Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը

ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական  բաժանմունքում բացված աշխատասենյակ-թանգարանում այսուհետև կարելի է ծանոթանալ Հայաստանում նեյրովիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի անցած ուղուն: Մասնագետ, որ միշտ բարձր է գնահատել սպիտակ խալաթի պատիվը և հպարտությամբ կրել այն։

 Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի այս նախաձեռնությունն անվանի բժշկի մեծ վաստակի արժանի գնահատականն է։ Նա իր գործընկերոջը բնութագրում է որպես բժիշկ-լեգենդ և անկրկնելի մարդ։

Արա Մինասյանի հավաստմամբ ամբողջ Հայաստանը գիտեր, որ  նրա տան դուռը կարելի է թակել օրվա ցանկացած ժամին,  անգամ գիշերը, և բժիշկը պատրաստ կլինի մեկնելու շրջան՝ հիվանդին զննելու: Անվանի մասնագետը գիշեր, թե ցերեկ ժողովրդի կողքին էր բոլոր ժամանակներում։ «Անգամ 70-ն անց տարիքում, երբ իմանում էր, որ ծանր դեպք ունենք՝  անտրտունջ գալիս էր, որպեսզի հիվանդի և իր գործընկերների կողքին լինի»,­մտաբերում է տնօրենը։

Մեծ է պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի վաստակը Հայաստանում բժշկագիտության ամենաբարդ բնագավառներից մեկի՝ նեյրովիրաբուժության զարգացման գործում: Նա շուրջ 60 տարի առաջ հիմնադրելով հանրապետությունում առաջին նեյրովիրաբուժական բաժանմունքը՝ կատարել է բազմաթիվ բարդ վիրահատություններ: Մեր երկրում առաջինն է կիրառել անգիոգրաֆիայի մեթոդը գլխուղեղի և ողնուղեղի հիվանդությունների ախտորոշման համար:

Վաստակաշատ գիտնականը նաև հմուտ մանկավարժ էր: Պրոֆեսորը ստեղծել է իր ուրույն՝ Զոհրաբյանական նեյրովիրաբուժության դպրոցը Հայաստանում, դաստիարակել նեյրովիրաբույժների մի քանի սերունդ:

Սուրեն Զոհրաբյանը միջազգային ճանաչում ունեցող խոշոր գիտնական էր: Նա ընտրվել է Նեյրովիրաբույժների ընկերության ու Եվրասիական նեյրովիրաբուժական ակադեմիայի  պատվավոր անդամ:

Նյարդավիրաբույժը լուրջ ավանդ է ունեցել թե Հայրենական մեծ պատերազմի, թե Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորների շուտափույթ ապաքինման գործում:

1977թ.-ից պրոֆեսորն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նեյրովիրաբուժության բաժանմունքում որպես կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր-կոնսուլտանտ: 96-ամյա պրոֆեսորը դեռ մինչև ամիսներ առաջ զինվորական կարգապահությամբ ու բարեխղճորեն շարունակում էր աշխատել, իր բազմամյա փորձն և մասնագիտական հմտությունները փոխանցել գործընկերներին ու երիտասարդ բժիշկներին:

Անվանի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանն ապրիլի 5-ին կդառնար 97 տարեկան։ Ամիսներ առաջ նա հրաժեշտ տվեց կյանքին` իր սաներին և սերունդներին պատգամելով կոչումով բժիշկ լինելու բանաձևը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ