Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011

Սուր պերիպրոստատիկ հեմատոման որպես շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի հազվադեպ հանդիպող բարդություն (կլինիկական 2 դեպքի նկարագրություն)

Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»: Բարդությունները, որոնք հանդիպում են բիոպսիայից հետո, բաժանվում են  2 խմբի` փոքր բարդություններ, որոնք հանդիպում են բավականին հաճախ և չեն պահանջում հոսպիտալային բուժում (60%-79%) և նշանակալի լուրջ բարդություններ, որոնք պահանջում են հոսպիտալային բուժում(0,4%-3,4%):


Ավելի հաճախ հանդիպող բարդությունները ներկայացված են ստորև (աղյուսակ 1):

           

Աղյուսակ 1 Բարդությունների հանդիպման հաճախականությունը

Բարդություն

%

Հեմատոսպերմիա

37,4

Արյունամիզություն մեկ օրից ավել տևողությամբ

14,5

Արյունահոսություն հետանցքից,  2 օրից պակաս տևողությամբ

2,2

 

Պրոստատիտ

1,0

Ջերմություն >38,5°C

0,8

 Արյունահոսություն հետանցքից`  2 օրից  ավել տևողությամբ, կամ  պահանջում է վիրահատական միջամտություն

0,7

 

Միզակապություն

0,2

Այլբարդություններ, որոնքպահանջումենհոսպիտալացում

0,3

 

Պայմանավորված լուրջ բարդությունների հանդիպման ցածր հաճախականությամբ`սոնոգրաֆիկ հսկողությամբ իրականացված շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան հիմնականում կիրառվում է ամբուլատոր պայմաններում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է միշտ նկատի ունենալ կյանքին սպառնացող հնարավոր լուրջ բարդությունների առաջացման վտանգը, ինչը կախված չի վերցրած նմուշների քանակից և պահանջում է իրականացնել հոսպիտալային բուժում: Բարդություններից ամենավտանգավորը և կյանքին սպառնացողը հանդիսանում է իհարկե սեպսիսը: Արյունահոսության հետ կապված բարդությունները հանդիպում են բավականին  հաճախ և արտահայտվում են հեմատոսպերմիայի, արյունամիզության և հետանցքից կարճատև արյունահոսության ձևով` այսպիսով հանդիսանալով գերազանցապես հոսպիտալային բուժում չպահանջող բարդություններ: Ստորև քննարկվում է Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիական կլինիկայում դիտարկված, սոնոգրաֆիկ հսկողությամբ իրականացված շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայից հետո հանդիպած հազվադեպ բարդության, այն է` սուր պերիպրոստատիկ հեմատոմայի  երկու դեպք, որոնք պահանջել են իրականացնել հոսպիտալային բուժում: Բոլոր տեսակի տեղեկատվական աղբյուրների մեջ մենք հանդիպեցինք նմանատիպ բարդության նկարագրության ոչ ավել քան վեց դեպք:

 

Կլինիկական դեպքերի նկարագրությունը

 

ԱՀիվանդ Ա.Վ., 68 տարեկան, կլինիկա էր դիմել` կապված էպիցիստոստոմիկ խողովակի առկայության, բնական ճանապարհով միզելու անհնարինության հետ: Անամնեզում` Ռուսաստանի Դաշնությունում հիվանդի մոտ մեկ ամիս առաջ  զարգացել էր սուր միզակապություն, միզուկային կաթետր անցկացնելու փորձերը հաջողութայմբ չէին պսակվել, ի հայտ էր եկել ուրեթրոռագիա և տեղադրվել էր էպիցիստոստոմիկ դրենաժ: Մատնային քննությամբ` շագանակագեղձը չափերով սիմետրիկ մեծացած, միջբլթային ակոսը հարթված, պինդ-էլաստիկ կոսիստենցիայի, անհարթություններ և թմբիկներ չէին շոշափվում: Սոնոգրաֆիկ` վերին միզուղիներն առանց պաթոլոգիայի, առկա էր շագանակագեղձի հիպերպլազիա, հանգույցի ընդհանուր չափը 5 x 4,5 x 4սմ: Արյան ընդհանուր և  կենսաքիմիական քննությամբ, կոագուլոգրամայով շեղումներ չեն հայտնաբերվել, ՊՍԱ-ն կազմում էր 12,5 նգ/մլ: Մեզի ընդհանուր քննությամբ առկա էր էրիթրոցիտուրիա, մեզի ցանքսով մանրէային  աճ չկար: Հիվանդը չէր ստանում որևէ դեղորայք, որը կարող էր ազդել մակարդելիության համակարգի վրա: Հիվանդին համապատասխան նախապատրաստությունից հետո (մաքրող հոգնա, հակաբակտերիալ պրեպարատների պերօրալ ընդունում) կատարվեց տրանսռեկտալ սոնոգրաֆիա և բիոպսիա: Ակնհայտ կասկածելի օջախներ չհայտնաբերվեցին, ուստի և կատարվեց ստանդարտ տաս նմուշանի բիոպսիա` հինգական յուրաքանչյուր բլթից` օգտագործելով 18G բիոպսիոն ասեղ: Բիոպսիայի ընթացքում արյունահոսություն և այլ բարդություններ չեն արձանագրվել: Բիոպսիայից մեկ ժամ անց հիվանդի մոտ ի հայտ եկավ հետանցքի և շեքի շրջանի ցավ, որի ինտենսիվությունը գնալով արագ աճեց: Արյունային արտադրություն հետանցքից, ինչպես նաև արյունամիզություն չկար: Կատարվեց տրանսաբդոմինալ, այնուհետև տրանսռեկտալ սոնոգրաֆիաներ, հայտնաբերվեց հեղուկի (ենթադրաբար արյան) կուտակում պերիպրոստատիկ հատվածում: Որովայնում ազատ հեղուկ չկար: Ոչ նարկոտիկ ցավազրկող դեղորայքը արդյունավետ չէր, օպիոիդային ցավազրկողները թողնում էին կարճատև, ոչ բավարար արդյունք:

 

Հիվանդի մոտ ցավային սիմպտոմատիկան հանգստացնելու և ցավային շոկի զարգացումը կանխելու նպատակով տեղադրվեց էպիդուրալ կաթետր: Կատարվեց ռեկտոսկոպիա` անուսի առաջնային պատը թեթևակի հիպերեմիկ, թեթևակի արտափքված դեպի լուսանցքը, արյունային արտադրություն չկար: Հիվանդին նշանակվեց հակաբակտերիալ, ինֆուզիոն թերապիա,  կատարվեց ուղիղ աղիքի տամպոնադա սառցեպարկերով և տամպոններով: Հեմոդինամիկ ցուցանիշները կայուն էին, 3 ժամ անց նկատվեց հեմոգլոբինի իջեցում մինչև 103 գ/լ, (նախնականը 127 գ/լ):   Հեմոգլոբինի հետագա անկում չնկատվեց, հաջորդ օրը շեքի շրջանում առաջացան  արյունազեղման օջախներ: Էպիդուրալ կաթետրով ցավազրկման կիրառումը պահանջեց տեղադրելուց ոչ ավել քան 18 ժամ ինչի արդյունքում ցավային ախտանիշները  էականորեն նվազեցին և անցան հաջորդ օրերի ընթացքում: Աղիները գործեցին նորմալ, առանց  որևէ էական դժվարության:  Պաթոհիստոլոգիական եզրակացությամբ առկա էր շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա: Հիվանդը դուրս գրվեց ամբուլատոր հսկողության: Մեկուկես ամիս անց հեմատոման լրիվ ներծծվել էր, և հիվանդին կատարվեց շագանակագեղձի տրանսուրեթրալ ռեզեկցիա: Ինքնուրույն միզարձակությունը վերականգնվեց, էպիցիստոստոմիկ դրենաժը հեռացվեց:

 

Բ – հիվանդ Ռ.Բ., 57 տարեկան, դիմել էր ուրոլոգիական կլինիկա` գանգատվելով դիզուրիկ երևույթներից, որոնք արտահայտվում էին մեզի շիթի թուլացման, հաճախամիզության ձևով: Սոնոգրաֆիկ` վերին միզուղիներն առանց պաթոլոգիայի, առկա էր շագանակագեղձի հիպերպլազիա, հանգույցի ընդհանուր չափը 2,5 x 2,0սմ: Մնացորդային մեզը` մոտ 40մլ: Արյան ընդհանուր և կենսաքիմիական քննությամբ, կոագուլոգրամայով շեղումներ չեն հայտնաբերվել, ՊՍԱ-ն կազմում էր 7,8նգ/մլ: Մեզի  ընդհանուր քննությամբ շեղում չկար, մեզի ցանքսով մանրէային աճ չկար:  Հիվանդը չէր ստանում որևէ դեղորայք, որը կարող էր ազդել մակարդելիության համակարգի վրա:  Հիվանդին համապատասխան նախապատրաստությունից հետո (մաքրող հոգնա, հակաբակտերաիլ պրեպարատների պերօրալ ընդունում) կատարվեց տրանսռեկտալ սոնոգրաֆիա և բիոպսիա: Կատարվեց  8 նմուշանի  բիոպսիա` չորսական յուրաքանչյուր բլթից` օգտագործելով 18G բիոպսիոն ասեղ: Բիոպսիայի ընթացքում արյունահոսություն և այլ բարդություններ չհայտնաբերվեցին: Բիոպսիայից մոտ 2 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ եկավ հետանցքի, շեքի շրջանի և միզուկի չափազանց ինտենսիվ ցավ, որը  գնալով արագ աճեց: Արյունային արտադրություն հետանցքից, ինչպես նաև արյունամիզություն չկար: Կատարվեց տրանսաբդոմինալ, այնուհետև տրանսռեկտալ սոնոգրաֆիաներ, հայտնաբերվեց հեղուկի (ենթադրաբար արյան) կուտակում պերիպրոստատիկ հատվածում` գերազանցապես հետպրոստատիկ շրջանում:Որովայնում ազատ հեղուկ չկար: Համանման նախորդ դեպքին` ոչ նարկոտիկ ցավազրկող դեղորայքը էֆֆեկտիվ չէր, օպիոիդային ցավազրկողները թողնում էին կարճատև, ոչ բավարար ազդեցություն:

 

Հիվանդի մոտ ցավային ախտանշանները հանգստացնելու և ցավային շոկի զարգացումը կանխելու նպատակով տեղադրվեց էպիդուրալ կաթետր: Միզարձակությունը էականորեն դժվարացավ, ինչը պահանջեց միզուկային կաթետրի տեղադրում: Վերջինս հեռացվեց երեք օր անց: Հիվանդին նշանակվեց հակաբակտերիալ, ինֆուզիոն թերապիա,  կատարվեց ուղիղ աղիքի տամպոնադա` սառցե պարկերով և տամպոններով: Հեմոդինամիկ ցուցանիշները  կայուն էին,  նկատվեց հեմոգլոբինի իջեցում մինչև 90գ/լ (նախնականը 138գ/լ):   Հեմոգլոբինի հետագա անկում չնկատվեց, հաջորդ օրը շեքի շրջանում նկատվեցին  արյունազեղման օջախներ: Էպիդուրալ կաթետրով ցավազրկման կիրառումը պահանջեց տեղադրելուց ոչ ավել քան 10 ժամ` մինչև  ցավային ախտանիշները  էականորեն նվազեցին և անցան հաջորդ օրերի ընթացքում: Նկատվեց քրոնիկ փորկապություն. պահանջվեց կատարել մաքրող հոգնաներ բիոպսիայից երեք օր անց, դիետայի և լուծողականների կիրառում հետագա 20 օրվա ընթացքում: Պաթոհիստոլոգիական եզրակացությամբ առկա էր շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա: Հիվանդը դուրս գրվեց ամբուլատոր հսկողության, հեմատոմայի ներծծումը պահանջեց մոտ երկու ամիս: Ներկայում հիվանդը ստանում է ալֆա բլոկատորներ, միզարձակությունը էականորեն բարելավվել է:


    

 Նկար 1. Բ հիվանդի մոտ տրանսռեկտալ սոնոգրաֆիայի պատկերը բիոպսիայից 2 օր անց: Հաստ սլաքով նշված է հեմատոման, բարակ սլաքով` շագանակագեղձը

 

Նկար 2. Նույն հիվանդի մոտ տրանսաբդոմինալ սոնոգրաֆիայի պատկերը բիոպսիայից 5 օր անց, հաստ սլաքով նշված է հեմատոման, բարակ սլաքով` շագանակագեղձը

 

 Քննարկում  և  եզրակացություն    

 

Թեև սոնոգրաֆիկ հսկողությամբ իրականացված շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ունի լուրջ բարդությունների զարգացման ցածր հավանականություն, և այդ բարդությունները հիմնականում ինֆեկցիոն բնույթի են (սեպսիս, պրոստատիտ), այնուամենայնիվ, չպետք է մոռանալ նաև պերիպրոստատիկ հեմատոմայի առաջացման հավանականության մասին, ինչը մեր դիտարկմամբ  կլինիկորեն արտահայտվում է բիոպսիայից հետո առաջիկա մեկ-երկու ժամվա ընթացքում ի հայտ եկող միզուկի և շեքի շրջանի չափազանց ուժեղ ցավերով (երկու դեպքերում էլ ցավազրկման նպատակով պահանջվեց տեղադրել էպիդուրալ կաթետր), շեքի շրջանում արյունազեղման օջախներով, և պահանջում է հոսպիտալային բուժում: Մեր դիտարկած դեպքերում հոսպիտալացումը կազմեց 3 և 5օր : Չնայած ընդամենը երկու կլինիկական դեպքի վերլուծությանը, այնուամենայնիվ, նշված բարդության զարգացման ռիսկի ակնհայտ գործոններ չհայտնաբերվեցին:

 

Գրականություն


  1. Norberg M., Holmberg L., Haggman M., Magnusson A.. Determinantsof complications after multiple transrectal core biopsies ofthe prostate. Eur Radiol 1996; 6: 457-46 

  2. Rodriguez L.V., Terris M.K.. Risks and complications of transrectal ultrasound guided prostate needle biopsy: a prospective studyand review of the literature. J Urol 1998; 160: 2115 – 212  

  3. EAU Guiedelines. Prostate cancer. 2011, 15-16  

  4. Anjum M.. Pelvic haematoma following trucut biopsy of the prostate. Int Urol Nephrol 1996; 28: 781 – 785.     

  5. Saad A., Hanbury D.C., McNicholas T.A., Boustead G.B.. Case Report Acute periprostatic haematoma  following a transrectal ultrasound-guided needle biopsyof the prostate Prostate Cancer and Prostatic Diseases (2002) 5, 63–64

Հեղինակ. Մ.Վ.Մանուկյան, Ս.Ս.Նիկողոսյան, Ս.Ա.Միքայելյան, Հ.Մ.Զուռնաչյան («Էրեբունի» ԲԿ)
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միջմիզուկային մասնահատումը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ (գրականության տեսություն)

Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ խնդիր է ներկայացնում և տարեցտարի ավելի  մեծ ուշադրություն է գրավում: Վերջին տարիներին, հատկապես զարգացած երկրներում նկարագրվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա
Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի մետաբոլիզմը

Պրոստատ սպեցիֆիկ անտիգենը 34ԿԴ մոլեկուլյար զանգվածով գլիկոպրոտեիդ է, որը գրեթե գերազանցապես արտադրվում է շագանակագեղձի էպիթելում [1,2]: ՊՍԱ-ի որոշումը օգտակար է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար...

Ուրոլոգիա
Ամորձու մետախրոն քաղցկեղ

Ամորձիների ուռուցքներով հիվանդացությունը եվրոպական երկրներում կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 տարին մեկ: Միջին ցուցանիշը կազմում է 6,3 հիվանդ 100000 տղամարդ բնակչության: Մինչդեռ  մահացությունը  ամորձիների  քաղցկեղի ժամանակ  մնում է...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր
Բիպոլյար ներմիզուկային մասնահատում` «ոսկե ստանդարտի» նոր խոսք (գրականության տեսություն)

Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...

Ուրոլոգիա Վիրաբուժություն
Միզապարկի քաղցկեղի էնդոսկոպիկ բուժման արդյունքների բարելավումը բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառմամբ

Միզապարկի մակերեսային ուռուցքների էնդոսկոպիկ բուժման ոսկե ստանդարտ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [3]: Այն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա
Ազոոսպերմիայով ուղեկցվող վարիկոցելեով պացիենտների վարումը օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների լույսի տակ (գրականության տեսություն)

Սերմնալարի երակների վարիկոզ լայնացումը` վարիկոցելեն, տղամարդկանց ընդհանուր պոպուլյացիայում հաճախ հանդիպող պաթոլոգիա է: Դրա առկայությունը կարող է ոչ մի կերպ չազդել սերմի ցուցանիշների վրա, սակայն հաճախ սերմնահեղուկում դիտվում են  որոշակի...

Ուրոլոգիա
Սթրեսային անմիզապահության բուժման սլինգային վիրահատությունների (TVT, TOT, TVT-O) համեմատական բնութագիրը (գրականության տեսություն)

Կանանց  անմիզապահության հանդիպման հաճախականությունը բոլոր տարիքային խմբերում հասնում է մինչև 30-35%-ի, ընդ որում սթրեսային անմիզապահությունը (բնորոշվում է որպես մեզի ակամա արտազատում միզապարկից ֆիզիկական ակտիվության, հազի...

Ուրոլոգիա
Երիկամների տուբերկուլյոզ (գրականության տեսություն)

Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում  է մնալ  մահացության ամենաշատ տարածված  պատճառներից  մեկը  ինֆեկցիոն  հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...

Վարակաբանություն Նեֆրոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ