Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան

ԵՊԲՀ. Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության լույսի մի ճառագայթն է. Սուրեն Ստեփանյան

Վիրաբուժության բնագավառը ինչ-որ չափով խորհրդավոր է, նրա մասին հաճախ հնչում են իրարամերժ կարծիքներ, նույն վիրաբույժի մասին կարող են գրվել գովերգող գրական ստեղծագործություններ և լսվել խիստ քննադատություններ: Իսկ վիրաբույժի առօրյան, անկախ նրա կոչումից, դիրքից ու պաշտոնից բավականին լարված է ու ծանր: Պայքարը պացիենտի կյանքի, առողջության համար դառնում է նրա ամենօրյա պարտականությունը:  Երկար տարիների փորձ ունեցող վիրաբույժ և դասախոս Սուրեն Ստեփանյանն ու իր թիմն այդ պայքարը մղում են արդեն ավելի քան երկու տասնամյակ։ Առողջության համար պայքարի ամենօրյա առաքելությունը պրոֆեսորը կատարում է պատվով ու մեծ պատասխանատվությամբ՝ խոսուն օրինակ ծառայելով նաև կրտսեր գործընկերների համար։ ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ,  Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ ընդհանուր վիրաբուժության գծով խորհրդատու, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանին է նվիրված ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին»  շարքի  26-րդ թողարկումը։

-Բանալ հարց է, բայց և..ի՞նչը Ձեզ բերեց բժշկական համալսարան 1985 թվականին։ Ինչո՞ւ որոշեցիք մասնագիտանալ հենց վիրաբուժության մեջ։

-Ինչպես և շատ երեխաների համար, ինձ համար վարակիչ դարձավ ծնողի օրինակը: Հայրս վիրաբույժ էր Արթիկի շրջանային հիվանդանոցում, աշխատում էր էնտուզիազմով, անմնացորդ նվիրումով։ Նա մարզային այդ բժշկական  հաստատությունում վիրահատական բազմաթիվ նոր մեթոդներ է ներդրել: 1988թ. երկրաշարժից հետո նա գործընկերների հետ զօրուգիշեր, առանց հանգստի աշխատում էր տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Արցախյան գոյապայքարի տարիներին ազատամարտիկներին ռազմաճակատ մեկնելուց առաջ սովորեցնում էր՝ ինչպես առաջին օգնություն ցույց տալ: Մասնագիտության ընտրության հարցում նշանակություն ունեցավ նաև այն միջավայրը, որը ստեղծվել էր մեր ընտանիքում, իմ պապի ընտանիքում, այն է՝ հարգանքը կրթության, մասնագիտության նկատմամբ:

-Ինչպե՞ս կբնորոշեք անցած ուղին, ինչպիսի՞ն էր վիրաբույժ դառնալու ճանապարհը Ձեզ համար։

-Վիրաբուժության մեջ մասնագիտացումը համբերություն պահանջող և երկարատև, կարելի է ասել՝ երբեք չավարտվող պրոցես է: Վիրաբույժն ամբողջ կյանքում պետք է սովորի:

Վիրաբուժության մեջ մասնագիտացման իմ ճանապարհը սկսվեց ծանր, դժվարին ժամանակահատվածում՝ 1990-ականներին, պատերազմի տարիներին: Պետք էր դիմանալ ինչպես սոցիալական, այնպես էլ մասնագիտական աշխատանքի դժվարություններին: Կյանքը հանրակացարանում, քարտերով սահմանափակված սննդի ձեռքբերումը, ծնողներից, հարազատներից հեռու ապրելը երբեմն դժվար, անելանելի վիճակներ էին ստեղծում, բայց մյուս կողմից էլ դա կամք և դժվարություններին դիմանալու ունակություն էր դաստիարակում:

Վիրաբուժական գործունեությունը և այդ բնագավառում հմտանալը սկսել եմ Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայում, որն այդ ժամանակ առաջատարներից էր հանրապետությունում: Ամսական մինչև 10 հերթապահությունը, ծանր հիվանդների հոսքը, այն ժամանակ ախտորոշիչ և գործիքային հագեցվածության պակասը լուրջ խնդիրներ էին սկսնակ վիրաբույժի համար, բայց մյուս կողմից էլ ճակատագիրը բարեհաճ գտնվեց իմ նկատմամբ՝ ուղղորդելով ինձ պրոֆեսոր Վիկտոր Թադևոսի Ափոյանի կլինիկա: Նա Հայաստանի վիրաբուժության մեծագույն ներկայացուցիչներից է, նաև նրա անվան հետ է կապված մեր հանրապետությունում մի շարք վիրաբուժական ուղղությունների՝ թորակալ վիրաբուժության, կերակրափողի վիրաբուժության, էնդոկրին վիրաբուժության, էխինոկոկոզի բուժման զարգացումը: Միաժամանակ պրոֆեսոր Վ.Թ. Ափոյանը շատ մարդկային էր, կլինիկայի յուրաքանչյուր վիրաբույժ, հատկապես, երիտասարդները միշտ կարող էին հույս դնել նրա օգնության վրա՝ աշխատանքային դժվարին պահերին: Նա իր աշակերտներին սովորեցնում էր, որ վիրաբուժությունը սիրում է ամենօրյա աշխատանք, շարունակական կրթություն և համեստություն, և այդպիսի օրինակ առաջին հերթին ինքն էր տալիս:

-Պարոն Ստեփանյան, այսօր Դուք ոչ միայն բազմաթիվ վիրահատություններ կատարող պահանջված վիրաբույժ եք,  այլև ղեկավարում եք
ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնը, կատարում եք ՀՀ ԱՆ ընդհանուր վիրաբուժության գծով խորհրդատուի պարտականությունները, նաև «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» փոխնախագահն եք, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում տարիներ շարունակ համատեղել կլինիկական ակտիվ գործունեությունը գիտամանկավարժական աշխատանքի հետ։

-Այս ամենի հիմքը Երևանի Պետական Բժշկական Համալսարանում աշխատանքն է եղել: Համալսարանում, ինչպես նաև վիրաբուժական բազմապրոֆիլ մեծ կլինիկայում աշխատանքը ստիպում էր ինքնակրթվել, ծանոթանալ տեսությանը, կատարել տարբեր վիրահատություններ, լեզուներ սովորել: Տարիների աշխատանքը աստիճանաբար հնարավորություն էր տալիս հասնելու նոր որակների՝ դրանք զուգակցելով կատարել նոր պարտականություններ: Աշխատանքների մեծ ծավալի իրականացումը հնարավոր է նաև ամբիոնի բանիմաց աշխատակիցների, կլինիկայի փորձված վիրաբույժների շնորհիվ: Մայր բուհին մենք շատ բանով ենք պարտական և դա պետք է միշտ հիշել ու գնահատել:

- Այժմ մասնագտական գործունեությունը շարունակում եք Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտոմ։  Ի՞նչ ծրագրեր եք հասցրել կյանքի կոչել համալսարանական այս կառույցում և ի՞նչ անելիքներ դեռ կան։

-2018թ. սեպտեմբերից  Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի աշխատակիցների մեծ մասի հետ աշխատում եմ Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտում: Այս հիվանդանոցում կատարում եմ Վիրաբուժության կլինիկայի ղեկավարի պարտականությունները: Իմ և ամբիոնի աշխատակիցների կողմից Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում նախ ձևավորվեց վիրաբուժական ծառայության հերթապահությունների գրաֆիկը, որ թույլ տվեց կանոնավոր ձևով ապահովել անհետաձգելի դեպքերի բուժօգնությունը: Հիվանդանոցի վիրաբուժական ծառայության հին կազմի հետ  համատեղ ուժերով ավելացրինք աշխատանքի քանակը և բարձրացնում ենք որակը: Իմ կողմից վիրաբուժության կլինիկայի աշխատանքում ներդրվել են ստոծանիական ճողվածքների և ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքսի ժամանակ բաց և լապարասկոպիկ վիրահատությունների մեթոդներ՝ սինթետիկ ցանցերով և առանց դրանց, աճուկային ճողվածքների լապարասկոպիկ վիրահատությունների մեթոդը, կերակրափողի, ստամոքսի քաղցկեղի վիրահատությունների տարբեր մեթոդներ, հաստ աղու լապարասկոպիկ մասնահատումները, 12-մատնյա աղու թափածակված խոցի և կպումային հիվանդության լապարասկոպիկ վիրահատություններ:

Զգալի հաջողությունների ենք հասել լեղաքարային հիվանդության և լեղուղիների ուռուցքային ախտահարումների բուժման մեջ, որում իր ներդրումն ունի էնդոսկոպիստ Կ.Դ.Մանուկյանը: Կատարում ենք լեղուղիների բաց և լապարասկոպիկ մեծ ծավալի վիրահատություններ՝ լավ արդյունքներով:

Զգալի աշխատանքներ են կատարվում էնդոկրին վիրաբուժության զարգացման ուղղությամբ: Կատարվում է վահանագեղձի, մակերիկամների ախտահարումների վիրահատություններ: Հիվանդանոցում ներդրել ենք վահանագեղձի բարակասեղային բիոպսիան (վիրաբույժ Հ.Հ.Սաֆարյան), որը զգալիորեն լավացրել է վահանագեղձի վիրահատական բուժման որակը:

Վերքերի բուժման մեջ զգալի դրական փոփոխություն է մտցրել վակումային թերապիայի ներդրումը (վիրաբույժ Ա.Յու. Ալեքսանյան):

Կատարում ենք նաև ենթաստամքոսային գեղձի, լյարդի, փայծաղի, կրծքավանդակի օրգանների  ախտահարումների տարբեր վիրահատություններ: Քայլեր են արվում թորակալ վիրաբուժության զարգացման ուղղությամբ (դոցենտ Մ.Հ.Մկրտչյան):

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը գտնվում է տեխնիկական ակտիվ հագեցման փուլում: Հիվանդանոցը վերջերս ձեռք է բերել լապարասկոպիայի նորագույն համակարգ և մենք, նպատակ ունենք օգտագործելով այդ համակարգի հնարավորությունները, կատարել նոր, ավելի մեծ ծավալի վիրահատություններ:

-Տասնյակ միջազգային համաժողովների եք մասնակցել, անդամակցում եք հեղինակավոր մի շարք մասնագիտական միավորումների։  Վիրաբուժության եվրոպական միության (ESS – European Society of Surgery) նախագահի պաշտոնը ստանձնեցիք 2017 թվականին, այնուհետև մեկ տարի անց Հայաստանի վիրաբույժների և վիրաբուժության եվրոպական միության համատեղ համագումար անցկացրիք։ Վիրաբուժության հատկապես ո՞ր ուղղություններով եք զարգացնում, ընդլայնում համագործակցությունը արտերկրի գործընկերների հետ։

-Աշխատանքային և ընկերական համագործակցություն ունենք Գերմանիայի (ԵՊԲՀ պատվավոր դոկտոր պրոֆ. Կարստեն Գուտտ, դր. Հոլգա Լիստլի), Ավստրիայի (պրոֆ. Վալտեր Կլեպետկո), Ռուսաստանի (պրոֆ. Ռուբեն Ազիզյան, Միքայել Աբգարյան, Արմեն Ավետիսյան և ուրիշներ), Քաթարի (ԵՊԲՀ հրավիրված դասախոս Դավիթ Սարգսյան), Լեհաստանի (պրոֆ. Անտոնի Շտեպանիկ, պրոֆ. Յան Կուլիգ), Իտալիայի (պրոֆ. Ալֆոնսո Բարբարիսի, պրոֆ. Գուիդո Գասպարրի), ԱՄՆ-ի (Գևորգ Մութաֆյան, Արմեն Աբուլյան, Շանթ Շեխերդինյան, Թալար Թեջիրյան), Վրաստանի (Պրոֆ. Գիա Տոմաձե, Պրոֆ. Նոդար Լոմիձե), Նորվեգիայի (պրոֆ. Հայրազատ Ղազարյան) վիրաբույժների հետ: Համագործակցության հիմնական ուղղություններն են՝ երիտասարդ վիրաբույժների, կլինիկական օրդինատորների վերապատրաստումները, փոխադարձ այցերը և վիրահատությունների իրականացումը, մեթոդաբանական քննարկումները, գիտական աշխատանքների ձևակերպումները հոդվածների ձևով: Ինչպես երևում է ցուցակից, այդ վիրաբույժների մի մասը մեր հայրենակիցներն են, որոնք զգալի օգնություն են ցուցաբերում Մայր Հայրենիքին:

Աշխատանքային քննարկումների, վերապատրաստումների հիմնական ուղղություններն են վիրաբուժական օնկոլոգիան և նվազինվազիվ, լապարասկոպիկ վիրաբուժությունը:

-Ի՞նչ զգացողություններ  եք ունենում ամեն անգամ, երբ մտնում եք վիրահատարան։

-Անկախ նրանից, թե վիրահատությունն ինչ ծավալի է և ինչքան հաճախ ես դու այն կատարում, դա ենթադրում է կոնկրետ պարտականության իրականացում, որտեղ սխալի հավանականությունը պետք է նվազագույնի հասնի և յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է հնարավոր ամենառացիոնալ որոշման ընդունումը:

Չնայած վիրահատությունների մասին ասվել և ասվում են տարբեր ռոմանտիկ, բանաստեղծական արտահայտություններ, դա նախ և առաջ լարում պահանջող ֆիզիկական աշխատանք է, որտեղ վիրաբույժը քմահաճույքների, չհիմնավորված ինքնագործունեության իրավունք չունի: Ստեղծագործական մոտեցում կարող է ցուցաբերել, բայց չհիմնավորված մոտեցում՝ ոչ: Դա էլ պահանջում է տեսական գիտելիքների պաշար:

Միշտ չէ, որ վիրահատության արդյունքը կախված է միայն վիրաբույժի աշխատանքից, երբեմն պատահականությունը կարող է մեծ դեր խաղալ: Եվ այստեղ է, որ յուրաքանչյուր վիրաբույժի մտքին գալիս են «Հայր մեր»  աղոթքի խոսքերը. «…և մի տանիր զմեզ ի փորձություն»: Պատահական չէ, որ վիրաբույժների մի մասը բավականին սնահավատ մարդիկ են:

-Ձեր անցած ուղին ներկայացնելիս  չենք կարող չանդրադառնալ, չխոսել նաև ավագ գործընկերների մասին: Ովքե՞ր առաջնորդեցին Ձեզ վիրաբուժության գաղտնիքների բացահայտման, հմտությունների կատարելագործման մեջ։

-Առաջին անգամ վիրաբուժական բաժանմունք և վիրահատարան մտել եմ, վիրահատության մասնակցել եմ հայրիկիս հետ: Իսկ կանոնավոր ուսում վիրաբուժության բնագավառում տվել են իմ դասախոսները: Առաջին վիրաբուժական փորձարարական աշխատանքները կատարել եմ դոց. Ս.Խ. Ստեփանյանի հետ մեր համալսարանի Անատոմիկումի վիրասրահում: Վիրաբուժության առարկան դասավանդող իմ դասախոսներն են եղել Ընդհանուր վիրաբուժության ամբիոնում դոց. Ռ.Մ.Կուրղինյանը, պրոֆ. Ռ.Ա.Գրիգորյանը, Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնում՝ Ա.Վ.Ղազարյանը, դոց. Վ.Մ.Հակոբյանը, դոց. Լ.Ա.Գևորգյանը: Պրոֆ. Վ.Թ.Ափոյանի և պրոֆ. Ս.Ս.Հովհաննիսյանի ղեկավարության տարիներին աշխատում էին փորձված վիրաբույժներ, հետաքրքիր մարդիկ, դասախոսներ (դոց. Ռ.Ա.Հախվերդյան, դոց. Ն.Ն.Բաբալյան, դոց. Գ.Ս.Մանուկյան, դոց. Դ.Ս.Գրիգորյան, դոց. Հ.Խ.Բատիկյան, դոց. Ի.Յու. Գևորգյան, Հ.Խ.Սեփյան, Գ.Ա.Գասպարյան, Հ.Ղ.Թամամյան և ուրիշներ), որոնցից սովորելու շատ բան կար:   Նշված կոլեգաներից մի քանիսն այժմ էլ շարունակում են աշխատել որպես վիրաբույժ, դասավանդել՝ ԵՊԲՀ-ում:

-Մեր հիմնական ու առաջային լսարանն ապագա բժիշկներն են։ Ի՞նչ կմաղթեք այն սովորողներին, որոնք այսօր ակտիվ հետևում են Ձեր գործունեությանը, ցանկություն ունեն ընտրելու վիրաբուժությունը որպես նեղ մասնագիտացում, բայց գուցե երկմտում են։ Ինչպես նաև նրանց, ովքեր արդեն մասնագիտական առաջին քայլերն են անում որպես վիրահատող-բժիշկներ։

-Մեր բոլոր այն երիտասարդ կոլեգաներին, որոնք պատրաստվում են ընտրել վիրաբուժությունը, խորհուրդ եմ տալիս վերջնական որոշում կայացնելուց առաջ մտածել՝ արդյոք պատրաստ են մասնագիտության համար սահմանափակումներ մտցնել անձնական կյանքում: Վիրաբուժությունն արդեն ընտրած մասնագետներին խորհուրդ եմ տալիս վարել առողջ ապրելակերպ, մարզվել, լինել ֆիզիկապես ուժեղ, շատ կարդալ և միշտ հետաքրքրվել մասնագիտության նորություններով: Նորություններով չհետաքրքրվող և միայն մեկ-երկու տեսակի փոքր ծավալի վիրահատություն կատարող վիրաբույժի համար շատ դժվար է դաշտում տեղ գտնելը:

-ԵՊԲՀ-ն շուտով կբոլորի մեկ դարը, հարազատ բուհը Ձեր կենսագրության անբաժանելի մասն է արդեն մի քանի տասնամյակ, ինչ ուղղություններով կցանկանաք տեսնել համալսարանի զրագացումը վիրաբուժության բնագավառում և ոչ միայն։

-Մեր համալսարանն արդեն ընթանում է այն ճանապարհով, որն այսօր հնարավոր է: Ակնառու է ձգտումն անել ավելին և հուսով եմ մոտ ապագայում կունենանք ավելի մեծ հաջողություններ: ԵՊԲՀ-ն այսօր մեր հանրապետության լավագույն ուսումնական հաստատություններից է, առողջապահության խոշոր օպերատորներից մեկը, և արդյունքը պարզ տեսանելի է՝ շրջանավարտները, որոնք կարողանում են ապահովել Հայաստանի առողջապահության զարգացումը, տեղ գտնել աշխարհի ամենազարգացած բժշկական համակարգերում, հասնել միջազգային մակարդակի հաջողությունների:

Վիրաբուժության բնագավառի զարգացման առումով ԵՊԲՀ-ն այժմ ամուր դիրքեր և մեծ հեռանկարներ ունի՝ Հայաստանի փորձառու և ճանաչված վիրաբույժների մեծ մասը ԵՊԲՀ-ի աշխատակիցներ են, միայն ԵՊԲՀ-ն ունի վիրաբուժական հմտություններ զարգացնելու նպատակին ուղղված սիմուլյացիոն կենտրոն, մեր համալսարանի 100-ամյակի միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ստեղծել վիրաբուժության ուսումնական կենտրոն Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտում: Այսօր ԵՊԲՀ-ի աշխատակիցը՝ լինի վիրաբույժ, թե այլ մասնագետ, պետք է բարեխղճորեն կատարի իր աշխատանքը, աջակցի Համալսարանի ղեկավարությանը բժշկական կրթությունը զարգացնելու գործում:

Մեզանից յուրաքանչյուրը ԵՊԲՀ-ի պատմության մի մասնիկն է, այդ հզոր լույսի մի ճառագայթը և ընդհանուր հաջողությունը կախված է նրանից, թե որքան ուժեղ կլուսավորի այդ մի ճառագայթը:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Գրիգորյանի

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ
Հայաստանում մասնագիտական վերապատրաստման տեսլականը. զրույց Րաֆֆի Ավետիսյանի հետ

Մեր զրուցակիցն է ԱՄՆ-ի հայտնի «Քլիվլենդ» կլինիկայի պրոֆեսոր, անեսթեզիոլոգ Րաֆֆի Ավետիսյանը, ում հետ խոսեցինք նեյրոանեսթեզիոլոգիայի, դրա հրատապության, պրոֆեսորի կողմից իրականացված մի շարք ծրագրերի և հետագա պլանների մասին...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը

«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում  է բժշկագիտության  հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի...

ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար
ՀՀ ԱՆ. Պատվոգիր է շնորհվել անմնացորդ աշխատանքի համար

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին: Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև...

ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին
ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին

Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին Արմինա Նալբանդյանը խոսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կյանքի կարևոր այդ փուլի մանրամասները: Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիրաբույժ է...

Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

–   Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:


–   Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք...

Բժշկի ընդունարանում
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ...

Բժշկի ընդունարանում
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com

Անահիտ Գևորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝  իր հիվանդների 80 տոկոսը...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Անվանի սրտաբան Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի
ԵՊԲՀ. Անվանի սրտաբան Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի

Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ...

Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին. izmirlianmedicalcenter.com
Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին. izmirlianmedicalcenter.com

Այնտեղ՝ Արցախում ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը: Այն նախատեսված է ոչ թե հակառակորդի չեզոքացման, այլ ոչնչացման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ...

Մարդու և բժշկի եզակի տեսակը. armeniamedicalcenter.am
Մարդու և բժշկի եզակի տեսակը. armeniamedicalcenter.am

Արցախյան պատերազմը մարդկային որակների ճշտման, հոգիների փորձության ժամանակ էր: Հայրենին կյանքի գնով պաշտպանելը, զինակից ընկերոջ կամ, պարզապես, զինվորի համար մարտադաշտում կյանքը վտանգելը, կամ, ոչ պակաս վտանգավոր...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ