրվենու հոտը բնակարաններից վանում է ուտիճներին ու փայտոջիլներին: Պտուղները կերի հրաշալի պաշար են թռչունների համար, իսկ բույսը պիտանի է հեղեղատների ամրացման գործում: Այն ունի արտահայտված ֆիտոնցիդային հատկություն և ոչնչացնում է մի շարք հիվանդագին մանրէների: Պտուղներից ստացվող ներկը մետաքսը ներկում է կարմիր և ձիթապտղագույն:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դրամական ծառը՝ առողջության համար. 168.am
Դրամական ծառը՝ առողջության համար. 168.am

Mnenra.ru կայքը գրում է, որ թանձրատերևուկը տարբեր տեսակներ ունի։ Սակայն առավել տարածված է տնային տեսակը, որը հայտնի է նաև՝ որպես դրամական ծառ։ Այն մեծ քանակով մկնդեղ է պարունակում, որի պատճառով խորհուրդ չի տրվում...

Կանաչ աշխարհ
Կարկադեի դրական և բացասական հատկությունները, հակացուցումները. 168.am
Կարկադեի դրական և բացասական հատկությունները, հակացուցումները. 168.am

Կարկադե թեյը հայտնի է իր դրական և բացասական հատկություններով: Վաղուց հայտնի է նաև իր բուժարար հատկություններով...

Սնունդը և առողջությունը
Բուսական պատրաստուկներն իսկական դեղեր են, ոչ թե` մրգահյութ
Բուսական պատրաստուկներն իսկական դեղեր են, ոչ թե` մրգահյութ

Ավստրիայից փորձագետը խորհուրդ է տալիս  բուժվել դեղաբույսերով, սակայն հորդորում է զգուշավորություն: Դեզաբույսերը դեղերի հնագույն աղբյուր են և մարդկության կողմից կիրառվում են բազում...

Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց. video-jam.ru
Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց. video-jam.ru

Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Վնասակար սովորություններ
Գերչակի յուղը կօգնի ազատվել առողջական 25 խնդրից. tert.am
Գերչակի յուղը կօգնի ազատվել առողջական 25 խնդրից. tert.am

Գերչակի յուղը (касторовое масло) շատ էժան ու հասանելի միջոց է, սակայն շատերը չգիտեն, թե ինչ դրական ազդեցություն կարող է այն ունենալ մարդու օրգանիզմի վրա: Այս բնական միջոցն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մաղադանոսը կանխարգելում է աչքի 9 հիվանդություն, այդ թվում՝ կատարակտը. 168.am
Մաղադանոսը կանխարգելում է աչքի 9 հիվանդություն, այդ թվում՝ կատարակտը. 168.am

Մաղադանոսը շատերն օգտագործում են սննդի մեջ և տեղյակ չեն, թե որքան առողջարար է այն աչքերի համար...

Սնունդը և առողջությունը
Ընկուզենու տերևները` բուժիչ միջոց. 168.am
Ընկուզենու տերևները` բուժիչ միջոց. 168.am

Ընկուզենու տերևները բուսաբուժության մեջ հականեխիչ ազեդցություն ունեցող ամենահզոր բնական դեղամիջոցն է համարվում: Վերջերս յատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ընկուզենու տերևներն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ռեհանի օգտակարությունը. shabat.am
Ռեհանի օգտակարությունը. shabat.am

Կանաչեղենի փնջում առաջինն աչքի է ընկնում ռեհանը: Խելացի մարդկանց նախընտրությունը ռեհանն է ի: Այն օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Յուրահատուկ համի շնորհիվ ռեհանը...

Սնունդը և առողջությունը
Դափնետերևի քիչ հայտնի օգտակար հատկությունները. bestinfo.am
Դափնետերևի քիչ հայտնի օգտակար հատկությունները. bestinfo.am

Յուրաքանչյուրիս խոհանոցում կգտնվի դափնետերև` բոլորիս հայտնի համեմունքը: Իսկ գիտե՞ք, որ այդ տերևները ոչ միայն լավացնում են մեր ճաշատեսակների համը, այլև բուժում են շատ հիվանդություններ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Եգիպտացորենի մազիկների չափազանց օգտակար հինգ հատկությունները. 1in.am
Եգիպտացորենի մազիկների չափազանց օգտակար հինգ հատկությունները. 1in.am

Եգիպտացորենն առողջության համար արժեքավոր մթերք է: Սակայն արժեքավոր են նաև եգիպտացորենի մազիկները և կոթը: Headinsider.net-ը ներկայացնում է եգիպտացորենի մազիկների հինգ օգտակար հատկություններ...

Սնունդը և առողջությունը
4 բույս, որոնք կօգնեն ամրապնդել իմունիտետը. news.am
4 բույս, որոնք կօգնեն ամրապնդել իմունիտետը. news.am

Որոշ բույսեր կարող են օգնել ամրապնդել իմունիտետն ու լավացնել ինքնազգացողությունը, եթե, իհարկե, հակացուցումներ չկան: Ստորեւ ներկայացված են բույսեր, որոնք օգտակար են...

Գարնանային ծաղիկ վարդակակաչը` դեղաբույս. 1in.am
Գարնանային ծաղիկ վարդակակաչը` դեղաբույս. 1in.am

Վարդակակաչը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, օսլա և գլյուկոզա՝ պնդում են գիտնականները: Ժողովրդական բժշկության մեջ այս ծաղիկն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների բուժման համար...

Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ