Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Անեսթեզիոլոգիա

Անզգայացում. ցուցումներ, հակացուցումներ

Անզգայացում. ցուցումներ, հակացուցումներ

Չնայած այն հանգամանքին, որ այսօր մարդկանց մեծամասնությունը իրեն բավական «զարգացած» է համարում բժշկության հարցերում,«անզգայացում» (նարկոզ) բառն ինքնին հաճախ նրանց համար կտրուկ բացասական երանգ է պարունակում:

 

Նույնիսկ նրանք, ովքեր սկզբունքորեն չեն վախենում վիրահատական միջամտությունից, որպես կանոն, անզգայացումից զգուշանում են: Դա բնական է, քանի որ ըստ տարածված առասպելի, ընդհանուր անզգայացման դեպքում, իբր թե, հնարավոր է այլևս չարթնանալ, կամ էլ անսպասելիորեն արթնանալ վիրահատության կեսին: Դրա հետ մեկտեղ, մեկ տարածված առասպել էլ կա, իբր թե «անզգայացումը կյանքից մի քանի տարի խլում է»: 

 

Բայց չի կարելի լուրջ ընդունել այս տարատեսակ տեղեկատվությունը, որոնք ժամանակակից իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ընդ որում, հատկապես հարկ է շեշտել ժամանակակիցը,  քանի որ այդ նախազգուշությունները, այնուամենայնիվ, որոշ հիմքեր ունեն: Բայց, բարեբախտաբար, դրանք կապված են հեռավոր անցյալի հետ: 

 

Փորձերի ու սխալների մեթոդով

 

Չնայած ընդհանուր անզգայացումը  բժշկության մեջ սկսել են կիրառել դեռևս XIX դարի կեսերից, շատ տասնամյակների ընթացքում անզգայացումը զուտ գործնական բնույթ ուներ, այսինքն հիմնված էր փորձերի ու սխալների վրա: Անեսթեզիոլոգիան, որպես գիտություն, սկսեց ձևավորվել միայն XX դարի կեսերին: Գրեթե կես դար առաջ ԽՍՀՄ-ում մասնագետ-անեսթեզիոլոգներ չէին պատրաստվում: Այդ հեռավոր ժամանակներում  անզգացյացումը վստահում էին վիրաբույժներին, որպես կանոն, այն բժիշկներին, ովքեր վիրահատություններ, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէին կատարում: Բայց, եթե բժիշկը չի կարողանում հիանալի տիրապետել նշտարին, ապա դժվար է նրանից հիանալի աշխատանք ակնկալել բժշկության այլ ոլորտում ևս: Այդ պատճառով էլ, անզգայացման ոլորտում, իրոք, տարբեր բարդություններ լինում էին (ընդհուպ մինչև մահվան ելքը), որոնք սովորական երևույթներ էին համարվում: Նաև, այն ժամանակներում անեսթեզիոլոգիայում օգտագործվող դեղպատրաստուկների և սարքավորումների  որակն էլ այն չէր:


Բացարձակ հակացուցումներ չկան

 

Այժմ, երբ արդեն պրոֆեսիոնալ բժիշկ մասնագետներ կան, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական սարքավորումներ և ժամանակակից դեղպատրաստուկներ, անզգայացումը դարձել է առավել անվտանգ: Իսկ նրանց, ում համար առավել վստահելի են թվերը, կարելի է բերել այսպիսի մի օրինակ. հարաբերականորեն առողջ մարդու (հասկանալի է, որ լրիվ առողջ մարդուն վիրահատություն պետք չէ) մոտ անզգայացումից բարդություն առաջանալու հավանականությունը 200 հազար վիրահատությանը 1 դեպք է: Այսինքն հիվանդանոցի ճանապարհին մահանալու ռիսկը (օրինակ, ավտովթարից կամ փողոցային ծեծկռտուքի ժամանակ գլխին ծանր իրով հարված ստանալուց) 25 անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր անեսթեզիայից մահանալու ռիսկը: Որոշ հիվանդների մոտ կարող են անզգայացումից հետո միայն տհաճ հետևանքներ  արձանագրվել, այսինքն, սրտխառնոց, գլխապտույտ, հիշողության ժամանակավոր թուլացում, կոկորդում` ցավ, խռպոտացած ձայն և այլն: Բայց այդ ամենը, որպես կանոն, շատ արագ և անհետևանք անցնում են: Իսկ անեսթեզիոլոգի գրագետ աշխատանքի և հիվանդին անհատական մոտեցման դեպքում նման երևույթներ ընդհանրապես կարող են չլինել: 

 

Իրական հիմք չունի նաև այն տեսակետը, թե առողջության համար հատկապես վտանգավոր են մի քանի անզգայացումները, որոնք կատարվել են կարճ ժամանակահատվածում: Օրինակ, հայտնի է, որ ծանր այրվածքներով հիվանդները  հաճախ և երկարատև են ընդհանուր անզգայացման ենթարկվում (քանի որ նրանց անհրաժեշտ է անընդհատ վիրակապերը փոխել, վերքերը մշակել, մաշկի փոխպատվաստում և պլաստիկ վիրահատություններ կատարել), դրա հետ մեկտեղ, ոչ մի հավաստի վիճակագրական հաստատում չկա, որ անզգայացումը նրանց մոտ լուրջ բարդություններ կարող է առաջացնել:

 

Հավանաբար, ինչ-որ մեկին շփոթեցրեց «հարաբերականորեն առողջ մարդ» արտահայտությունը: Պարզ է, որ նրանց մեջ, ովքեր պետք է պլանային վիրահատության ենթարկվեն, երիտասարդ ու կատարյալ առողջ մարդիկ հազվադեպ են լինում: Ուղեկցող հիվանդությունները` հիպերտոնիա, կրծքահեղձուկ (ստենոկարդիա), բրոնխային ասթմա և այլն, կարող են բարդացնել անեսթեզիոլոգի աշխատանքը: Բայց հենց այստեղ է, որ անհրաժեշտ է բժիշկ-անեսթեզիոլոգի մասնագիտական հմտությունները: Քանի որ անեսթեզիոլոգը  վիրահատությունից առաջ ոչ թե պետք է  նյարդապաթոլոգից, սրտաբանից կամ թերապևտից, այսպես  ասած, «ցուցված է անեսթեզիոլոգիա» կամ «հակացուցված

է» գրությունը ստանա, այլ օբյեկտիվ ինֆորմացիա`  մարդու առողջական վիճակի մասին:

 

Անզգայացման բացարձակ հակացուցումներ գոյություն չունեն, բայց որոշ ուղեկցող հիվանդությունների դեպքում առկա է ռիսկի որոշակի աստիճան, որը կարելի է և պետք է նվազագույնի հասցնել: Եթե անեսթեզիոլոգը գտնում է, որ տվյալ պահին  հիվանդի առողջական վիճակը անեսթեզիա անցկացնելու համար համապատասխան չէ, նա հիվանդին ուղարկում է համապատասխան մասնագետի մոտ վիճակը շտկելու նպատակով (օրինակ, կայունացնել զարկերակային ճնշումը):

 

Որոշ բուժգործողություններ և հետազոտություններ առավել նպատակահարմար և անվտանգ են անզգայացման օգնությամբ կատարելը: Օրինակ, կոլոնոսկոպիան (աղիների հետազոտություն) ողջ քաղաքակիրթ աշխարհում անհրաժեշտ բուժգործողություն է 50 տարեկանից բարձր մարդկանց հոսպիտալացման ժամանակ և այն անպայման կատարվում է անզգայացման օգնությամբ: Եվ խնդիրը միայն այն չէ, որ առանց անզգայացման դա կարող է ցավոտ լինել և հոգեբանական տեսակետից անհարմար: Կա նաև այն հանգամանքը, եթե հիվանդը սրտի հիվանդություն կամ հիպերտոնիա ունի, ապա ցավին դիմանալը նրա համար կարող է բավական վտանգավոր լինել և դա կարող է հաճախ բարդությունների պատճառ դառնալ, ուրեմն առավել օգտակար է գրագետ անեսթեզիա կատարել: Անկասկած, որքան բարձր է անեսթեզիոլոգի որակավորումը, այնքան ցածր է անեսթեզիայից կողմնակի արդյունքների ռիսկը: Եվ ելքն այստեղ միակն է. վիրահատության կամ ընդհանուր անզգայացմամբ հետազոտության նախապատրաստվելիս, հարկ է որքան հնարավոր է խնամքով ընտրել բժշկական հաստատությունը: Ավելի լավ է հաշվի առնել օբյեկտիվ ինֆորմացիան, հարազատների կամ ծանոթների փորձը: Ամենևին էլ պարտադիր չէ ձգտել, որ անեսթեզիոլոգը լինի գիտությունների թեկնածու կամ դոկտոր, շատ ավելի կարևոր է, որպեսզի նա մեծ փորձ ունենա և շատ պրակտիկա:  

 

Ի դեպ

 

Մինչև վիրահատությունը հարկ է անեսթեզիոլոգին տեղյակ պահել ընդունած բոլոր դեղպատրաստուկների մասին: Դա անհրաժեշտ է, որովհետև բոլոր դեղամիջոցները, բացի հիմնական ազդեցությունից, նաև կողմնակի արդյունքներ ունեն: Բացի դրանից, դեղամիջոցները, համատեղ օգտագործման դեպքում, կարող են փոխել իրենց ակտիվությունը  և ազդեցության տևողությունը: Օրինակ, սովորական ասպիրինի ընդունումն անդրադառնում է արյան մակարդելիության վրա, քնաբերները և հանգստացնող դեղամիջոցները կարող են ազդել օրգանիզմի ցավազրկող պատրաստուկներին արձագանքելու ռեակցիայի վրա:       

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. bilosnizhka.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

09.05.2015

Հարգելի Անուշ, բարև Ձեզ: Քթի միջնապատի վրա կատարվող ցանկացած վիրահատության ժամանակ կիրառվում է ընդհանուր անզգայացում` "ինհալացիոն նարկոզ" : Քանի որ նախկինում ունեցել եք դեղորայքային ալերգիա, հատկապես անաֆիլակտիկ շոկ և Կվինկեի այտւց, վիրահատությունից առաջ հարկավոր է անցկացնել ալերգոլոգիական թեստ բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնք կարող են կիրառվել անզգայացման տվյալ տեսակի ժամանակ: Դեղերի ցանկը կարող եք վերցնել Ձեր վիրահատության անեսթեզիոլոգից: Թեստն անցկացնելու համար կարող եք դիմել "Թիվ 1 համալսարանական կլինկայի ալերգոլոգիական կենտրոն:

Անուշ

04.05.2015

Բարև Ձեզ: Շնորհակալ եմ պատասխանելու համար: Ինձ հետաքրքրում է քթի միջնապատի ուղղման հետ կապված անզգայացումը: Իսկ ալերգիան տարբեր դեղորայքից է, այսինքն ցանկացած դեղ օգտագործելուց պետք է ստուգվի ալերգենությունը: Նշեմ նաև որ անամնեզում կա կվինկեի այտուց, անաֆիլակտիկ շոկ:

Մեդ-Պրակտիկ

02.05.2015

ՀարգելիԱնուշ, բարև Ձեզ: Անզգայացման յուրաքանչյուր մեթոդ իր ցուցումներն ու հակացուցումներն ունի: Խնդրում եմ նշեք կոնկրետ ինչ միջամտության անզգայացման ռիսկն է Ձեզ հետաքրքրում, քանի որ տարբեր մեթոդների դեպքում կիրառվում է տարբեր դեղորայք: Նշեք նաև, թե ալերգիան կոնկրետ ինչ-որ դեղերից է, թե ընդհանրապես ցանկացած տեսակի դեղորայքից:

Անուշ

30.04.2015

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք եթե մարդը ունի ալերգիա / հատկապես դեղորայքային/ անզգայացման ինչպիսի ռիսկեր կա:

Կարդացեք նաև

Անզգայացում. հարցերին պատասխանում է անեսթեզիոլոգ Արա Ղազարյանը. armeniamedicalcenter.am
Անզգայացում. հարցերին պատասխանում է անեսթեզիոլոգ Արա Ղազարյանը. armeniamedicalcenter.am

1. Ո՞վ է իրականացնում անզգայացումը:

Անզգայացումն իրականացնում է բժիշկ-անեսթեզիոլոգը, ով ավարտում է բժշկական համալսարանը, այնուհետև անցնում ռեզիդենտուրա...

Ի՞նչ է անէսթեզիան. erebouni.am
Ի՞նչ է անէսթեզիան. erebouni.am

Համարվում է , որ առաջինը «անէսթեզիա» տերմինը գործածել է հույն փիլիսոփա Դիոկորիդը մ.թ.ա. I դարում մանդրագորայի թմրանյութանման ազդեցությունը նկարագրելիս: «անէսթեզիա» տերմինը ծագում է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ