Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Ինչպե՞ս են մրսածությունը բուժում տարբեր երկրներում

Ինչպե՞ս են մրսածությունը բուժում տարբեր երկրներում

Եթե կոկորդը ցավում է, քթից հոսում է, ոսկրերն ասես կոտրատվում են, ջերմությունը բարձրացել է, ուրեմն մրսել եք կամ, գիտական լեզվով, սուր շնչառական հիվանդություն է սկսվել: Սուր շնչառական հիվանդությունները դեռևս Հիպոկրատն է իր տրակտատներում հիշատակել ու նկարագրել դրանց բնորոշ ախտանշանները:

Իսկ միջին դարերում գրիպը տենդ էին անվանում:

Գրիպի փաստագրված առաջին դեպքերից սկսած` այն իսկական գլխացավանք է դարձել գիտնականների ու բժիշկների համար, ու մինչ օրս էլ գրիպի համաճարակները համարվում են անվերահսկելի: Վարակմանը շատ նպաստում է մրսածությունը: Իսկ դրա դեմ պայքարելու համար տարբեր երկրներ տարբեր միջոցներ են կիրառում:

Ամենաայրող միջոցը

Կորեայի բնակիչները համեմունքների մեծ սիրահար են ու հենց դրանք էլ գործածում են մրսածության առաջին ախտանշանները վերացնելու և վարակի դեմ պայքարելու համար: Նրանց ամենասիրած միջոցը կոճապղպեղով թեյն է, որի պատրաստման համար մանրացնում են սև պղպեղը, հիլի սերմը, մեխակը, կոճապղպղեղն ու դարչինը: Այդ խառնուրդի վրա ջուր են ավելացնում ու քաղցրացնում մեղրով:

Ամենաժողովրդական միջոցը

Ռուսաստանում գրիպի առաջին ախտանշանների դեպքում գործի են դրվում մեղրը, սոխն ու սխտորը: Դեռ հնուց մարդիկ գիտեին, որ այդ մթերքները չտեսնված բուժիչ ազդեցություն ունեն: Հիվանդացած մարդը պետք է մեծ գդալով քերած սխտորի ու մեղրի խառնուրդ ուտեր ճաշից առաջ, իսկ տատիկները սոխի հյութը քամում էին, ջրով բացում ու գործածում որպես քթի կաթիլներ (նույնիսկ երեխաների դեպքում):

Ամենահին միջոցը

Սկանդինավիայի վիկինգները հռչակված էին ամուր առողջությամբ: Սակայն տևական ծովային արշավների ժամանակ, որպեսզի չմրսեն, խոտաբույսերով տաք գարեջուր էին խմում: Բուժիչ կոկտեյլի համար 0,5 չզտած գարեջուր էր պահանջվում, որը տաքացվում էր մինչև 50 աստիճան, ավելացվում էր չամանի սերմ, մանանեխ ու ծովաբողկի թարմ արմատ (կարելի է փոխարինել չորացրած կես թեյի գդալ հումքով): Ըմպելիքն այդ կարելի է մի քիչ թրմել ու խմել մրսածության առաջին ախտանշանների ժամանակ:

Ամենաանշտապ միջոցը

Ճապոնացիներն էլ առաջարկում են հիվանդությանը դիմակայել կանաչ թեյի օգնությամբ: Անմիջապես պետք է պառկել` փաթաթվելով տաք ծածկոցով, ապա դանդաղ, անշտապ առնվազն 10 բաժակ տաք թեյ խմել: Բացի տաքացնելուց, կանաչ թեյը նաև բաղադրության կատեխինների շնորհիվ հակավարակիչ հատկությամբ է օժտված:

Ամենանրբին միջոցը

«Գեղագետների» ազգը` ֆրանսիացիները, մրսածության դեմ պայքարելու համար հիմնականում հանքային ջուր են գործածում: Հայտնի է, որ օրգանիզմում բորբոքային գործընթացների հետևանքով ներքին միջավայրը թթվային է դառնում, ուստի հանքային ջուր է գործի դրվում (գազը հեռացրած) այն հիմնայնացնելու` չեզոքացնելու համար: Ֆրանսիացիները խորհուրդ են տալիս այդ նպատակով օրական 2-3 լ ջուր խմել:

Ֆիններն առաջարկում են մրսածության դեմ բաղնիքով դիմակայել: Մի լավ շոգեհարվելուց առաջ պետք է լորենու, հաղարջի տերևներով, չիչխանով ու քրտնամուղ թեյ խմել: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել ելակի, ազնվամորու մուրաբա` տաքացնող ազդեցությունն ուժգնացնելու համար: Բժիշկները խորհուրդ են տալիս զգուշորեն շոգեհարվել, իսկ դողէրոցքի դեպքում հետաձգել այդ միջոցառումը:

Ամենատնական մեթոդը

Իսրայելի բնակիչները, ի տարբերություն ճապոնացիների, ովքեր նախընտրում են թեյի ծեսերը, մրսածությունից բուժվում են հավի տաք արգանակով: Բնական արգանակը հարուստ է շատ կարևոր ամինաթթվով` ցիստեինով, որը մաքրում է շնչառական ուղիները:

Ամենահամով միջոցը

Մրսածության դեմ պայքարի ամենահամով միջոցը, թերևս, բրիտանացիների տարբերակն է: Նրանք 3-4 օր ցիտրուսային հյութ են խմում (նարինջ, լայմ, թուրինջ, մանդարին): Ցիտրուսների բնական հյութերը պարունակում են C վիտամինի հարվածային չափաբաժին, որը վճռական գործոն է օրգանիզմի պաշտպանական ուժերի համար:

Հիշեցում` մրսածին

–   Պետք է շատ հեղուկ խմել: Մարդու օրգանիզմին օրական 2 լ հեղուկ է անհրաժեշտ: Իսկ վարակի դեմ պայքարի ժամանակ այդ քանակը պետք է առնվազն կիսով չափ ավելացնել, այսինքն` մոտավորապես 3 լ հեղուկ խմել: Ամենատարածվածն ու ընդունվածը կիտրոնով ու մեղրով թեյն է, սակայն մի մոռացեք, որ կիտրոնն ու մեղրը տաք թեյի մեջ կորցնում են իրենց օգտակար հատկությունները, ուստի, կարելի է այդ խառնուրդը գոլ ջրով խմել:

–   Ողողեք կոկորդն ու լվացեք քիթը: Վարակը կուտակվում է լորձաթաղանթում, հետևաբար, կոկորդն ու շնչուղիները լվանալով վարակազերծելը շատ կարևոր է: Կոկորդը կարելի է դեղաբույսերի եփուկով ողողել, իսկ քիթը`աղաջրով, օրական առնվազն 2-3 անգամ:

Եվ վերջապես, մասնագետները հորդորում են անկողնային ռեժիմ պահպանել: Օրգանիզմը պետք է հանգստանա, որ կարողանա պայքարել հիվանդության դեմ: Իսկ ոտքի վրա անցկացրած հիվանդությունը լուրջ հետևանքներ է թողնում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ