Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկներ

ԵՊԲՀ. Կենսաքիմիան է մարդու օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների հիմքում

ԵՊԲՀ. Կենսաքիմիան է մարդու օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների հիմքում

Յուրաքանչյուր կառույց առաջին հերթին ամբողջական է այն մարդկանց, անհատների շնորհիվ, ովքեր ընդհանուր մեխանիզմի ընդամենը մեկ, բայց կարևոր մասն են: Բժշկական համալսարանը հարուստ է ոչ միայն իր 100-ամյա պատմությամբ, այլև այն մասնագետներով, ովքեր տասնամյակներ շարունակ բժշկական բուհի հիմնասյուներն են, մեկդարյա պատմության կերտողները:
ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովը ողջ կյանքը նվիրել է գիտությանը՝ մասնավորապես նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը: Պրոֆեսորի երկարամյա գործունեությունը մշտապես բարձր է գնահատվում թե՛ համալսարանի, թե՛ միջազգային գիտական մտքի կողմից:

Միխայիլ Աղաջանով ավագը Ալեքսանդր Մանթաշովի անձնական բժիշկն էր


Ասում են՝ բժշկական մթնոլորտը վարակիչ է: Չգրված այս օրենքը հաստատվում է նաև Միխայիլ Աղաջանովի կյանքի օրինակով: Այս ընտանիքի բժշկական գիծը սկիզբ է առնում Միխայիլ Աղաջանով ավագից, ով Թբիլիսիում մեծ համբավ էր վայելում: Վաստակավոր բժիշկը Միխայիլ Աղաջանովի պապն էր: Մաշկաբան- վեներոլոգի պացիենտները անվանի մարդիկ էին, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց բժիշկը բացառիկ արտոնություն ուներ բուժզննելու տնային պայմաններում: Նրա հանրաճանաչ հիվանդներից էր նաև ազգօգուտ բարեգործություններով հայտնի, լայն ժողովրդականություն վայելող բարերար Ալեքսանդր Մանթաշովը, ով նաև Միխայիլ Աղաջանով ավագի կնոջ ազգականն էր: Տարիների ընթացքում բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները փոխակերպվում են ամուր ընկերության, ինչի մասին է վկայում 1900-ականների սկզբին Թբիլիսիում արված պատմական լուսանկարը, որն այսօր Միխայիլ Աղաջանով կրտսերը խնամքով պահպանում է ընտանեկան լուսանկարների արխիվում:


Միխայիլ Աղաջանովը Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից տարիներ անց Վրաստանի երկու՝ այն ժամանակվա Անվտանգության և Ներքին գործերի մինիստրությունների բժշկական վարչությունների խորհրդատուն էր:


«Ծնվել եմ բժշկի ընտանիքում և, կարելի է ասել, ծնված օրվանից եմ առնչվել բժշկության հետ»,- պատմում է նա: Բժշկական մթնոլորտը վաղ հասակից վարակում է ապագա բժիշկ-գիտնականին և կանխորոշում նրա հետագա հաջողությունների ճանապարհը:

 

1920-ականներին Թբիլիսիի մտավորականներից մի քանիսը, այդ թվում Միխայիլ Աղաջանովի պապն իր երեք որդիներից երկուսին ուղարկում է Իտալիա կրթություն ստանալու: Տղաներից մեկը մնում է Իտալիայում և վերադառնում ծննդավայր միայն տարիներ հետո: Մյուսը՝ Իտալիայում տնտեսագիտական կրթություն ստանալուց հետո, վերադառնալով հայրենիք նույնպես ընտրում է բժիշկ դառնալու ուղին: Միխայիլ Աղաջանով ավագի փոքր որդին՝ Իոսիֆ Աղաջանովը, մասնագիտությամբ ինժեներ էր, պատերազմական տարիներին հանգամանքների բերումով ավտովթարից մահանում է երիտասարդ` 29 տարեկան հասակում: Հոր մահից հետո Միխայիլ Աղաջանովի դաստիարակությամբ զբաղվում է մայրը, պապը, տատը, ինչպես նաև մասնագիտությամբ բժիշկ հորեղբայրը՝ Գեորգի Աղաջանովը: Մաշկաբան-վեներոլոգը Վրաստանի գիտահետազոտական ինստիտուտում բաժնի վարիչ էր: Նա ևս մեծ ներդրում ուներ իր եղբորորդու մասնագիտության ընտրության և հետագայում կայացման գործում:

Մասնագիտական գործունեությունը նվիրեց կենսաքիմիային


1957 թվականը ճակատագրական էր Միխայիլ Աղաջանովի կյանքում: Արծաթե մեդալով ավարտելով միջնակարգ դպրոցը, «ընտանեկան խորհրդի» որոշմամբ տեղափոխվում է Երևան: Հանձնելով միայն մեկ քննություն քիմիայից նա ընդունվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ՝ հավերժ կապելով կյանքը բժշկագիտության հետ:


Թբիլիսիից Երևան գալով, Միխայիլ Աղաջանովը ծանոթանում է բժշկագիտության, ինչպես նաև կենսաբանական գիտությունների ոլորտի մի շարք հեղինակությունների հետ: Այդ խոշոր գիտնականներից է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Մխիթարյանը, ով երկար տարիներ ղեկավարել է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնը:

 

Ուսուցչի, ավագ գործընկերոջ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի լուսանկարը տարիներ շարունակ փակցված է Միխայիլ Աղաջանովի աշխատասենյակում: Հենց նրա առաջնորդությամբ է նույն ամբիոնի ապագա ղեկավարը որպես մասնագիտացում ընտրում կենսաքիմիան և լիովին ընկղմվում մասնագիտության առանձնահատկությունների ու հնարավորությունների բացահայտման գործընթացում: Տարիներ անց չի ափսոսում, որ դարձավ ոչ թե կլինիցիստ՝ բուժող բժիշկ, այլ մասնագիտական գործունեությունը նվիրեց բժշկագիտությանը, կենսաքիմիային:


«Կենսաքիմիան բացատրում է կյանքի քիմիական հիմունքները: Կենսաքիմիան է մարդու օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների հիմքում: Առհասարակ ուղեղի և աղեստամոքսային տրակտի ֆիզիոլոգիական պրոցեսների հիմքում է քիմիան»,- մասնագիտության բուն իմաստը բացատրում է պրոֆեսոր Աղաջանովը:


Անդրադառնալով իր ղեկավարած ամբիոնին, կենսաքիմիկոսն ընդգծում է, որ 1923թ. ստեղծված ամբիոնը հիմնադրումից ի վեր աչքի է ընկել իր ավանդույթներով: Ամբիոնի առաջին վարիչը՝ ԵՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Հակոբ Հովհաննիսյանն էր, այնուհետև 1937թ.-ից ամբիոնը ղեկավարել է Հայաստանում կենսաքիմիական գիտության հիմնադիր Հրաչյա Բունիաթյանը: Նա 1943թ.-ին Հայաստանի այլ ականավոր գիտնականների հետ հիմնադրել է ՀՍՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան: Աշխարհահռչակ գիտնականի ղեկավարության տարիներին ամբիոնում իրականացվել են լայնածավալ նեյրոքիմիական հետազոտություններ: 1961թ. մինչև կյանքի վերջը Հրաչյա Բունիաթյանն իր հիմնադրած ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենն էր, որը 1982թ.-ից կոչվում է իր անունով։ Ամբիոնի գիտական նվաճումների զարգացմանը նպաստել են նաև պրոֆեսորներ Գաբրիել Խաչատրյանը և Էմիլ Մխեյանը:

 

Ամբիոնում իրենց դոկտորական թեզերն են պաշտպանել պրոֆեսորներ Էլեոնորա Միքայելյանը, Դիանա Գևորգյանը և Մագդալինա Մելքոնյանը, ով 1993թ.-ից մինչ այժմ ղեկավարում է Բժշկական քիմիայի ամբիոնը:


«Ամբիոնի մթնոլորտը միշտ աշխատանքային է եղել: Համալսարանում տարիներ առաջ սովորական երևույթ էին դիտարկում այն հանգամանքը, որ ամբիոնի լույսերն անգամ կեսգիշերն անց կարող է հանգած չլինեին, աշխատակիցներն աշխատում էին մինչև ուշ գիշեր»,- ասում է Կենսաքիմիայի ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ այսօր էլ աշխատանքներ են տարվում ամբիոնի լավագույն ավանդույթները պահպանելու ուղղությամբ: Նրա գնահատմամբ` գիտությամբ ապրելու մթնոլորտը նպաստել է մի շարք ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմանը: Բոլոր աշխատակիցներն իրենց հարուստ փորձը փոխանցում են երիտասարդ սերնդին:

Կենսագրական տվյալներ


1957-1963թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:

 

1963-1966թթ. եղել է բժշկական ինստիտուտի Կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտ, 1966-1974թթ. ամբիոնի ասիստենտ:

 

1974-1984թթ. նույն ամբիոնի դոցենտ, 1984-1986թթ. պրոֆեսոր: 1988-1991թթ. համատեղությամբ աշխատել է որպես Երևանի բժշկական ինստիտուտի գիտության գծով պրոռեկտոր: Հենց այս տարիներին է նրա ջանքերով ՀԽՍՀ բժշկական գիտությունների ակադեմիային կից հիմնադրվել է Պարբերական հիվանդության պրոբլեմային հանձնաժողովը: 1986 – 2008թթ. եղել է Կենսաքիմիայի ամբիոնի վարիչը: 2008-2011թթ. Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ապա 2011թ.-ից կրկին Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ:

 

Բազմաթիվ վերապատրաստումներ է անցել, այդ թվում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, Կիևի պետական բժշկական ինստիտուտում, Ճապոնիայի Կիտասատոյի համալսարանում և այլուր: 1986թ. Մոսկվայում ՍՍՀՄ ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի, 1988թ. ՍՍՀՄ կրթության պետական կոմիտեի կողմից ստացել է մեդալ: 1992թ. Ճապոնիայի Կիտասատոյի համալսարանը նրան շնորհել է ազգային մեդալ։ 2000թ. արժանացել է ԵՊԲՀ-ի ԵՊԲՀ ոսկե մեդալի, իսկ 2010թ. ոսկե կրծքանշանի։ 2010թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։ 2014թ. գիտակրթության և գործնական առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը ԵՊԲՀ-ի կողմից պարգևատրվել է ոսկե շքանշանով: 2015թ. ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից գիտնականն արժանացել է Ոսկե մեդալի:

Բժշկի մասնագիտությունն են ընտրել նաև Միխայիլ Աղաջանովի երեխաները: Լուսինե Աղաջանովան ավարտել է ԵՊԲՀ-ն, այժմ բնակվում է ԱՄՆ-ում, կլինիկական և գիտական հաջողված գործունեություն է ծավալում Սթենֆորդի համալսարանում: Միխային Աղաջանովի զույգ աղջիկներից Ելենա Աղաջանովան պրոֆեսոր է, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավարն է, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչը: 1996 թվականին կյանքից վաղաժամ հեռացել է Միխայիլ Աղաջանովի որդին՝ Իոսիֆ Աղաջանովը, ով այդ ժամանակ սովորում էր ԵՊԲՀ 3-րդ կուրսում: Միխայիլ Աղաջանովի կինը՝ Նելլի Ահարոնովան, մանկավարժ է, Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի փոխտնօրենը: Նաև նկարչությամբ է զբաղվում, պարբերաբար ցուցահանդեսներ է կազմակերպում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Բժշկի մասնագիտությունն Աղաջանովների ընտանիքում սերնդեսերունդ է փոխանցվում: ԵՊԲՀ-ի 4-րդ կուրսում է սովորում նաև Ելենա Աղաջանովայի և ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Վարդան Ազնաուրյանի որդին՝ Միխայիլ Ազնաուրյանը: Միխայիլ Աղաջանովն ունի չորս թոռ՝ 3 տղա, 1 աղջիկ:

Հաջողություններ Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրման ոլորտում


Միխայիլ Աղաջանովը հասարակական ակտիվ գործունեությամբ է զբաղվում: 2002թ. սկսած Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիայի նախագահն է, 2004-2015թթ․ ԵՊԲՀ ՈՒԳՀ-ի գիտական ղեկավարը, 2006թ․ ԵՊԲՀ էթիկայի կոմիտեի նախագահը, 2012թ. Հայաստանի կենսաքիմիական ասոցիացիայի փոխնախագահը, 2014թ․ Neurochemical journal հանդեսի գլխավոր խմբագիրը, 2014թ. «Нейрохимия» հանդեսի գլխավոր խմբագիրը։ 2014թ. ՀՀ գիտպետկոմիի «Բժշկություն» հանձնաժողովի նախագահը։ 2017թ․ ԵՊԲՀ կարգապահական հանձնաժողովի նախագահն է: Աշխարհի առաջատար բուհերում կիրառվող այս կոմիտեների նպատակն ուսանողների, առհասարակ բոլոր աշխատակիցների իրավունքների և պարտականությունների ոլորտում առաջացող խնդիրների կանոնակարգումն է: Այս տարվա մարտին ԵՊԲՀ ռեկտորի հանձնարարականով ստեղծված Կարգապահական հանձնաժողովը կազմված է 12 անդամներից, ովքեր հանձնաժողովային կարգով քննարկում և առաջարկներ են ներկայացնում բուհի ուսանողներին կամ աշխատակիցներին վերաբերող ամենատարբեր հարցերի շուրջ:


Բժիշկ-գիտնականն անդամակցում է նաև շուրջ մեկ տասնյակ հեղինակավոր միջազգային մասնագիտական միավորումների: Միխայիլ Աղաջանովը հպարտությամբ է պատմում «Нейрохимия» հեղինակավոր հանդեսում գլխավոր խմբագրի իր պատվաբեր գործունեության մասին: Ռուսալեզու գիտական հանդեսն ամենամսյա պարբերականությամբ ժամանակակից նեյրոքիմիայի նորագույն բացահայտումների վերաբերյալ ընթերցողին է ներկայացնում հագեցած տեղեկատվություն:


Գիտության վաստակավոր գործչի ղեկավարությամբ պաշտպանվել է 6 դոկտորական, 28 թեկնածուական ատենախոսություն, 300-ից ավելի գիտական աշխատանքների, բժշկական կենսաքիմիայի ոլորտում 6 հեղինակային իրավունքի, 3 դասագրքի և բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է:


Արդեն 15 տարի է Միխայիլ Աղաջանովի հասարակական գործունեության առանցքում է Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիայի գործունեությունը: Ինչպես աշխարհում գոյություն ունեցող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում այս մասնագիտական միավորման խնդիրն է բարձրացնել բնակչության իրազեկվածության աստիճանը` շեշտադրելով այն փաստը, որ Ալցհեյմերը հիվանդություն է, այլ ոչ թե ծերությանը բնորոշ նորմալ դրսևորում։ Այս ասոցիացիան հայ համայնքի աջակցությամբ իր մասնաճյուղն ունի նաև ԱՄՆ-ում: 2018 թվականի մայիսին ԵՊԲՀ-ում նախատեսվում է համատեղ ջանքերով անցկացնել Ալցհեյմերի հիվանդությանը նվիրված գիտաժողով:


Գիտնականն ընդգծում է, որ իրենց համար օրակարգային է աշխատանքներն ուղղել այս հիվանդությամբ ապրող մարդկանց կյանքի որակի բարելավմանը, ուսումնասիրել պատճառներն ու գտնել հիվանդության բուժման ուղիները: Հետևաբար իրազեկման աշխատանքներն ու ուսումնասիրությունները չեն սահմանափակվում միայն սեպտեմբերով, որն ընդունված է համարել Այլցհեյմերի հիվանդության իրազեկման ամիս: Հիվանդության տարածվածությունը Երևանում և մարզերում պարզելու նպատակով ասոցիացիան առաջիկայում ծրագրում է իրականացնել լայնածավալ ուսումնասիրություններ, որոնք կմեկնարկեն եկող տարվա գարնանը Կոտայքի մարզից: Անդրադառնալով Այլցհեյմերի հիվանդության թեմային, Միխայիլ Աղաջանովը հիշում է նաև տարիներ առաջ իր ելույթը Սանկտ Պետերբուրգում, որտեղ նա հայտնեց իր գիտականորեն հիմնավորված կարծիքն այն մասին, որ ուղեղի նյարդային բջիջները վերականգնվում են: Այսօր արդեն գիտական աշխարհում շատերի կողմից հիմնավորված և ընդունված այս տեսությունն ունի բազմաթիվ համախոհներ:

Առանց օտար լեզուների իմացության անհնար է պատկերացնել բժշկի հաջողությունը


Երկարամյա մասնագետը վստահ է, որ ժամանակակից աշխարհում անհնար է պատկերացնել բժշկի մասնագիտական զարգացումն առանց օտար լեզուների իմացության: Պրոֆեսորը մեջբերում է իր օրինակը: Նա Թբիլիսիում հաճախել է գերմանական մանկապարտեզ, իսկ ուսանողական տարիներից արդեն սկսել է վարժ տիրապետել անգլերենի: Բացի ռուսերենից ազատ հաղորդակցվում է նաև անգլերեն, ինչպես նաև նա առաջիններից էր, ով նախորդ դարի 70-ականների վերջին սկսել է հենց այս օտար լեզվով կենսաքիմիա դասավանդել ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողներին: Հետագայում օտարալեզու ուսուցումը բուհում պահանջարկից ելնելով ընդլայնվել է և արդեն ավելի քան երեք տասնամյակ է՝ ԵՊԲՀ-ում այս պահի դրությամբ 26 երկրի քաղաքացիները բժշկական կրթություն են ստանում օտար լեզուներով: Միխայիլ Աղաջանովի խոսքով՝ այսօր առավել խստացված և բարձր պահանջներ են դրված ուսանողների և առավելապես բժշկական կրթություն ստացողների առջև: «Ուսանողը չի կարող դառնալ լավ բժիշկ և չի դառնա առանց օտար լեզուների ուսումնասիրության, առանց ինքն իր վրա շարունակական աշխատանքի»,- ընդգծում է զրուցակիցս:


Պատահական չէ, որ պրոֆեսորն իր օրը վաղ առավոտից սկսում է ոչ միայն գիտական ոլորտի, այլև աշխարհում կատարվող նորություններին ծանոթանալու, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյունների գործընկերների կողմից իրեն ուղղված էլեկտրոնային նամակներին պատասխանելու պարտադիր պայմանից: Նա վստահ է, որ համալասարանական կրթության հիմքում այն մոտեցումներն են, որոնցից օգտվելու դեպքում երիտասարդը հնարավորություն կունենա հաղորդակցվել աշխարհում գոյություն ունեցող գիտական բոլոր գանձերի հետ: Կենսաքիմիայի ամբիոնի վարիչն ուրախությամբ է նշում, որ հաճելի է տեսնել երիտասարդների, ովքեր գիտության ոլորտում ակտիվ աշխատանքներ են տանում: Նա կարևորում է ապագա բժիշկների համալիր զարգացումը, բանավոր խոսքի հմտությունների առկայությունը, հետագայում հիվանդների հետ հաղորդակցվելու, տարբեր միջոցառումներին զեկուցվող նյութը գրագետ ներկայացնելու, ժամանակակից աշխարհին համընթաց քայլելու նպատակով:

 

Պրոֆեսորը վստահ է, որ յուրաքանչյուր ուսանող կամ դասախոս պետք է մասնակից դառնա այն մեծ ծրագրերին ու նախաձեռնություններին, որոնք դրված են այսօր բժշկական համալսարանի առաջ:

Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ՄԻԽԱՅԻԼ ԱՂԱՋԱՆՈՎԻ անձնական արխիվից և ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲՅԱՆԻ

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին
ԵՊԲՀ. «Եղնիկների» բժշկուհին

Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին Արմինա Նալբանդյանը խոսել չի սիրում: Հարցերի միջոցով փորձում ենք «գաղտնազերծել» բժշկուհու կյանքի կարևոր այդ փուլի մանրամասները: Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, վիրաբույժ է...

Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան
Մի պացիենտի հետքերով. Թիվ 1 համալսարանական կլինկիա, Հմայակ Սոսի Սիսակյան

Մեդ-Պրակտիկ թիմը` լսելով թիմի անդամներից մեկի դրվատանքի խոսքերն` ուղղված Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ամբողջ անձնակազմին, որտեղ վերջին օրերին բուժվում էր իր ծեր մայրը, որոշեց պարզել` ո՞րն էր...

Բժշկի ընդունարանում
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ
Հարցազրույց Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանի հետ

–   Ինչպիսի՞ն է արյունաբանության ոլորտն այսօր Հայաստանում:


–   Արյունաբանության ոլորտը Հայաստանում հետևում է միջազգային փորձին և ձեռքբերումներին: Մենք ունենք...

Բժշկի ընդունարանում
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Հարցազրույց պրոկտոլոգ Անահիտ Գևորգյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Գևորգյան Անահիտ Գեղամի - բժշկակական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ կոլոպրոկտոլոգ

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ բժիշկ-պրոկտոլոգ...

Բժշկի ընդունարանում
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com
Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ. izmirlianmedicalcenter.com

Անահիտ Գևորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝  իր հիվանդների 80 տոկոսը...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Անվանի սրտաբան Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի
ԵՊԲՀ. Անվանի սրտաբան Կառլեն Ադամյանն արժանացել է ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալի

Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ...

Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին. izmirlianmedicalcenter.com
Ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը. բժշկի հիշողությունները ապրիլյան պատերազմի մասին. izmirlianmedicalcenter.com

Այնտեղ՝ Արցախում ես հասկացա, թե իրականում ինչ է անմարդկային զենքը: Այն նախատեսված է ոչ թե հակառակորդի չեզոքացման, այլ ոչնչացման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ...

Մարդու և բժշկի եզակի տեսակը. armeniamedicalcenter.am
Մարդու և բժշկի եզակի տեսակը. armeniamedicalcenter.am

Արցախյան պատերազմը մարդկային որակների ճշտման, հոգիների փորձության ժամանակ էր: Հայրենին կյանքի գնով պաշտպանելը, զինակից ընկերոջ կամ, պարզապես, զինվորի համար մարտադաշտում կյանքը վտանգելը, կամ, ոչ պակաս վտանգավոր...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ . «Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին
ԵՊԲՀ . «Մարմնի ճարտարապետ» Արտավազդ Սահակյանը համոզված է, որ հիվանդին պետք է վերաբերվել ինչպես հարազատ երեխային կամ ծնողին

«Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- այս խոսքերը պացիենտի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Արտավազդ Սահակյանն ունեցել է մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարված շուրջ 45 հազար վիրահատություններից...

Շնորհակալագիր. izmirlianmedicalcenter.com
Շնորհակալագիր. izmirlianmedicalcenter.com

13 տարի ծանր Ալցհեյմերով հիվանդ մայր խնամելուն զուգահեռ, բժիշկները կոկորդի քաղցկեղ աշխորոշեցին այս անգամ ամուսնուս՝ Մարատի մոտ։ Անահիտ Հանեյանը՝ մայրս, վաստակաշատ գիտնական է, մեկն, ով իր կենդանության օրոք...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ.Ախտաֆիզիոլոգիան բժշկության տրամաբանությունն է, մայրենին
ԵՊԲՀ.Ախտաֆիզիոլոգիան բժշկության տրամաբանությունն է, մայրենին

Պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը բժշկական համալսարանի ամենավառ անհատականություններից է: Կյանքի տարբեր իրավիճակներում, աշխատանքում իր սկզբունքայնությամբ միշտ աչքի ընկնող մասնագետը...

Բժշկի վարպետությունը կյանքեր է փրկում. Արամյանց ԲԿ-ում բարդ դեպքերը լուծում ունեն
Բժշկի վարպետությունը կյանքեր է փրկում. Արամյանց ԲԿ-ում բարդ դեպքերը լուծում ունեն

Մասնագիտական լուրջ ավանդույթներ ունեցող Արամյանց բժշկական կենտրոնի մասնագետների աշխատանքի սկզբունքն է՝ երբեք չմերժել պացիենտին, եթե անգամ պետք է կատարել ռիսկային ու շատ բարդ վիրահատություն...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ