Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների նկատմամբ զանգվածային պատվաստումներ չեն իրականացվում, դրանց թիվը չի կրճատվի:


Մինչև 5 տարեկան երեխաները տարեկան միջինը հիվանդանում են մոտավորապես 5 անգամ: Քաղաքաբնակները համեմատաբար հաճախ են հիվանդանում՝ մինչև 8 անգամ, իսկ գյուղաբնակներն ավելի հազվադեպ՝ մոտավորապես 3 անգամ:

Ինչպիսի՞ ընթացք ունեն շնչառական հիվանդությունները:

Առավելապես հանդիպում են թեթև, միջին ծանրության ձևերը, իսկ ծանր ձևերը համեմատաբար հազվադեպ են հանդիպում:

Շնչուղիների հիվանդություններ հաճախ հանդիպող նշաններից է հարբուխը՝ ռինիտ, ապա` ֆարինգիտ (կոկորդի բորբոքում), տոնզիլիտ (նշիկների բորբոքում), օտիտ (ականջների` հիմնականում միջին ականջի բորբոքում), սինուսիտներ (քթի հարակից խոռոչների բորբոքում), լարինգիտ, լարինգոտրախեիտ (երեխաների մոտ առաջացնում է կրուպ), տրախեիտ, բրոնխիտ (ուղեկցվում են հազով), մանր բրոնխների ախտահարում (օբստրուկտիվ բրոնխիտ և բրոնխիոլիտ)`որոնք ուղեկցվում են արտահայտված շնչառական անբավարարության զարգացմամբ, թոքաբորբ և պլևրիտ:

Առավել հաճախ ո՞ր վիրուսներն են նշված հիվանդությունների պատճառ դառնում:

Հիվանդություն առաջացնող վիրուսներից առավել մեծ նշանակություն ունեն 8-ը: Դրանցից ամենահայտնի վիրուսը գրիպն է, և կազմում է վիրուսային ընդհանուր հիվանդությունների մոտավորապես 10-12 տոկոսը: Առավել հաճախ հանդիպող վիրուսն է ռինովիրուսը, որը հիմնականում ախտահարում է քիթը (լատիներեն. ռինո` քիթ), առաջացնում քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում և հարբուխ:

Կան ևս մի քանի այլ վիրուսներ, որոնք կարևոր նշանակություն ունեն հատկապես մանկական տարիքում: Դրանցից է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, որը երեխաների մոտ բրոնխիալ օբստրուկցիա է առաջացնում, մյուսը 10 տոկոս դեպքերում հանդիպողն ադենովիրուսն է, ախտահարում է բազմակի օրգաններ՝ աչքերը, շնչուղիները, որոշ տեսակները` նաև ախտահարելով որովայնը, լուծ են առաջացնում: Հաջորդը պարագրիպի վիրուսն է` երեխաների կրուպ հիվանդության առաջին պատճառներից մեկը:

Այս խմբից են նաև մետապնևմովիրուսը, որը վերջերս է հայտնաբերվել, բոկավիրուսը և կորոնավիրուսը:

Ինչպիսի՞ն է հիվանդությունների սեզոնայնությունը և հնարավո՞ր է նախապես կանխատեսել սպասվող հարուցիչները:

Այս վիրուսները զարգանում են բռնկումներով, ունեն սեզոնայնություն, հյուսիսային կիսագնդում այն սկսվում է մոտավորապես հոկտեմբերից և տևում է մինչև մարտ-ապրիլ ամիսները:  Կլինիկայից որոշ դեպքերում արդեն հնարավոր է հասկանալ, թե որ վիրուսն է տարածված:

Հայաստանի հակահամաճարակային ծառայությունը վերահսկում է, պարբերաբար ստուգումներ կազմակերպում՝ առկա վիրուսները ճշտելու համար, հիվանդանոցներում կատարվում են վիրուսաբանական հետազոտություններ:

Գոյություն ունի՞ վիրուսների որոշակի տարեկան պարբերականություն:

Այո՛, կա նաև վիրուսների ակտիվացման որոշակի տարեկան պարբերականություն, որը բազմակի գործոններով է պայմանավորված՝ վիրուսի որոշակի փոփոխություններով, մուտացիաներով, նոր տարատեսակների առաջացմամբ: Շատ դեպքերում վիրուսներն այնպես են փոփոխվում, որ գալիս են կրկին իրենց նախորդ ձևերին: Օրինակ՝ ԱՄՆ-ում շատ հետաքրքիր դիտարկում է կատարվել վերջին ամենախոշոր բռնկումներից մեկի ժամանակ. պարզվել է, որ այն անձինք, ովքեր մինչև 1956 թվականը վարակված են եղել այդ վիրուսով, 2009 թվականին՝ 53 տարի անց, այդ վիրուսով չվարակվեցին և չհիվանդացան:

Ի՞նչ դեր ունեն մանրէները շնչառական հիվանդությունների առաջացման գործընթացում:

Շնչառական հիվանդություններ առաջացնում են նաև մանրէները, որոնցից ամենատարածվածը պնևմոկոկն է, ստրեպտոկոկը, ստաֆիլոկոկը և այլն: Պնևմոկոկն ունի 90-ից ավելի ձևեր՝ երոտիպեր, որոնցից  մինչև 23 ամենատարածվածի դեմ պատվաստումներ են իրականացվում:

Բացի այդ, պատվաստում է իրականացվում նաև հեմոֆիլուսի ցուպիկի և կապույտ հազի նկատմամբ:

Որո՞նք են շնչառական հիվանդություններին նպաստող գործոնները և դրանց կանխարգելման եղանակները:

Շնչառական հիվանդությունների առաջացման մեջ մեծ դեր ունի  մարդու իմունային առանձնահատկությունը: Երեխաների մոտ իմունիտետի բարձրացման նպատակով անհրաժեշտ է, որ երեխան  պատվաստվի, ստանա  համապատասխան սնունդ, պարտադիր սնվի կրծքի կաթով, հետագայում սնունդը պետք է ևս համապատասխանի տարիքային պահանջներին, ժամանակին ներմուծվի հավելյալ սնունդ, բավարար չափով ստանա սպիտակուցներ, ածխաջրատներ, ճարպեր, վիտամիններ:

Հիվանդացությունը կանխելու հաջորդ պայմանը մաքուր օդն է, որի աղտոտման առաջին պատճառներից է ծխախոտի ծուխը, ինչը երեխաների մոտ առաջացնում է ավելի քիչ հակամանրէային, հակավիրուսային հատկություններով լորձի արտադրում և շնչուցիների լոևձաթաղանթի դիմադրողականության անկում:

Շնչուղիների վրա ազդող օդի այլ կարևոր աղտոտիչներից է փոշին, որը, ցավոք, Երևանում խնդիր է:

Այս հիվանդությունների կանխարգելման հարցում կարևոր է նաև երեխայի կոփվածությունը: Նրան մանկուց պետք է շատ փաթաթված, գերտաքացված վիճակում չպահել, հագուստը պետք է լինի բնական գործվածքից (օրինակ՝ բամբակ):

Ո՞րն է շնչական հիվանդություններին բնորոշ կլինիկան:

Հիմնականում բնորոշ են  հազը, շնչառության փոփոխությունը, ջերմությունը: Բժշկին անմիջապես պետք է դիմել հաճախացած, ծանրացած շնչառության դեպքում, երբ կան խզզոցներ, խիստ թուլություն, տրամադրության անկում, որոշ դեպքերում նաև` ջերմային ցնցումներ: Դրանք վտանգավոր ախտանշաններ են և կարող են բերել ծանր խնդիրների առաջացման:

Խոսենք բրոնխիալ ասթմայի մասին՝ կապված վերջին շրջանում երեխաների ալերգիզացիայի հաճախացման հետ:

Ասթման յուրահատուկ վիճակ է: Սկզբնական շրջանում ասթմային կարող են նպաստել շնչական վիրուսները, բայց հետագա զարգացման մեխանիզմները հիմնականում իմունալերգիկ են: Ասթման կապված է կրկնակի օբստրուկցիայի՝ բրոնխների նեղացման հետ: Սովորաբար, վաղ տարիքում երեխաների մինչև 20 տոկոսն ունենում են նման էպիզոդներ, որոնք վիրուսային ծագման են և անհետևանք անցնում են: Բայց երեխաների մոտ առկա որոշակի ֆենոտիպեր և  գենոտիպեր հետագայում առաջացնում են կրկնակի օբստրուկցիաներ:

Ի՞նչ բարդություններ են բնորոշ շնչառական հիվանդություններին:

Բարդություններից վտանգավոր են թոքերի աբսցեսը, շնչառական անբավարարությունը: Արտաթոքային բարդություններից հնարավոր են սեպսիս (արյան վարակում), մենինգիտ (ուղեղի թաղանթների բորբոքում) և այլն:

Որո՞նք են շնչական հիվանդությունների բուժման ընդհանուր մոտեցումները:

Քանի որ դեպքերի մեծ մասը վիրուսային է, իրականում բուժում չի պահանջվում, և պետք է ընդամենը կարգավորել քթային շնչառությունը, լվանալ քիթը (աղաջուր և այլն): Կան որոշակի հակաբիոտիկների կիրառման ցուցումներ, բայց դրանց նշանակումը պետք է կատարվի միայն բժշկի կողմից:

Բրոնխօբստրուկցիայի ժամանակ ընդհանրապես չի կարելի հակահազային միջոցներ տալ, որովհետև դեղերը կարող են նպաստել շնչառական անբավարարության խորացմանը:

Ինչպե՞ս վերաբերվել ձգձգվող և քրոնիկական դեպքերին:

Ձգձգվող դեպքերի ժամանակ պետք է հասկանալ, դա քրոնիկակա՞ն է, թե` կրկնակի: Եթե քրոնիկ խնդիրներ կան, պետք է պարզել դրանց իրական պատճառը: Օրինակ,  քթային շնչառության խանգարումը կարող է կապված լինել ադենոիդ հյուսվածքի գերաճի հետ: Կրկնվող թոքաբորբերի դեպքում պետք է ուշադրություն դարձնել իմուն համակարգի վիճակի վրա, պարզել բնածին թոքային ձևափոխումների առկայությունը, որը մասնագիտական մոտեցում է պահանջում:

Ինչպե՞ս է իրականացվում երեխայի հսկողությունը քրոնիկական և կրկնվող դեպքերի ժամանակ:

Կրկնվող դեպքերի ժամանակ երեխաները պետք է ընդգրկվեն դիսպանսեր հսկողության, և համապատասխան կանխարգելիչ կամ բուժական միջամտություններ իրականացվեն, երբեմն` տարիներով:

Դրանք կարող են լինել նաև այլ՝ սպեցիֆիկ վարակային հիվանդություններ: Միշտ պետք է հիշել տուբերկուլոզի մասին: Պետք է բացառել նաև թոքերի բնածին ձևափոխությունների առկայությունը: Երբեմն հանդիպում է մուկովիսցիդոզ համակարգային հիվանդությունը՝ կապված օրգանիզմում գեղձերի ֆունկցիայի խանգարման հետ, երբ շնչուղիների արտադրությունը դառնում է մածուցիկ և նպաստում կրկնակի վարակների զարգացմանը:

Ախտորոշման ի՞նչ մեթոդներ են կիրառվում:

Իրականացվում է ռենտգենագրաֆիա (բայց ոչ միշտ` պարտադիր), արյան քննություն, սեպտիկ բարդությունների կասկածի դեպքում` վիրուսաբանական և մանրէաբանական հետազոտություններ, C ռեակտիվ սպիտակուցի որոշում, որոնք կողմնորոշիչ նշանակություն ունեն երեխայի մոտ ընթացող գործընթացները հասկանալու համար:
Կարևոր մեթոդ է պուլսօքսիմետրիան, որով չափվում է թթվածնի խտությունը: Ցանկալի է, որ շատ դեպքերում այն պարտադիր իրականացվի: Բարդ դեպքերում կատարվում է բրոնխոսկոպիա, երբ բրոնխների ձևափոխման և օտար մարմնի առկայության կասկած կա:

Համակարգչային շերտագրությունը ևս կարևոր և անհրաժեշտ հետազոտություն է, այն օգնում է պարզել բնածին անոմալիաների առկայությունը և ծանր թոքաբորբերի հետևանքները:

Քրոնիկական և ձգձգվող դեպքերի ժամանակ որքանո՞վ է ցուցված սանատոր-կուրորտային բուժումը:

Սանատոր-կուրորտային բուժմանը ներկայում ավելի քիչ տեղ է հատկացվում, քանի որ այն ցուցված է ոչ բոլորին և ոչ բոլոր դեպքերում: Հիվանդներից ոմանք դրանից ավելի են վատանում, որովհետև տարիների ընթացքում փոխվել է այդ հիվանդությունների ախտածնության բնույթը և դրանց մասին պատկերացումները:

Շնչական հիվանդությունների դեպքում կիրառվո՞ւմ են, արդյոք, բուժման ավանդական մեթոդներ:

Ավանդական մեթոդներից ամենատարածվածը՝ բուսական բուժումը, նույնպես ալերգիկ հազերի ժամանակ ցուցված չէ և կարող է ալերգիկ ֆոնն ավելի բարձրացնել:

Սերգեյ Սարգսյան, մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրին կից՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժական խորհրդատու

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ